Jump to content

Քրիստափոր Հուսիկյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հուսիկյանց Քրիստափորից)
Քրիստափոր Հուսիկյանց
Ծնվել է1840
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1910
Մահվան վայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ և մանկավարժ

Քրիստափոր (Խաչատուր) Կիրիլի Հուսիկյանց (Կուսիկյան Քրիստափոր, 1840, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1910, Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն), հայ նկարիչ, ճարտարապետ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի վարժարանը։ Ինստիտուտի խնամատար Խաչատուր Լազարյանի խնդրագրով՝ որպես «բարեկիրթ և աշխատասեր պատանի», ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ սովորել է 27 տարի ընդմիջումներով՝ որպես «ազատ ունկնդիր» կամ «ազատ այցելու»` նա սովորել է Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության (1859-1868), ապա` գեղանկարչության (1866-1886, այլ տվյալներով՝ 1873-1886) բաժիններում[1]։ 1874 թվականին Հուսիկյանցը Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի որոշմամբ արժանացել է արծաթե փոքր խրախուսական մեդալի՝ Մոսկվայից հյուսիս, Յարոսլավլից ոչ հեռու, Վոլգայի ափին գտնվող Ռիբինսկ քաղաքի թատրոնի շենքի նախագծի համար։ Ակադեմիայում սովորելու տարիներին մտերմացել է Իլյա Ռեպինի հետ։ 1867 թվականին Ռեպինը Գեղարվեստի ակադեմիայի սաների ընկերական երեկույթներից մեկի ժամանակ ստեղծել է Հուսիկյանցի գրաֆիկական դիմանկարը (գնվել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի կողմից)։ Պարբերաբար ստանձնել է Փոթի քաղաքի ճարտարապետի պարտականությունները[2]։ 1886 թվականի հունվարի 28-ին Գեղարվեստի կայսերական ակադեմիայի խորհրդի կողմից ստացել է ոչ դասային նկարչի կոչում։ 1891 թվականից Հուսիկյանցը մանկավարժական գործունեության է անցել Նոր Նախիջևանում[3]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է գծանկարներ, վիմագիր և ջրաներկ աշխատանքներ։ Պահպանվել է հյուրանոցային նրա նախագիծը՝ համարներով, խանութներով և սրճարաններով՝ եռահարկ մի շինություն՝ արտաքին մասերի դեկորատիվ ներդաշնակ ձևերով, որտեղ կիսաշրջան պատուհանների լուծումների մեջ նկատելի են հայկական ճարտարապետության ավանդական տարրերը։ Դոնի Ռոստովի երկրամասային թանգարանի ֆոնդերում կարելի է տեսնել Հուսիկյանցի այլ աշխատանքներ՝ գերեզմանային ցանկապատերի նախագծեր՝ բարդ բուսական զարդանախշերով։
«Ավերակ վանք» փոքրադիր ջրանկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆեոդոր Դոստոևսկի, 1883
  • Տարաս Շևչենկո, 1884
  • Պետրոս Ադամյան, 1884, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
  • Հովհաննես Այվազովսկի, 1890
  • Մկրտիչ Խրիմյան, 1893, վիմագրություն
  • Միքայել Նալբանդյան, 1904, ստվարաթուղթ, ջրաներկ
  • Ռաֆայել Պատկանյան, 1906, վիմագրություն
  • Րաֆֆի, 1906, թուղթ, տուշ
  • Իվան Տուրգենև
  • Ցարական պալատի որսապետ Միխայիլ Վոլկովի դիմանկարը, Վիշնի Վոլոչյոկի երկրամասային թանգարան
  • Գնդապետ Նիկոլայ Մանզեյի դիմանկարը
  • «Տիկին Մոկուռի դիմանկարը»
  • Իշխան Վլադիմիր Բարյատինսկու դիմանկարը

Ջրանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինտերիեր» (1870, ջրաներկ, պահվում է Էրմիտաժի ֆոնդերում)
  • «Էջմիածնի վանքը»
  • «Էջմիածնի լիճը և վանքը»
  • «Գեղարդի վանքը»
  • «Օշականի եկեղեցին»
  • «Սուրբ Հռիփսիմե եկեղեցին»,
  • «Աշտարակի Կարմրավոր եկեղեցին»
  • «Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին»
  • «Խոր Վիրապի վանքը»

Այս ջրանկարներն այժմ գտնվում են Սարդարապատի ազգագրության թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юбилейный справочник императорской Академии художеств: 1764-1914. Сост. С. Н. Кондаков. Часть вторая – Список русских художников, с. 56; Художники народов СССР. Биобиблиографический словарь, с. 251)
  2. Валерий Рязанов, От первого приюта до наших дней. Из истории изобраз ительного искусства Нахичевани-на-Дону, Ростов-на-Дону, 2011, с. 18-21
  3. «Արարատ Աղասյան։ Մոռացված անուն. նկարիչ և ճարտարապետ Քրիստափոր (Խաչատուր) Հուսիկյանց (1840-1910)».