Մաթեմատիկայի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum of Mathematics)[1], թանգարան է, որը նվիրված է մաթեմատիկային և գտնվում է Մանհեթենում` Նյու Յորք քաղաքում[2][3]։ Բացվել է 2012 թվականի դեկտեմբերի 15-ին։ Այն գտնվում է Արևելյան 26-րդ փողոց, 11 հասցեում, Հինգերորդ և Մեդիսոն պողոտաների միջև, Մեդիսոն Սքուեր Փարքի դիմաց, Նոմադում։ Այն մաթեմատիկային նվիրված միակ թանգարանն է Հյուսիսային Ամերիկայում[4], և այստեղ ներկայացված են ավելի քան երեսուն ինտերակտիվ ցուցանմուշներ։ Թանգարանի առաքելությունն է «ավելացնել ըմբռնումը և մաթեմատիկայի հանդեպ ընկալումը հասարակության կողմից»[5][6]։ Թանգարանը հայտնի է քառակուսի անիվներով հատուկ եռանիվ հեծանիվով, որը սահուն շարժվում է հարթ մակերեսով[7][8]։
2006 թվականին Լոնգ Այլենդ նահանգի Գուդրեու թանգարանը, որն այն ժամանակ Միացյալ Նահանգների` մաթեմատիկային նվիրված միակ թանգարանն էր, փակել է իր դռները[9]։ Ի պատասխան դրան՝ մի խումբ մարդիկ հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Գլեն Ուիթնիի գլխավորությամբ հանդիպել են` քննարկելու նոր թանգարան բացելու հնարավորությունը։ Նրանք կանոնադրություն են ստացել Նյու Յորք նահանգի կրթության դեպարտամենտից 2009 թվականին[7] և չորս տարվա ընթացքում հավաքեցին ավելի քան 22 միլիոն դոլար[10]։
Այս ֆինանսավորմամբ Արևելյան 26-րդ փողոց 11-13 հասցեում գտնվող Գոդդարդ շենքում վարձակալության է տրվել 1800 քմ տարածք։ Չնայած տեղական համայնքի ներսում ճարտարապետական ծրագրերի որոշակի հակասություններին[11]` շինարարության թույլտվությունը տրվել է Նյու Յորքի քաղաքային նշանների պահպանության հանձնաժողովի և շենքերի դեպարտամենտի կողմից։