Մանի Մատտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանի Մատտեր
Ի ծնե անունշվեյց. գերմ.՝ Hans-Peter Matter
Ծնվել էօգոստոսի 4, 1936(1936-08-04)[1]
Հերցոգենբուկսե, Շվեյցարիա
Երկիր Շվեյցարիա
Մահացել էնոյեմբերի 24, 1972(1972-11-24)[1] (36 տարեկան)
Կիլխբերգ, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա
ԳերեզմանԲրեմգարտենի գերեզմանատուն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, իրավաբան, բանաստեղծ-փաստաբան, բանաստեղծ և ստուդիական երաժիշտ
Պարգևներ
Կայքmanimatter.ch
 Mani Matter Վիքիպահեստում

Հանս Պետեր «Մանի» Մատտեր (գերմ.՝ Hans Peter «Mani» Matter, օգոստոսի 4, 1936(1936-08-04)[1], Հերցոգենբուկսե, Շվեյցարիա - նոյեմբերի 24, 1972(1972-11-24)[1], Կիլխբերգ, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի երգիչ-բանաստեղծ և իրավաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանի Մատտերը ծնվել է իրավաբան Էրվին Մատտերի և Վիլհելմինա Մատտեր-դե Հաանի ընտանիքում։ Մայրը Նիդեռլանդներից է եղել և աշխատել է որպես քարտուղար։ Մանին եղել է ընտանիքի երկրորդ երեխան։ Ընտանիքում հիմնականում խոսել են ֆրանսերեն, թեև ֆրանսերենը մայրենի լեզու չի ընտանիքի անդամներից որևէ մեկի համար։ Մանի Մատտերը մկրտվել է Հանս Պիտեր անունով, մայրը նրան ֆրանսերենով Ժան է անվանել, քույրն այս անունը դարձրել է «Նանի», նրա սկաուտական խմբակի անդամները ապագա բանաստեղծին տվել են «Մանի» անունը, որով էլ նա մտել է պոեզիայի պատմության մեջ։ Մասնագիտական և առօրյա կյանքում Մանին իրեն անվանել է բացառապես Հանս Պետեր։

Մաննի Մատտերը սկսել է գրել 1944 թվականից, երբ գտնվել է սկաուտների շարքերում։ Հետագայում ընկերների հետ կազմակերպել է «Բեռնյան տրուբադուրներ» թատերախումբը («կաբարե»), որը հումորի երեկոներին ելույթ է ունեցել կատակերգություններով և հումորեսկներով։ 1953 թվականին Մանիի մայրը մահացել է, և նա ծանր է տարել այդ կորուստը։ Հոգեկան ապրումներն այնքան հզոր են եղել, որ զորակոչային հանձնաժողովը նրան համարել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Դպրոցն ավարտելուց հետո, 1955 թվականին Մանի Մատտերն ընդունվել է է Բեռնի համալսարան, որտեղ մեկ կիսամյակ սովորել է գերմանագիտություն, այնուհետև տեղափոխվել իրավագիտության ֆակուլտետ։ 1963 թվականին Մանի Մատտերը ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունք, 1965 թվականին պաշտպանել է դիպլոմային աշխատանքըը՝ «Die Legitimationder Gemeindezurstaatsrechtlichen Beschwerde» («Համայնքի իրավական լիազորությունները պետական իրավական գործընթացների շրջանակներում») թեմայով։ 1967-1968 թվականների ժամանակահատվածը «Մատտերը» անց է կացրել Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա), որտեղ պատրաստվել է պաշտպանել իր ատենախոսությունը՝ «Diepluralistische Staatstheorie» («Պետության բազմակարծական տեսություն») թեմայով։

1960 թվականին Մանի Մատտերը հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ջոյ Դոբելիին, Շվեյցարիայի հայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Գրինդելվալդում։ Նրա մայրը ծագումով անգլիացի է եղել։ Ջոյն աշխատել է որպես ավագ դպրոցի ուսուցչուհի։ 1963 թվականի մարտի 30-ին նրանք ամուսնացել են։ Ջոյ Դոբելին աշխատել է Բիլում՝ Բեռնից 30 կմ դեպի արևմուտք, ուստի սկզբում նրանք ապրել են Բեռնի և Բիելի միջև՝ Մյունխենբյուքս քաղաքում։ Մանի Մատտերն այդ ժամանակ զբաղեցրել է Բեռնի համալսարանի պետական իրավունքի պրոֆեսոր Ռ. Բոյմլինի ասիստենտի պաշտոնը։ 1964 թվականին ամուսինները տեղափոխվել են Բեռն, որտեղ նրանք ունեցել են երեք երեխաներ՝ դուստրերին՝ Սիբիլաին (1964), Մերեթին (1965) և որդուն Ուլին (1967)։ Ընտանիքը 1967-68 թվականների ժամանակահատվածը անցկացել է Քեմբրիջում, որտեղ Մանի Մատտերն աշխատել է իր ատենախոսության վրա։ 1970 թվականին Մատտերը սկսել է իր կարիերան որպես քաղաքային պաշտոնյա Բեռնում՝ որպես Բեռն քաղաքապետարանի իրավախորհրդատու։ Նույն թվականին հրավիրվել է Բեռնի համալսարան՝ պետական իրավունքի վերաբերյալ դասախոսություններ կարդալու։

Մանի Մատտերի քաղաքական գործունեությունն իր անմիջական առնչությունն է գտել նրա ստեղծագործության մեջ։ 1950-ականների վերջերին նա դարձել է 1956 թվականին ստեղծված «Երիտասարդ Բեռն» «այլընտրանքային» քաղաքական խմբավորման անդամ։ «Երիտասարդ բեռնցիները» մեղադրել են խոշոր քաղաքական կուսակցություններին պահպանողականության և թարմ գաղափարների բացակայության մեջ և ակտիվորեն մասնակցել են կանտոնային մակարդակով անցկացվող ընտրություններին։ Մանի Մատտերը երկու անգամ անհաջող առաջադրվել է որպես «Երիտասարդ  Բեռն»-ի թեկնածու՝ 1959 թվականին որպես քաղաքային խորհրդի անդամի թեկնածու, իսկ 1962 թվականին որպես Բեռնի կանտոնի խորհրդարանի պատգամավորի թեկնածու։ 1964-1967 թվականներին Մանի Մատտերը եղել է «Երիտասարդ  Բեռն» կազմակերպության նախագահ։

1972 թվականի նոյեմբերի 24-ին Ռապերսվիլում կայացած համերգից հետո Բեռն վերադառնալիս Մանի Մատտերը ճանապարհին ընկել է ձնաբքի մեջ և մահացել ավտովթարից։ 1972 թվականի նոյեմբերի 29-ին բողոքական եկեղեցում թաղման արարողությունից հետո Մանի Մատտերին թաղել են Բեռնի Բրեմգարթեն գերեզմանատան տոհմական դամբարանում[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային երգով (շանսոն) Մանի Մատտերը «վարակվել է» 13 տարեկանում, երբ պատահաբար ձեռքն է ընկել ֆրանսիացի հայտնի շանսոնիե Մորիս Շևալյեի ձայնասկավառակը։ Հետագայում նրա վրա մեծ ազդեցություն են թողել մեկ այլ ֆրանսիացու՝ Ժորժ Բրասենսի կիթառով կատարած երգերը, ում ձայնագրությունները հայտնվել են Շվեյցարիայում մոտավորապես 1952 թվականին։ 1953 թվականին Մանի Մատտերը գրել է իր առաջին բանաստեղծությունը «DrRägewurm» («Անձրևորդը»)՝ դրան հարմարեցնելով Ժորժ Բրասենսի մեղեդին։

Մանի Մատտերի երգերի ու բանաստեղծությունների առաջին ունկնդիրը եղել է նրա ընկերը՝ քահանա Կլաուս Շեդելինը։ Հենց նա է ներկայացրել Մատտերի երգերի ձայնագրությունները Բեռնի ռադիոժամանցային ծրագրերի խմբագրական խորհրդի տնօրեն Գվիդո Շմեցերին։ 1960 թվականի փետրվարի 28-ին Մանի Մատտերին առաջին անգամ հրավիրվել է մասնակցելու «Գեղադիտակ» ռադիոհաղորդմանը, որտեղ նա կատարել է չորս երգ։ Ընդհանուր առմամբ, 1958-1965 թվականներին Մատտերը ձայնագրել է չորս ձայնասկավառակ զվարճալի բնույթի երգերով, որոնք դարձել են սիրված Սուրբ Ծննդյան նվերներ։

Լայն հասարակության առջև Մանի Մատտերն իր առաջին համերգը տվել է 1965-66 թվականներին։ Դա տեղի է ունեցել «Բեռնյան տրուբադուրներ» թատերախմբի ներկայացման շրջանակներում Բեռնի հանրահայտ «Theater an Zytglogge»-ում (Զանգակատան մոտի թատրոն)։ Հենց Մանի Մատտերի մենակատարումների շնորհիվ է, որ «Բեռնյան տրուբադուրներ»-ը (Ռուդի Կրեբս, Մանի Մաթեր, Յակոբ Շտիկելբերգեր, Բերնհարդ Շտիրնեման) ճանաչվել և հայտնի են դարձել ողջ գերմանախոս Շվեյցարիայում։ Քեմբրիջյան ընդմիջումից հետո Մանի Մատտերը շարունակել է ելույթները, բայց այժմ ավելի կամերային կազմով (Յա. Շըիկելբերգերի և Ֆ. Վիդմերի հետ միասին), իսկ 1971 թվականից սկսած Մատտերը սկսել է իր մենակատարային կարիերան։

Մանի Մատտերի պաշտոնական սկավառակագրությունը սովորաբար հաշվվում է 1966 թվականից, երբ Հ. Ռամսայերը և Ռ. Աթենհոֆերը նորաստեղծ Zytglogge Verlag հրատարակչությունում թողարկել են I han en Uhr erfunde («Ես հորինել եմ ժամացույցը…») ոչ մեծ  սկավառակը։ 1967 թվականին հաջորդել է Alls wo mir id Finger chunnt սկավառակը («Այն ամենը ինչ, որ չի  ընկնում իմ ձեռքը…»), իսկ 1970 թվականին՝ Hemmige սկավառակը («Խոչընդոտներ»)։ 1972 թվականին երգիչ բանաստեղծի սկավառակագրությունը համալրվել է Betrachtige über nes Sändwitsch («Մտորումներ բուտերբրդի մասին») ալբոմով, իսկ 1973 թվականին՝ Մանի Մատտերի մահից հետո, թողարկվել է անձամբ նրա կողմից կազմված Ir Ysebahn («Երկաթգծի վրա») ժողովածուն։  

Մատտերի բանաստեղծությունները թողարկվել են ոչ միայն սկավառակներով, այլև բանաստեղծական ժողովածուների տեսքով։ 1965 թվականին «Benteli Verlag» հրատարակչության կողմից լույս է ընծայվել բեռնյան շանսոնի անթոլոգիան։ Ի թիվս այլ բանաստեղծությունների, այդտեղ ընդգրկված են եղել նաև Մանի Մատտերի երեք երգերը։ 1969 թվականին ցյուրիխյան հրատարակիչ Էգոն Ամանը հրատարակել է նրա բանաստեղծությունների առաջին «մենակատարային» ժողովածուն՝ Us emene lääre Gygechaschte («Ջութակի դատարկ պատյանից»), որը նույն թվականին արժանացել է Բեռն քաղաքի գրական մրցանակին։ Ստացված գումարով Մանի Մատտերը գնել է Farfisa Keyboard ապրանքանիշի էլեկտրական երգեհոն, որի վրա հաճույքով փորձեր է արել։                  

Հարցազրույցներից մեկում, այն  հարցին, թե ինչպես են ծնվում իր բանաստեղծություններն ու երգերը, Մանի Մատտերը պատասխանել է, որ ստեղծագործական գործընթացի սկզբում, որպես կանոն, լինում են «վերացական գաղափարներ, ձևական գտածոներ, որոնք հետո փորձում եմ իրականացնել»։ Հետաքրքիր են նրա մեկնաբանությունները լեզվի վերաբերյալ։ Մանի Մատտերն իր երգերը գրել է բացառապես գերմաներենի բեռնյան բարբառով։ Մատտերն այդ ընտրությունը բացատրել է նրանով, որ իր իսկ խոսքերով Մանի Մատտերը պարզապես չգիտեր գրական գերմաներենով բանաստեղծություններ գրել։ Բացի այդ, նա չի սպասել, որ ինչ-որ մեկը լրջորեն կվերաբերվի իր աշխատանքին, հետևաբար, նա նույնիսկ չի ակնկալել գերմանախոս մյուս երկրների լսարանի ուշադրությունը, այդ պատճառով էլ որոշում է կայացվել երգել և գրել բեռնյան բարբառով։ Վերջապես, Մատտերի կարծիքով, բարբառը գրական տեսանկյունից ավելի քիչ է «աղտոտվել», ավելի ճկուն է և թույլ է տալիս նոր հանգեր հորինել։ Հարցին, թե ինչպես է իրեն հաջողվում իր հոգում համատեղել իրավաբանին և «գուսանին», Մանի Մատտերը պատասխանել, որ «իրականում այստեղ տարբերությունը շատ փոքր է՝ երկու դեպքում էլ խոսքը գնում է ճշգրիտ ձևակերպում գտնելու մասին»։ Բեռնի բարբառով երգելու որոշումը հանգեցրել է նրան, որ Մանի Մատտերը մնացել է բացառապես շվեյցարական երևույթ և անհայտ է այլ երկրներում[3]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 I han en Uhr erfunde (EP, "I invented a watch")
  • 1967 Alls wo mir id Finger chunnt (EP, "Anything I touch")
  • 1970 Hemmige (EP, "Inhibitions")
  • 1972 Betrachtige über nes Sändwitsch (EP, "Contemplations on a sandwich")
  • 1973 Ir Ysebahn (LP, "On the railroad")
  • 1973 I han es Zündhölzli azündt (double-LP, "I lit a match")

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Huber, Martin (2016 թ․ օգոստոսի 31). «Wo Mani Matter ums Leben kam». Tages-Anzeiger (գերմաներեն). ISSN 1422-9994. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  3. AG, Berner Zeitung, Tamedia Espace. «What's the Matter?». Berner Zeitung (գերմաներեն). ISSN 1424-1021. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանի Մատտեր» հոդվածին։