Մենդես (քաղաք)
Մենդես | |
---|---|
Տեսակ | հնագիտական հուշարձան և հնավայր |
Երկիր | Եգիպտոս |
Վարչատարածք | Դակահլիա |
ԲԾՄ | 11 ± 1 մետր[1] |
Մենդես (հին հունարեն՝ Μένδης, եգիպ.՝ pr-bi-neb-ḏdt, Պեր-Բանեբջեդետ[2] / եգիպ.՝ ḏdt, Ջեդետ / եգիպ.՝ 'npt, Անպետ[3] աքքադերեն (URU) pi-in-di-di; արաբ․՝ تل الربع DMG Tall al-Rub'a), հին եգիպտական և հելլենիստական քաղաք։ Գտնվում է Ստորին Եգիպտոսի Դելտայի հյուսիսարևելյան մասում։ 16-րդ նոմի մայրաքաղաքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենդեսը եղել է տարածաշրջանային կենտրոն և նույնիսկ ամբողջ Հին Եգիպտոսի մայրաքաղաքը (Ք․ա․ 399-380 թվականներ)։ Հին եգիպտական 16-րդ նոմը հելլենա-հռոմեական ժամանակաշրջանում կոչվել է նաև Մենդես։
Հին Մենդեսը գտնվել է Թանիս լճի հարավային ափին։ Մոտակայքով անցել է Նեղոսի մենդեսյան թևը։ Ավելի հարավ՝ Մենդեսի մոտակայքում է տեղակայված Թմուիս քաղաքը։
Մենդեսի գլխավոր աստվածը եղել է մենդեսական Բանեբջեդետ խոյը (ոչխար, որը պատկանում է ovis longipedes տեսակին)։ Մենդեսեցիների կողմից աստվածացված այս խոյը հույները ասոցացրել են այծի հետ և նույնացրել Պան աստծո հետ (Հերոդոտոս. «Պատմություն» II, 46)[4]։ Խոյը Մենդեսում հնուց ի վեր հարգվել է որպես պտղաբերության խորհրդանիշ։ Այդ մասին վկայություններ կան 4-րդ դինաստիայի ժամանակներից։
Քաղաքի սուրբ հովանավորը եղել է նաև ձկան աստվածուհի Հաթմեհիտը[5]։ Բանեբջեդետը, Հաթմեհիտը և նրանց որդի Հորը միասին կազմել են Մենդես քաղաքի աստվածների եռյակը[6]։
Մենդեսից, ըստ պատմաբան Մանեթոնից, երկիրը կառավարել է հին եգիպտական 29-րդ դինաստիան (Ք.ա. 399-380 թվականներ)։ Այս քաղաքից է ծագում Պտղոմեոս II Եղբայրասերի և Արսինոեի Մենդեսի խոյին զոհաբերության պատկերներով «Մենդեսի կոթողը»։
Հելլենիստական ժամանակներում քաղաքը եղել է գիտական կենտրոն։ Ծնունդով այստեղից են եղել կամ այստեղ են գործել պյութագորոսական և ալքիմիկոս Բոլոս Մենդեսացին («Ֆիզիկա և միստիկա», «Հրաշքների գիրք», «Գեորգիկա» և այլն, Ք․ա․ 3-2 դարեր), պատմաբան Ասկլեպիադ Մենդեսացին («Եգիպտոսի պատմություն», Ք․ ա․ I դար), քուրմ և պատմաբան Պտղոմեոս Մենդեսացին («Եգիպտական պատմություն», Ք․ ա․ I դարի վերջ-I դարի սկիզբ), քերականագետ, աստղագուշակ, փիլիսոփա և պատմաբան Թրասիլլը («Քարերի մասին», «Եգիպտոսի պատմություն», «Լեգենդ Դեմոկրիտի մասին», 36)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.geonames.org/350070
- ↑ Rykle Borger Rechtsbücher. — Gütersloher Verlagshaus Gerd Mohn, 1982. — С. 564. — 724 с. — ISBN 9783579000602
- ↑ Miriam Lichtheim Ancient Egyptian Literature: Volume III: The Late Period. — University of California Press, 2006-03-04. — С. 121. — 254 с. — ISBN 9780520248441
- ↑ Геродот История. — Рипол Классик, 1972. — С. 570. — 599 с. — ISBN 9785458359825
- ↑ С. А. Токарев Мифы народов мира: Энциклопедия. — Советская энциклопедия, 1982. — С. 584. — 728 с.
- ↑ Anne K. Capel, Glenn Markoe Mistress of the House, Mistress of Heaven: women in ancient Egypt / Cincinnati Art Museum, Brooklyn Museum. — Hudson Hills, 1996. — С. 72. — ISBN 1555951295
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- De Meulenaere, Herman Mendes / Herausg. W. Helck, W. Westendorf. — Lexikon der Ägyptologie. — Wiesbaden: O. Harrassowitz, 1982. — Т. IV: Megiddo — Pyramiden. — С. 43—45.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենդես (քաղաք)» հոդվածին։ |
|