Մասնակից:Meri Stepanyan/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այու սարի լանջին
Տեսակպատմվածք
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1925
Առաջին ներկայացում1927
Առաջին
ներկայացման վայր
Թիֆլիս
ԿերպարներՊետի, Զառի աքիր
ՎիքիդարանMeri Stepanyan/Ավազարկղ1

Այու սարի լանջին, հայ արձակագիր Ակսել Բակունցի պատմվածքներից, որը ներառված է 1927 թվականի լույս տեսած «Մթնաձոր» ժողովածուում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը առաջին անգամ հրապարակվել է 1927 թվականին լույս տեսած «Մթնաձոր» ժողովածուի մեջ, այնուհետև 1955 թվականի՝ Երկերում։ 1956 թվականին լույս է տեսել Բեյրութի «Ամբողջական գործը» ժողովածուի երկրորդ հատորում, իսկ 1964 թվականին Երկերի առաջին հատորում։ Տպարանային ձեռագիր պատմվածքը բաղկացած է 18 փոքրադիր թերթերից, յուրաքանչյուր էջում բնագիրը գրված է հեղինակի կողմից մանուշակագույն թանաքով։ Առաջին էջում կա 33 տող։ Պատմվածքի վերջում հեղինակի ձեռքով գրված է թվական՝ «6․IX.25», և որպեսզի չտպվի վրան գիծ է քաշված։ Ըստ վկայության՝ թվականը մատնանշում է գրության ժամանակը և ավարտելու օրը։ Պատմվածքն ունի յուրաքանչյուր պատերազմ մերժելու հակում և բնույթով նույնանում է հեղինակի «Աշոտը», «Անտառում» և «Աղոթք» ստեղծագործություններին։ Նշված պատմվածքները հրապարակվել են 1918 թվականին։ Բակունցն այդ ժամանակ գործող բանակում 1918 թվականին անց էր կացրել գարունը, նոր էր զորացրվել և ուներ ընդգծելի հակապատերազմական տրամադրություններ։ Ինչպես ցույց է տալիս պատմվածքի ձեռագիր թվականը, այն գրվել է գրողի հայրենի քաղաքում՝ Գորիսում, 1925 թվականին։ Պատմվածքում պատկերված է 1914-1918 թվականների զանգեզուրյան մի գյուղակ, հավանաբար Երիշենը, իսկ քաղաքը, որտեղ գլխավոր հերոսը՝ Պետին, «մի անգամ էր եղել», Գորիսն է։ Պետին ունեցել է իր նախատիպը, իսկ պատմվածքը՝ նախապատմություն։ Պատմվածքում նկարագրված են նաև 1904-05 թվականներին Զանգեզուրում բռնկված՝ խոշոր եղջերավոր անասունների համաճարակի հետ առնչվող իրադարձությունները։ Այդ ժամանակահատվածում հարյուրավոր անասուններ մահացան կամ այրվեցին իշխանությունների կողմից[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետին գյուղի նախրապանն էր։ Երբ դեռ հորթարած էր, զրկվել էր մորից և մնացել միայնակ։ Ոչ ոք չուներ և իր միակ ուրախությունն ու զբաղմունքը նախրին հետևելն էր։ Յուրահատուկ ուշադրություն և հոգատարություն էր ցուցաբերում նախրի նկատմամբ։ Նա գոմից գոմ էր գնում՝ կովատիրոջը դիտողություն անելու, որ կովին շատ կեր տա կամ գոմը տաք պահի։ Ահա այսպես միշտ հանդիմանում էր Զառի բիբուն․

Զառի աքիր, շատ ես կթել, հեյվանը մեղք ա, ջան չունի, - ասում էր Պետին պատավ կնոջ, որ մի տուն լիքը մանուկներ ուներ և մի կով։

Ողջ գյուղը, հատկապես Զառի աքիրը, անդադար հարցնում էին Պետուն` երբ է ամուսնանալու, հայրական օջախը վերակառուցելու։ Շատ հաճախ Պետին ևս մտովի շրջում էր գյուղի ծանոթ տներում, վերհիշում աղջիկներին։ Անցնում են տարիներ, տարիների հետ նաև ջահելությունը, և աշնան խոտի պես չորանում է տուն դնելու, կին առնելու միտքը։ Մի ամառ տավարների մեջ սև ցավ երևաց, և այդ պատճառով գյուղ բժիշկ էին կանչել։ Գյուղի բոլոր կովերին կանգնեցրել էին շարքով, և բժիշկը սկսել էր զննել ծայրից ծայր։ Ամեն մի կովատեր սրտում մեծ ահ ուներ, որ իր կենդանին կարող է հիվանդ դուրս գալ։ Սակայն կովատերերից ավելի մտատանջ էր Պետին, ով հեռվում կանգնած նայում էր բժշկին, կովերին և գյուղացիներին։ Նրա սիրտը սկսում էր թրթռալ, երբ բժիշկը մի փոքր ավելի երկար էր զննում մի կովի։ Երեկոյան ավարտվեց զննումը։ Հիվանդ էին 12 կով, որոնց պետք է այրեին, քանի որ այլ փրկության միջոց չկար։ Ժամանակ անցավ, և գյուղը մոռացավ իր կորուստը։ Սպասվում էր մի նոր, ավելի ահարկու փորձանք․ պատերազմ էր։ Գյուղից զինվորներ պետք է տանեին։ Բոլորի ձեռքում մի-մի հրացան կար, հրացան էին տվել նույնիսկ Պետուն, որը խորթ էր նրան։ Նա հրացանը բռնում էր այնպես, ինչպես մահակը՝ անիմաստ համարելով այդ ամենը․ բոլորը ճանաչում էին նրան, ոչ մի ճանաչ հովիվ չէր կրակի նրա վրա։ Երբ հրացանի ծանրությունը նեղում էր նրան, նա այն դնում էր մի քարի տակ և գյուղ վերադառնալիս նորից վերցնում։ Մի առավոտ էլ Պետուն հայտնեցին, որ պետք է սարում դիրքեր փորի։ Փորում էին բոլորը, և Այու սարի ծաղկոտ լանջին երևում էին խրամատի գոտիներ։ Հանկարծակի դիմացի բլուրից լսվում են հատուկենտ կրակոցներ։ Պետին ձգվում է հասակով մեկ, որպեսզի լարի լսողությունը և մի ակնթարթում ընկնում է խրամատի մեջ այնպես, ինչպես ընկնում է կիսաչոր խոտը, երբ գերանդին սլլալով կտրում է ներքևից։ Գյուղը հոգս շատ ուներ, չլացեց Պետու համար։ Միայն տավարն էր զգում Պետու բացակայությունը, բառաչում էր գոմում՝ սարի կանաչին կարոտ։ Այու սարի լանջին մի կտոր տեղ կա, որտեղ կանաչն ավելի փարթամ է աճում։ Փարթամ կանաչի տակ փտում են Պետու ոսկորները[3]։

Գաղափարական հարցադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես «Այու սարի լանջին» պատմվածքը, այնպես էլ«Մթնաձոր» ժողովածուի մնացյալ պատմվածքները՝ «Ալպիական մանուշակը», «Լառ-Մարգարը», «Միրհավը», «Խնորարհ աղջիկը», «Մթնաձորի չարքը» և այլն, ներկայացնում էին հայրենի եզերքի իրական պատկերը՝ ողբերգական ցավերով ու հոգու տագնապներով, մարդկային հոգսերով ու երազներով։ Բակունցը պատկերում էր իրեն հարազատ միջավայրը, որի նկատմամբ անսպառ սերը դեռ մանկուց էր ձևավորվել։ Ժողովածուում նախասովետական գյուղի պատկերումը տեսանելի է «Մթնաձոր», «Այու սարի լանջին»,«Հանավանք», «Օրանջիա», «Տիգարնուհին», «Խաղլացավ» և այլ գործերում։ Պատմվածքներում ներկայացվում է հայ գյուղացին՝ իրեն բաժին հասած ծանր ճակատագրով։ Ահա «Այու սարի լանջին» պատմվածքի հերոսը՝ Պետին, ով ապրում էր սրա-նրա փշրանքներով և ավել մնացած կերակուրներով։ Սակայն այս «աննշան» մարդը ունի մեծ սիրտ, ով անսահման հզոր սեր է տածում բնաշխարհի՝ սարերի, լեռների, իր «իշխանության» տակ եղած գյուղի նախիրում գտնվող ամեն մի անասունի հանդեպ։ Պետին չուներ ոչ ոք, ազատ բնությունն ու բաց երկինքն էին նրա համար դառնում օթևան։ Այս ամենով հանդերձ՝ նա գյուղի ամենաերջանիկն էր, քանի որ ունի աշխարհի չափ լայն սիրտ, և որ վստահաբար կարող էր ասել․

Սաղ գեղն իմ տունն ա։

Իր կյանքը իմաստավորվում էր միայն «հասարակաց նախիրի» մեջ, որտեղ նա ոչինչ չուներ, բայց գտել էր իր ամբողջ էությունը պարուրող մարդասիրական զգացմունքը։ Հեղինակը սիրահարված է Պետու կերպարին, նրա հոգու պարզությանը։ Եվ այս բնության մեծ սիրահարը զոհ է գնում հասարակության կոպիտ ուժերի սանձազերծված պատերազմին։ Պետու կերպարով հեղինակը հաստատում է բարձրագույն ներդաշնակությունը, մարդու ներքին գեղեցկությունը և վեհությունը[4]։

Հեղինակն ու իր հերոսը բնաշխարհիկ ոլորտներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվետսական երկերում հեղինակի կերպարը գիտակցվում է իր ստեղծած սյուժեի և հերոսների միջոցով։ Հեղինակին կարելի է փնտրել ու տեսնել ամենուր՝ սկսած բառից մինչև ավարտուն կերպարներ և գաղափարներ։ Չնայած նրան, որ հերոսները արտացոլում են հեղինակի հոգևոր ու մտավոր պաշարները՝ շատ հաճախ փոխարինելով նրան, սակայն հեղինակի կերպարը դեռևս կարող է մնալ անսպառելի։ Ակսել Բակունցը կերտել է այնպիսի էպիկական կերպարներ, ովքեր մարմնավորում են ազգային կյանքը ներկայացնող ճշմարտություններ։ Կարելի է առանձնացնել բնապաշտ կերպարների, որոնք առնչակից են հեղինակային սկզբին։ Կարևոր է դառնում այն հանգամանքը, որ գրողը և իր կերտած հերոսները հասակ են առել միևնույն բնաշխարհում, և միահյուսվում են ժառանգորդական-կենսաբանական կապերով։ Բակունցյան հերոսները մշտապես շփվում են բնության հետ․ մթնաձորի սերունդներին ուղեկցորդ է բնաշխարհի անհայտ ու զորավոր ուժերը։ Բնությունն իր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեբանության վրա, պահպանում առասպելական մտածողությունը՝ քաջքերի, չարքերի, հսկաների, քարանձավների վերաբերյալ։ Հայրենի եզերքի հետ կապը հնարավորություն է ընձեռում գրողի հերոսներին հասկանալու հավերժական շունչն ու կեցության սկիզբը, և նրանց հոգևոր տարիքը կարելի է որոշել բնաշխարհի հասակով ու կենսաձևերով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «- Ակսել Բակունց». avproduction.am. Վերցված է 2023-02-21-ին.
  2. Ակսել Բակունց, Երկեր (1976). Չորս հատորով, հատոր առաջին. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն. էջեր 623–624. ISBN 005850. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. Ակսել Բակունց, Երկեր (1976). Չորս հատորով, հատոր առաջին. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն. էջեր 46–63. ISBN 005850. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  4. Սուրեն Աղաբաբյան (1971). Ակսել Բակունց. Երևան: Հայաստան. էջեր 60-63։.
  5. Սերգեյ Աթաբեկյան (2000). Ակսել Բակունց․Խոսքի ու․․․լռության պոեզիան. Երևան. էջեր 86-92։.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Meri Stepanyan/Ավազարկղ1