Հովսեփ Ազնավուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Ազնավուր
արմտ. հայ.՝ Յովսէփ Ազնաւուր
Ծնվել է1854
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիս 1935
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս[1]
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան և Հռոմի գեղարվեստի ակադեմիա (1879)
Ուշագրավ աշխատանքներԲուլղարական Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Հովսեփ Ազնավուր (1854, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիս 1935, Կահիրե, Եգիպտոս[1]), Օսմանյան կայսրությունում գործած հայ ճարտարապետ։ Հայտնի է Պոլսի բուլղարական Սուրբ Ստեփանոս եկեղեցու կառուցմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Ազնավուրը ծնվել է Լոնդոնում։ Ընտանիքով Պոլիս փոխադրվելուց հետո՝ 1867 թվականին մեկնել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարան և 1871 թվականին վերադարձել է ծնողների մոտ։ Հոր երազանքն էր, որ որդին նախ երկրագործություն, ապա մեքենագիտություն և փաստաբանություն սովորի։ Բայց տեսնելով, որ այդ մասնագիտություններից ոչ մեկում նա չի հաջողում, ասպարեզի ընտրությունը թողել է Հովսեփին։ Այդպես Հովսեփը մեկնել է Հռոմ՝ ուսանելու գեղարվեստի վարժարանում[2]։

Մուրադ-Ռափայելյան վարժարանում սովորելու տարիներին Հովսեփ Ազնավուրը բարձր առաջադիմություն է ունեցել փիլիսոփայությունից, երկրաչափությունից և պատմագիտությունից, ինչպես նաև լավ է յուրացրել գծագրությունը և հաջողություններ է ունեցել սպորտում։ 1876 թվականին Հռոմում իտալական ընդհանուր մարզական մրցույթի ժամանակ 2000 մասնակիցների մեջ նա նվաճել է առաջին մրցանակները բոլոր մարզաձևերում։ Այդ կապակցությամբ Վիկտոր Էմանուել թագավորը նրան շնորհել է երկու արծաթյա կանթեղ և ժամացույց[2]։

1878 թվականին, ուսանող եղած ժամանակ, «Տիբերիուս» ընկերությունը Հռոմում ամառանոց կառուցելու մրցույթ է հայտարարել։ Հովսեփը հաղթել է այդ մրցույթում և ստացել է «Վալադիե» մեդալը[2]։ «Տիբերիուս» ընկերությունը ի պատիվ Ազնավուրի կազմակերպել է խնջույք, որին ներկա են եղել իտալացի իշխաններ։

Հովսեփ Ազնավուրը կառուցել է բազմաթիվ շենքեր. Հռոմում՝ «Տիբերիուս» ընկերության հանդիսասրահը, Պոլսում՝ Թեփեբաշի թաղապետական և Բերայի նոր ֆրանսիական թատրոնները, Ֆեների բուլղարական երկաթե եկեղեցին, Ռեժիի ծխախոտի ընկերության Ջիպալիի մեծ գործարանը, Սանասարյան, Գյուլբենկյան, Թոփալյան և Գաթըրճըօղլու խաները, Ռուքիե արքայադստեր և արքայազն Աբաս Հիլմիի ապարանքները, Նիյմեթ արքայադստեր, արքայազն Մուհամեդ Ալիի կնոջ և Պողոս բեյ Յուսուֆի դամբարանները[3]։

Հովսեփ Ազնավուրը նաև Վառնայի օպերային թատրոնի հեղինակն է (1895 թվական)[2]։

Նուբար Փաշայի օժանդակությամբ Եգիպտոսում կառուցել է մի շարք շինություններ[2]։

Եղել է Օսմանյան ճարտարապետների միության առաջին նախագահը (1913 թվական)[2]։

Հովսեփ Ազնավուրը եղել է Սահմանադրական ռամկավար կուսակցության հիմնադիրներից մեկը։ Երկար տարիներ անդամակցել է ՀԲԸՄ-ին, եղել է Կահիրեի թեմական ժողովի անդամ, մասնակցել է Կահիրեի հայ գեղարվեստասիրաց միությանը, եղել է Հայ մարմնամարզական ակումբի նախագահը։ Իր կարողության չափով սատարել է ազգային բարենպատակ հաստատություններին։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ազնավուրը տեղափոխվել է Եգիպտոս[2]։

Նրա վերջին աշխատանքը Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին նվիրված հուշարձանի ձևավորումն է, որը հետագայում ենթադրվում էր տեղադրել Հայաստանում[2]։

Նա նախագծել է նաև մասնավոր առանձնատներ և վիլլաներ[2]։

Մահացել է Կահիրեում, 1935 թվականի հունիսի վերջին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Union List of Artist Names — 2010.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Азнавур Овсеп — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.
  3. «biyografi.net: Hovsep Aznavur». www.biyografi.net. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.