Jump to content

Մարկովիլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Մարկովիլլա (ֆիններեն՝ Markovilla), կոմս Ֆեոդոր Տոլստոյի նախկին կալվածքը Վիբորգի Պաշտպանական ծոցի ափին՝ Մոնրեպո կալվածքի դիմաց, Վիբորգի հյուսիսարևելյան մասում (այժմ՝ Կիրովյան ամառանոցների միկրոշրջանում)։

«Տեսարան Ֆինլանդիայի Մարկովիլլ ամառանոցի այգում» (Ֆեոդոր Պետրովիչ Տոլստոյ)

Ըստ Ֆեոդոր Պետրովիչ Տոլստոյի (1783-1873) հուշերի՝ նրա մանկության առաջին տպավորությունները կապված են Վիբորգի հետ, որտեղ Ռուս-շվեդական պատերազմի (1788-1790) ժամանակ ուղարկվել է նրա հայրը՝ կրիգսկոմիսարիատի բրիգադիր Պյոտր Տոլստոյը։ Ֆեոդոր Տոլստոյի մորական տատիկն ապրել է Վիբորգում և հաճախ է այցելել նրան։ Արդեն լինելով հայտնի մեդալակիր, քանդակագործ, գծանկարիչ և նկարիչ՝ Տոլստոյը ձեռք է բերել կալվածք, որը նայում էր դեպի Վիբորգի ամրոցը և կոչվել է այն կառուցող Մեծ Բրիտանիայի հյուպատոս Մարկուս Ռայթի անունով։ Այստեղ 1850-ականների սկզբից մինչև իր մահը ընտանիքի հետ նա անցկացրել է ամառային ամիսները։ 1855 թվականին նկարիչը նկարել է «Տեսարան Ֆինլանդիայի Մարկովիլլա ամառանոցի այգում» նկարը։ Դաստակերտի շենքը դասական ոճով երկհարկանի փայտե տուն է եղել։ Տան հետևում մեկ հարկանի շինություններ են եղել, տան դիմաց՝ սիզամարգով և նավակների նավահանգստով լայն բակ։

Ֆեոդոր Տոլստոյի ամառանոցի հյուրերի թվում են եղել Արսենի Մեշչերսկին, Գրիգորի Ցերնեցովը, Նիկոլայ Կոստոմարովը և Նիկոլայ Սերվերցովը[1][2][3]։ 19-րդ դարի վերջին ստեղծվել են Վիբորգի և Ֆինլանդիայի թեմերը, իսկ Մարկովիլլա կալվածքը պետությունը ձեռք է բերել եպիսկոպոսի տունը տեղավորելու համար։ 1896-1897 թվականներին այստեղ կառուցվել է Միխայիլ Հրեշտակապետի տաճարը՝ ճարտարապետ Ն. Պետրովի նախագծով։ 1906 թվականին Վիբորգի կենտրոնում եպիսկոպոսի տունը կառուցելուց հետո Մարկովիլլան դարձել է արքեպիսկոպոսական ամառանոց, որտեղ Սերգի արքեպիսկոպոսը և իր շքախումբը բնակվել են միայն ամռանը։ 1912 թվականին Ժողովրդական կրթության նախարարության որոշմամբ, Ֆինլանդիայի ռուսիֆիկացման քաղաքականության շրջանակներում, Վիբորգում բացվել է ճեմարան` Ֆինլանդիայի մեծ դքսության ռուսական տարրական դպրոցների ուսուցիչների պատրաստման համար։ 1913-1914 թվականներին կալվածքում կառուցվել է Վիբորգի ուսուցիչների ճեմարանի շքեղ քարե շենքը՝ ի հիշատակ «Ռոմանովների տան բարեհաջող գահակալության 300-ամյակի»՝ նեոռուսական ոճով կառուցված ռուսական կայսերական բանակի գլխավոր ռազմատեխնիկական վարչության ինժեներ գնդապետ Լեոնիդ Վիկտորովիչ Գլուշակովի նախագծով, նախատեսված 46 դասասենյակի համար։ Ճեմարան են ընդունվել 16 տարեկանից ոչ փոքր պատանիները։ Չորս հարկանի շենքի շուրջը, բացի շենքերից, եղել են գյուղատնտեսությամբ զբաղվելու համար փորձարարական դաշտեր։ Սակայն ճեմարանը շենքում գործել է մինչև 1917 թվականի գարուն։ Առաջին համաշխարհային պատերազմը և փետրվարյան հեղափոխությունը փոխել են Մարկովիլլայի շենքերի նշանակությունը։ Ժողովրդական կրթության նախարարի 1917 թվականի մարտի 13-ի որոշման հիման վրա ճեմարանը լուծարվել է և քննարկվել է ուսուցչական ճեմարանը Ստարայա Ռուսսա տեղափոխելու հարցը։

Նախկին ռազմական դպրոցի շենքը 1941 թվականին

Ազատված շենքն օգտագործվել է 1917 թվականի ապրիլի 17-19-ը Ֆինլանդիայի մարզային խորհուրդների առաջին համագումարի անցկացման համար։ Այնտեղ անցկացվել է նաև Ֆինլանդիայում տեղակայված Ռուսաստանի 42-րդ բանակային կորպուսի երկու համագումարները (մայիսի 23-28 և հոկտեմբերի 2-5), ինչի արդյունքում մինչև 1917 թվականի նոյեմբերի 23-ը շենքը դարձել է համագումարում ընտրված բանակային կորպուսի կոմիտեի նստավայրը։ Կոմիտեում նշանավոր դեր են խաղացել Գեորգի Զաոնեգինը և Ալեքսանդր Ռակովը[4]։

Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո տունն անցել է Ֆինլանդիայի զինված ուժերի ենթակայության ներքո։ 1918 թվականին այստեղ է տեղակայված եղել Ֆինլանդիայի ռազմական ուսումնական ստորաբաժանումը, 1918-1920 թվականներին պահեստազորի սպաների վերապատրաստման դասընթացները, այնուհետև կրտսեր հրամանատարական կազմի դպրոցը, որի վերջին ավարտական դասընթացը տեղի է ունեցել 1939 թվականին։ Միքայել հրեշտակապետի ուղղափառ եկեղեցին փակվել է 1926 թվականին, շենքը չի պահպանվել։ Իկոնոստասը 1929 թվականին տեղափոխվել է Սորտավալի Պողոս Պետրոսի եկեղեցի։ Խորհրդա-ֆիննական պատերազմներից հետո (1939-1944) Մարկովիլլան անցել է ԽՍՀՄ զինված ուժերի իրավասության ներքո։ 1940 թվականին նախկին ճեմարանի շենքում պետք է տեղավորվեր մանկավարժական ուսումնարանը, սակայն ի վերջո այն զբաղեցրել է 561-րդ ծովային դպրոցը՝ Ռազմածովային ուժերի («Յունգի դպրոց») բարձրակարգ մասնագետների համար, հետպատերազմյան շրջանում ԽՍՀՄ-ում բացված երեք դպրոցներից մեկը։ Այնտեղ նավատորմի համար երիտասարդները սովորել են որպես մեքենավարներ, ռադիոօպերատորներ, էլեկտրիկներ, մոտորիստներ և հնոցապաններ։ 1960 թվականին դպրոցը տվել է իր վերջին շրջանավարտներին, Յունգի երեք դպրոցները միավորվել են և տեղափոխվել Կրոնշտադտ[5]։

Դպրոցի փակվելուց հետո շենքը զբաղեցրել է ՊՆ տուբերկուլյոզի առողջարանը, որը 1989 թվականին վերակազմավորվել է որպես Վիբորգի հոսպիտալի մասնաճյուղ։

Ներկայումս Ֆեոդոր Տոլստոյի կալվածքի փայտյա շենքը չի պահպանվել, նախկին ճեմարանի քարե շենքը դատարկ է։ Մարկովիլլայի մյուս շենքերից պահպանվել է ջրմուղի քարե աշտարակը և դիտաշտարակը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кепп Е. Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О. В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Страницы Выборгской истории. Краеведческие записки / Сост. С. А. Абдуллина. — Выборг: «Европейский дом», 2000. — 450 с. — ISBN 5-8015-0052-9
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Трохова И. В. Церковная история Выборга и его окрестностей / Ред. Н. Живолуп. — СПб.: «Русская классика», 2007. — 210 с. — ISBN 978-5-93205-025-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ф. П. Толстой в усадьбе Марковилла». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. Толстой Федор Петрович (1783—1873), художник
  3. Многие эпизоды жизни на даче и ее гости описаны в книге: Юнге Е. Ф. Воспоминания. Переписка. Сочинения. 1843—1911, издательство «Кучково Поле», Москва, 2017
  4. Знакомьтесь, Выборг
  5. Выборг. Здание военного госпиталя на Светогорском шоссе