Սափորանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սափորանկարչություն - անտիկ խեցե անոթների նկարազարդում։ Զարգացել է դեռևս Կրետե-Միկենյան մշակույթում։ Մ․թ․ա․ XX-XVI դարերում ազատորեն նկարազարդվել է (բույսեր, ձկներ, ծովաստղեր) անոթի ողջ մակերեսը։ «Պալատական ոճի» (մ․թ․ա․ XV դարի վերջ) սափորների նկարազարդումը աչքի է ընկնում զուսպ կոմպոզիցիայով, երկրաչափականացված բուսազարդերով։ Ուշ միկենյան արվեստում (մ․թ․ա․ XIV-XII դարերում) նկարազարդումները (մարդկանց, կենդանիների սխեմատիկ պատկերներ, երկրաչափական մոտիվներ, գալարագծեր) լակոնիկ են ու չոր։

Սափորանկարչությունը առանձնահատուկ կատարելության է հասել հին հունական արվեստում։ Այն որոշ պատկերացում է տալիս հին հունական գեղանկարչության մասին, որը գրեթե չի պահպանվել։ Սափորը պատում էին այսպես կոչված սև լաքով, սպիտակ, ծիրանագույն, հազվադեպ՝ ոչ դիմացկուն «ջրաներկային» ներկերով (երկնագույն, վարդագույն, կարմիր, մոխրագււյն, դեղին) և ոսկու նուրբ շերտով։ Նկարազարդման կոմպոզիցիան օրգանապես ենթարկվել է անոթի ձևակազմությանը։ Հունական սափորանկարչության զարգացման պատմությունը ունեցել է տարբեր շրջափուլեր․ մերձմիկենյան սափորանկարչությունը, որ խարսխվել է ուշ միկենյան ավանդույթների վրա (մ․թ․ա․ XI դարի 1-ին կես, զարդապատկերը կազմված է շրջագծերից, ալիքավոր գծերից, եռանկյունիներից), նախաերկրաչափական ոճ (մ․թ․ա․ XI դարի 2-րդ կես-X դար), երկրաչափական ոճ (մ․թ․ա․ IX-VIII դարեր, սափորի տեկտոնիկան ընդգծող հորիզոնական զարդագոտիներ և երկրաչափականացված պատկերներ), «գորգային ոճ» (մ․ թ․ ա․ VII դ․, բուսական նախշերի հետ համադրված կենդանիների և ֆանտաստիկ էակների բազմագույն պատկերներ)։ Ատտիկայում մ․թ․ա․ VI դարում ծաղկում է ապրել սև ֆիգուրներով ոճը (դեղին կամ կարմիր ֆոնի վրա սև լաքով պատկերված ֆիգուրներ, սպիտակ և ծիրանագույն ներկերով՝ հագուստի մանրամասեր, զարդանկարներ են)՝ ուրվագծերի երաժշտականությամբ, սև, հարթ, ընդհանրացված ուրվապատկերներով, տեսարանների (հիմնականում՝ դիցաբանական) նուրբ հուզականությամբ (մեծ վարպետներն էին՝ Կլիտիոսը, Էքսեկիասը, Ամասիսը)։ Մ․թ․ա․ մոտ 530 թվականին անցում է կատարվել կարմրաֆիգուր սափորանկարչությանը (սև ֆոն և կավագույն ֆիգուրներ, օժանդակ դեր կատարող զարդապատկեր, կենցաղային և դիցաբանական տեսարանների առատություն)։ «Խիստ ոճի» կարմրաֆիգուր սափորանկարչություն (մ․թ․ա․ VI դարի վերջին քառորդ - V դարի սկիզբ) առանձնանում է հատուկ ու նրբագեղ գծանկարով (մեծ վարպետներ էին՝ Եվֆրոնիոսը, Դուրիսը, Բրիգոսը)։ Մ․թ․ա․ V դարի 2-րդ քառորդից «ազատ ոճի» սափորանկարչության զարդապատկերը դարձել է առավել ծավալային ու բարդ։ Մ․թ․ա․ V դարի վերջ - IV դարը սափորանկարչությանը բնորոշ է դեկորատիվ ճոխությունը (Միդիայի նկարազարդ անոթների «շքեղ ոճ»-ը), կոմպոզիցիայի ծանրաբեռնվածությունը, հեռանկարի արտահայտման փորձը, անոթի ձևի և նկարազարդման միասնության խախտումը։ Բուն Հունաստանից բացի սափորանկարչությունը ծաղկում է սպրել Հարավային Իտալիայում։ Հունական սափորանկարչությունը մեծ ազդեցություն է ունեցել Էտրուսկների սափորանկարչության վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 251 CC-BY-SA-icon-80x15.png