Մասնակից:O'micron/Ձողաձկան պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երրորդ ձողաձկան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին՝ Ծովային իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի երրորդ խորհրդաժողովում, մի շարք պետություններ հայտնում են իրենց աջակցությունը տարածքային ջրերի 100 ծովային մղոն սահմանաչափի գաղափարին։ Չնայած ձեռքբերված թվացյալ համաձայնությանը՝ 1975 թվականի հուլիսի 15-ին Իսլանդիայի կառավարությունը հայտարարում է երկրի ձկնորսական սահմաններն ընդլայնելու մտադրության մասին։

Ձողաձկան երրորդ պատերազմը սկսվում է 1975 թվականի նոյեմբերին՝ այն բանից հետո, երբ Իսլանդիան վերստին ընդլայնում է իր ձկնորսական սահմանները՝ ափագծից մինչև 200 ծովային մղոն (370 կմ) սահմանաչափով։ Միացյալ Թագավորության կառավարությունը հայտարարում է, որ չի ճանաչում Իսլանդիայի կողմից բացառիկ տնտեսական գոտու միակողմանի ընդարձակումը։ Այսպիսով, սկզբնավորվում է ծովային տարածությունների շուրջ բրիտանա-իսլանդական հակամարտության ամենաթեժ պարբերափուլը, որն ուղեկցվում է Իսլանդիայի առափնյա պաշտպանության կողմից բրիտանական ձկնորսական ցանցերի պարբերական հատումներով, իսլանդական նավերի և բրիտանական տրալերների, ֆրեգատների, քարշակավոր նավերի միջև հաճախակի բախումներով և զանազան այլ միջադեպերով։

Սեյդիսֆյորդյուրյան բախումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդական «Tímmin» օրաթերթի տիտղոսաթերթը, որտեղ պատկերված երկու նկարներում ներկայացված է «Þór»-ի բախումը «Lloydsman» և «Star Aquarius» նավերի հետ։ Պատկերները ստացված են իսլանդական ծովային հսկողության ինքնաթիռից։

Ամենից պայթյունավտանգ միջադեպը տեղի է ունենում 1975 թվականի դեկտեմբերի 11-ին։ Ըստ իսլանդական կողմի հաղորդման՝ այդ օրը «Þór» պարեկային նավը՝ Հելգի Հալվարիդսոնի հրամանատարությամբ, հեռանում էր Սեյդիսֆյորդյուրի նավահանգստից, որտեղ իրականացնում էր ականահանման աշխատանքներ, երբ հրաման է ստացվում հետաքննել ֆյորդի շրջակայքում օտարերկրյա օրինազանց նավերի ներկայության վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ։ Նույնականացման արդյունքում պարզ է դառնում, որ իսլանդական ջրերում նկատված նավերը նավարկել են Միացյալ Թագավորության դրոշի ներքո։ Դրանց թվում էին՝ «Lloydsman» անվանումը կրող օվկիանոսային քարշականավը, որը չափերով երեք անգամ գերազանցում էր իսլանդացիների «առաջամարտիկ» «Þór»-ի չափերին, Միացյալ Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության և պարենի նախարարության նավթամատակարար «Star Aquarius»-ը և վերջինիս «քույր նավը»՝ «Star Polaris» անվանումով։

Հայտնաբերման պահին այս նավերը գտնվում էին Իսլանդիայի տարածքային ջրերի 12 ծովային մղոն սահմաններում, որտեղ վերջիններս պատսպարվում էին ուժգին փոթորիկից (Քամիների ուժի Բոֆոր սանդղակի 9-րդ ուժգնություն): Ըստ իսլանդական կողմի հաղորդած տեղեկությունների՝ բրիտանական նավերը սկսում են լքել իսլանդական ափերը՝ «Þór»-ի նավապետի կողմից զգուշացումից հետո, սակայն 2 ծովային մղոն հեռավորության վրա «Star Aquarius»-ը հանկարծակի թեքվում է աջ և հարվածում պարեկային նավի նավակողանցքին։ Առաջին հարվածից հետո «Þór»-ն արագացնում է արագությունը և փորձում շրջանցել, սակայն «Star Aquarius»-ը ևս մեկ հարված է հասցնում իսլանդական նավի նավակողանցքին։ «Þór»-ը ինքնապաշտպանական նպատակներով կրակ է բացում բրիտանական նավի ուղղությամբ, սակայն վրիպում է։ Նույնիսկ «Þór»-ի արձակած նախազգուշական կրակը չի խանգարում, որպեսզի բրիտանական նավը թափ հավաքելով ևս մեկ հարված հասցնի, որին ի պատասխան «Þór»-ը երկրորդ անգամ կրակ է բացում և վնասում «Star Aquarius»-ի առջևի մասը։ Միջադեպից հետո բրիտանական նավերը նահանջում են։ «Þór»-ը, որը առճակատումից հետո քիչ էր մնում խորտակվեր, նավարկում է Լոդմունդֆյորդուր ֆյորդի ուղղությամբ՝ վերանորոգվելու համար։

Միջադեպի վերաբերյալ բրիտանական կողմի գնահատականները էականորեն տարբերվում էին։ Մասնավորապես, պաշտոնական Լոնդոնը պնդում էր, որ իրավիճակի պատասխանատվությունը կրում է Իսլանդիան, որն էլ, ըստ Միացյալ Թագավորության համոզման, նախահարձակ կողմն է։ «Star Aquarius» նավի կապիտան Ալբերտ Մաքքենսին նշում է, որ ««Þór»-ը մոտեցել է հետևի մասին և հարվածել բրիտանական աջակցող նավին, որից հետո կրակ է արձակել մոտ 100 յարդ հեռավորությունից»։ Լոնդոնում Իսլանդիայի դեսպան Նիլս Սիգուրդսոնը ի պատասխան բրիտանական կողմի արձագանքի կրկին հակադարձել է, որ ««Þór»-ը կրակ է արձակել բացառապես ինքնապաշտպանական նկատառումներով և միայն այն բանից հետո, երբ այն հարձակման է ենթարկվել բրիտանական նավերի կողմից»։ Միջադեպի վերաբերյալ Իսլանդիան խորհրդակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ, որը հրաժարվում է միջամտել։

Բրիտանական թագավորական նավատորմի անմիջական պատասխանը դառնում է ֆրեգատների ուղարկումը Իսլանդիայի ջրեր՝ նախքան վարչապետ Հարոլդ Վիլսոնը կամ արտաքին գործերի նախարար Էնթոնի Քրոսլանդը կտեղեկացվեին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այսպիսով, թագավորական նավատորմը հնարավորություն է ունենում ցուցադրելու իր հին «Type 12» և «Type 81» ֆրեգատների հնարավորությունները՝ վերջիններս տեղակայելով Դանիական նեղուցում։ Ձողաձկան երկրորդ և երրորդ պատերազմները թագավորական նավատորմի կողմից համարվում են «անհրաժեշտորեն մղված հակամարտություններ», ինչպես ավելի ուշ որակվում է նաև Ֆոլկլենդյան պատերազմը Արգենտինայի հետ։ Միևնույն ժամանակ, արտգործնախարար Քրոսլանդը Ձողաձկան երրորդ պատերազմը համարում էր հավաքական արևմուտքի համար ավելի շուրջ սպառնալիք, քան Մերձավոր Արևելքն է։

Բրիտանա-իսլանդական բախումները 1976 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդական առափնյա պահպանության պարեկային «Óðinn» նավի (ձախից) և բրիտանական «Scylla» ֆրեգատի բախումը 1976 թվականի փետրվարի 23-ին:

Մեկ այլ խոշոր միջադեպ տեղի է ունենում 1976 թվականի հունվարին, երբ «HMS Andromeda» ֆրեգատը բախվում է «Þór»-ին, որի արդյունքում անցք է բացվում բրիտանական նավի կորպուսի վրա։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ հայտարարում է բրիտանական նավի վրա «կանխամտածված հարձակման» մասին՝ «առանց մարդկանց կյանքերը հաշվի առնելու»։ Իսլանդիայի առափնյա պահպանությունը պնդում է, որ «HMS Andromeda»-ն հանկարծակիորեն հարվածել է «Þór»-ին և անմիջապես փոխել շարժման ուղղությունը։ Միջադեպից հետո՝ Միացյալ Թագավորության նավահանգիստներում վերանորոգման սպասող նավերի մեծաթիվ քանակությամբ պայմանավորված, թագավորական նավատորմի ղեկավարությունը հրամայում է «ավելի զգույշ մոտեցում ցուցաբերել», քանի որ «թշնամին խեցբեկում է նավատորմը»։

1976 թվականի փետրվարի 19-ին Միացյալ Թագավորության գյուղատնտեսության, ձկնաբուծության և պարենի նախարար Ֆրեդ Պրեյթը հայտարարում է, որ Գրիմսբիից սերող ձկնորսը դարձել է բրիտանական կողմի առաջին զոհը Ձողաձկան պատերազմների ժամանակ և որպես պատճառ ներկայացվում էր իսլանդական նավի հարձակումը։ Թեև բրիտանական խորհրդարանական աղբյուրը 1993 թվականին վերստին հաստատում է, որ բրիտանացի ձկնորսը պատահաբար զրկվել է կյանքից իսլանդական պարեկային նավի կողմից արձակված կրակի արդյունքում, այս հանգամանքը, սակայն, չի հաստատվել որևէ վստահելի աղբյուրով։ Մեծ Բրիտանիան, ընդհանուր առմամբ, վիճելի ջրերում տեղակայում է 22 ֆրեգատ և հրամայում ռեզերվից դուրս բերել «Type 41» դասի «HMS Jaguar» և «Type 61» դասի «HMS Lincoln» ֆրեգատները՝ դրանք վերազինելով որպես մասնագիտացված նավեր՝ ամրացված փայտե աղեղներով: Բացի ֆրեգատներից, բրիտանացիները նաև բաց ծով են դուրս բերում ընդհանուր առմամբ յոթ մատակարարման նավեր, ինը քարշանավեր և երեք օժանդակ նավեր՝ պաշտպանելու իրենց ձկնորսական նավերը։

Իրադարձությունները շրջադարձային կերպով փոխվում են, երբ Իսլանդիան իրատեսականորեն սպառնում է հեռացնել Կեֆլավիկում տեղակայված Հյուսիսատլանտյան դաշինքի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ռազմակայանը, ինչը Սառը պատերազմի պայմաններում լրջորեն կխարխլեր ՆԱՏՕ-ի դիրքերը՝ զրկելով վերջինիս դեպի Ատլանտյան օվկիանոս Խորհրդային Միության ելքը արգելափակելու հնարավորությունից։ ԱՄՆ-ի ճնշումների ներքո Միացյալ Թագավորությունը համաձայնվում է, որ բրիտանացի ձկնորսներն իրենց գործունեությունը ծավալեն Իսլանդիայի 200 ծովային մղոն բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս՝ առանց կոնկրետ համաձայնագրի։


Բրիտանական հայտնի նավերը Ձողաձկան երրորդ պատերազմի ժամանակ
«Ֆալմութ» (HMS Falmouth (F113))


«HMS Falmouth»-ը «Rothesay» դասի («Կատարելագործված տիպ 12») հակասուզանավային ֆրեգատ է, որը կառուցվել էր թագավորական նավատորմի համար 1950-ականներին։ Մասնակցել է Ձողաձկան երրորդ պատերազմին՝ խոցելով իսլանդական «V/s Týr» պարեկային նավը:

«Լինքոլն» (HMS Lincoln (F99))

«HMS Lincoln (F99)»-ը թագավորական նավատորմի Սոլսբերի դասի («Type 61») ինքնաթիռի ուղղորդման ֆրեգատ է, որը դուրս է բերվել ռեզերվից՝ Ձողաձկան երրորդ պատերազմին մասնակցելու նպատակով։ 1976 թվականին տեղակայվել է Իսլանդիայի ջրերում՝ «HMS Jaguar» ֆրեգատի հետ միաժամանակ։ Իրականացրել է բրիտանական տրալերների հսկողություն։

«Անդրոմեդա» (HMS Andromeda (F57))

«HMS Andromeda»-ն թագավորական նավատորմի «Leander» դասի ֆրեգատ է 1968 թվականից։ Մասնակցել է ոչ միայն Ձողաձկան պատերազմին, այլ նաև Ֆոլկլենդյան պատերազմներին: Ձողաձկան պատերազմի շրջանակներում՝ 1976-ին, առճակատվել է իսլանդական «Þór» պարեկայն նավի հետ։


«Falmouth»-ի գրոհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձողաձկան պատերազմների ժամանակահատվածում Իսլանդիայի և Միացյալ Թագավորության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները և երկրների առաջնորդները՝ Իսլանդիայի երրորդ նախագահ Քրիստյուն Էլդյուդնը (ձախից) և Եղիսաբեթ II-ը (աջից)՝ Մեծ Բրիտանիայի թագուհի և պետության գլուխ, Ազգերի բրիտանական համագործակցության 15 երկրների թագուհի։

1976 թվականի մայիսի 6-ի երեկոյան՝ երբ առերևույթ Ձողաձկան երրորդ պատերազմի ելքը կանխորոշված էր, պարեկային «Týr» նավը փորձում է հատել «Carlisle» ձկնորսական տրալերի տեղադրած ցանցերը, սակայն վերջինիս պաշտպանող «HMS Falmouth» ֆրեգատի կապիտանը՝ Ջերալդ Փլամերը, հրամայում է խոցել իսլանդական նավը։ Արձակված հրամանից անմիջապես հետո ծանրաքաշ «HMS Falmouth»-ը ավելի քան 22 ծովահանգույց արագությամբ (41 կմ/ժ, 25 մղոն/ժ) բախվում է «Týr»-ին՝ գրեթե շուռ տալով վերջինիս։ «Týr»-ը, սակայն, մնում է աննկուն և հաջողում հեռացնել «Carlisle»-ի տեղադրած ձկնորսական ցանցերը, որից հետո ևս մեկ ուժգին հարված է ստանում «HMS Falmouth»-ից։ Երկրորդ հարձակումից հետո «Týr»-ը ավելի քան մոտ էր խորտակման վտանգին։ Վերջինս ընդամենը մեկ պրոպելերով (պտուտակ) շարժվում է դեպի մոտական նավահանգիստ, սակայն սկսում է հետապնդվել «Stateman» քարշականավի կողմից։

Սահմռկեցուցիչ իրավիճակում հայտնված «Týr»-ի կապիտանը՝ Գուդմունդուր Կյերնեստեդը, հրամայում է մարտական վիճակի բերել հրանոթները՝ հետագա ցանկացած բախում կանխելու համար։ Սրանից հետո «Týr»-ը հաջողում է առանց կորուստների հասնել նավահանգիստ։ Բախումների արդյունքում շարքից դուրս է գալիս «Falmouth»-ի մեծ աղեղը։

Պատերազմի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ պատերազմի ընթացքում գրանցվում է առճակատումների և բախումների 55 դրվագներ։

ՆԱՏՕ-ի միջնորդությամբ 1976 թվականի հունիսի 1-ին Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև ձեռք է բերվում համաձայնություն: Բրիտանացիներին թույլատրվել է ունենալ ոչ ավելի, քան 24 տրալեր Իսլանդիայի մինչև 200 ծովային մղոն սահմաններում և որսալ առավելագույնը 30,000 տոննա:

Չնայած այն հանգամանքին Իսլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքը լքելուն ամենամոտն էր Ձողաձկան երկրորդ պատերազմի ժամանակ, սակայն երրորդ պատերազմի ժամանակահատվածում պաշտոնական Ռեյկյավիկի կողմից ի կատար է ածվում ամենավճռական ռազմական և դիվանագիտական գործողությունները։ Դրանց թվում պետք է առանձնացնել 1976 թվականի փետրվարի 19-ի Իսլանդիայի որոշումը՝ Միացյալ Թագավորության հետ բոլոր տեսակի դիվանագիտական հարաբերությունների խզման վերաբերյալ։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Իսլանդիայի կառավարությունը աչքի էր ընկնում իր վճռական արևմտամետ հայացքներով, այնուամենայնիվ, Ձողաձկան երրորդ պատերազմների ժամանակահատվածում Իսլանդիայի մնալը «արևմտյան ընտանիքում» սկզբունքայնորեն պայմանավորված էր ձկնորսական սահմանների առնչությամբ հակամարտության արդյունքների հետ, քանի որ Իսլանդիայի կառավարությունը քանիցս ակնարկել է, որ բարենպաստ արդյունքի չհասնելու դեպքում հյուսիսեվրոպական պետությունը չի վարանի անմիջապես լքել Հյուսիսատլանտյան դաշինքը։