Քսենիա Ռոմանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսենիա Ռոմանովա
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր մարտի 25 (ապրիլի 6), 1875[1][2]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանի օր ապրիլի 20, 1960(1960-04-20)[4] (85 տարեկան)
Վախճանի վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Թաղված Ռոկբրյուն Կապ Մարտեն
Դինաստիա Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Ալեքսանդր III[2][1]
Մայր Մարիա Ֆյոդորովնա
Ամուսին Ալեքսանդր Միխայլովիչ[1]
Զավակներ Իրինա Ալեքսանդրովնա Ռոմանովա, Andrei Alexandrovich of Russia?[4], Prince Feodor Alexandrovich of Russia?, Prince Nikita Alexandrovich of Russia?, Prince Dmitri Alexandrovich of Russia?[4], Prince Rostislav Alexandrovich of Russia? և Prince Vasili Alexandrovich of Russia?
 
Պարգևներ
Սուրբ Եկատերինայի շքանշան

Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա Ռոմանովա, ռուս ցար Ալեքսանդր III-ի և նրա կնոջ իշխանուհի Մարիա Ֆեոդորովնայի չորրորդ զավակը։ Ծնվել է 1875 թվականի ապրիլի 6-ին Սանկտ Պետերբուրգի Անիչկովի Պալատում և մահացել 1960 թվականի ապրիլի 20-ին Լոնդոնում՝ Անգլիա։ Թաղված է Ֆրանսիայում։

Նա իշխան Ֆելիք Յուսուպովի զոքանչն էր, ով հայտնի է Գրիգորի Ռասպուտինի սպանությամբ։

Ընտանիքը և առաջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենիան մոր՝ Մարիա Ֆեոդորովնայի հետ (1878 թ.)

Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա Ռոմանովան ռուս նախավերջին կայսր Ալեքսանդր III-ի և նրա կնոջ՝ Մարիա Ֆեոդորովնայի ավագ դուստրն ու չորրորդ երեխան էր։ Ծնվել է 1875 թվականի ապրիլի վեցին Սանկտ-Պետերբուրգի Անիչկովի պալատում։ Այդ ժամանակաշրջանում Ռուսաստանի Կայսրությունը արդեն գտնվում էր անկայուն վիճակում։ 1881 թվականին սպանվեց Քսենիայի պապը և Ալեքսանդր III-ի հայրը՝ կայսր Ալեքսանդր II-ը:Քսենիայի հայրը դարձավ կայսր։ Ընտանիքին վտանգից պաշտպանելու նպատակով տեղափոխեցին Գաչինայի պալատ, որտեղ նրանք ապրում էին համարյա մշտական փակված կյանքով և դուրս էին գալիս միայն եկեղացական արարողությունների ժամանակ։ Ալեքսանդր III-ը վախենում էր իր ընտանիքի անվտանգության համար, քանի որ հեղափոխություն ցանկացողների թիվը գնալով ավելանում էր։ Նա ինքը դարձել էր ծայրահեղ ազգամոլ։ Ընտանիքը ապրում էր բավականին համեստ ապրելակերպով։ Երեխաները քնում էին սովորական սենյակներում առանց որևէ ճոխությունների, ուտում էին սովորական սնունդ։ Քսանիան՝ ինչպես նաև նրա եղբայրները և քույրը, ստանում էր հիանալի դաստիարակություն և կրթություն։ Նրա ուսուցիչները բոլորը հայտնի մանկավարժներ էին, նա բացի ռուսերենից խոսում էր նաև անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Երեխա ժամանակ հայտնի էր իր ամաչկոտությամբ և տղայական պահվածքով։ Շատ էր սիրում նկարել, դաշնամուր նվագել, զբաղվել մարմնավարժությամբ և բնության գրկում ժամանակ անցկացնել։ Իր ծնողների հետ նա ամառները այցելում էր դանիական թագավորական ընտանիքին, հիանալի ժամանակ էր անցկացնում իր հարազատների հետ։

Ամուսնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենիա իր ամուսնու հետ

Քսենիան մանկուց շատ մոտ էր իր զարմիկներից մեկի՝ Մեծ Իշխան Ալեքսանդր Միխայիլովիչի հետ։ Ալեքսանդրը իր հերթին շատ կապված էր Քսենիայի եղբորը` Նիկոլային։ Քսենիան և Ալեքսանդր գտնվում էին նամակագրական կապերի մեջ։ Ալեքսանդրը հասկանում էր, որ Քսենիան իրեն շատ էր սիրում։ Երբ Քսենիան դարձավ 15 տարեկան, նա և Ալեքսանդրը ցանկություն հայտնեցին ամուսնանալ, սակայն Քսենիայի ծնողները համաձայնություն չտվեցին իրենց դստեր տարիքի պատճառով։ Նրանք նաև լավ չէին ճանաչում Ալեքսանդրին և չգիտեին թե նա իրեն ինչպես կդրսևորեր ամուսնական կյանքում։ Սակայն 1894 թվականին, երբ Ալեքսանդրի հայրը՝ Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչը անձամբ խնդրեց Քսենիայի ձեռքը իր որդու համար, կայսրն ու կայսրուհին համաձայնեցին։ Ճոխ հարսանիքը տեղի ունեցավ 1894 թվականի օգոստոսի 6-ին։ Ըստ Քսենիայի քրոջ`Օլգայի այդ օրը նրանց հայր կայսր Ալեքսանդր III-ը շատ ուրախ էր և դա կլիներ վերջին անգամը, երբ նա լիաթոք կուրախանար, քանի որ հիվանդության պատճառով նա կմահանար հարսանիքից երկու ամիս հետո։ Նորապսակները մեղրամիսը անցկացրին Ղրիմում։ Նույն ժամանակաշրջանում՝նոյեմբերի 1-ին Քսենիայի հայրը մահացավ և Նիկոլայ II-ը դարձավ Ռուսաստանի կայսր։

Երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենիա Ալեքսանդրովնան իր ամուսնու և երեխաների հետ

Քսենիա Ալեքսանդրովնան և Ալեքսնադր Միխայիլովիչը միասին ունեցան յոթ երեխա՝ մեկ աղջին և վեց տղա։ Կայսր Ալեքսանդր III-ը երեխաների պապն էր մորական կողմից։ Երեխաներին դիմում էին "արքայազն" և "արքայադուստր" տիտղոսով։ Քսենիայի տղաներից յուրաքանչյուրը կարող էր դառնալ կայսր, սակայն նրանք բոլորը ամուսնացան տիտղոսով իրենցից ցածր կանանց հետ, ինչի պատճառով կորցրեցին այդ հնարավորությունը։

Քսենիայի դուստրը՝ Իշխանուհի Իրինա Ալեքսանդրովնան կապվել էր Իշխան Ֆելիք Յուսուպովի հետ։ Նրանք սիրահարված էին և ցանկանում էին ամուսնանալ, սակայն Քսենիան, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամները, դեմ էին այդ միությանը, քանի որ Ֆելիք Յուսուպովը բավականին վատ համբավ ուներ։ Սակայն Ֆելիք Յուսուպովը հանդիպեց Քսենիայի մորը՝ նախկին կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային և կարողացավ շահել նրա վստահությունը։ Իրինայի և Ֆելիքսի ամուսնությունը տեղի ունեցավ 1914 թվականի փետրվարի 9-ին։

Տարիների ընթացքում Քսենիայի և նրա ամուսնու հարաբերությունները անկում էին ապրել։ Նրանք իրար հետ շատ չէին շփվում, քնում էին տարբեր սենյակներում։ Նրանք նույնիսկ ամուսնությունից դուրս սիրեկաններ էին պահում։ Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ալեքսանդրն ու Քսենիան շատ զբաղված էին և երկար ժամանակ անց էին կացնում կայսրությունից դուրս։ Դրանից նրանց հարաբերություններն էլ ավելի էին տուժում։ 1917 թվականի հեղափոխության ժամանակ նրանք իրար հանդիպեցին, բայց քանի որ պետք է փախուստի դիմեին բոլշևիկների ձեռքը չընկնելու համար, բաժանվեցին և առանձին փախան Ռուսաստանից։

Հարաբերությունները ընտանիքի անդամների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Քսենիան

Քսենիան հայտնի էր իր խաղաղասեր բնավորությամբ և հարթում էր տնային կոնֆլիկտները։ Երբ նրա եղբայր Մեծ Իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչը առանց ընտանիքի անդամներին զգուշացնելու ամուսնացավ արդեն երկու անգամ ամուսնացած և ամուսնալուծված Նատաշա Վյուլֆերտ անունով մի կնոջ հետ, ընտանիքի անդամները խզեցին կապերը վերջինիս հետ։ Նիկոլայ II-ը նույնիսկ նրանց աքսորեց Ռուսաստանի Կայսրությունից։ Քսենիան մանկուց շատ կապված էր իր եղբայրների հետ և նրա համար ցավալի էր նման պառակտումը։ Մի քանի ամիս տևողությամբ բանակցություններից հետո նա վերջիվերջո կարողացավ Նիկոլային համոզել իր եղբորը ետ ընդունել (առանց նրա կնոջ)։ 1899 թվականին Քսենիայի համար մեծ հարված էր, երբ նրա մյուս եղբայրը՝ Մեծ Իշխան Գեորգին դժբախտ պատահարից մահացավ։ Նա նաև շատ մոտ էր իր մոր և քրոջ հետ։

Նիկոլայը և Ալեքսանդրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենիան

Քսենիան շատ կապված էր իր եղբոր՝ Նիկոլայի հետ։ Երբ Նիկոլայը ամուսնացավ իր սիրելի Ալիքսի հետ (ով հետագայում կդառնար Ալեքսանդրա Ֆեոդորովնա) Քսենիան և իր ամուսին Ալեքսանդրը սկսեցին իրենց երեկոները անցկացնել նորապսակների հետ։ Նրանք միասին ընթրում էին, այնուհետև սեղանի խաղեր էին խաղում և հաճելի զրուցում։ Քսենիան որոշ ժամանակ շատ մոտ էր նաև Ալեքսանդրայի հետ, սակայն նրանց հարաբերությունները վատացան, երբ Քսենիան մեկ աղջիկ ունենալուց հետո 6 առողջ տղաներ ունեցավ, իսկ Ալեքսանդրան՝ ումից կախված էր կայսրության հետագա ժառանգորդը, ունեցավ չորս աղջիկ և միայն վերջում մեկ տղա, ով անբուժելի հիվանդ էր հեմոֆիլիայով։ Ըստ տարբեր վկայությունների Ալեքսանդրան նախանձում էր Քսենիային այդ պատճառով։ Հետագայում նրանց երեխաները իրար հազվադեպ էին հանդիպում և մոտ չէին։ Ալեքսանդրայի որդու՝ Ցարեվիչ Ալեքսեյի հեմոֆիլիայի մասին Քսենիան իմացավ բավական ուշ, քանի որ հիվանդությունը գաղտնի էր պահվում։

Աքսորը[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Ռուսաստանի Կայսրությունում արդեն սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը ավելի վատացավ։ Դրան մեծ մասամբ նպաստում էր նաև տեղի ունեցող համաշխարհային պատերազմը։ Քսենիան իր օրագրում գրում էր որ ժողովուրդը դուրս էր եկել և ուտելիք էր խնդրում, և գործարանները չէին աշխատում։ Մարտի մեկին Նիկոլայ II-ին գահընկեց անելու նորություն տարածվեց և Քսենիան այդ մասին գրեց իր մորը և իրոք այդ օրը Նիկոլայը ստիպված ստորագրեց կայսրության կառավարումից հրաժարվելու պայմանագիրը։ Նրա որդին առողջական խնդիրների պատճառով չէր կարող կայստ դառնալ, իսկ եղբայրը՝ Միխայիլը կտրուկ հրաժարվեց այդ պարտականությունից։ Կայսրությունը անցավ բոլշևիկների ժամանակավոր իշխանության տակ։ Նիկոլային իր ընտանիքի հետ միասին մի քանի ամիս տնային կալանքից հետո ուղարկեցին Տոբոլսկ։ Քսենիան իր օրագրում գրում էր, որ չի հավատում, որ այդ ամենը իրոք տեղի է ունենում։ Նա լքեց իր հայրենի Սանկտ-Պետերբուրգը ապրիլի վեցին և մեկնեց Ղրիմ, քանի որ թագավորական ընտանիքի որևէ ներկայացուցչի ներկայությունը կարող էր աքսորով և մահվան սպառնալիքով ավարտվել։

1918 թվականի հուլիսի 17-ին լուրեր տարածվեցին Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի սպանության մասին։ Քսենիայի մայրը՝ Մարիա Ֆեոդորովնան մինչև կյանքի վերջը չէր հավատում իր որդու մահվանը։ Քսենիան մոր հետ 1919 թվականին մեկնեց Անգլիա, որտեղ նրանց ընդունեց անգլիական թագավորական ընտանիքը։ Հետագայում նրանց միացավ նաև Քսենիայի կրտսեր քույրը՝ Օլգան։ Օլգան և Մարիա Ֆեոդորվնան մեկնեցին Դանիա, իսկ Քսենիան մնաց Անգլիայում։

Հետագա տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենիան շարունակում էր ապրել Անգլիայում, իսկ նրա ամուսին Ալեքսանդրը՝ Ֆրանսիայում։ Նա որպես Նիկոլայ II-ի ավագ քույր ժառանգել էր մի փոքր կալվածք Անգլիայում, սակայն նրա ֆինանսական վիճակը ծայրահեղ ծանր էր։ Նիկոլայի և նրա ընտանիքի մահվան փաստը պաշտոնապես ընդունվեց միայն սպանությունից 10 տարի հետ՝ 1928 թվականին։ Քսենիան, ինչպես նաև նրա քույր Օլգան, շատ ժամանակ ստիպված էր լինում որպես վկա ներկա գտնվել սուտ հրաշքով փրկված Նիկոլայի երեխաներ կոչվածների հարցաքննություններին. դրանցից մեկը Աննա Անդերսոնն էր։ Սակայն նախկին թագավորական ընտանիքի անդամները համոզված էին, որ ընտանիքից ոչ ոք չէր փրկվել։ Քսենիայի մայրը՝ Մարիա Ֆեոդորովնան, կտրուկ հրաժարվում էր հանդիպել նման ինքնակոչների հետ։

Քսենիան հաճախ այցելում էր իր մորը, ով ապրում էր Դանիայում։ 1928 թվականին Մարիա Ֆեոդորովնան հիվանդությունից հետ մահացավ, և նրա առանձնատան ու զարդերի վաճառքի հասույթից որոշ մաս որպես օգնություն հատկացվեց Քսենիային։ 1933 թվականին մահացավ Քսենիայի ամուսինը։ Քսենիան մինչև կյանքի վերջ հաճախ հանդիպում էր իր դստերը՝ իշխանուհի Իրինա Յուսուպովին։ Նա մահացավ 1960 թվականի ապրիլի 20-ին Անգլիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ксения Александровна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVIа. — С. 907.
  2. 2,0 2,1 Александр III (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 411—413.
  3. Deutsche Nationalbibliothek Record #124157319 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Home of Grand Duchess Xenia Արխիվացված 2010-10-05 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենիա Ռոմանովա» հոդվածին։