Jump to content

Մասնակից:AniMirzoyan20/Սևագրություն 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքի շարունակում, ուղիղ գործողության ձև, որի միջոցով աշխատակիցները, որոնց աշխատավայրը գտնվում է փակման եզրին, նախընտրում են մնալ իրենց աշխատավայրում և շարունակել աշխատել՝ առանց վճարվելու: Բողոքի նման ակցիայի միջոցով աշխատակիցները ցանկանում են ապացուցել, որ իրենց աշխատավայրը կարող է դեռ երկար ժամանակ հաջողությամբ գործել։ Նրանք նպատակ ունեն նաև ցույց տալ, որ աշխատողներն ունեն իրենց աշխատավայրն արդյունավետ կառավարելու կարողություն՝ առանց արտաքին կառավարման կամ միջամտության անհրաժեշտության:

Պատմական օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Upper Clyde Shipbuilders (1971-1972 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի հունիսին շոտլանդական «Upper Clyde Shipbuilders» կորպորացիան լուծարվեց, քանի որ Էդվարդ Հիթի կառավարությունը հրաժարվեց լրացուցիչ սուբսիդիաներ տրամադրել՝ դրա փակումը կանխելու համար[3]: Հայտարարվեց, որ ընկերության երեք նավաշինական գործարաններից երկուսը կփակվեն, ինչը կհանգեցնի 1400 աշխատողների կրճատմանը[4]: Ի պատասխան՝ բանվորները գրավեցին երեք նավաշինական գործարանները և հայտարարեցին, որ նրանցից մի խումբ կշարունակի աշխատել այնտեղ[4]։ Ջիմմի Ռիդը, որը նավաշինարարների արհմիության ղեկավարն էր և բողոքի ցույցն իրականացնող աշխատակիցների լիազոր ներկայացուցիչը, հայտարարեց[4].

Առանց մեր թույլտվության՝ ոչ ոք և ոչինչ չի կարող մտնել կամ դուրս գալ նավաշինարաններից: Աշխատողները նոր մարտավարություն են որդեգրել… Մենք չենք պատրաստվում գործադուլ անել, ոչ էլ նույնիսկ՝ նստացույց։ Մենք գրավում ենք նավաշինարանները, քանի որ համաձայն չենք այն մտքի հետ, որ մեր աշխատավայրի վրա ազդող որոշումները կայացվում են անդեմ անձանց կողմից:

Նավաշինարանների աշխատակիցներին աջակցելու համար կազմակերպվեցին երթեր, համերգներ, հանրային հավաքներ և դրամահավաքի այլ միջոցառումներ, որի ժամանակ հավաքվեց ընդհանուր առմամբ 250,000 ֆունտ ստեռլինգ։ Բողոքի ակցիան գրավեց միջազգային ուշադրությունն ու ստացավ հանրային աջակցություն. Ջոն Լենոնը և Յոկո Օնոն, Հանքագործների ազգային միությունը նվիրաբերեցին 1000-ական ֆունտ ստեռլինգ, 2700 ֆունտ էլ նվիրաբերեցին խորհրդային նավաշինարարները[5]։

Օգոստոսի 18-ին Գլազգոյում աշխատակիցներին աջակցող մեծ ցույց տեղի ունեցավ. 80 հազար մասնակիցները Գլազգո Գրին պարկից շարժվեցին դեպի Ջորջի հրապարակ[5]։ Բողոքի ակցիային մասնակցում էին հայտնի մարդիկ, այդ թվում՝ Վիկ Ֆիթերը (Բրիտանիայի արհմիրությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար), Բիլի Քոնոլին, Մեթ ՄաքԳինը և Թոնի Բենը[5]: Գլազգոյի ոստիկանապետ Դևիդ ՄաքՆին տեղեկացրեց կառավարությանը, որ ինքը չի կարող ապահովել հասարակական անվտանգությունը, եթե նավաշինարանների փակումը շարունակվի, և կարգուկանոն պահպանելու համար լրացուցիչ 5000 սպաների պահանջեց[4]:

Բողոքի ակցիան ավարտվեց 1972 թվականի գարնանը[6], երբ կառավարությունը փետրվարին պարտավորվեց կորպորացիային լրացուցիչ 35 միլիոն ֆունտ ստեռլինգի պետական ​​ֆինանսավորում տրամադրել[4]:

«Հարկո Սթիլ» պողպատաձուլական գործարան (1971 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնեյի Քեմփբելթաուն թաղամասում պողպատի արտադրությամբ զբաղվող Հարկո Սթիլ ընկերության գործունեությունը կախված էր նահանգային և դաշնային պայմանագրերից[7]: Պայմանագրերի ավարտվելուն պես ընկերությունն աշխատանքից ազատում էր աշխատողներին, իսկ նոր պայմանագրեր կնքելուց հետո կրկին աշխատանքի ընդունում նրանց[7]: Աշխատակիցները հաճախ գործադուլ էին անում, երբեմն հաջողվում էր հասնել աշխատավարձի բարձրացման, բայց հնարավոր չէր լինում կանխել աշխատանքից ազատումները: Գործադուլները քիչ ազդեցություն ունեին, քանի որ ղեկավարությունը նախօրոք նյութեր էր հավաքում և պահեստավորումվ[8]՝ մինչ աշխատակիցներին աշխատանքից ազատելը։ Արդյունքում ընկերությունը կարող էր շարունակել իր գործունեությունը և պահպանել իր շահութաբերությունը կարճաժամկետ հեռանկարում՝ չնայած գործադուլներին, քանի որ բավականաչափ նյութ ուներ պահեստավորած։

1971 թվականի նոյեմբերի 16-ին ընկերությունը պատվերների նվազման պատճառով աշխատանքից ազատեց հինգ կաթսայագործների և մեկ մետաղագործի[7]։ Քանի որ նախորդ գործադուլները հիմնականում անհաջող էին, աշխատակիցները, ոգեշնչվելով «Upper Clyde Shipbuilders» կորպորացիայի աշխատակիցների՝ իրենց բողոքը հայտնելու ձևից, ինչպես նաև 1968 թվականի մայիսին ֆրանսիացի ավտոարտադրողների կողմից գործարանները «գրավելուց», որոշեցին «գրավել» իրենց պողպատաձուլական գործարանը[7]:

Հաջորդ առավոտ աշխատակիցները «գրավեցին» գործարանը՝ հայտարարելով, որ ղեկավարության կարիքն այլևս չունեն[7]։ Ղեկավարությունն ահազանգեց ոստիկանություն, իսկ աշխատակիցները ծանուցեցին մամուլին և այլ արհմիություններին, որպեսզի հանրայնացնեն իրենց բողոքի ակցիան[7]։ Քանի որ տեղի բնակիչները մեծապես աջակցում էին ցուցարարներին, ոստիկանությունը որևէ գործողություն չձեռնարկեց[7]։

Բողոքի ակցիան, որն աշխատակիցների շրջանում հայտնի էր «մնալ տեղում» անվամբ, տևեց չորս շաբաթ[7]։ Նրանք շարունակում էին աշխատել շաբաթական՝ 35 ժամ գրաֆիկով: Կաթսայագործների միությունը նախկինում հանդես էր եկել շաբաթական 35 ժամ աշխատանքային գրաֆիկի պահանջով, սակայն սա առաջին անգամն էր, որ այս ավելի կարճ աշխատանքային շաբաթվա քաղաքականությունը գործնականում իրականացվեց[7][8]: Բողոքի ակցիայի ընթացքում աշխատակիցներն աջակցություն էին ստանում այլ արհմիությունների և ընկերությունների կողմից՝ նվիրատվությունների տեսքով, իսկ տեղական համայնքն էլ օգնում էր սննդով[8]:

Քանի որ աշխատակիցները գործադուլի փոխարեն ակտիվորեն աշխատում էին, Արբիտրաժի մասին օրենքի համաձայն Հարկոն չէր կարող նրանց աշխատանքից ազատել: Փոխարենը ղեկավարությունը փորձեց դադարեցնել պողպատաձուլական գործարանի աշխատանքը՝ առգրավելով գործիքները, սանդուղքները և անջատելով էլեկտրաէներգիան: Նրանք նաև խնդրեցին Մետաղագործների դաշնային ասոցիացիային միջամտել՝ լուծելու վեճը: Վերջինս հայտնի լինելով իր հակակոմունիստական ​​դիրքորոշմամբ և բիզնես շահերին աջակցությամբ՝ աշխատակիցներին կոչ արեց փոխել բողոքի ձևը գործադուլով, որով կդադարեցվեր գործարանի աշխատանքը[7]: Աշխատակիցներն անտեսեցին արհմիության առաջարկը և շարունակեցին իրենց աշխատանքը[7]:

Գործարանի աշխատանքը հնարավոր եղավ դադարեցնել, երբ Հարկոն, հիմնվելով Նոր Հարավային Ուելսի զանցանքների մասին օրենքի վրա[9], սեփականության իրավունքը խախտելու վերաբերյալ ծանուցումներ ուղարկեց աշխատակիցներին՝ պահանջելով ազատել տարածքը: Համաձայն արդյունաբերության մասին Համագործակցության օրենքի՝ ցանկացած արհմիություն, որը կաջակցեր նմանատիպ բողոքի ակցիաներին, տուգանվելու էր[7]: Այսպիսով, Կաթսայագործների միությունը հրաժարվեց իրավաբանական աջակցություն տրամադրել Հարկոյի աշխատակիցներին, եթե նրանք որոշեն շարունակել աշխատանքը[7]:

Գործը հասավ Նոր Հարավային Ուելսի Գերագույն դատարան, որտեղ աշխատակիցներին հանձնարարվեց ազատել պողպատաձուլական գործարանը։ Նրանք, ովքեր չէին ենթարկվի հրամանին և կշարունակեին աշխատել, կտուգանվեին օրական 1000 դոլարով, որը գանձվելու էր նրանց անձնական գույքի վաճառքից ստացված միջոցներից[7]։ Բողոքի ակցիան դադարեցնելուց հետո աշխատակիցները կազմակերպեցին Սուրբծննդյան խնջույք՝ նշելու իրենց արարքի կարևորությունը[7]:

«LIP» ժամացույցի գործարան (1973 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին «LIP»-ի գործադիր տնօրեն Ժակ Սենտ-Էսպրիի հրաժարականից հետո ընկերության ապագան դարձավ անորոշ: Բեզանսոնի գործարանի աշխատողներին ներկայացնող արհմիությունները, մասնավորապես՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (CGT) և Ֆրանսիայի աշխատանքի դեմոկրատական համադաշնությունը (CFDT), չընդունեցին ընկերության վարչակազմի առաջարկները և կոչ արեցին աշխատողներին կոլեկտիվ գործողություններ ձեռնարկել՝ կամավոր աշխատանքից ազատվելու փոխարեն[10]:

1973 թվականի հունիսին աշխատողների և ընկերության տնօրենների հանդիպման ժամանակ մի աշխատակից խլեց տնօրեններից մեկի պորտֆելը և դուրս վազեց[11][12]: Պորտֆելում հայտնաբերված փաստաթղթերը մանրամասնում էին «LIP»-ի բոլոր ստորաբաժանումների փակումը՝ բացառությամբ ժամացույցի արտադրությամբ զբաղվող ստորաբաժանման, որը նախատեսվում էր վաճառել շվեյցարական «Ébauches SA» ընկերությանը[11][13]։ Շվեյցարական ընկերությունը մտադիր էր աշխատանքից ազատել «LIP»-ի 1427 աշխատողներից առնվազն 960-ին[13]:

Հունիսի 10-ին բանվորները գրավեցին «LIP» գործարանը՝ նպատակ ունենալով «պաշտպանել արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները, մեքենաները և այլ ռեսուրսներ»[10]: Բողոքի ակցիան, որի ժամանակ կիրառվում էր աշխատանքի շարունակման մեթոդը, տևեց ընդհանուր առմամբ 57 օր[14]։ Այս ընթացքում նրանք առգրավեցին գործարանում մնացած 65,000 ժամացույցները, որոնցից 30,000-ը մաքսանենգ ճանապարհով դուրս բերեցին գործարանից և թաքցրեցին Բեզանսոնում[10]։ Բացի այդ, աշխատակիցները փորձեցին ստեղծել ինքնակառավարման մարմին՝ «Արտադրում ենք մենք, վաճառում ենք մենք, վճարում ենք ինքներս մեզ» կարգախոսով[14]։ Հունիսի 18-ին աշխատակիցները վերսկսեցին արտադրությունը, ընդ որում՝ արտադրության պետ Շառլ Պիաժեն՝ որպես նախադեպ նշեց «Upper Clyde Shipbuilders»-ը[10]: Աշխատանքային գործընթացներում փոփոխություններ կատարվեցին, մշակվեցին նոր մեթոդներ, որոնք ենթադրում էին աշխատանքի տեմպի դանդաղեցում և հաճախակի ռոտացիաներ: Բողոքի այս ակցիայի ժամանակ ընդհանուր առմամբ արտադրվեց 25000 ժամացույց:

Թեև ֆրանսիացի չափահասների զգալի մասը (63%) աջակցում էր «LIP»-ի աշխատակիցների ակցիային, կառավարությունը հակված չէր նրանց աջակցելուն[10]: Վարչապետ Պիեռ Մեսմերը 3000 ոստիկան ուղարկեց գործարան՝ բողոքի ակցային վերջ դնելու նպատակով[10]։ Օգոստոսի 14-ին ոստիկանությունը միջամտեց և հսկողություն հաստատեց գործարանի նկատմամբ՝ դադարեցնելով գործարանի աշխատանքը[11]։ Ի վերջո, համաձայնություն ձեռք բերվեց աշխատողների և ղեկավարության միջև։ Ձախ հայացքներ ունեցող Չարլզ Նոյշվանդերը «SEHEM» կոչվող նոր ձեռնարկությունում պարտավորվեց աշխատանքի ընդունել մնացած բոլոր աշխատողներին[10][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The 1972 Sydney Opera House Work-In». The Commons (ավստրալիական անգլերեն). 2022-03-23. Վերցված է 2022-05-18-ին.
  2. «The Nymboida Coal Mine Takeover, NSW, 1975–1979». The Commons (ավստրալիական անգլերեն). 2022-03-22. Վերցված է 2022-05-18-ին.
  3. «The UCS 'work in'». BBC. Վերցված է 31 December 2023-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Martin Holmes (1982). «3 - The U-turn over industry policy». Political Pressure and Economic Policy: British Government 1970-1974. Butterworth Scientific. ISBN 9780408108300.
  5. 5,0 5,1 5,2 Hamish MacPherson (14 September 2021). «Clyde shipbuilders work-in was caused by Tory incompetence». The National. Վերցված է 31 December 2023-ին.
  6. Conrad Landin (29 July 2021). «The Upper Clyde Shipbuilders Work-In». Tribune. Վերցված է 31 December 2023-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 Drew Cottle; Angela Keys. «The 1971 Harco 'Stay-Put': Workers' Control in One Factory?». Australian Society for the Study of Labour History. Վերցված է 1 January 2024-ին.
  8. 8,0 8,1 8,2 Iain McIntyre. «Australian Actions at Different Points of Intervention». The Commons Social Change Library. Վերցված է 1 January 2024-ին.
  9. Sam Oldham (November 2015). «Taking Control: The Work-In Phenomenon in the Australian Metal Trades, 1969–78». Labour History. Australian Society for the Study of Labour History (109): 93–109. doi:10.5263/labourhistory.109.0093. Վերցված է 1 January 2024-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Conrad Landin (19 April 2019). «Phantom workshops: Militancy, 'work-ins' and a French watch factory». The Times Literary Supplement. Վերցված է 31 December 2023-ին.
  11. 11,0 11,1 11,2 Colin Alexander Smith. «How LIP And Timex Became Involved In Two Of The 20th Century's Most Vicious Industrial Disputes». Quill and Pad. Վերցված է 1 January 2024-ին.
  12. «LIP, la fin de l'horlogerie française». Paul Bouyssou. Վերցված է 1 January 2024-ին.
  13. 13,0 13,1 13,2 Xavier Vigna (April 2019). «Review: Donald Reid, Opening the Gates: The Lip Affair, 1968-1981». International Review of Social History. 64 (1): 159–161. doi:10.1017/S0020859019000257.
  14. 14,0 14,1 Alice Pfeiffer (25 November 2011). «Lip: A Symbol of France». The New York Times. Վերցված է 31 December 2023-ին.

Կատեգորիա:Աշխատանքային հարաբերություններ Կատեգորիա:Աշխատանքային վեճեր