Մարտինշ Ֆրեյմանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտինշ Ֆրեյմանիս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1977(1977-02-07)
ԾննդավայրԼիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 27, 2011(2011-01-27)[2] (33 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ, դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
 Mārtiņš Freimanis Վիքիպահեստում

Մարտինշ Ֆրեյմանիս (լատիշերեն՝ Mārtiņš Freimanis, փետրվարի 7, 1977(1977-02-07), Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 27, 2011(2011-01-27)[2], Ռիգա, Լատվիա), լատվիացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, դերասան, հեռուստստեսային աստղ[3]։ Ճանաչում է ձեռք բերել հատկապես Լատվիայում ժամանակին մեծ ժողովրդականություն վայելած «Տումսա» (Tumsa) երաժշտախմբի կազմում 1994 թվականից որպես երգերի հիմնական կատարող հանդես գալու շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյմանիսը ծնվել է լատվիական նավահանգստային Լիեպայա քաղաքում։ Մանկությունն անց է կացրել մեծ մասամբ Այզուպտե ոչ մեծ քաղաքում։

Նա լատվիական «Տումսա» "Tumsa" ռոք խմբի հիմնական վոկալիստն էր և երգերից շատերի տեքստերի հեղինակը։ Այդ երաժշտախմբի կազմում մասնակցել է բազմաթիվ համերգների, ինչպես նաև՝ վեց երաժշտական ալբոմների թողարկմանը՝ "Microphone Records" ապրանքանիշով (լեյբլով)։ Ֆրեյմանիսը գործակցել է նաև լատվիացի այլ երաժիշտ-կատարողների հետ՝ նրանց համար գրելով երգերի տեքստեր ու նաև երաժշտություն։ Հիշարժան է հատկապես նրա համագործակցությունը ճանաչված երաժիշտ Լաուրիս Ռեյնիկսի հետ, համագործակցություն, որի արդյունքում ծնունդ են առել Լատվիայում մեծ ժողովրդականություն վայելող "Putnu Balle" և "Per" երգերը։ Բացի այդ, Լաուրիս Ռեյնիկսի և Յան Կեյի հետ 2000-ական թվականների սկզբներին ստեղծել է F.L.Y. տրիոն, որը, հաղթող ճանաչվելով երգի հանրապետական մրցույթում, 2003 թվականին Լատվիան ներկայացրել է Եվրատեսիլում։ Երկու տարի անց՝ 2005 թվականին նույնպես Մարտինշը մասնակցություն է ունեցել եվրոպական երգի այդ ստուգատես-մրցույթին. Լատվիան ներկայացրած երաժշտախումբը հանդես է եկել նրա հեղինակած "The War Is Not Over" («Պատերազմը դեռ չի ավարտվել») երգի կատարմամբ։

Որպես դերասան՝ Մարտինշ Ֆրեյմանիսը հանդես է եկել "Kaupēns Mans Mīļais"(«Կաուպնե. իմ սիրեկանները») երաժշտական ֆիլմում, "Neprāta Cena" («Խելահեղ գին») (LTV), "UgunsGrēks" (TV3) հեռուստասերիալներում և "Man patīk, ka meitene skumst" («Ինձ դուր է գալիս աղջկա թախիծը») ու "Dancis pa Trim" («Երրորդ պարը») գեղարվեստական կինոնկարներում (ի դեպ՝ վերջինը մեծ էկրան է բարձրացել շնորհալի դերասան-երգչի անսպասելի և վաղաժամ մահից հետո)։

2011 թվականի հունվարի 18-ին նրան շտապ կարգով լատվիական վարակաբուժական կենտրոն են տեղափոխել, որտեղ ախտորոշել են շնչուղիների սուր բորբոքում։ Եվ, չնայած հանրապետության մայրաքաղաքի լավագույն բժիշկների գործադրած ջանքերին, սիրված արտիստի կյանքը փրկել այդպես էլ չի հաջողվել. ինն օր անց նա մահացել է[4][5]։ Ի պատիվ և ի հիշատակ երեսուներեք տարեկան հասակում վախճանված տաղանդավոր արվեստագետի՝ Ռիգայի կենտրոնական հրապարակներից մեկում տեղի է ունեցել սգո միտինգ, հարյուրավոր երաժշտասերներ մոմեր են վառել իրենց երաժշտական կուռքի մեծադիր դիմանկարի առջև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 2,2 http://www.tvnet.lv/izklaide/popkultura/363628-negaiditi_miris_muzikis_martins_freimanis
  3. Kristján Sveinsson (2011 թ․ հունվարի 27). «Latvia Grieves Over The Loss Of Mārtiņš Freimanis». eurovisionary.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
  4. «Mūžībā aizgājis Mārtiņš Freimanis» (Latvian). Diena. 2011 թ․ հունվարի 27. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Mārtiņa Freimaņa nāves cēlonis ir toksiskais hepatīts» (Latvian). nra.lv. 2011 թ․ փետրվարի 7. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]