Ղարաբաղ Կարպետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղարաբաղ Կարպետ, ընկերությունը հիմնվել է 2013 թվականին Արցախի Հանրապետությունում[1]։ Այն զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ։ «Ղարաբաղ Կարպետը» գործարաններ ունի Ստեփանակերտում, Շուշի, Հադրութ, Բերձոր քաղաքներում և Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։

Ընկերության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ղարաբաղ կարպետի» գործարանը

Ընկերությունը մեծ մասամբ արտադրում է հայկական, մասնավորապես տիպիկ արցախյան գորգեր, ինչպես նաև տարբեր տիպի և ոճի, տարբեր մշակույթներին հատուկ գորգեր։ Դարեր շարունակ Արցախի գորգերը մեծ ճանաչում և համբավ են ունեցել աշխարհով մեկ։ Արցախը հայոց գորգագործական մշակույթի հարստության ու ինքնատիպության մասին պատկերացում տվող բացառիկ տարածաշրջաններից է։ Եվ «Ղարաբաղ Կարպետի» հիմնական նպատակը, գորգագործության այդ դարավոր փառքն ու ավանդույթը վերականգնելն է[2]։ Ընկերությունն արտադրում է տարբեր չափսի և գունային բաշխման, տարբեր խտության գորգեր, տեղական ոչխարի բրդյա թելից և բամբակից։ Արցախում կատարվում է թելերի ներկում, գործված գորգերի քիմիական մշակում, խուզում և մյուս բոլոր գործընթացներ։ Ներկայումս «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունում գործում են մինչև 32 խտության գորգեր՝ հիմնականում 3, 4 մինչև 5 քմ մակերեսով։ Գործվում են հիմնականում ավանադական գորգերի տեսակներ, ինչպես Արծվագորգեր, Արևագորգեր, Հարսանեկան գորգեր, Աստղ-հավք, Արծվենշան, Խնձորեսկ, Կեռանախշ վարդյակներով գորգեր, Թռչնաբուն, Վիշապագորգեր, Խաչ-խորան, Թագ գորգ և այլն։

«Ղարաբաղ կարպետի» արտադրության եվրոպական ոճի գորգեր

Գորգագործության պատմությունն Արցախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորգագործական մշակույթն Արցախում խոր արմատներ ունի։ Արցախյան հին գորգերը ներկայացված են այսօր աշխարհի բազմաթիվ թանգարաններում։ Պայմանավորված այն հանգամանով, որ Արցախը տարբեր ժամանակահատ­վածներում եղել է տարբեր երկրների տիրապետության տակ, արցախյան գորգերը տարածվել են գրեթե ամբողջ Ասիայի և Եվրոպայի երկրներում։

Արցախյան շարժման և Արցախյան ազատամարտի հետ կապված անկում ապրեց սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը, այդ թվում նաև բազմաթիվ այլ արտադրություններ, կիրառական արվեստի ճյուղերի և տարբեր ոլորտների հետ միասին Արցախում անկում է ապրել ձեռագործ գորգագործությունը։ Սակայն անհատական նախաձեռնությամբ տնայնագործության մակարդակով հաջողվեց պահպանել գորգագործության մշակույթը՝ որպես ընտանեկան ավանդույթ և ժառանգություն։

Ավանդական գորգերի արտադրությունը մասամբ կասեցվել է նաև խորհրդային տարիներին՝ երբ գորգագործական գործարաններում գործված ձեռագործ ու մեքենագործ գորգերը գրավել են շուկան։ Այդ իսկ պատճառով Արցախում հետզհետե վերանում էր գորգագործության ավանդույթը։

Այժմ «Ղարաբաղ կարպետի» հիմնական նպատակներից մեկը՝ այդ դարավոր ավանդույթն վերականգնելն ու արցախյան գորգերի համբավն աշխարհով տարածելն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ղարաբաղ Կարպետի պաշտոնական կայքէջ». karabakhcarpet.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Արցախյան գորգերի վերածնունդը Ղարաբաղ Կարպետ ընկերության ձեռնարկություններում