Jump to content

Հովհաննես Սանահնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Սանահնեցի
Ծնվել է14-րդ դար
Մահացել է15-րդ դար
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ

Հովհաննես Սանահնեցի (14-րդ դար - 15-րդ դար), XIV դարի վերջի և XV դարի հայ գրիչ, մանրանկարիչ, հոգևոր ու մշակութային գործիչ։ Սանահինի վանքում աշակերտել է «քաջ րաբունապետ» Ղազար և «երաժշտապետ» Հովհաննես վարդապետներին։ Առաջին ձեռագիրը ընդօրինակել է 1399 թ.-ին։ Ուսումը կատարելագործելու նպատակով 1411 թ.-ին մեկնել է Երուսաղեմ, այնտեղ ընդօրինակել մի Մանրուսմունք։ Վերադառնալով Սանահին՝ ձեռնադրվել է վարդապետ։ Վերջին անգամ հիշատակվում է ծեր տարիքում, 1462 թ.-ին, իր գրած մատյանի հիշատակարանում։ Հովհաննես Սանահնեցու գրած կամ նկարազարդած շուրջ 10 ձեռագրից հինգը պահվում է Մատենադարանում (ձեռ. №№ 1537, 1587, 2130, 4435, 8979)։ Պահպանվել են նկարչի՝ տարբեր տարիքում արված ինքնանկարները (ձեռագիր № 1587, էջ 131 բ, ձեռագիր № 8979, էջ 218 բ)։ Քաջ ծանոթ լինելով հայկական մանրանկարչության ավանդույթներին՝ ստեղծել է բազմաթիվ տերունական պատկերներ, որոնք աչքի են ընկնում հորինվածքների ներդաշնակ համամասնությամբ, կերպարների հստակ մշակմամբ, հարուստ գունաշարով։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։