Մասնակից:Լուսինե Ղարիբյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլանդական ձի

Իսլանդական ձի, Իսլանդիայում բուծված ձիատեսակ: Դրա բնորոշ հատկություններն են փոքր աճը (մինչև 144 սմ), ամուր կազմվածքը, կոպտությունը, խոշոր գլուխը, խիտ խոպոպները, երկար բաշը և պոչը: Ձիերի գույները կարող են տարբեր լինել՝ կարմիր, աշխետ, մոխրագույն, սև, պիսակավոր: Ճանճկեն ձիեր չկան։

Իսլանդական ձիերը չի կարելի շփոթել Պոնիների հետ՝ անկախ նմանությունից։

Իսլանդական ձիերը հասունանում են ուշ՝ 7-8 տարեկանում, բայց ապրում են երկար՝ մինչև 40 տարի: Բուծվում են բաց տարածքներում՝ մաքուր օդում: Միայն ձմռան ամիսներին նրանց պատսպարում են: Ձիերը չեն վախենում ցուրտ եղանակից, քանի որ նրանք ծածկվում են խիտ մազերով և հազվադեպ են հիվանդանում:

Իսլանդական ձիերը շատ խելացի են: Լավ զարգացած հավասարակշռության շնորհիվ նրանք կարող են հեշտությամբ հաղթահարել այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են սառույցը, սուր քարերը կամ արագ գետերը: Բնավորությունը հանգիստ է, բարյացակամ: Հաշվի առնելով այն փաստը, որ իրենց պատմության ընթացքում ձիերը չեն հանդիպել գիշատիչներին, նրանք չեն վախենում մարդուց և վստահում են նրան:

Արտակազմվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխը միջին չափի է, ունի ուղիղ պրոֆիլ, փոքր ականջներ, համեմատաբար կարճ, ցածր պարանոց, խոր կրծքավանդակ, երկարավուն մարմին, թեք հզոր գավակ, կարճ, ամուր ոտքեր՝ կոկիկ և ուժեղ սմբակներով: Մազերը երկար են, պոչը՝ շատ խիտ: Պոչը սովորաբար վեր է ուղղված: Միջին չափումներ. բարձրությունը մինչև հետնաբաշ՝ 132 սմ, կրծքավանդակը՝ 160 սմ, նախադաստակի հաստությունը` 17 սմ:

Հասակը՝ 130-145 սմ, քաշը` 380-410 կգ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղատեսակը Իսլանդիա է բերվել վիկինգների կողմից 9-10-րդ դարերում: Դրակարների վրա տարածք խնայելու համար վիկինգները ընտրում էին միայն ցածրահասակ ձիեր․ այստեղից էլ ցեղի բնորոշ առանձնահատկությունը: Սկանդինավյան դիցաբանության մեջ ձիերին երկրպագում էին, իսկ իսլանդական ցեղատեսակը, ըստ լեգենդի, առաջացել էր ութ ոտանի ձիուց՝ Սլեյպնիրից՝ գերագույն աստծո՝ Օդինի օգնականից:

Ձիերը կարևոր դեր էին խաղում կղզու կյանքում, քանի որ նավակների հետ միասին նրանք միակ փոխադրամիջոցն էին: Դրանք օգտագործվել են նաև գյուղատնտեսական աշխատանքներում: Ցեղատեսակի մասին նշվում է բազմաթիվ գրական և պատմական աշխատություններում: Բացի այդ, ձիերին այրում էին թաղման ծեսերի ժամանակ, որպեսզի նրանք իրենց հանգուցյալ տերերի հետ միասին գնան հանդերձյալ կյանք:

982 թվականին ալտինգը օրենք ընդունեց, որն արգելում էր ձիերի ներկրումը երկիր: Դա արվել է հիվանդությունը կանխելու համար: Այդ ժամանակից ի վեր չի թույլատրվում Իսլանդիա բերել ձիեր, որոնք նախկինում այնտեղից էին արտահանվել: Օրինակ՝ կղզուց դուրս եկած ձին նույնիսկ ձիասպորտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար չի կարող հետ վերադառնալ[1]: Արգելքը վերաբերում է նաև ձիերի հետ աշխատելիս օգտագործվող իրերին՝ հագուստ, զինամթերք: Դրա շնորհիվ հնարավոր եղավ պահպանել ցեղի մաքրությունը:

18-րդ դարի վերջին իսլանդական ձիերի զգալի մասը սատկեց հրաբխի ժայթքման արդյունքում:

1904 թվականին ստեղծվեց իսլանդական ցեղատեսակի բուծման առաջին համայնքը:

Իսլանդական ձիերն այսօր չափազանց տարածված են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Բուծման կազմակերպությունը՝ Իսլանդական ձիերի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (The International Federation of Icelandic Horse Associations), ներկայացված է 19 երկրներում:

Իսլանդական ձիերն օգտագործվում են տարբեր նպատակներով. դաշտերում աշխատելու, որսորդության համար, ձիասպորտում, հիպոթերապիայում: Ձիերը իդեալական են ընտանեկան գործունեության կամ երեխաների սպորտի համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իսլանդիա. լուսնի հակառակ կողմը։». Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին. Վերցված է 2009-06-23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]