Jump to content

Մանոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոգեկաթսայի մանոմետր

Մանոմետր, (հուն․՝ manós – նոսր, ոչ խիտ, և métron – չափ, չափիչ սարք), հեղուկների և գազերի ճնշումը չափելու սարք է։

Կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանոմետրի հիմնական կառուցվածքային տարրը զգայուն տարրն է՝ ճնշման սկզբնական փոխակերպիչը։ Ըստ աշխատանքի սկզբունքի և զգայուն տարրի կառուցվածքի, մանոմետրերը լինում են զսպանակավոր (խողովակային, մեմբրանային, սիլֆոնային), հեղուկային, մխոցավոր, դեֆորմացիոն։ Կիրառվում են նաև այն սարքերը, որոնց աշխատանքը հիմնված է ճնշման ազդեցությամբ տարբեր նյութերի ֆիզիկական հատկությունների փոփոխությունների չափման վրա։ Ժամանակակից մանոմետրերի մեծ մասը մի քանի ֆունկցիոնալ բլոկներից բաղկացած չափիչ բարդ սարքեր են։ Ցուցմունքներն անմիջականորեն գրանցող կամ հաշվարկող մանոմետրերից բացի լայնորեն կիրառվում են նաև անսանդղակ մանոմետրերը (պնևմատիկ կամ էլեկտրական միասնականացված ելքային ազդանշաններով), որոնք օգտագործվում են վերահսկման, ավտոմատ կարգավորման և տեխնոլոգիական տարբեր պրոցեսների կառավարման համակարգերում։

Լինում են զրոյից (լրիվ վակուումից) հաշվարկվող բացարձակ ճնշման, ավելցուկային ճնշման (բացարձակ և մթնոլորտային ճնշումների տարբերությունը, երբ բացարձակ ճնշումը մեծ է մթնոլորտայինից) չափումների համար նախատեսված մանոմետրեր և դիֆմանոմետրեր, որոնցով չափում են մթնոլորտայինից տարբեր երկու ճնշումների տարբերությունը։ Մթնոլորտայինին հավասար ճնշումների չափման համար կիրառվում է բարոմետրը, իսկ զրոյին մոտ ճնշումների համար՝ վակուումաչափը։

Մանոմետրերը կիրառում են բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է իմանալ, վերահսկել և կարգավորել ճնշումը։ Առավել հաճախ մանոմետրերը կիրառում եմ ջերմաէներգետիկայում, քիմիական ու նավթաքիմիական ձեռնարկություններում, սննդային բնագավառի ձեռնարկություններում։

Գունային մակնշումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավականին հաճախ մանոմետրերի կորպուսները, որոնք ծառայում են գազերի ճնշման չափման համար, ներկում են տարբեր գույներով։ Կապույտ գույնի կորպուս ունեցող մանոմետրերը նախատեսված են թթվածնի ճնշման չափման համար։ Դեղին գույնի կորպուս ունեն ամոնիակ (ավշակ, անուշադրի սպիրտ) պարունակող մանոմետրերը, սպիտակ՝ ացետիլեն (գազ) պարունակող մանոմետրերը, մուգ կանաչ՝ ջրածին պարունակող մանոմետրերը, գորշ կանաչ՝ քլոր պարունակող մանոմետրերը։ Պրոպան և այլ դյուրավառ գազեր պարունակող մանոմետրերը ունեն կարմիր գույնի կորպուս։ Սև գույնի կորպուս ունեն ոչ դյուրավառ գազերի հետ աշխատանքի համար նախատեսված մանոմետրերը։