Մասնակից:ՆինաԱզատյան359/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասունցի Դավիթը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ժանրպոեմ
Ստեղծման տարեթիվ1902թ.
Հրատարակման վայրԹիֆլիս
Հրատարակման տարեթիվ1903թ.
ՎիքիդարանՆինաԱզատյան359/Ավազարկղ

«Սասունցի Դավիթը», հայ ժողովրդական էպոսի երրորդ ճյուղի (Սասունցի Դավիթ) թումանյանական մշակումն է, և առ այսօր համարվում է էպոսի ամենահաջող չափածո մշակումը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1903 թվականին: Պոեմը կազմելիս օգտվել է

  1. «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», Սրվանձտյանի,
  2. «Դավիթ և Մհեր», Մանուկ Աբեղյանի,
  3. «Սասմա ծռեր», Գարեգին սարկավագի,
  4. Խալաթյանի

գրի առած պատումներից[1]:

Առաջին հրապարակումից հետո հեղինակի կենդանության ժամանակ պոեմն ունեցել է ևս յոթ տպագրություն՝ ենթարկվելով կառուցվածքային և ոճական որոշակի փոփոխությունների։ Որպես հիմք ընդունվել է պոեմի վերջին տպագրությունը[1]:

Պահպանված փաստերի հիման վրա կարելի է ասել, որ Թումանյանի «Սասունցի Դավիթը», իր առաջին քիչ թե շատ ամբողջական տարբերակով, գրված է եղել արդեն 1902թվականի առաջին կեսին։ Այդ է վկայում Ավետիք Իսահակյանի 1902 թվականի հուլիսի 7-ի նամակը, ուր պոեմի ձեռագրի ընթերցման անմիջական տպավորության տակ նա գրում էր Թումանյանին.

«Հրաշալի էր Սասունցի Դավիթը... Դավիթը լավ տիպ է, առողջ, թարմ, ժողովրդական, դրական,— արժե նրանով ոգևորվել»:
- ԳԹ, 1933, № 6

Երկու շաբաթ անց (1902 թվականի հուլիսի 21-ին) Ավ. Իսահակյանը դարձյալ անդրադառնում է Թումանյանի պոեմին. «Նորից կարդացի»,— գրում է նա, և այս խոսքերից կարելի է ենթադրել, որ Իսահակյանի մոտ եղել է պոեմի ինքնագրերից մեկը, որը մեզ չի հասել։ Ու թեև Իսահակյանը գտնում է, որ պոեմը պետք էր գրել ոչ թե «մանուկների համար», այլ «ավելի լուրջ և ծանրախոհ», բայց միաժամանակ նշում է Թումանյանի երկի այնպիսի արժանիքներ, ինչպես «ժողովրդական ոճերն ու դարձվածքները», «էպիքական պատմելու ձևը— հանգիստ, վեհորեն հանգիստ, և հումորը»[2]։

Աշխատանքը պոեմի վրա Թումանյանը շարունակել է 1902 թվականի երկրորդ կեսին, մանավանդ Աբասթումանում անցկացրած ամիսներին (սեպտեմբեր–դեկտեմբեր): Հոկտեմբերի 11-ին բանաստեղծը Արիստակես Զարգարյանին գրում էր.

«Սասունցի Դավիթը» անպատճառ հետս կբերեմ։ Բայց հիմա էլ սկսել եմ այդ չհավանել. իզուր տեղը սկզբից մտածեցի երեխաների ու ժողովրդի ընթերցանությանը հարմարեցնեմ։ Ձևն էլ չի դուր գալիս. վերջն ուրիշ տեսակ եմ անում»:
- ԵԺ V, 227

Աբասթումանից իր հետ բերածը պոեմի այն տարբերակն էր, որը շուտով տպագրվեց ՄՃ 1903 թվականի 2—5 համարներում։ Սակայն սրանով պոեմի մշակման աշխատանքը չի ավարտվում, այն շարունակվում է (երբեմն մեծ ընդհատումներով) մինչև բանաստեղծի գրական ուղու վերջը[3]։

Բարեբախտաբար, Թումանյանը հասցրեց միանգամայն որոշակիորեն արտահայտել իր վերջնական վճիռը «Սասունցի Դավթի» բնագրի վերաբերյալ։ Կյանքի վերջում ծրագրված բանաստեղծական նոր ժողովածուի համար նա ճշտումներ մտցրեց իր մի շարք երկերի մեջ։ Երբ 1921 թվականի վերջին Թումանյանը գտնվում էր Կ. Պոլսում, իր պատրաստած ժողովածուն հանձնում է տեղի հրատարակիչ Քեշիշյան-որդուն։ Սա արդեն պոեմի վերջին՝ հինգերորդ տարբերակն էր:

Գեղարվեստական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանը նպատակ է ունեցել ստեղծել մի մշակումը, որը նախատեսված կլիներ մանուկների ընթերցանության համար: Դրա համար էպոսի որոշ սյուժետային գծեր դուրս են մղվել, ինչպես օրինակ Ձենով Օհանի կնոջ՝ Սառեի Դավթին սիրահարվելը, նրան գայթակղելու փորձերը: Չի հիշատակում նաև Ցռան Վերգոն:

Միևնույն ժամանակ պոեմում էպոսի ժողվրդականությունը հաջողվել է պահպանել:Դավիթը մարմնավորում է աշխատավոր ժողովրդի ազատասիրական ոգին: Թումանյանը, Ձենով Օհանի կերպարում թուլություններ դնելով, նպատակ է ունեցել ստեղծել հակադրություն իր ուժերին վստահ Դավիթի բնավորության միջև: Բայց Դավիթը նաև իր մեջ կրում է արդարության խորը զգացում: Թումանյանը բնավորության այս գիծը առավել ուժեղ շեշտելու համար է պատումներից մեկի չորս տողը.

«Կերթա ասկարը մեջ, կըսի,

-Ծի հիմենուն իզին տվիմ,

Մեկ-մեկ ծի տնիր գացեք,

Ծի խարջն էլ բաշխեմ ծի»
- «Սասնա ծռեր»

դարձրել վեց տող:

Թումանյանի ստեղծած սիրելի հերոսները, այդ թվում և Սասունցի Դավիթը, չեն վախենում մահից: Պատճառն այն է, որ նրանք ծառայում եմ վեհ գաղափարի և ընդունում «մահը մերն է, մենք՝ մահինը» գաղափարը[4]: Սրան հակադրվում է Մըսրա-Մելիքի կերպարը, որը գեղարվեստական հաջողություններից է: Թումանյանին հաջողվել է կերտել բռնակալի կատարյալ տիպար: Մելիքը ամբարտավան է, գոռոզ, իսկ վտանգի ժամանակ վախկոտ, ի հակադրություն իր հսկա կերտվածքին, զուրկ դյուցազնական պատվասիրությունից:

Թումանյանը հաճախ է դժգոհել, որ հայերին պակասում է ազգային արժանապատվության հոգեբանությունը: Այս առումով պոեմը հայրենասիրական, հերոսական ոգով դաստիարակելու անժխտելի դեր ունի[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասունում իշխում էր Առյուծ Մհերը: Սակայն նրան տանջում էր մի ցավ՝ ծերացել էր, բայց զավակ չուներ: Աստված լսում է նրա հառաչանքը և որոշում զավակ տալ նրան: Միայն թե պայման է դնում, որ հենց ժառանգը ծնվի, Մհերն ու իր կինը կմեռնեն: Այդպես էլ լինում է: Ծնվում է Մհերի որդին, Մհերը անվանակոչում է նրան Դավիթ և մեռնում կնոջ հետ: Մհերի մահվան մասին իմանում է Մըսրա-Մելիքը, մեծ զորքով հարձակվում է, թրի տակով անցկացնում բոլորին, բացի Դավթից:

Դավիթը 7-8 տարեկան է դառնում: Ձենով Օհանը, կնոջն անսալով, դարձնում է նրան Սասունի գառնարած: Դավիթը, սակայն, չէր տարբերում գազաններին և գառներին: Քշում է գազաններին, լցնում քաղաք: Քաղաքացիները բողոքում են Ձենով Օհանին, նա էլ ստիպված Դավթին նախրապան է դարձնում: Նույնը կրկնվում է և այժմ: Օհանը նետ ու աղեղը Դավթի ձեռքն է տալիս և ուղարկում ծմակներ՝ իբրև որսկան: Դավիթը որս անելիս տրորում է մի ծեր կնոջ ցանքը և արժանանում նրա անեծքին: Ծեր կինը պատմում է նաև, թե ինչ մեծ որսատեղի է ունեցել Դավթի հայրը: Իսկ Ձենով Օհանից իմանում է, որ այն պատկանում է Մսրա-Մելիքին: Դավիթն ու Օհանը գնում են որսասար: Հեռվից երևում է Մարութա սարի լույսը: Դավիթը որոշում է վերակառուցել նրա վրա գտնվող ավիրված վանքը: Ձենով Օհանը շինականներ է տրամադրում նրան, և կառուցումն ավարտում են: Երբ Մսրա-Մելիքը իմանում է դա, հարկահաններ է ուղարկում, որ յոթ տարվա խարջը հավաքեն: Դավիթին հարկահանների մասին պատմում է նույն ծեր կինը: Դավիթը ծեծում է հարկահաններին ու թույլ չի տալիս տանեն խարջը: Հարկահաններից Կոզբադինը տեղեկացնում է պատահածի մասին Մըսրա թագավորին: Մըսրա թագավորը մեծաքանակ զորք է հավաքում Դավթի դեմ պատերազմի: Ձենով Օհանը տեսնում է անհամար զորքը և վախեցած հայտնում է լուրը Դավթին: Դավիթը ժանգոտ զենքեր ու էշ է խնդրում ծանոթ պառավ կնոջից: Պառավը մերժում է նրան՝ հաղորդելով Առյուծ Մհերի զենք ու զրահի գաղտնիքը: Դավիթը հոր զենքն ու զրահը պահանջում է հորեղբորից ու գնում կռվի: Մինչև կեսօր Դավիթը ջարդում է զորքի կեսը: Այս տեսնելով՝ նրան մոտենում է մի պառավ մարդ ու խնդրում դադարեցնել ջարդը, քանի որ իրենց ցանկությամբ չէին եկել կռվի, այլ հարկադրաբար: Դավիթը ընդունում է խոսքերի ճշմարտացիությունը և ցանկանում է մենամարտել միայն Մըսրա-Մելիքի դեմ: Այդ ժամանակ Մելիքը քնած էր սակայն: Փորձում են արթնացնել շիկացած երկաթով: Մի կերպ արթնանալով՝ տեսնում է Դավթին, փորձում թռցնել նրան իր շնչով: Բայց երբ Դավիթը անսասան է մնում, Մելիքը վախենում է ու որոշում խորամանկությամբ հաղթել նրան: Վրանում հոր էր փորել տվել և ծածկել տվել գորգով: Դավթին հրավիրում է նստելու այդտեղ: Դավիթը խաբվում է և ընկնում հորը, իսկ Մելիքը ջաղացքար է դնում վրան: Ձենով Օհանը երազում տեսնում է սասնա աստղի մարելը: Սև հրեղեն ձիով հասնում է Սասմա սար, կանչում Դավթին: Հենց ձայնն ընկնում է Դավթի ականջով, հիշում է Մարութա Աստվածածինը, խաչ պատարագին ու ջարդելով ջաղացքարը՝ դուրս է գալիս հորից: Մելիքը կրկին ցանկանում էր խորամանկել,բայց Դավիթը այլևս չի հավատում նրան և առաջարկում է մենամարտել: Մսրա-Մելիքը համաձայնում է, սակայն մի պայմանով, որ առաջին հարվածները իրենն են: Առաջին հարվածի համար հասնում է Դիարբեքիր: Երկրորդ հարվածը Հալաբից է հասցնում: Երրորդ անգամ հասնում է Մըսըր: Երեք անգամ էլ չի կարողանում սպանել Դավթին: Հերթը հասանում է Դավթին: Մելիքը հոր է փորում, մտնում մեջը, ծածկվում քառասուն կաշվով և քառասուն ջաղացքարով: Առաջին զարկը Դավիթը բաշխում է Մելիքի մորը, երկրորդը՝ Մելիքի քրոջը: Երրորդ զարկով Դավիթը կտրում է քառասուն կաշին, քառասուն ջաղացքարը ու կիսում Մըսրա-Մելիքին: Մելիքը երբ կանչում է, թե կենդանի է, Դավիթը զարմանում է: Բայց երբ Մըսրա-Մելիքը թափահարեց ինքն իրեն, երկու կես եղած ընկավ: Մըսրա զորքը վախեցած սկսեց փախչել: Բայց Դավիթը դիմեց նրանց խաղաղության կոչով, որ այլևս չթշնամանան և իմանան, եթե փորձեն պատերազմել, ինքը կրկին պաշտպան կլինի Սասունին:

Երկրորդ մասում ներկայացվում է խաղաղ արարչության շրջանը: Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց Դավթին սիրահարվում է նաև Խանդութ խանումը: Գուսաններ է ուղարկում իր գովքը անելու: Գուսանները հանդիպում են Ձենով Օհանին, ու քանի որ նա խաբում է, թե ինքն է Սասունցի Դավիթը, իր համար են երգում Խանդութի գովքը: Այսպես է վերջանում անավարտ մնացած մշակումը:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առյուծ Մհեր,
  • Սասունցի Դավիթ,
  • Ձենով Օհան,
  • Օհանի կինը,
  • Մըսրա-Մելիք,
  • Ծեր կին,
  • Խանդութ խանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1991). «Երկերի Լիակատար Ժողովածու». Vol. հատոր չորս. Երևան: Հայաստանի ԳԱ Հրատարակչություն. էջ 521.
  2. Իսահակյան, Ավետիք (1979). «Երկերի ժողովածու». Vol. հատոր վեց. Երևան: Սովետական գրող հրատարակչություն. էջ 40.
  3. Թումանյան, Հովհաննես (1991). «Երկերի Լիակատար Ժողովածու». Vol. հատոր չորս. Երևան: Հայաստանի ԳԱ հրատարակչություն. էջ 522.
  4. «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2024-03-20-ին.
  5. Մկրյան, Մկրտիչ (1981). «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը». Երևան: «Սովետական գրող» հրատարակչություն. էջեր 146–157.

Կատեգորիա:Հովհաննես Թումանյան Կատեգորիա:Ստեղծագործություններ Կատեգորիա:1902 գրականությունում Կատեգորիա:1903 գրականությունում Կատեգորիա:1903 գրքեր Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի պոեմներ