Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
SEUA logo.svg
State Engineering University of Armenia 2.jpg
Հապավում ՀԱՊՀ
Տեսակ համալսարան
Նախկին անվանումներ Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարան (1991-2014), Երևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական Ինստիտուտ (1933-1991)
Հիմնադրված է 1933
Անվանված է Կարլ Մարքս
Տիպ պետական
Ռեկտոր Ոստանիկ Մարուխյան
Ուսանողներ շուրջ 10 000
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
(մասնաճյուղեր՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում)
Պարգևներ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայք npua.am
Կոորդինատներ: 40°11′27.990000098794″ հս․ լ. 44°31′23.190000098797″ ավ. ե. / 40.19110833336077349° հս․. լ. 44.52310833336077422° ավ. ե. / 40.19110833336077349; 44.52310833336077422
National Polytechnic University of Armenia Վիքիպահեստում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀբարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։ Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում՝ Երևանում։

Մինչև 1991 թ. համալսարանը հայտնի էր որպես Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ կամ պարզապես Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ՝ ԵրՊԻ (հաճախ ոչ-պաշտոնապես անվանվում էր Պոլիտեխնիկ), իսկ 1991-2014 թթ. անվանվում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ 2014 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի[1]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՊՀ առաջին մասնաշենք

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իրավաժառանգորդն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թ.-ին՝ ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։ Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980–1985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանող և 66-ից ավելի մասնագիտություն՝ դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։

Պոլիտեխնիկ, Մասնաշենք` առաջին (5).JPG

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը 2014 թ. նոյեմբերի 13-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)։ ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ ՀԱՊՀ կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը։

ՀԱՊՀ 9-րդ մասնաշենք

Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մարզերի մասնաճյուղերում, որոնց նպատակն է դեռ դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների։ Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։

Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ՝ Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան՝ ավելի քան 1 միլիոն միավոր գրականությամբ, Տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական և այլ օբյեկտներ, ուսումնամարզաառողջարարական ճամբարներ։ Համալսարանն ունի համակարգչային լայն ցանց՝ ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։

Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում (նախագահ՝ «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյան)՝ ձգտելով նպաստել իրենց Ալմա Մատերի համակողմանի զարգացմանը։ Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։

ՀԱՊՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերենով և անգլերենով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ։

Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ ՀԱՊՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա՝ եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։

Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, NATO, NISCUPP և այլն)։

ՀԱՊՀ բաժանմունքներ և կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՊՀ մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՊՀ միջազգային համագործակցության քարտեզն այսօր ընդգրկում է՝

  1. ԱՄՆ ԱՄՆ
    • Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական (Պոմոնա) համալսարան
    • Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտ
    • Փերդյուի (Ինդիանա)
    • Բատոն Րուժի Հարավային (Լուիզիանա)
    • Գրեմբլինգի պետական (Լուիզիանա)
    • Նոր Օռլեանի պետական (Լուիզիանա) համալսարաններ
  2. Գերմանիա Գերմանիա
    • Իլմենաուի տեխնալոգիական համալսարան
    • Օպտոէլեկտրոնիկայի ինստիտուտ (Ուեսլինգ)
    • Շտուտգարտի տեխնիկական համալսարան
    • Դարմշտադի տեխնիկական համալսարան
  3. Իսպանիա Իսպանիա
    • Բարսելոնի ինքնավար
    • Ալիկանտեի համալսարաններ
  4. Իտալիա Իտալիա
    • Հռոմի «Լա Սապիենզա»
    • «Տոր Վերգատա» համալսարաններ
    • Թուրինի պոլիտեխնիկական համալսարան
  5. Հունաստան Հունաստան
    • Սալոնիկի Արիստոտելյան
    • Աթենքի ազգային տեխնիկական
    • Պիրեայի տեխնոլոգիական կրթության համալսարաններ
  6. Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
    • Արևմտյան Լոնդոնի Բրյունելի
    • Բելֆաստի թագավորական
    • Հադերսֆիլդի
    • Ուոլվերհամփթոնի համալսարաններ
  7. Շվեդիա Շվեդիա
    • Ստոկհոլմի Թագավորական Տեխնոլոգիական ինստիտուտ
    • Լունդի համալսարան
  8. Չինաստան Չինաստան
    • Ջիլինի համալսարան
    • Շանհայի էլեկտրատեխնիկական համալսարան
    • Խուաջունի տեխնիկական համալսարաններ
  9. Պորտուգալիա Պորտուգալիա
    • Լիսաբոնի տեխնիկական համալսարան
  10. Ռուսաստան Ռուսաստան
    • Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ
    • Բաումանի տեխնիկական
    • Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարաններ
  11. Սիրիա Սիրիա
    • Դամասկոսի համալսարան
  12. Ուկրաինա Ուկրաինա
    • Ուկրաինական ազգային տեխնիկական համալսարան (Կիև)
    • Ուկրաինայի թեթև արդյունաբերության պետական ակադեմիա (Կիև)
  13. Ֆինլանդիա Ֆինլանդիա
    • Օստրոբոսնիայի կենտրոնական պոլիտեխնիկական համալսարան

ՀԱՊՀ պատմության հիշարժան տարեթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1933 թ. փետրվարի 27-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ միավորվեցին ՀԽՍՀ շինարարական և քիմիատեխնոլոգիական ինստիտուտները, և 1933 թ. մարտի 1-ին հիմնադրվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ երկու ֆակուլտետներով՝ շինարարական և քիմիատեխնոլոգիական։
  • 1933 թ. մարտի 14-ին, Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ինստիտուտը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։
  • 1939 թ. ՀԽՍՀ հեռակա ինդուստրիալ ինստիտուտը միացվեց ԵրՊԻ-ին՝ դառնալով նրա հեռակա բաժինը։
  • 1942 թ. սեպտեմբերի 1-ին բացվեց էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
  • 1944 թ. սեպտեմբերի 1-ին բացվեց մեխանիկական ֆակուլտետը։
  • 1946 թ. աշնանը տեղի ունեցավ ինստիտուտի ուսանողական գիտական առաջին համաժողովը։
  • 1947 թ. ձևավորվեց ԵրՊԻ-ի ուսանողական գիտական ընկերությունը։
  • 1953 թ. ստեղծվեց ԵրՊԻ-ի լեռնային ֆակուլտետը։
  • 1956 թ. շահագործման հանձնվեց ԵրՊԻ-ի գրադարանի ընթերցասրահը՝ 45 հազար միավոր գրքով։
  • 1957 թ. մայիսի 1-ին, լույս տեսավ «Պոլիտեխնիկ» թերթի անդրանիկ համարը։
  • 1959 թ. հիմնադրվեցին ԵրՊԻ Լենինականի և Կիրովականի մասնաճյուղերը։
  • 1961 թ. կազմավորվեց ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
  • 1964 թ. հիմնադրվեց ԵրՊԻ-ի կամերային նվագախումբը, որը հետագայում արժանացավ «ժողովրդական կոլեկտիվ» պատվավոր կոչմանը։
  • 1966 թ. Ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը վերանվանվեց տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ։
  • 1972 թ. կազմավորվեց ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը՝ առանձնանալով տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետից։
  • 1972 թ. կազմավորվեց էներգետիկայի ֆակուլտետը։
  • 1972 թ. Դիլիջանում բացվեց ԵրՊԻ-ի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի բաժանմունքը։
  • 1974 թ. ինստիտուտում ստեղծվեց հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը։
  • 1978 թ. տեխնիկական կիբեռնետիկայի և ռադիոտեխնիկայի ֆակուլտետների բազայի վրա հիմնադրվեց հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
  • 1978 թ. ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը վերանվանվեց ռադիոտեխնիկայի ֆակուլտետ։
  • 1985 թ. մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետների հիմքի վրա բացվեց տրանսպորտային ֆակուլտետը։
  • 1991 թ. Արցախում բացվեց ԵրՊԻ-ի Ստեփանակերտի մասնաճյուղը, որի բազայի վրա 1993 թ. հիմնադրվեց Արցախի համալսարանը։
  • 1991 թ., նոյեմբերի 29, Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-4 հրամանգրով ԵրՊԻ-ն վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի։
  • 1991 թ., դեկտեմբերի 9, ՀՀ կառավարության թիվ 670 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։
  • 1992 թ. բարձրագույն մաթեմատիկայի երեք ամբիոնների միավորմամբ ստեղծվեց մաթեմատիկայի դեպարտամենտը։
  • 1992 թ. հիմնադրվեց հասարակագիտական ֆակուլտետը, որը 1994 թ.-ին վերակազմավորվեց սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտի։
  • 1994 թ. ստեղծվեց մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտը։
  • 1994 թ. ստեղծվեցին համալսարանի շրջանավարտների միությունը և ուսանողական խորհուրդը։
  • 1996 թ. ՀՊՃՀ-ն դարձավ Եվրոպական համալսարանների ընկերակցության անդամ։
  • 1996 թ. Կապանում ԵրՊԻ-ի ուսումնակոնսուլտացիոն կետի հիման վրա բացվեց ԵրՊԻ-ի Կապանի մասնաճյուղը։
  • 2001 թ. հուլիսին հիմնադրվեց Ուսանողական կարիերայի ծառայությունների կենտրոնը։
  • 2001 թ. ստեղծվեց ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնը՝ «Լեդա Սիսթեմս» ԲԸ Հայաստանյան մասնաճյուղում։
  • 2003 թ. հոկտեմբեր, նշվեց ԵրՊԻ-ՀՊՃՀ հիմնադրման 70-ամյա հոբելյանը, որին մասնակցեցին ՀՀ Նախագահը, Վարչապետը և բազմաթիվ այլ հյուրեր։
  • 2004 թ. սեպտեմբեր, հիմնանորոգվեց և կահավորվեց Համալսարանի պատմական 1301 լսարանը՝ դառնալով Գիտական խորհրդի նիստերի և այլ հանդիսավոր միջոցառումների դահլիճ։
  • 2005 թ. սեպտեմբեր, ՀՀ կառավարության որոշմամբ Համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը։
  • 2005 թ. դեկտեմբեր, հրավիրվեց ՀՊՃՀ նոր Խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։
  • 2006 թ. մայիս, ՀՊՃՀ Շրջանավարտների միությունը վերակազմակերպվեց «Շրջանավարտների ասոցիացիայի», որի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ, պոլիտեխնիկցի Անդրանիկ Մարգարյանը։
  • 2014 թ. նոյեմբերի 13-ին «Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի։

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բաբաջանյան 1934-1936
  2. Հմայակ Ղոնդախչյան 1936-1937
  3. Աշոտ Մելիքջանյանը 1937-ի օգոստոսից մինչև հոկտեմբեր
  4. Միսակ Պետրոսյան 1937-1946
  5. Պետրոս Մելքոնյան 1946-1965
  6. Աշոտ Ասլանյան 1965-1966
  7. Արծրուն Գասպարյան 1966-1980
  8. Ռաֆայել Մովսիսյան 1980-1988
  9. Յուրի Սարգսյան 1988-2006
  10. Ոստանիկ Մարուխյան 2006-2011
  11. Արա Ավետիսյան 2011-2014
  12. Հովհաննես Թոքմաջյան 2014-2015
  13. Ոստանիկ Մարուխյան 2015-ից

ՀԱՊՀ Ուսանողական Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՊՃՀ Ուսխորհուրդ

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ուսանողական Խորհուրդը ուսանողության ինքնակառավարման մարմին է, որը կոչված է պաշտպանելու Պոլիտեխնիկական Համալսարանի ուսանողության շահերը, ներկայացնելու ուսանողությանը համալսարանի կառավարման գործընթացում։ ՀՊԱՀ ուսխորհուրդը հիմնադրվել է 1994 թ. հոկտեմբերի 29-ին։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]