Հունական բարձր դասականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունական բարձր դասականություն, մ.թ.ա. V դարի երկրորդ կեսն արվեստի բոլոր տեսակների ծաղկման ժամանակաշրջանն էր։ Աթենքը շարունակում էր համարվել Հունաստանի առաջատար քաղաքներից մեկը։ Պերիկլեսի կառավարման ժամանակաշրջանում Աթենքը ապրում էր իր զարգացման ոսկե դարը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքի միջնաբերդը (Ակրոպոլիսը), Պերիկլեսի օրոք համարվում էր ամենանշանավոր համակառույցը։ Մ.թ.ա. V դարի երրորդ քառորդի ընթացքում վեր խոյացան սպիտակ մարմարակերտ շենքեր։ Դրանցից են՝ Պարթենոնը, Պրոպիլեոնը, Նիկե Ապտերոսի Անթև Նիկայի տաճարը։ Հույն ճարտարապետները կարողանում էին հիանալի վայրեր ընտրել իրենց կառուցվածքների համար։ Ակրոպոլիսի հատակագծումը և կառուցումը իրականացվել են Հունաստանի մեծագույն քանդակագործ Ֆիդիասի ընդհանուր ղեկավարությամբ (մ.թ.ա. V դարի երկրորդ և երրորդ քառորդներ)։ Ակրոպոլիսի գլխավոր տաճարը Պարթենոնն է։ Պարթենոնը կառուցել են (մ.թ.ա. 447-438 թվականներին)։ Պարթեոնի վեհատեսիլ պարզությանը և խստաբարո ներդաշնակությանն ասես հակադրվում են Էրեքթևսի կոմպոզիցիայի նրբագեղությունը և ազատությունը՝ անհամաչափ մի շարք, որը կառուցվել է Ակրոպոլիսում անհայտ վարպետի կողմից մ.թ.ա. 421-406 թվականներին։

Քանդակագործություն։ Քանդակ։ Ֆիդիաս։[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթեոնի կահավորությունը ստեղծվում էր Ֆիդիասի ղեկավարությամբ ու մասնակցությամբ։ Ֆիդիասը ծնվել է Աթենքում։ Նրան է պատկանում նաև Աթենաս կույսի (մ.թ.ա. 447-438 թվականներին) տասներկու մետրանոց արձանը։ Պարթեոնի արևելյան ճակտոնում զետեղված էր մի կոմպոզիցիա, որը նվիրված էր Զևսի գլխից Աթենասի ծնվելուն։ Արևելյան արձանի ճակտոնի մեջ՝, ուր ներկայացված էր ամբողջ Ոլիմպոսը, առանձնանում են երեք մոյրաները՝ ճակատագրի աստվածուհիները, գիշերվա աստվածուհու աղջիկը, նրանց պատկերները բարձր կլասիկայի ամենակատարյալ ստեղծագործություններն են։ Տաճարի բոլոր ինսուներկու մետոպները զարդարված էին մարմարյա բարձրաքանդակներով, որոնցում առանձնանում են լապիֆների և կենտավրոսների ճակատամարտի պատկերումները։ Քանդակագործությունը լիովին իրականացնում է իր պատկերային խնդիրները՝ առանց խախտելու ճարտարապետական ամբողջականությունը։ Այդ նույն սկզբունքով է կառուցված եզրազարդը, կամ զոֆորը, որն ամբողջովին ծածկված է Աթենասին նվիրված տոնական շքերթ պատկերող ռելիեֆների ժապավենով։ Ռելիեֆների եզրազարդի մոտ 200 մ տարածության մեջ, միևնույն մակարդակի վրա պատկերները տեղավորելու դեպքում, խուսափելով միալարությունից և խայտաբղետությունից, եզրազարդի կերտողները արտահայտել են ժողովրդական երթի ամբողջ հարստությունը և բազմազանությունը, նրա հանդիսավոր ներդաշնակությունը։

Պոլիկլետոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. V դարի երկրորդ կեսի սկզբներին գեղարվեստական կյանքը բարգավաճում էր ոչ միայն Աթենքում, այլև մյուս քաղաքներում։ Պոլիկլետոսի ամենափառաբանված արձանը «Դորիֆորոսն» է, փառապանձ մարտիկ-քաղաքացու խիզախ իդեալի կատարյալ մարմնավորումը։ Բրոնզե այս արձանը, որը հայտնի է հռոմեական պատճեններով, պատկերում է մի մկանուտ, ուժեղ պատանու՝ ուսին նիզակ։ Հավասարակշռությունն ստեղծվում է շնորհիվ այն բանի, որ մի փոքր բարձրացած աջ ազդրին համապատասխանում է իջեցված աջ ուսը, և, հակառակը, ցածրացած ձախ ազդրին՝ մի փոքր բարձրացրած ձախ ուսը։ Մ.թ.ա. V դարի վերջերին բարձր կլասիկայում տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ. նուրբ քնարականության և մտերմիկության հատկանիշներն սկսեցին դուրս մղել հոյակերտ հերոսականը։

Սափորանկարչություն և գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր դասական արվեստի դարաշրջանում սափորանկարչությունը 9)(սևապակեր և կարմրապատկեր), ինչպես և նախկինում, զարգանում էր հոյակերտ գեղանկարչության և քանդակագործության հետ միասնաբար՝ միևնույն ուղղությամբ։ Պահպանվել են ականավոր գեղանկարիչների անուններ, որոնցից ամենանշանավորը եղել է Տասեսա կղզում ծնված Պոլիգնոտը (մ.թ.ա. V դարի կեսեր)։ Պոլիգնոտի կոմպոզիցիաներում գույնը օգտագործվել է գունազարդման համար, բայց նկարը աչքի էր ընկնում կատարելությամբ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Ներսիսյան, Մ․ Երզնկյան «Արտասահմանյան արվեստի պատմություն», Երևան, 2003 թ