Մասնակից:Մելիք Մկրտչյան/Ավազարկղ
Օսմանյան Թուրքիայի սոցիալ-տնտեսական կյանքի հարցերի լուսաբանությունը «Ուղեգրության» էջերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմեոն Լեհացին իր «Ուղեգրություն»-ում անդրադարձել է նաև Օսմանյան Թուրքիայի սոցիալ-տնտեսական պատմության որոշ հարցերի: Որպես ճանապարհորդ-ուղեգիր, նա ականատես է եղել, կամ լսել է, կամ էլ հենց ինքն է անմիջականորեն իրականացրել որոշ գործողություններ, որոնք էլ հենց բնութագրում են 17-րդ դարի առաջին կեսի Օսմանյան Թուրքիայի սոցիալ-տնտեսական կյանքի առանձնահատկությունները:
Օսմանյան Թուրքիան տնտեսապես հետամնաց երկիր էր: Մասնավորապես, 17-րդ դարում Օսմանյան կայսրության տնտեսական ճգնաժամն[1] իր արտահայտությունը գտավ կենտրոնախույս տրամադրություններ ունեցող խոշոր հողատիրության ներկայացուցիչների ապստամբություններում: Իսկ եթե քաղաքական տեսանկյունից նայենք այս հարցին, ապա պետք է նշենք այն, որ Թուրքիան սկսած 16-րդ դարից պատերազմ հրահրեց Սեֆյան Պարսկաստանի դեմ, որ բավականին երկար ընթացավ ու Թուրքիայի համար այն ավարտվեց պարտությամբ, ինչը բնականաբար ունեցավ իր անդառնալի հետևանքները կայսրության սոցիալ-տնտեսական ոչ այնքան լավ վիճակում գտնվող կյանքի վրա:
Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական քայքայման և խորացող ճգնաժամի պատճառներից էր բնակչության արագ աճը: Սա նշանակում էր, որ հողերը չէին կարող բավականացնել: Զգացվում էր «հողային սով», իսկ Անատոլիան լցվել էր փաստորեն անհող գյուղացիությամբ, որոնք զուրկ էին ապրուստի միջոցներից: Դրա հետևանքով երկրում ի հայտ եկան մեծ թվով «չիֆթբոզաններ», այսինքն այնպիսի գյուղացիներ, որոնք ստիպված էին լինում լքել ու հեռանալ իրենց հողից: Միաժամանակ քաղաքներում ևս նրանք չգտնելով որևէ աշխատանք՝ համալրում էին օրինազանց, դեպի խռովություններն ու ապստամբությունները հակում ունեցող մարդկանց շարքերը, կամ էլ պարզապես զբաղվում էին ավազակությամբ ու քարավաններ թալանելով, կամ էլ ստեղծում էին սեփական ավազակախմբեր[2]:
Դեռևս 16-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ծանր հարկերի և գյուղացիների անողոք ճնշման հետևանքով սկիզբ առան գյուղացիական ապստամբություններ և բողոքի զանազան դրսևորումներ: Միաժամանակ պետք է նշենք այն, որ օսմանյան սուլթանները սկսած 15-րդ դարից (որը շարունակվեց մինչև 18-րդ դարը), փորձում էին որոշակի բարեփոխումներ կատարել[3] երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, մասնավորապես կարգավորել առկա հին կարգերն ու օրենքները: Մասնավորապես, ձգտում էին կրճատել[4] Կ. Պոլսի կենտրոնական ուռճացված բյուրոկրատական ապարատը, սակայն այդ ջանքերը այնքան էլ արդյունավետ չեղան[5]:
Օսմանյան Թուրքիայում կատարված այդ բարեփոխումների հետ առնչությամբ տարածված տեսակետն այն էր, որ առաջ էր քաշում Բ. Բարտոլդը: Նա նշում էր, որ բարեփոխումները նույնիսկ տեսականորեն անհնար էին, քանի որ «պետական ու հասարակական կյանքի ամեն մի նորամուծություն համարվում է հանցագործություն կրոնի նկատմամբ»[6]:
Իսկ արդեն 16-րդ դարի երկրորդ կեսից բավականին արագ կերպով աճում են պետական հարկերը, ի հայտ են գալիս նորանոր հարկեր, սկսվում է կիրառվել գյուղատնտեսական արտադրանքի ստիպողական վաճառք, որն էլ փաստորեն դառնում է հենց գյուղացիությանը կողոպտելու դաժան միջոցներից մեկը: Երկրում լայն տարածում է ստանում կաշառակերությունը, հատկապես փողով պաշտոնների նշանակելը[7]: Իսկ արդեն 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին ամբողջ Անատոլիայում մոլեգնեց սովը[8]: Նման պայմաններում կայսրությունում ծնունդ են առնում նոր հուզումներ և գյուղացիական շարժումներ[9]: Ճիշտ է, այդ բոլոր ապստամբությունները թեև պարտություն կրեցին, բայց և այնուամենայնիվ խոր հետքեր էին թողնում ու խարխլում օսմանյան կայսրության հիմքերը:
Թուրքիան առավելապես ցնցվեց ջալալիների շարժումներից[10]: Իրենց մասշտաբներով և ընդգրկումով աննախընթաց այդ ապստամբությունները, որոնք սկիզբ առան 1590-ական թթ., շատ կարճ ժամանակահատվածում մեծ արագությամբ տարածվեցին ամբողջ Փոքր Ասիայով մեկ, հասնելով մինչև Անդրկովկաս: Ջալալիների ապստամբությանը[11] անդրադարձել է նաև Սիմեոն Լեհացին իր աշխատության մեջ[12], որտեղ նա խոսում է նրանց ավերիչ գործողությունների մասին, ասելով որ «բայց եկն եւ ղարիպն աւելի քան զքառասուն հազար տուն ի Ստամպօլ, Ղալաթա եւ Սկուտարն։ Քանզի յօթաեախան Ճէլալիքն աւիրել էին. եւ ամենեքեան հալածեալք եւ փախուցեալք անդ էին հանգուցեալք»: Հետո էլ Լեհացին ավելացնում է, որ այս ամենի հետևանքով է Պուղտանից մինչև Ստամպոլ, Ուռումելին, մինչև Վանատիկ, չկա քաղաք, գյուղ կամ ագարակ, որ հայ չապրի, այսինքն ցիրուցան են եղել այդ դաժան շարժման հետևանքով[13]: Այսինքն Սիմեոն Լեհացին մեկ անգամ ևս հաստատում է ջելալիների շարժման բացասական լինելու հանգամանքը, կայսրության հպատակ ժողովուրդների՝ մասնավորապես հայերի համար:
Թուրքիայում ներքին ճգնաժամի հասունացման ազդակ հանդիսացավ ռազմական-ավատական համակարգի քայքայման գործընթացը, որի նախանշանները ի հայտ եկան դեռևս 16-րդ դարի առաջին կեսին: Եվ Թուրքիան աստիճանաբար կորցնում էր իր երբեմնի ռազմական հզորությունը, ինչը հետևանք հանդիսացավ տարբեր պատերազմներում նրա պարտություն կրելը:
Օսմանյան կայսրության այս սոցիալ-տնտեսական վիճակը իր բացասական ազդեցությունն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար, քանի որ արդեն 1590 թ. վերջինիս հաջողվեց հաստատել իր գերիշխանությունը և սկսեց պարտադրել իր հասարակական-քաղաքական համակարգը, ինչպես նաև դաժան կեղեքման ենթարկել երկրամասի ժողովուրդներին: Այս ամենի առաջին քայլն հանդիսացավ այն, որ երկրամասը թուրքերը բաժանեցին սանջակների, վիլայեթների և փաշայությունների[14]: Գրավված շրջաններում թուրքական պաշտոնյաները անցկացնում էին մարդահամար, կազմում հարկացուցակներ, դաժան միջոցներով իրագործում հարկերի՝ ինչպես պաշտոնական[15], այնպես էլ հավելյալ գանձումը և այլն:
Միաժամանակ Օսմանյան Թուրքիան, գտնվելով մշտական պատերազմների մեջ, մեծ ուշադրություն էր դարձնում առաջին հերթին ռազմական ուժին: Այդ իսկ պատճառով էլ ստեղծեցին մեծաքանակ հզոր բանակ և ռազմական բարձր տեխնիկա: Իսկ այդ ժամանակ սուլթանական բանակում մեծ դեր էր խաղում ենիչերական կորպուսը, որը թուրքական բանակի կորիզն էր:
Պետք է նշել այն, որ տարածաշրջան ներխուժած գերազանցապես մուսուլման նվաճողները իրենց առջև խնդիր էին դրել բնիկ քրիստոնյա մեծամասնության բռնի իսլամացմանը, որը դարձել էր նրանց նաև պետական քաղաքականության անկյունաքարը: Վերջինս իրականացնելու համար նրանց կողմից կիրառվել են բազմաթիվ մեթոդներ (մահվան սպառնալիքից մինչև հարկային, իրավական սպառնալիք): Ընդունելով պարտադրված իսլամը՝ հայերի այդ հատվածը ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով կամա թե ակամա հեռացել է նաև իր մայր արմատից և քրիստոնեւոթյուն դավանող ազգակիցներից, ինչը, ի վերջո հանգեցրել է նրանց մասնակի կամ լիակատար ձուլմանը: Հայերը, լինելով Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հիմնական ազգերից մեկը, պարբերաբար ենթարկվել են բռնի իսլամացման, որը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր ծավալներ:
Օսմանյան պետության մեջ սուլթանության հենարանը ավատատերերի դասակարգն էր: Երկրի ողջ բնակչությունը բաղկացած էր երկու հիմնական խմբերից: Առաջին խմբի մեջ ընդգրկվածները կոչվում էին ասկերի (այսինքն՝ զինվորականներ)[16]: Այդ խմբի մեջ մտնում էին բոլոր նրանք, ովքեր ներկայացնում էին սուլթանի իշխանությունը: Դրանք հիմնականում զինվորականներ, ծառայողական ավատատերեր էին, որոնց ձեռքերում էին գտնվում կենտրոնական կառավարման մարմինները, պալատականները, հոգևորականությունը՝ «ուլեման»[17]: Իսկ գլխավոր դերը պատկանում էր զինվորական ավատատերերին:
Իսկ երկրորդ խումբը Օսմանյան կայսրության մեջ, դրանք հպատակներն են (Ռայա)[18], որոնք եղել են արհամարված՝ (քրիստոնյան և հրեան) և իրավունք չեն ունեցել կրել իրենց համար թույլատրելի հագուստը և հագնել մուսուլմանի համար նախատեսվածը: Եթե այսպիսի դեպք էր լինում, ապա տվյալ անձնավորությանը սպառնացել է հավատափոխությունը կամ մահապատիժը[19]: Այս ամենը հաստատում է նաև Սիմեոն Լեհացին ևս, նշելով, որ քրիստոնյան Օսմանյան կայսրությունում իրավունք չուներ «Եւ ո՞վ կարէ լաւ տուն շինել, կամ ձի եւ ջորի պահել կամ լաւ գտակ կամ գօտի գլուխն կապել կամ ազնիւ չուխայ կամ բաբուչ ունել. այլ բօսդել, չարուխ, եւ հին ու մին չուլ ագանին, սակայն ոչ ազատին ի ձեռաց նոցա. միայն ի գլուխ…»: Նա ավելացնում է, որ այդպիսի կարգ կար ամբողջ երկրում, բայց մի փոքր անդորություն կար և հանգիստ էր այդ առումով Կ. Պոլսում, ինչպես նաև Հալեպում[20]:
Նրանք նույնիսկ իրավունք չունեյին ազատորեն այցելել իրենց սրբատեղիները կամ եկեղեցի[21], որոնք շատ դեպքերում վերածվել էին մզկիթի[22]: Թուրքերը թույլ չեն տվել եկեղեցիներ կառուցել, նույնիսկ հները՝ վերանորոգել[23]: Օգտագործել են ամեն պատրվակ՝ քանդելու համար կանգուն և հոյակապ կրոնական շինությունները, իսկ կայսրության բոլոր այն եկեղեցիները, որոնք ավելի բարձր են եղել քան մզկիթները, թուրքերը հրամայել են քանդել եկեղեցին կամ ցածրացնել գմբեթը[24]: Բացի այդ, կայսրության մեջ հատկապես վերջինիս որևէ պատերազմում կրած պարտությունից հետո ուժեղացնում էին բռնությունն ու ճնշումները, այնուհետև իրականացնում էին նոր մարդահամար[25], որին հետևում էր արդեն հարկերի ծանրացումը, արգելումէին ուրախանալ կամ զբոսանքի դուրս գալ, անգամ գերեզման այցելել և ինչպես նշում է Լեհացին քրիստոնյաների թաղման մասին, թե «Այլ եւ զմեռեալս չթողուն տանիլ պատվով եւ կարդալով Մաշտոց, այլ իբրեւ լէշ եդեալ ի տախտակն անմռունչ տանին. եւ զայն եւս անմարդ փողոցովք, որպէս հրեայքն ի Լէհ. զի թէ ոք հանդիպի, կորզէ կամ շրջէ՝ որպէս զՏիրամօրն դագաղս , այլ եւ հայհոյեն զհաւատացեալս «Նասրանի, զարպուլ, քէլբ, խինծիրե ասելով, զոր Տաճիկք «կավուրե եւ «տինսիզե միայն ասեն»[26]:
Քրիստոնյա հպատակները ընդհուպ հոգևոր առաջնորդը՝ պատրիարքը, չի ունեցել ֆիզիկական ապահովություն: Նրան կարող էին բանտ նետել, տանջամահ անել և այլն[27]: Այս ամենը խոսում էր այն մասին, որ հայերն ու մյուս քրիստոնյա ժողովուրդները Օսմանյան պետության մեջ լրիվ իրավազուրկ էին:
Պետք է նշել այն, որ նյութական զրկանքներից առավել քրիստոնյա հպատակների համար ավելի ծանր էր թուրքական անծայր ճնշումներից ու կեղեքումներից զատ, զենքի ուժով նվաճված քրիստոնյաները վճարում էին հատուկ գլխահարկ՝ «ջիզյեն» կամ «խարաջը», որը գանձվում էր Օսմանյան կայսրությունում զինապարտության փոխարեն (ինչպես նաև Իրանում), իսկ քրիստոնյա կանայք և աղջիկները ազատված էին այդ հարկից[28]:
Միաժամանակ թուրքերի վարած այս միտումնավոր ներքին քաղաքականությունը կայսրության հպատակ ժողովուրդների նկատմամբ հանգեցնում էր աշխարհի պառակտման՝ խորացնելով մահմեդականների ու քրիստոնյաների միջև առկա թշնամությունը: Նվաճված երկրներում թուրքերը ստրկագրում էին և ճորտացնում գյուղացիներին, արհեստավորներին[29]:
Օսմանյան կայսրության (նաև Պարսկաստանում) քրիստոնյա բնակչությունն իրավունք չուներ ձի, ջորի կամ ուղտ հեծնել, այլ թույլատրում էին մենակ էշ հեծնել: Մասնավորապես այս առիթով Սիմեոն Լեհացին իր աշխատության մեջ նշում էր, որ դա կապված էր այն ավանդության հետ, թե «զի ուղտն ասեն Մահմատն հեծաւ, վասն այն պատվեն զուղտն եւ մեծարեն. այլ եւ յըղտու թուէն քուլահ, շալ կամ այլ ինչ չթողուն ագանիլ քրիստոնէից, այլ մէվլայիք նոցա դնեն ի գլուխս եւ արկանեն զուսովք։ Այլ եւ իշով չկայ հրաման մէխքէմի առջեւ կամ մզկիթի, մէջիթի, կամ ի քաղաքի շրջել, այլ հետիոտս . եւ ես եղկելիս ոչ գիտելով զանցս մեծի աղէտիս՝ հեծեալ իշով անցանէի մէխքանա մի ի Մսըր»: Ահա հենց այդ ժամանակ էլ թուրք ոստիկանները հասնում են Սիմեոն Լեհացու վրա ու բրով ուժգին խփում նրա գլխին ու թիկունքին և գցում գետին: Եվ այս պատուհասը գալով նրա գլխին, ներկաները նրան ասեցին, որ «Այլ չի նստիս էշ, զի չէ հրաման, այլ ոտիւք շրջէ»[30]:
Այնուհետև դեպի Մուշ գնալու ճանապարհորդության մասին Սիմեոն Լեհացին պատմում է մի դեպք ևս թուրքերի վարած քաղաքականության մասին՝ կապված հայերին (ինչպես նաև կայսրության մնացած քրիստոնյաներին) ձի հեծնելու և նրանց հագուկապի մասին, նշելով, որ Խարբերդում ինքը մնաց մի վարդապետի մոտ երկու շաբաթով և այդ վարդապետը նրան խրատ տվեց, ասելով թե «գուցե ձինդ հետդ չտանես, թող այստեղ մնա ինձ մոտ, և փոխիր հանդերձդ և հին, անշուք պարեգոտ հագիր, որովհետև սա Քրդստանն է»: Եվ Լեհացին արեց այնպես, ինչպես որ նրան խրատ տվեց վարդապետը՝ հետագա անախորժություններից խուսափելու համար: Սակայն Սիմեոն Լեհացին ավելացնում է վերջինիս հետ կապված, որ թուրքերի երկիրը ամբողջությամբ այդպես է, իսկ Խարբերդն առավել, քան բոլորը: Նշում է, որ Կ. Պոլսում քրիստոնյաները ունեն մի փոքր մխիթարություն և վայելչություն, որովհետև տեղի հայերը ունեն պայծառ եկեղեցիներ, տոնախմբություն՝ ձայնով, ձի և ջորի են հեծնում, հագնում հարյուր կաժ, յոթանասուն կաժ ասու, ուտում, ըմպում, ուրախանում[31]: Իսկ արդեն Կ. Պոլսից դեպի Սևաստ, մինչև Ամիթ՝ թույլատրում էին էշ և ուղտ, այնուհետև ավելացնում է, որ սեբաստացու տանը նույնիսկ էշ չի երևում, բոլորը ստիպված եզ են բանեցնում, աղ և բեռ են բարձում: Եվ սա էր պատճառը, որ Սիմեոն Լեհացին ամեն քաղաք, կամ ամեն տեղ գնալիս՝ տուգանք էր տալիս իր ձիու համար[32]:
Թուրքերի զավթողական քաղաքականության ապացույց էր նրանց կողմից իրականացվող բերդաշինությունը: Բերդերը նրանց անհրաժեշտ էին ժողովրդի դիմադրությունը ճնշելու համար[33]:
Օսմանցիները ունեին հսկայական և ուռճացված բյուրոկրատական համակարգ ու հղփացած պետություն, որը հսկայական ծախսեր էր պահանջում՝ բավարարելու համար արքունիքի, բանակի և փաշայական վարչությունների կարիքները: Իսկ արդեն գանձարանի թերացումը[34] սպառնում էր ենիչերների, վարձու սիպահիների և շարքային ասկյարների ըմբոստացմանը: Սրանով էր հիմնականում պայմանավորված նրանց մշտական կողոպուտները Շիրվանիի, Արեշի, Վրաստանի հպատակ բնակիչներին[35]:
Հիշյալ դարաշրջանում Օսմանյան պետությունում հողը բաժանված էր երեք մասերի՝ ուշրիե, խարաջիե և արզ մեմլեքեթ[36]: Ուշրիեն մուսուլմաններին պատկանող հողերն էին, խարաջիեն՝ ոչ մուսուլմաններին էր, իսկ արդեն արզ մեմլեքեթը՝ պետական սեփականություն կազմող հողերն էին[37]: Հողատիրությունը Թուրքիայում կապված էր թուրք ռազմաավատատիրական համակարգի հետ, որոնք բաժանվում էին երեք խմբերի՝ ոչ ազատ ավատատերերի, ազատ ավատատերերի և սուլթանի վեզիրների՝ խասերի: Այս խմբերը տարբերվում էին իրենց հարկային իրավունքներով[38]:
Այսպիսով, երբ արդեն 17-րդ դարում ակնհայտ էին Օսմանյան կայսրության փլուզման նշանները, այդ պետության տիրապետող շրջանների մոտ երբեմն, ինչպես տեսանք առաջ էր գալիս տագնապի զգացում երկրի ճակատագրի հարցում: Թեև սուլթանները և վեզիրները չէին կարողանում հասկանալ ու ընկալել պետական քայքայման իսկական պատճառները, սակայն պարզ կերպով վերջիններս տեսնում էին դրա արտաքին դրսևորումները, հարկային մուտքերի նվազումը, ապստամբությունները, խռովությունները, մյուս կողմից փաշաների և ծայրամասային հողատերերի ինքնագլխությունը, կաշառակերությունը, պետական ապարատի բազմաթիվ արատները, որոնց մասին հիշատակում էր նաև Սիմեոն Լեհացին իր աշխատության մեջ: Եվ քանի որ այդ բոլորը իրենց անմիջական անդրադարձերն էին ունենում պետական և սուլթանական գանձարանի վիճակի վրա, միաժամանակ սպառնալիքի տակ էին դնում իրենց գահի անսասանությունը, ուստի օսմանյան պետական գործիչները ժամանակ առ ժամանակ փորձում էին գտնել երկրի ֆինանսների, ռազմական գործի ու վարչության առողջացման ուղիները, բայց գրեթե բոլոր դեպքերում այդ ամենը ավարտվում էր անհաջողությամբ, որը հետագայում արդեն պիտի հանգեցներ Օսմանյան կայսրության վերջնական վերացմանը:
[1]Տե΄ս Economic difficulties 16-17th centuries, Edited by Malcolm Edward Yapp, London, 2000, http://www.britannica.com/place/Ottoman-Empire/The-decline-of-the-Ottoman-Empire-1566-1807/ 02.02.2016/.
[2] Տե′ս Suraiya Faroqhi, Urban Space as Disputed Grounds: Territorial Aspects to Artisan Coflict in 16-18th century Istanbul, Istanbul, 2002, pp. 222-232.
[3]Այս բարեփոխումների մասին Բարտոլդի դրույթը հաստատում է նաև թուրք պատմաբան Թ. Թունայան, հավաստելով, որ Օսմանյան, ինչպես նաև ամեն մի մահմեդական պետության մեջ տեսականորեն որևէ բարեփոխում անհրաժեշտ չէր համարվում, որովհետև նրա կառուցվածքը և մարդկային փոխհարաբերությունները մշտապես ու անխախտ կերպով տրված են Ղուրանում ու շարիաթում: Այդ իսկ պատճառով էլ արդյունքի չհասան այդ հարցում: Տե′ս Ինճիկյան Հ., Օսմանյան ֆեոդալիզմի մի քանի բնորոշ կողմերի մասին, «Պատմաբանասիրական հանդես», № 2, 1982, էջ 40:
[4]Տե′ս Suraiya Faroqhi, The Later Ottoman Empire 1603-1839, The Cambridge History of Turkey,The administrative elites, Vol. 3, Cambridge University Press, 2006, pp. 140-141.
[5]Տե′ս Sevket Pamuk, The Evolution of Factor Markets in the Ottoman Empire, 1500-1800, Economic Institutions, pp. 7-8.
[6]Տե′ս Бартольд В., Турция, ислам и христианство. Соч., Т. 6, М., 1966, стр. 413.
[7]Մասնավորապես Ֆ. Բերնիեն 17-րդ դարում արդեն արմատացած սովորույթ էր համարում կանխիկ դրամով վարչական պաշտոնների՝ նահանգների, գավառների և այլ կաարևոր ծառայությունների պետերի պաշտոնների վաճառքը: Այդ երևույթը նա արձանագրել է Հնդկաստանում և Պարսկաստանում, նշելով որ «ավելի հաճախ և հրապարակայնորեն» այն տեղի է ունենում Օսմանյան Թուրքիայում: Բերված փաստերից նա հետևեցնում է, որ եթե Հնդկաստանում և Իրանում «նահանգապետների զավակները երբեմն ժառանգում են իրենց հայրերի պաշտոնները, որի հետևանքով ժողովուրդը չի գտնվում այսպիսի ճնշման տակ, ինչպես Թուրքիայում»: Եվ իսկապես Թուրքիայում ղեկավարները վաճառում էին վարչական պաշտոնները, կապալով էին տալիս հարկերի գանձումը ու այդ պաշտոնները ստանձնողներից պահանջում էին, որ պետական գանձարան մուծեն որոշակի կանխիկ գումար: Տե΄ս Бернье Ф., История последних политических в государстве Великого могола, М., 1936, стр. 205-206.
[8]Այս մասին տե΄ս Suraiya Faroqhi, Seventeenth Century Agricultural Crisis and the Art of Flute Playing: the Wordly Affairs of the Mevlevi Dervishes (1595-1652), Turcica. 20 , Istanbul, 1988, pp. 43-70.
[9]Մասնավորապես 1572 թ. ապստամբութոյւն է բռնկվում Մոլդավիայում, 1594 թ. Վալախիայում, 1596-1598 թթ. Բուլղարիայում, իսկ արդեն 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին Հարավային Սերբիայում, Չեռնոգորիայում, Հերցեգովինայում և այլ վայրերում: Այս մասին տե΄ս Новичев А. Д., История Турция, М., 1965, стр. 36.
[10]17-րդ դարի սկզբի Օսմանյան Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի պատմությանը վերաբերող եվրոպական աղբյուրների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում 1605-ից մինչև 1610 թթ. Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի դեսպան բարոն դե Սալինյակի նամակները ֆրանսիական թագավորին։ Նամակներում արծարծվում են Թուրքիայի այդ տարիների քաղաքական պատմության կարևորագույն հարցերը՝ ջալալիների շարժումը, թուրք-իրանական, թուրք–ավստրիական պատերազմները և այլն ։ Հաղորդված նյութերը միանգամայն ստույգ են։ Օսմանյան կայսրության վիճակը XVII դարի սկզբին այն աստիճան ծանր էր, որ բարոն դե Սալինյակին թվում էր, թե այդ պետության վերջնական կործանումը մոտ է։ Բարոն դե Սալինյակի նամակներին նվիրված ժողովածուում տեղ են գտել նաև Ֆրանսիայի թագավորի (1607 թ. մարտի 26-ի), ենիչերիների պետի (նույն թվականի սեպտեմբերի 10-ի)՝ դեսպանին ուղղված նամակները, որոնցում շոշափվում են ջալալիների շարժման հետ կապված հարցերը։
[11]Տե΄ս Stanford J. Shaw, Social Unrest, USA, Minnesota, 2006. URL:http://www.britannica.com/place/Ottoman-Empire/The-decline-of-the-Ottoman-Empire-1566-1807 /02.02.2016/.
[12]Տե′ս George Bournoutian, նշվ. աշխ., էջ 302:
[13]Տե′ս George Bournoutian, նշվ. աշխ., էջ 3:
[14]Տե՜ս Бартольд В. В., Место Прикаспийцких областей в истории мусульманского мира, Баку, 1925, стр. 145: Այս բաժանումների մասին մանրամասն տե′ս Gabor Agoston and Bruce Masters, Encyclopedia of the Ottoman Empire, Georgetown University, Washington, D.C, USA, 2009, pp. 14-15, Suraiya Faroqhi , Civilian society and political power in the Ottoman Empire: A report on research in collective biography (1480-1830), The Ottoman central administration and its provincial governors, International Journal of Middle East Studies, Vol. 17, No. 1, Cambridge University Press, pp. 112-114., Այս վարչական բաժանումների մասին ունի նաև հոդված Զուլալյան Մ., Էվլիյա Չելեբու «Սեյահեթ Նամե»-ն որպես 17-րդ դարի Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական պատմության աղբյուրներից մեկը, «Պատմաբանասիրական հանդես», № 9, 1986, էջ 132
[15]Պետք է նշել այն, որ թուրքերը հսկայական եկամուտ էին ստանում նվաճված շրջաններից: Օրինակ վրացի հեղինակ Բիդլիսին նշում էր, որ միայն Թավրիզի նահանգից (հետագայում՝ Մարաղա) օսմանյան պետական գանձարան էր մտնում 15 000 խարվար ոսկի (դա կշռի միավոր է, որը հավասար էր 300 կգ): Իսկ նոր նվաճված երկրներից ընդհանուր եկամուտը ըստ թուրք պատմաբանների նվազեցրած թվերով՝ կազմում էր շուրջ 25 մլն 200 հազար ակչե, այսինքն՝ 420 հազար ոսկե դրամ:
[16]Այս մասին տե΄ս առավել մանրամասն վերոհիշյալ հոդվածը՝ Suraiya Faroqhi, Political activity among Ottoman Taxpayers and the problem of Sultanic Legitimation (1570-1650), Journal of the Economic and Social History of the Orient, N. 35, Cambridge University Press, London, 1992, p. 1.
[17]Տե′ս Gabor Agoston and Bruce Masters, Encyclopedia of the Ottoman Empire, Old Bazaar, Georgetown University, Washington, D.C, USA, 2009, pp. 577-578, Տե΄ս նաև SuraiyaFaroqhi նույն հոդվածը, էջ 20-24:
[18]Տե΄ս Suraiya Faroqhi, նույն հոդվածը, էջ 2:
[19]Տե′ս Երեմիա Քէօմիւրճէան, Օրագրութիւն, հրատ. Մ. Նշանյանի, Երուսաղեմ, 1939, էջ 66:
[20]Տե′ս Ակինեան Ն., նշվ. աշխ., էջ 207:
[21] Այս մասին վկայում է նաև Սիմեոն Լեհացին, որ քրիստոնյաները լինելով մշտապես հոգսի ու տառապանքի մեջ, կարիք ունեյին ժամ գնալու ու աղոթելու: Բայց երբ գնում էին եկեղեցի աղոթելու, այդ պրոցեսը շատ արագ կերպով էր արվում, քանի որ եթե թուրքերը նրանց տեսնեյին եկեղեցու մեջ աղոթելիս՝ կսպանեյին կամ լավագույն դեպքում՝ տանջանքների կենթարկեին: Այնուհետև ավելացնում էր, որ հայերը «Նոյնպէս եւ ժողովուրդն ոչ թէ ժամ երթալ, այլ եւ զԱստուած մոռացել են ի բազում հոգւոց եւ հարկապահանջութեանց, նօմօսաց եւ այլ տրոց. զի օր մի հանգստութիւն չունին կամ խաղաղ ականջ»: Տե′ս Ակինեան Ն., նշվ. աշխ., էջ 208:
[22]Տե′ս Երեմիա Քէօմիւրճէան, Օրագրութիւն, հրատ. Մ. Նշանյանի, Երուսաղեմ, 1939, էջ 71: Այդ մասին է վկայում նաև Էվլիյա Չելեբին, որ մասնավորապես Կարսի հայկական եկեղեցին թուրքերը ժամանակի ընթացքում վերածել էին մզկիթի՝ «Սուլեյման էֆենդի» անունով: Տե΄ս Эвелия Челеби, Книга путешествия, вып. 3, «Земля Закавказья и цопредельных областей Малой Азии и Ирана», М., 1983, стр. 197.
[23]Տե΄ս Փափազյան Վ., Արևմտահայության վիճակը ըստ Օսմանյան ֆերմանների /16-18-րդ դդ, «Պատմաբանասիրական հանդես», 1976, էջ 127:
[24] Մասնավորպես Երեմիա Քյոմուրճյանի վկայությամբ այդ պատճառաբանությամբ են քանդվում Եվդոկիայի և Բրուսայի հայոց եկեղեցիները:
[25]Տե′ս Sevket Pamuk, The Evolution of Factor Markets in the Ottoman Empire, 1500-1800,Economic Institutions, Istanbul, 2005, p. 2.
[26]Տե′ս Ակինեան Ն., նշվ. աշխ., էջ 207:
[27]Խոսելով թուրքերի կամայականությունների մասին, Լեհացին նշում է, որ իր Թոխաթ եղած ժամանակ (1613 թ.) մի վատ հրաման եղավ, ըստ որի այսուհետ եկեղեցիներն ու վանքերը մոմեղեն ճրագ չվառեն, այլ յուղի ճրագ վառեն: Եվ եթե մի տեղ գտնեին, ապա տուգանում էին:
[28]Տե′ս Հովհաննիսյան Ա., նշվ. աշխ., էջ 18, Փափազյան Վ., Արևմտահայության վիճակը ըստ Օսմանյան ֆերմանների /16-18-րդ դդ, «Պատմաբանասիրական հանդես», 1976, էջ 134:
[29]Տե′ս Հովհաննիսյան Ա., նշվ. աշխ., էջ 21:
[30]Տե′ս Ակինեան Ն., նշվ. աշխ., էջ 207:
[31]Տե′ս Ակինեան Ն., նշվ. աշխ., էջ192:
[32]Տե′ս Ակինեան Ն., նշվ. աշխ., էջ193-194:
[33]Տե ′ս Sevket Pamuk, նշվ. աշխ., էջ 9: Օսմանյան բերդաշինության մասին տե′ս Հովհաննիսյան Ա., նշվ. աշխ., էջ 21:
[34]Օսմանյան կայսրությունը դասական կաշառակերության ու կոռուպցիայի երկիր էր: Լայն տարածում էր ստանում մայրաքաղաքի բյուրոկրատիայի կողմից գանձարանի միջոցների մխսումը: Եվ գանձարանի նոր համալրումը ապահովելու համար օսմանյան ղեկավար շրջանակները իրականացնում էին կայսրության հպատակ ժողովուրդների դաժան հարկային քաղաքականությունը, որն իսկական չարիք էր այդ ժողովուրդների համար: Կ. Պոլսի բյուրոկրատիայի շրջանում կոռուպցիան ընդունել էր այնպիսի չափեր և դարձել էր այնքան սովորական բան, որ անգամ օսմանյան ֆինանսական գերատեսչությունում կար նաև «կաշառքի հաշվապահություն» անունով հատուկ կառույց, ուր զբաղվում էին կաշառքների հաշվառմամբ: Փաստորեն սրանով պետական գանձարանը օրինականացնում էր կաշառքների «բաշխիչ» համակարգը, նրա որոշակի բաժինը վերցնելով իրեն:
[35]Տե′ս Sevket Pamuk, նշվ. աշխ., էջ 8:
[36]Տե΄ս Զուլալյան Մ., Էվլիյա Չելեբու «Սեյահեթ Նամե»-ն որպես 17-րդ դարի Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական պատմության աղբյուրներից մեկը, «Պատմաբանասիրական հանդես», № 9, 1986, էջ 130:
[37]Օսմանյան Թուրքիայի հողային բաժանումների մասին առավել մանրամասն տե΄ս Ֆերիդուն Բեյի «Սուլթանների գրություններ» հատվածը: Տե΄ս Սաֆրաստյան Ա., Թուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի և Անդրկովկասի ժողովուրդների մասին, հատ. Բ, Երևան, 1964, էջ 240-241:
[38]Այս մասին տե΄ս առավել մանրամասն վերոհիշյալ հոդվածը՝ Suraiya Faroqhi, Political activity among Ottoman Taxpayers and the problem of Sultanic Legitimation (1570-1650), Journal of the Economic and Social History of the Orient, N. 35, Cambridge University Press, London, 1992, pp. 4-6.