Մանիլայի կոտորած
Մանիլայի կոտորած, Ֆիլիպինների համար մղված պատերազմի դրվագ, որը տեղի է ունեցել 1945 թվականի մարտին Մանիլա քաղաքում, որի ժամանակ Ճապոնիայի Կայսերական բանակի զինվորները ռազմական հանցագործություններ են կատարել քաղաքի բնակչության նկատմամբ՝ ըստ ամերիկյան տվյալների սպանելով ավելի քան 100000 մարդ[1]։ Մանիլայի կոտորածը համարվում է ամենախոշոր ռազմական հանցագործությունը, որ կատարել է ճապոնական կայսերական բանակը։ Ֆիլիպինյան խմբավորման գլխավոր հրամանատար Տոմոյուկի Յամասիտան և շտաբի պետ գնդապետ Ակիրա Մուտոն ռազմական տրիբունալի կողմից մեղավոր ճանաչվեցին կոտորածի մեջ և մահապատժի ենթարկվեցին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի հունվարին ամերիկյան զորքերի ճնշման տակ գեներալ Տոմոյուկի Յամասիտան հրամայեց Մանիլայից հանել ճապոնական զորքերը[2]։ Սակայն ոչ բոլոր զորքերը կատարեցին նրա հրամանը։ Մոտ 10000 ծովային հետևակայիններ և 4000 զինվոր՝ ադմիրալ Սանձի Իվաբուտիի գլխավորությամբ, մնացին Մանիլայում և շարունակեցին պաշտպանվել։
1945 թվականի փետրվարի սկզբին Մանիլայի համար մղվող ճակատամարտի ժամանակ ճապոնական հրամանատարության համար պարզ դարձավ, որ քաղաքը պահել հնարավոր չէ։ Բանակի շտաբը տեղափոխվեց մայրաքաղաքից հյուսիս՝ Բագիո քաղաք։ Ճապոնական զորքը սկսեց Մանիլայի մեթոդիկ ավերումը և նրա քաղաքացիական բնակչության ոչնչացումը։ Ճապոնացիները գործողությունները մանիլցիների ընդհատակյա սադրանքի արդյունք չէին, ինչպես նաև կայազորի կողմից վրեժխնդրության դրսևորում էլ չէր, որը հայտնվել էր հուսահատ վիճակում, այլ ճապոնական հրամանատարության կողմից սառնասրտորեն նախօրոք ծրագրված գործողություն էր[3]։
Ավերվեցին եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի տներ։ 1945 թվականի փետրվարի 10-ին Կարմիր խաչի հիվանդանոց ներխուժած զինվորներն այնտեղ սպանդ արեցին՝ չխնայելով բժիշկներին, բուժքույրերին, հիվանդներին և երեխաներին[4][5]։ Մոդեստո Ֆարոլանը՝ Ֆիլիպինների Կարմիր խաչի ղեկավարը, հիշում է․ «1945 թվականի փետրվարի 10-ին ճապոնացի զինվորների ջոկատը մտավ Կարմիր խաչի շենք և սկսեց կրակել և դանակահարել բոլոր նրանց, ովքեր այնտեղ էին գտնվում, այդ թվում՝ բժիշկների, հիվանդների և փոքր երեխաների, բուժքույրերի և փախստականների։ Բուժքույրերը փորձում էին պաշտպանել նորածինների հետ մայրերին, սակայն նրանք բոլորն էլ կամ սվինահարվեցին կամ գնդակահարվեցին»։ Խաղաղ բնակչության սպանդն ուղեկցվեց կանանց և անչափահաս աղջիկների զանգվածային բռնաբարություններով։ Ռազմամթերքի խնայողության նպատակով զոհերին ծակծկում էին սվիններով, այրում էին։ Կոտորածի ժամանակ քաղաքում սպանվեցին հարյուրավոր օտարերկրացիներ, այդ թվում՝ Իսպանիայի գրեթե 250 քաղաքացի և Գերմանիայի ամենաքիչը 28 քաղաքացի[6]։ Ճապոնացիները հրդեհեցին նաև Իսպանիայի դեսպանատունը և սվինահարեցին մոտ 50 մարդու (այդ թվում մեկ իսպանացի դիվանագետի), որոնք փորձում էին թաքնվել դեսպանատան տարածքում։
Կոտորած ու ավերումներ տեղի էին ունենում նաև Մանիլայի շրջակայքում, օրինակ՝ ճապոնացիները լիովին ոչնչացրին Կալամբա ավանի 5000 բնակչին, իսկ քաղաքը հրդեհեցին[5]։ Վանքերում և կաթոլիկ դպրոցներում զանգվածայնորեն ոչնչացնում էին վանականներին և միանձնուհիներին, դպրոցականներին և ուսուցիչներին[7]։
Մանիլայի քաղաքացիական բնակչության մեծ կորուստները ոչ միայն ճապոնական գազանությունների արդյունք էին, այլև ամերիկյան օդային հարձակումների և հրետանու գնդակոծության[8]։
Այս դեպքերի արդյունքում բազմաթիվ մարդիկ լքեցին երկիրը։ Նրանց շարքերում էին ոչ միայն տեղացիները, այլև ազգային փոքրամասնությունները (այդ թվում՝ հայերը) և օտարերկրացիները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Smith, 1991, էջ 307
- ↑ Smith, 1991, էջ 240
- ↑ Escoda, 2000, էջ 97-98
- ↑ Escoda, 2000, էջ 218–219
- ↑ 5,0 5,1 «The Sack of Manila» (անգլերեն). battlingbastardsbataan.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Escoda, 2000, էջ 328
- ↑ Escoda, 2000, էջ 258
- ↑ Hastings, 2009, էջ 237
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Ross Smith Triumph in the Philippines // United States Army in World War II: The War in the Pacific. — Washington, DC: Center of Military History, 1991.
- Jose Ma. Bonifacio M. Escoda Warsaw of Asia: The Rape of Manila. — Quezon City: Giraffe Books, 2000. — ISBN 971-8832-37-8
- Max Hastings Retribution: The Battle for Japan 1944-45. — New York: Vintage Books, 2009. — ISBN 978-0-307-27536-3