Մերի Էնն Քոթոն
Մերի Էնն Քոթոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1832 |
Ծննդավայր | Սանդերլենդ, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 24, 1873[1] (40 տարեկան) |
Մահվան վայր | Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Դարհեմ |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | բուժքույր և սերիական մարդասպան |
Մերի Էնն Քոթոն (անգլ.՝ Mary Ann Cotton, ծննդյան ազգանունը՝ Ռոբսոն (Robson), հոկտեմբերի 15, 1832, Սանդերլենդ, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 24, 1873[1], Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի սերիական մարդասպան, դատապարտվել է խորթ տղայի՝ Չարլզ Էդվարդ Քոթոնի սպանության համար։ Կատարած սպանությունների հստակ քանակը հայտնի չէ, հավանական է, որ նա 20 տարվա ընթացքում սպանել է 15-21 մարդու՝ այդ թվում իր 3 ամուսիններին, սիրեկանին, մորը և իր սեփական 11 երեխաներին[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Էնն Ռոբսոնը ծնվել է 1832 թվականին Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Հեթեն լե Հոլ քաղաքի մոտ Լուո Մուրսլի կոչվող վայրում՝ հանքափոր Մայքլ Ռոբսոնի և նրա կին Մարգարեթի ընտանիքում։ 1834 թվականին ընտանիքում ծնվել է ևս մեկ աղջիկ՝ Մարգարեթը, սակայն մի քանի ամիս անց նա մահացել է։ Եվս մեկ երեխա՝ Ռոբերտը, ծնվել է 1835 թվականին։ Այդպիսով Մերի Էնը դարձել է ողջ մնացած երկու երեխաներից ավագը։
Երբ Մերի Էնն 8 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Դարեմ կոմսությունում գտնվող Մյորթոն գյուղ։ Ավելի ուշ՝ Մերի Էննի դատի ժամանակ «The Northern Echo» թերթի հաղորդմամբ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը դրական էր արտահայտվել Մերիի մասին, ասելով, որ նա ունի միամիտ բնավորություն, ճշտապահ է, աշխատասեր և մշտապես ունի մաքուր տեսք[3]։
Տեղափոխվելուց շատ չանցած՝ 1842 թվականին, Մայքլ Ռոբսոնը ընկել է 46 մետր բարձրություն ունեցող հանքահորի բնամասից և մահացել։ Քանի որ տունը, որտեղ ապրում էր Ռոբսոնների ընտանիքը, կապված էր Մայքլի աշխատանքի վայրին, նրա այրուն երեխաների հետ վտարել են տանից։ Առանց այն էլ աղքատ ընտանիքը հայտնվել է ավելի ծանր կացության մեջ։ 1843 թվականին Մարգարեթ Ռոբսոնն ամուսնացել է հանքափոր Ջորջ Սթոտի (1816—1895) հետ։ Մերի Էննը այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր խորթ հոր հետ, այդ իսկ պատճառով 16 տարեկանում նա լքել է տունը, որպեսզի հարևան գյուղակում՝ Հարավային Հեթոնում աշխատի որպես դայակ։ 3 տարի անց, երբ բոլոր երեխաները, որոնց նա խնամում էր, գնացել են գիշերօթիկ դպրոց, Մերին վերադարձել է մոր և խորթ հոր մոտ և սովորել դերձակություն։
Առաջին ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1852 թվականին 19 տարեկանում Մերի Էնն ամուսնացել է հանքափոր Ուիլյամ Մոուբրեյի հետ։ Հնարավոր է, որ Մերին արդեն հարսանիքի ժամանակ հղի էր, քանի որ զույգի առաջին երեխան շատ շուտ է լույս աշխարհ եկել։ Մոուբրեյն աշխատում էր երկաթուղու շինարարության վրա, այդ իսկ պատճառով երիտասարդ ընտանիքն արագ տեղափոխվում էր մի վայրից մյուսը։ Այդ շրջանում իրար ետևից ծնվել են 4 կամ 5 երեխաներ, որոնք մահացել են մինչև 2 տարեկան դառնալը։ Հաշվի առնելով Վիկտորյանական դարաշրջանը և այդ ժամանակներում անգլիացի հանքափորների աղքատիկ վիճակը՝ մեծ էր մանկական և պատանեկան մահացությունների թիվը։ Մինչև չափահաս տարիք հասնում էր լավագույն դեպքում նրանց կեսը, իսկ մահերի երկու երրորդը տեղի էր ունենում մինչև 1 տարեկանը[4]։ Երեխաների մահը չէր գրանցվում, քանի որ դա պարտադիր չէր մինչև 1874 թվականը։
Բոլոր երեխաներին կորցնելուց հետո զույգը վերադարձել է Անգլիայի հարավ-արևելք, որտեղ էլ 1858 թվականին ծնվել է նրանց աղջիկը՝ Իզաբելլան։ Մոուբրեյը որոշ ժամանակ շոգենավում աշխատել է որպես հրշեջ, այնուհետև կրկին որպես հանքափոր։ Մերիից ծնվող բոլոր երեխաները շարունակում էին մահանալ՝ երկու աղջիկ՝ երկուսն էլ Մերի Ջեյն անունով (ծնված համապատասխանաբար 1856 և 1861 թվականներին) մահացել են մոտ 3 տարեկանում, իսկ որդին՝ Ջոն Ռոբերտ Ուիլյամը, ծնված 1863 թվականին, մահացել է մեկ տարի անց։ Բոլոր երեխաները մահացել են խորհրդավոր «ստամոքսային տենդից», որն այդ ժամանակներում անորոշ ախտորոշում էր այն հիվանդությունների հետ, ինչպիսիք են որովայնային տիֆը, խոլերան, դիզենթերիան կամ ստամոքսի խանգարումը (վերջինս հատկապես հաճախ էր հայտնաբերվում աղքատ ընտանիքների երեխաների մոտ անկանոն սննդի և վաղ կերակրման պատճառով)։
1865 թվականի հունվարին Ուիլյամ Մոբրեյը մահացել է «աղիների խանգարումից»։ Մերի Էննը ստացել է 35 ֆունտ ապահովագրական վճար (այդ ժամանակահատվածում հանքափորի տարեկան եկամուտի կեսը) ամուսնու և երկուսուկես ֆունտ՝ որդու մահվան համար։
Երկրորդ ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնու մահից հետո Մերի Էննը գնացել է Հավանների Սիեմա քաղաք, որտեղ կապ է հաստատել տեղի բնակիչ Ժոզեֆ Նատրասի հետ։ Չկարողանալով հասնել ամուսնության՝ Մերի Էննը նորից տեղափոխվել է և իր միակ ողջ դստերը՝ Իզաբելլային թողել խորթ հոր և մոր խնամակալության տակ։ Սանդերլենդում Մերի Էննը աշխատանքի է տեղավորվել ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ էլ հանդիպել է հիվանդներից մեկի՝ ինժեներ Ջորջ Վարդի հետ։ 1865 թվականին Մերի Էննը ու Վարդն ամուսնացել են, իսկ Մերին իր աղջկան չշտապեց իր հետ տանել նոր ընտանիք։ Չնայած նրան, որ հիվանդանոցում Վարդը անցել էր բուժման անհրաժեշտ կուրսը, դուրս գրվելուց և ամուսնանալուց հետո նրա առողջությունն աստիճանաբար սկսել է վատանալ։ Տևական հիվանդությունից հետո նա մահացել է 1866 թվականին, որը զուգակցվել է կաթվածով և ստամոքսի խրոնիկական խնդիրներով։ Մերի Էննը ժառանգել է նրա ունեցվածքը և ստացել զգալի ապահովագրություն։ Երկրորդ ամուսնու մահվանից հետո նա նորից փոխել է բնակության վայրը։
Երրորդ ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդի մահվանից մի քանի ամիս անց 1866 թվականի նոյեմբերին Մերի Էնը ապահովված նավամոնտաժորդ և այրի Ջեյմս Ռոբինսոնի տանն սկսել է աշխատել որպես դայակ։ Նրա գալուց մի քանի ամիս անց՝ նույն տարվա դեկտեմբերին, ստամոքսային տենդից մահացել է Ռոբինսոնի երեխաներից մեկը։ Վշտացած հոր և դայակի միջև սկսվել է սիրավեպ, և Մերի Էննը շուտով հղիացել է։ Նա ապահովված տիրոջ հետ ամուսնություն էր հաշվարկել, սակայն 1867 թվականին ստիպված էր գնալ հայրական տուն, որպեսզի խնամի հիվանդ մորը։ Մերիի մայրը մահացել է դստեր գալուց տասը օր անց։
Այդ ժամանակվա իր միակ աղջկա՝ Իզաբելլայիի հետ Մերի Էննը վերադարձել է Ռոբինսոնի տուն, որտեղ ապրիլ ամսին ստամոքսի ջերմային տենդից մահացել են Ռոբիսոնի երկու երեխաները և իննամյա Իզաբելլան։ Ջեյմս Ռոբսոնը չէր կասկածում Մերիին և նույնիսկ ընդհատել է այդ ժամանակ հայտարարված սուգը, որպեսզի ամուսնանա նրա հետ։ Հարսանիքը կայացել է օգոստոսի սկզբին, իսկ նոյեմբերի վերջին ծնվել է զույգի աղջիկը՝ Մերի Իզաբելլան, որը մահացել է 1868 թվականի մարտին՝ չհասնելով կես տարեկանի։ Այսպիսով, Մերի Էննի գալուց հետո մեկուկես տարվա ընթացքում ստամոքսի ջերմային տենդից մահացել են հինգ երեխա։
Շուտով Ռոբինսոնի մոտ կասկածներ են ի հայտ եկել նոր կնոջ հանդեպ. նա միշտ գումար էր պահանջում, առանց նրա գիտության պարտքեր վերցնում և նույնիսկ Ռոբինսոնի ողջ մնացած երեխաներին հարկադրաբար ստիպում էր վաճառել իրենց մահացած մոր տան արժեքավոր իրերը։ Զայրացած Ռոբինսոնը կնոջը փողոց է շպրտել իր երկրորդ, նորածին աղջկա հետ։ Որոշ ժամանակ թափառելուց հետո Մերի Էննը երեխային թողել է իր ծանոթների մոտ և այլևս չի վերադարձել նրա մոտ։ 1870 թվականի սկզբին աղջիկը վերադարձվել է հորը։
Չորրորդ ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870 թվականին Մերի Էննի վաղեմի ընկերուհին՝ Մարգարետ Քոթոնը, նրան ծանոթացրել է իր եղբոր՝ Ֆրեդերիկ Քոթոնի հետ, որն այրի էր և ուներ երկու երեխա՝ Ֆրեդերիկ կրտսերը և Չարլզ Էդվարդը։ Մարգարետը օգնում էր եղբորը, հոգ էր տանում իր եղբոր զավակներին, սակայն հիվանդացել է և 1870 թվականի մարտի վերջին մահացել է ստամոքսային հիվանդությունից։ Մերի Էննը և Ֆրեդերիկն ամուսնացել են նույն տարվա սեպտեմբերին՝ չնայած նրան, որ Մերին ամուսնացած էր Ռոբինսոնի հետ և երկամուսնությունն օրենքով արգելվում էր։ Մերի Էննը ապահովագրել է իր ամուսնու և երկու խորթ երեխաների կյանքը։ Ինչպես Ռոբինսոնի, այնպես էլ Ֆրեդերիկի դեպքում Մերին ամուսնության ժամանակ արդեն իսկ հղի էր. նրա առաջին երեխան՝ Ռոբերտը, ծնվել է ամուսնությունից 3 ամիս անց։
1871 թվականի սկզբին Մերի Էննը վերականգնել է հարաբերությունները իր վաղեմի սիրեկանի՝ Ժոզեֆ Նատրասի հետ։ 1871 թվականի դեկտեմբերին Ֆրեդերիկ Քոթոնը մահացել է՝ կնոջը թողնելով երեքհարկանի տուն, իսկ Նատրասը դարձել է Մերի Էննի տնվորը։ Մերին դարձել է հարուստ աստիճանավոր Ջոն Քուիկ Մանինգի հիվանդապահուհին մինչև ծաղիկից նրա բուժվելը։ Հիվանդի հետ հարաբերությունները շուտով փոխակերպվել են սիրայինի և Մերի Էննը հղիացավ Քուիկ Մանինգից, սակայն ամուսնությանը խոչընդոտ էին հանդիսանում Ջոն Նատտրասը, երկու խորթ երեխաները և սեփական մեկամյա որդին։ 1872 թվականի մարտի սկզբին մահացել է Ֆրեդերիկ կրտսերը, նրանից հետո՝ Ռոբերտը, այնուհետև՝ Նատրասը։ Մերի Էննը մնացել է մի խորթ որդու՝ Չարլզ Էդվարդ Քոթոնի հետ։
Չարլզ Քոթոնի սպանություն և կալանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ 1872 թվականի գարնան վերջին Մերի Էննը տղային ուղարկել է դեղատուն մկնդեղ բերելու, սակայն դեղատան աշխատողը հրաժարվել է անչափահաս տղային մկնդեղ վաճառել։ Դրանից հետո Մերին իր հարևանուհուն խնդրել է պատրաստուկ գնել։ Հուլիսին Չարլզը մահացել է ստամոքսի տենդից։ Այդ անգամ լրիվ առողջ տղայի մահը կասկածներ է հարուցել։ Թոմաս Ռիլեյը՝ կառավարության կրտսեր աստիճանավորը, հիշել է, որ տղայի մահվանից առաջ Մերի Էննը խորհրդակցել է հավանական նոր ամուսնության վերաբերյալ և բերանից թռցրել է, որ Չարլզը խնդիրների չի առաջացնի և «շուտով կհեռանա, ինչպես մնացած Քոթոնները»։ Ռիլեյը նկատել է, որ երեխան լրիվ առողջ էր և շատ է զարմացել, երբ իմացել է երեխայի մահվան մասին։ Ռիլեյը գնացել բժշկի մոտ, որը հսկում էր Չարլզին և պահանջել, որ նախնական ախտորոշումը հաստատելու համար փորձաքննություն կատարվի։ Բժիշկը լսել է, սակայն մակերեսային ստուգումը ցույց չի տվել բռնի մահվան նշաններ։ Սակայն բժիշկը պահել էր Չարլզի օրգաններից հյուսվածք և հետազոտել դրանք լաբորատարիայում, որտեղ հայտնաբերվել են մկնդեղի հետքեր։ Բժիշկը դիմել է ոստիկանություն և Մերի Էննին ձերբակալել են։ Սակայն դատավարությունը հետաձգվել է, քանի որ կինը նորից հղի էր հավանաբար Քուիկ Մանինգից
Մամուլի ուշադրությունը սևեռվել էր գործին, իսկ Մերի Էննը, մինչ այդ հաճախ փոխելով ազգանունները և բնակավայրերը, այնուամենայնիվ հասարակական ուշադրության կենտրոնում էր։ Մահերի քանակը, որոնք ուղեկցում էին նրա կյանքի ուղին, նրա հանդեպ կասկածներ էին հարուցել, շշուկները վախեցրել էին սնանկ փոսացուին՝ Քուիկ Մանինգին։ Չարլզ Քոթոնի և Ժոզեֆ Նատրասի դիակերը հանվեցին շիրիմներից և հայտնաբերվեց մկնդեղ։
Դատարան և մահապատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատավորը հրաժարվել է Մերի Էնին դատել այն հանցանքների համար, որոնք շատ տարիներ առաջ էին կատարվել, այդ իսկ պատճատով նա պաշտոնապես մեղադրվել է միայն Չարլզ Էդվարդ Քոթոնի սպանության համար։ Դատի ժամանակ Մերի Էննը հերքել է իր որևէ ներգրավվածություն և անդրադարձել է այն փաստին, որ Չարլզի մահվան պատճառը կարող էր լինել իր հոր տան կանաչ պաստառները։ Իսկապես, վիկտորյանական դարաշրջանի գործվածքների և պաստառների վառ կանաչ գույնը ստացվում էր մկնդեղի ավելացմամբ, և այդ ժամանակվա թերթերում կային պատմություններ երեխաների մահվան դեպքերի մասին, որոնք առաջացել էին կանաչ պաստառներից։ Ըստ էության՝ մկնդեղն իրոք լայնորեն օգտագործվում էր կենաղում, օրինակ՝ մաքրության համար, այդ իսկ պատճառով դրա վաճառքը լրիվ ազատ էր։ Դատավորը սակայն այդ փաստարկները հիմնավոր չի համարել։
Մերի Էննի դեմ ի հայտ են եկել նրա խորթ որդու դիազննման արդյունքերը, բժշկի և Թոմաս Ռիլեյի վկայությունները, ինչպես նաև այլ վկաներ, որոնք Մերիին տեսել էին մկնդեղ գնելիս և հերթական մահվանից հետո ապահովագրություն ստանալիս։ Մերին մեղավոր է ճանաչվել իր խորթ տղայի՝ Չարլզ Քոթոնի սպանության համար և դատապարտվել է կախաղանի միջոցով մահապատժի։
Մերի Էնն Քոթոնը մահապատժի է ենթարկվել 1873 թվականի մարտի 24-ին Դարեմում։ Մահապատժի ժամանակ դահիճը սխալ էր հաշվարկել պարանի երկարությունը, այդ իսկ պատճառով դատապարտյալը մահացել է ոչ թե վզաողների կտրվածքից, ինչը տեղի է ունենում բարձրությունից մարմնի ընկնելով, այլ օղակով խեղդվել է 3 րոպե։
Հնարավոր մահերի ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցակում ներառված են Մերի Էնն Քոթոնի հարազատները, որոնք տարբեր ժամանակներում մահացել են ստամոքսային տենդից կամ այլ ստամոքսային խնդիրներից։ Ցուցակը բաղկացած է 21 մարդուց։ Ենթադրվում է, որ նրանց մեծ մասը եղել են Մերի Էննի զոհերը[5]։
Անուն | Տարիք | Հարաբերություն | Մահվան ամսաթիվ |
---|---|---|---|
Չորս անանուն երեխա | Մինչև երկու տարեկան | Մերի Էննի երեխաները առաջին ամուսնուց՝ Ուիլյամ Մոուբրեյից | 1852—1856 |
Մարգարեթ Ջեյն Մոուբրեյ | 3 | Աղջիկ | 1860 հունիս |
Ջոն Ռոբերտ Ուիլյամ Մոուբրեյ | 1 | Որդի | 1864 սեպտեմբեր |
Ուիլյամ Մոուբրեյ | 39 | Առաջին ամուսին | 1865 հունվար |
Մարգարեթ Ջեյն Մոուբրեյ (երկրորդ) | 3 | Աղջիկ | 1865 ապրիլ |
Ջորջ Վարդ | 33 | Երկրորդ ամուսին | 1866 հոկտեմբեր |
Ջոն Ռոբինսոն | 10 ամսական | Մերի Էննի ապագա երրորդ ամուսնու երեխա | 1866 դեկտեմբեր |
Մարգարեթ Սքոթ | 54 | Մայր | 1867 մարտ |
Ջեյմս Ռոբինսոն կրտսեր | 6 | Խորթ որդի | 1867 ապրիլ |
Էլիզաբեթ Ռոբինսոն | 8 | Խորթ աղջիկ | 1867 ապրիլ |
Իզաբելլա Ջեյն Մոուբրեյ | 9 | Աղջիկ | 1867 ապրիլ |
Մերի Իզաբելլա Ռոբինսոն | 3 ամսական | Աղջիկ | 1868 մարտ |
Մարգարեթ Քոթոն | 38 | Ընկերուհի, ապագա ամուսնու քույրը | 1870 մարտ |
Ֆրեդերիկ Քոթոն ավագ | 42 | Չորրորդ ամուսին | 1871 դեկտեմբեր |
Ֆրեդերիկ Քոթոն կրտսեր | 10 | Խորթ որդի | 1872 մարտ |
Ռոբերտ Քոթոն | 1 | Որդի | 1872 մարտ |
Ժոզեֆ Նատրաս | 35 | Սիրեկան | 1872 ապրիլ |
Չարլզ Էդվարդ Քոթոն | 7 | Խորթ որդի | 1872 հուլիս |
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Էննի մասին ժողովուրդը հիշատակել է մանկական շուտասելուկի մեջ.
Mary Ann Cotton, she's dead and she's rotten |
Մերի Էնն Քոթոն, նա մահացած է և նեխած է, |
2015 թվականին նկարահանվել է Քոթոնին նվիրված երկու մասանոց հեռուստատեսային ֆիլմ, որի անվանումն էր «Մութ հրեշտակ»[6], գլխավոր դերում Ջոան Ֆրոգգատն էր[7][8]։ Էկրանավորումը կատարվել է շոտլանդացի քրեագետ Դևիդ Ուիլսոնի Mary Ann Cotton: Britain's First Female Serial Killer գրքի հիման վրա[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Tikkanen A. Encyclopædia Britannica
- ↑ DEBORAH BLUM. «THE Կին մարդասպանի թերի միֆը». wired.com (English). 2013-01-08. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ The Northern Echo, 21 марта 1873, стр. 3
- ↑ Mary Johnston. Childhood Mortality
- ↑ Առաջին բրիտանացի սերիական մարդասպանը
- ↑ ITV հեռուստատեսության դրաման սերիական մարդասպանի մասին կոչվում է «Մութ հրեշտակ»
- ↑ Downton Abbey Star Joanne Froggatt Returns to PBS in a Gruesome New Role
- ↑ Froggatt plays Britain's first female serial killer
- ↑ Ջոան Ֆորգետը ITV-ի դրամայի նոր հերոս
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Appleton, Arthur. Mary Ann Cotton: Her Story and Trial. London: Michael Joseph, 1973. 0-7181-1184-2
- Connolly, Martin. Mary Ann Cotton: The North Eastern Borgia? West Auckland, Oakleaf Publishing, 2012. 9780957465107
- Flanders, Judith. The Invention of Murder. London: Harper Ress, 2011. 978-0-00-724888-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն:
- Мэри Энн Коттон — «Բրիտանիկա» հանրագիտարան
- Who was Mary Ann Cotton?
- Victorian multi-murderer
- Mary Ann Cotton — Murderpedia
Ռուսերեն:
|