Մարտինա Բատինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտինա Բատինի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1989(1989-04-17) (35 տարեկան)
ԾննդավայրՊիզա, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունսուսերամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Gold Collar for Sports Merit
 Martina Batini Վիքիպահեստում

Մարտինա Բատինի (իտալ.՝ Martina Batini, ապրիլի 17, 1989(1989-04-17), Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալուհի սուսերամարտիկ, աշխարհի, Եվրոպայի, Իտալիայի չեմպիոնուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինա Բատինին ծնվել է 1985 թվականի ապրիլի 17-ին Իտալիայի Պիզա քաղաքում։ Սուսերամարտի կանոնավոր պարապմունքների հաճախել է մանուկ հասակից։ Ընդ որում՝ ձգտել է տիրապետել թե՛ ճկասուսերով, թե՛ թրասուսերով մենամարտելու հմտություններին և սկզբնական շրջանում այս երկու մրցաձևում էլ փորձել է իր ուժերը, բայց հետագայում նախընտրել է խորամուխ լինել ճկասուսերով մարտ վարելու նրբությունների մեջ։

2006 թվականին Մարտինան ոսկե մեդալ է նվաճել ինչպես Իտալիայի, այնպես էլ՝ հարավկորեական Թեբեք քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում։ 2008 թվականին Ամստերդամում հռչակվել է Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող։ Մեկ տարի անց առաջին տեղն է գրավել հունգարական Դեբրեցեն քաղաքում Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երրորդ տեղը՝ հյուսիսիռլանդական Բելֆաստ քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում[1]։

Մեծահասակների մրցումներում առաջին լուրջ հաջողությունը Մարտինան ձեռք է բերել 2013-2014 տարեշրջանում։ Նախ՝ գերմանական Տաուբերբիշոֆսհայմ քաղաքում նվաճել է աշխարհի գավաթը, ընդ սմին՝ հաղթելով բոլոր մրցակիցներին, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոնուհի Արիանա Էրիգոյին և օլիմպիական չեմպիոնուհի Էլիզա դի Ֆրանչիսկային, որոնք երկուսն էլ իր համերկրացիներն են։ Այդ փայլուն հաղթանակից ընդամենը մեկ շաբաթ անց առաջին տեղն է գրավել և ոսկե մեդալի արժանացել նաև Իտալիայի մեծահասակների առաջնությունում։ Եվրոպայի 2014 թվականի՝ Ստրասբուրգում անցկացված առաջնության եզրափակիչում նա դարձյալ մրցեց դի Ֆրանչիսկայի հետ և սկզբում հաղթում էր 5:1 հաշվով, բայց հետո, թերևս՝ հոգեբանական անբավարար պատրաստվածության պատճառով հաղթանակը ձեռքից բաց թողեց և ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով։

Թիմային մրցահաշվարկում իտալական «Dream Team»-ը («երազանքի թիմը»), որի կազմում ընդգրկված են դի Ֆրանչեսկան, Էրիգոն, աշխարհի և օլիմպիական բազմակի չեմպիոնուհի Վալենտինա Վեզալին և Մարտինա Բատինին, հաղթողի ամենահավանական թեկնածուն է համարվում բոլոր մրցումներում և բազմիցս նվաճել է աշխարհի գավաթը։ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներին տիրելու համար վերջերս մղված պայքարի եզրափակիչում նրանց մրցակիցը Ռուսաստանի՝ նույնպես ուժեղի համբավ ունեցող հավաքականն էր։ Առաջին վեց մրցափուլերը հաղթողին ի հայտ չբերեցին։ Մրցակցության մեջ բեկում մտցնողը եղավ Մարտինան, որը համառ պայքարում, դրսևորելով ոչ միայն վարպետություն, այլև կամային բարձր հատկանիշներ, դժվարին հաղթանակ տոնեց, իսկ վերջին մրցափուլում էլ դի Ֆրանչեսկան ամրապնդեց նրա ձեռք բերած հաջողությունը, և թիմն ու իր երկրպագուները կրկին վայելեցին հաղթանակի բերկրանքը։

Սուսերամարտի բնագավառում հաջողություններ է ձգտում ձեռք բերել նաև Մարտինայի քույրը՝ Կամիլլան։ Նա թրասուսերակիր է։

2014 թվականին Մարտինա Բատինին ավարտել է հայրենի քաղաքի՝ Պիզայի համալսարանը՝ ստանալով ինժեներային կառավարման մասնագետի որակավորում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marisa Poli (2014 թ․ հունիսի 14). «Bis d'oro per Dream Team e sciabola». Gazzetto di Sport.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինա Բատինի» հոդվածին։