Միքայել Շամտանճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Շամտանճյան
Դիմանկար
Ծնվել է1874
ԾննդավայրԿ. Պոլիս, Հայաստան
Մահացել է1926
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունԿեդրոնական վարժարան, Լայպցիգի համալսարան և HU Berlin
Մասնագիտությունհրապարակախոս, խմբագիր և թարգմանիչ

Միքայել Շամտանճյան (1874, Կ. Պոլիս, Հայաստան - 1926, Բեյրութ, Լիբանան), հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ։

Մեծ եղեռնի ականատեսներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայրի Կեդրոնական վարժարանում, Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում։

1898 թվականից Կոստանդնուպոլսի հայկական դպրոցներում դասավանդել է գերմաներեն։

1898–1899 թվականներին՝ «Մասիս» հանդեսի, 1903–1904 թվականներին՝ «Ծաղիկ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։

1911 թվականին Տիգրան Չյոկյուրյանի հետ հիմնադրել է «Ոստան» հանդեսը։

1919 թվականին Կոստանդնապոլսում վերահրատարակել է «Ոստանը», հիմնադրել «Ազգային քաղաքական մատենաշարը», թարգմանել և այդ մատենաշարով լույս է ընծայել Անրի Բարբյուսի «Սարսափի երկրին մէջ։ Նահատակ Հայաստան», Յոհաննես Լեփսիուսի «Հայաստանի ջարդերը։ Գաղտնի տեղեկագիր» գրքերը, Հենրի Մորգենթաուի հիշողությունները՝ «Դեսպան Մորկէնթաուի պատմածները» (երեքն էլ 1919 թվական, Հարություն Ասատրյան և որդիք տպագրություն), իր հեղինակային՝ «Հայ մտքին հարկը՝ եղեռնին։ Աքսորականի մտածումներ և զգացողութիւններ» (1919 թվական, Օննիկ Արզումանի տպագրություն) գիրքը։

Հեղինակ է «Լիակատար ընթացք գերմաներէն լեզուի» (1915 թվական, նույն տպագրություն) դասագրքի։

1923 թվականին Շամտանճյանը մեկնել է Բուլղարիա, այնտեղից՝ Բեյրութ, որտեղ հրատարակել է ազգային, քաղաքական, գրական «Հայ կեանք» (1925–1926 թվականներ) եռօրյա պարբերականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։