Մակուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակուա
Ընդհանուր քանակ

8,55 միլիոն մարդ

Բնակեցում
Մոզամբիկ Մոզամբիկ
6,9 միլիոն մարդ
Մալավի Մալավի
1,3 միլիոն մարդ
Տանզանիա Տանզանիա
300 հազար մարդ
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
15 հազար մարդ
Զիմբաբվե Զիմբաբվե
25 հազար մարդ
Լեզու(ներ)
Մակուա
Հավատք(ներ)
ավանդաական հավատալիքներ, իսլամ, կաթոլիկություն

Մակուա (վամակուա, մակվա, մակոանե, նգուրու), Աֆրիկայի հարավային մասում բնակվող ազգ։ Ապրում են Մոզամբիկում, Մալավիում, Տանզանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Զիմբաբվեում[1][2]։

Բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուան բանտու խմբի ազգ է Մոզամբիկի կենտրոնական շրջաններում (Լուժենդա գետից հարավ՝ մինչև Զամբեզի գետի ստորին հոսանքը) և Մալավիի ու Տանզանիայի հարևան շրջաններում։ Մակուաները մոտ են լոմուեներին (արևմտյան մակուա), նգուլուներին (արևելյան մակուա), չուաբոներին։ Նրանց էթնոնիմն է՝ մակուա, վամակուա, մակվա, մակոանե, նգուրու[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզամբիկում բնակվում է մակուա ազգի 6,9 միլիոն, Մալավիում՝ 1,3 միլիոն, Տանզանիայում՝ 300 հազար ներկայացուցիչ։ Ոչ մեծ խմբեր ապրում են նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում (15 հազար մարդ) և Զիմբաբվեում (25 հազար մարդ)։ Բնակչության ամբողջական թիվը կազմում է 8 550 000 մարդ[4]։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց լեզուն իմակուան է (մակուա), բարբառները՝ մեդո, լոմվե[5]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուաները պահպանում են ավանդական հավատքը, կան սուննիներ և քրիստոնյաներ, մեծ մասամբ կաթոլիկներ են։ Մոզամբիկի ներքին շրջաններում պահպանվել է բնության ոգիների պաշտամունքը (անձրև գալու արարողություն), կախարդանքը[4][6]։

Ավանդական կենցաղավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուաները զբաղվում են անտառահատման-կրակային ձեռքի երկրագործությամբ, (մանիոկ, սորգո, բրինձ, լոբազգիներ, բանան), մանր եղջերավոր անասունների և թռչունների բուծմամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ։ Մեծ դեր է խաղում արտագնացությունը դեպի տնկադաշտեր, հանքեր և քաղաքներ։ Արհեստներից զարգացած է փայտամշակումը, ռաֆիայի (արմավենի) թելիկներից կարմիր և սև գույնի երկրաչափական նախշերով գործվածքների պատրաստումը։

Ավանդական սոցիալական կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուաները բաժանվում են ցեղախմբերի՝ ըստ մայրական ծագման։ Ընտանիքը մեծ է։ Ամուսնությունը մայրական տեղայնացում ունի (ապրում են մայրական ծնողների հետ)։ Հիմնական բաղկացուցիչ մասը կազմում են գյուղական համայնքները[4]։

Ավանդական կացարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուա ազգի աշխարհագրական տեղաբաշխումը

Մակուաների մեծամասնությունն ապրում է շրջանաձև հատակագծով ոչ մեծ գյուղերում։ Տները կլոր են՝ ծղոտից և արմավենու տերևներից պատրաստված բարձր կոնաձև տանիքներով, տնտեսական կառույցները հյուսված են ճյուղերով և կավածեփ։ Ծովափնյա շրջաններում հիմնականում տարածված են երկթեք կտուրներով ուղղանկյունաձև տները։ Տնկարանները շրջապատված են խուլ ցանկապատներով։ Մակուաների մի մասն ապրում է քաղաքներում, զբաղվում արհեստներով և առևտրով։

Ավանդական հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխառվել է սվահիլիից․ տղամարդիկ կրում են հալաբեա, վարտիք, սանդալներ և դեկորատիվ բամբակյա գլխարկ, իսկ կանայք՝ վառ գույնի թիկնոց և երկար զգեստ[4]։ Գյուղական համայնքներում տղամարդիկ կրում են միագույն կտորից պատրաստված հագուստ, որը ծածկում է մարմինը գոտկատեղից մինչև ծնկները, իսկ կանայք՝ երկու կտորից բաղկացած (գոտկային և կրծքային) հագուստ։

Ավանդական սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուաները հիմնականում օգտագործում են բուսական սնունդ (շիլա` մանրացված հատիկներով և բանջարեղենային ամոքանքով), ձուկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anthony Appiah; Henry Louis Gates (2010). Encyclopedia of Africa: Kimbangu, Simon - Zulu, Volume 2. Oxford University Press. էջ 116. ISBN 978-0-19-533770-9.
  2. Godfrey Mwakikagile (2013). Africa at the End of the Twentieth Century: What Lies Ahead. New Africa Press. էջեր 136–137. ISBN 978-9987-16-030-3.
  3. Hilary C. Palmer; Malyn D.D. Newitt (2016). Northern Mozambique in the Nineteenth Century: The Travels and Explorations of H.E. O’Neill. BRILL Academic. էջ 223 with footnote 17. ISBN 978-90-04-29368-7.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Лукин 1998: 35
  5. Lomwe, MAKHUWA-MACA, MAKHUWA-MAKHUWANA, MAKHUWA-METTO, MAKHUWA-SHIRIMA, Ethnologue
  6. An official census is unavailable. Various sources estimate it as follows: (a) 66% The Makua of Mozambique, (b) 71% Makua Արխիվացված 2016-12-19 Wayback Machine, (c) 67% Makua, Makhuwa-Meetto in Mozambique

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лукин М. Макуа // Народы и религии мира / Глав. ред. В. А. Тишков. М.: Большая Российская Энциклопедия, 1998. С. 35 - 36.
  • Макуа // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.