Հրանտ Վարդանյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրանտ Վարդանյան (այլ կիրառումներ)
Հրանտ Միքայելի Վարդանյան
Г. М. Варданян.jpg
Ծնվել է 1949, հունվարի 23
Ծննդավայր Երևան,Հայկական ԽՍՀ
Մահացել է 2014, ապրիլի 20
Մահվան վայր Երևան
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն ինժեներ
Աշխատանք գործարար, մեկենաս
Ամուսին Զինա Մուրուզյան
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացի Մեդալ.jpgЗаслуженный работник экономики Республики Армения.pngI41.jpg
Երեխաներ Միքայել Վարդանյան
Կարեն Վարդանյան

Հրանտ Միքայելի Վարդանյան (1949թ., հունվարի 23, Երևան - 2014թ., ապրիլի 20, Երևան),- գործարար, հայկական հայրենական արտադրության առաջամարտիկ, «Գրանդ Հոլդինգ» ազգային առաջատար կորպորացիայի հիմնադիր և ղեկավար, բարեգործ և մեկենաս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողների և քույրերի հետ, 1954

Հրանտ Միքայելի Վարդանյանը ծնվել է 1949թ. հունվարի 23-ին Երևանում (Հայաստան), բանվորի ընտանիքում։ 1956-1966թթ. սովորել է Երևանի Ս.Մ. Կիրովի անվան համար 12 միջնակարգ դպրոցում։ 1968-1974թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետում՝ ստանալով սննդարդյունաբերության ինժեների որակավորում։ 1990թ.-ից տնտեսական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։ Հրանտ Վարդանյանի շնորհիվ 2000թ. մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով վերականգնվել է Աշխատանքի միջազգային օրվա տոնակատարությունը։ Եղել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2003թթ.), Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի ղեկավար մարմնի անդամ (1992-2001թթ.), Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ (2003-2014թթ.)։

Հրանտ Վարդանյանը մահացել է 2014թ. ապրիլի 20-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[1][2][3]։

Արտադրամասում

Բիզնես գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Վարդանյանն աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատում, որպես ինժեներ-տեխնոլոգ։ 1984թ.-ից կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալն է եղել։ 1996թ.-ից սկսել է բիզնես գործունեությունը՝ խթանելով հայրենական արտադրության վերականգման ու զարգացմանը։ Հիմնադրել է «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և այլ ընկերություններ, որոնք ոչ միայն առաջատար դիրք են գրավում Հայաստանի ներքին շուկայում, այլև ազգային արտադրանքն արժանապատվորեն ներկայացնում են աշխարհի շատ երկրներում։ Նրա հիմնադրված ընկերությունների խումբը՝ «Գրանդ Հոլդինգը», պատրաստի արտադրանք արտահանող առաջատար ընկերությունն է Հայաստանում։ 2016թ.-ին «Գրանդ Հոլդինգի» աշխատատեղերի քանակը գերազանցել է 7800-ը։ Ընկերության հետ համագործակցելու շնորհիվ գյուղատնտեսության ոլորտում ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր՝ հատկապես Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում։

Բիզնես գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատասենյակում

1991թ.-ից՝ անկախության առաջին վեց տարիներին, երբ երկրում զանգվածային գործազրկություն էր, Հայաստանում գրեթե ոչինչ չէր արտադրվում և ամեն ինչ ներկրվում էր, Հրանտ Վարդանյանը՝ որպես գործարար, իր առջև դրեց հայրենական արտադրության վերածննդի ու զարգացման խնդիրը։ Նա առաջինը հավատաց, որ Հայաստանում անհրաժեշտ մտավոր, կադրային ու արտադրական ներուժ կա՝ ներքին ու արտաքին շուկաներում մրցակցելու համար։ Գաղափարախոսությունը հետևյալն էր. հայ սպառողը պետք է տեղական արտադրանք գնի՝ դրանով խթանելով հայրենական արտադրությունը, իսկ հայրենական արտադրողը պետք է բարձրորակ ապրանքներ արտադրի, որպեսզի սպառողը նախապատվությունը «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ արտադրանքին տա։ Այդ գաղափարախոսությամբ նա մյուս արտադրողների համար օրինակ դարձավ և իր գործունեությամբ ապացուցեց, որ զանգվածային գործազրկության, արտագաղթի և շրջափակման պայմաններում հայ ազգը ոչ միայն կարող է աշխատել, որակով արտադրանք տալ և իր երկրում արժանապատվորեն ապրել, այլև իր արտադրանքն արտահանել ու այլ երկրների բազմամիլիոնանոց շուկաները գրավել։

Մայիսի 1-ի տոնակատարության ժամանակ

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Վարդանյանի բարեգործական գործունեությունը բազմանպատակ ու համակարգային էր՝ գիտություն, կրթություն, մշակույթ, առողջապահություն, սպորտ, ազգային կենդանաբանական այգի, «Հայրենիք» մանկական բարեգործական հեռուստաալիք, Սոցաշխատանքի հերոսներին ամենամսյա թոշակի վճարում։

Հրանտ Վարդանյանը Հայաստանի Տավուշի մարզում՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, երկարաժամկետ խոշոր բարեգործական ծրագրեր էր իրականացնում՝ դրանով իսկ նպաստելով տեղական համայքների զարգացմանը։ Կառուցել է ՀՀ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցին[4]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի հետ, 2009

Հրանտ Վարդանյանը ծնվել է Միքայել Վարդանյանի և Շուշանիկ Սարգսյանի ընտանիքում։ Ունի երկու քույր՝ Ռիմա և Ռոզա։ Արմատներն Արևմտյան Հայաստանի Խնուս գյուղից են։ Տատիկն ու պապիկը 1915թ. Հայոց ցեղասպանության զոհեր են դարձել։ 7 տարեկանում կորցրել է հորը։ Կնոջ՝ Զինա Մուրուզյանի հետ ծանոթացել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտում ուսանելու տարիներին։ Ամուսնացել են 1972թ.-ին։ Ունի երկու որդի՝ Միքայել և Կարեն, և վեց թոռ՝ Իզաբելլա, Զինա, Հրանտ, Դանիել, Մարկ և Ակսել։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական արտադրության վերականգնման գործի մեջ ներդրած ավանդի համար Հրանտ Վարդանյանին ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է Անանիա Շիրակացու մեդալ (1999թ.)
  • անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ Նախագահի կողմից Հրանտ Վարդանյանին շնորհվել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կոչում (2009թ.)[5]
  • Հրանտ Վարդանյանը հանրապետության տնտեսության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման և ավանդի համար ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով (2014թ., դեկտեմբերի 20)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аркадий Асрян "ГЕРОИ АРМЯНЕ", Ереван "Амарас" 2015, с. 349

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]