Հովհաննես Չիլինկիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Չիլինկիրյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 24, 1924(1924-09-24)
Մահացել էփետրվարի 5, 2021(2021-02-05) (96 տարեկան)
Մահվան վայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հրապարակախոս և պատմաբան

Հովհաննես Չիլինկիրյան (սեպտեմբերի 24, 1924(1924-09-24) - փետրվարի 5, 2021(2021-02-05), Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1]), սփյուռքահայ ազգային-քաղաքական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 24-ին, Կ. Պոլսի մերձակայքում գտնվող Ֆլորիա գյուղում։ Կարճ ժամանակ անց նրա ընտանիքը բնակություն է հաստատել Մաքրիգյուղում, որտեղ էլ ավարտել է Պեզազյան վարժարանը։ Այնուհետև Չիլինկիրյանը սովորել է Կ.Պոլսի Ավստրիական քոլեջում, որն ավարտել է 1944 թվականին։
Հետևելով հորեղբոր՝ Ռուբեն Սևակի օրինակին, Չիլինկիրյանը ցանկացել է բժիշկ դառնալ և ընդունվել է Կ.Պոլսի բժշկական համալսարանը, սակայն հեռացել է բժշկական համալսարանից և աշխատանքի անցել վաճառականներից մեկի մոտ որպես գրագիր։

1946 թվականին բազմաթիվ պոլսահայեր ցանկություն են հայտնել ներգաղթել Հայաստան։ Չիլինկիրյանը նույնպես գնացել է սովետական հյուպատոսություն և ցուցակագրվել Հայաստան ներգաղթելու համար։ Սակայն թուրքական ոստիկանության հետապնդումների, հարուցած արգելքների պատճառով պոլսահայերի թվում նաև Չիլինկիրյանին չի հաջողվել ներգաղթել Հայաստան և հարկադրված մնացել է Կ.Պոլսում։ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Չիլինկիրյանը ականատես է եղել հույների և հայերի նկատմամբ Կ.Պոլսում թուրքական ոստիկանության աջակցությամբ զինված խուժանի ավերիչ գործողություններին։

1970-ական թվականներին Չիլինկիրյանը հեռացել է Կ.Պոլսից և բնակություն հաստատել Ֆրանսիայի Նիս քաղաքում, ամբողջովին նվիրվել սփյուռքում հայապահպանության գործին, իր պատմագիտական աշխատություններով մերկացրել թուրք և եվրոպական կեղծարար հեղինակների հակահայկական նկրտումները։

Չիլինկիրյանիը հսկայական աշխատանք է կատարել իր հորեղբոր՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի գրական ժառանգության հավաքման ու պահպանման համար։ Հսկայական ջանքերի գնով Չիլինկիրյանը ստեղծել է «Ռուբեն Սևակ մշակութային հիմնարկը», որն իր կարևոր գործն է համարում բանաստեղծի գրական-հասարակական ու հեղափոխական գործունեության լուսաբանումն ու նրա գաղափարների տարածումը։ Հիմնարկի նախաձեռնությամբ ու նրա միջոցներով հրատարակվել է երեք տասնյակից ավելի արժեքավոր աշխատություն, որոնք նվիրված են հայագիտության, հայ ժողովրդի պատմության կարևոր պրոբլեմներին։ Գրքերի հրատարակությունից բացի, հիմնարկը ստեղծել է մրցանակային ֆոնդ, որով յուրաքանչյուր տարի պարգևատրվում են Ռուբեն Սևակի գաղափարները ներկայացնող մտավորականները և կազմակերպությունները։ Տարբեր տարիների այդ մրցանակին են արժանացել Գևորգ Գապառաճյանը, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը, հանրաճանաչ դերասանուհի Անահիտ Թոփչյանը, Բեյրութի «Արարատ» օրաթերթի խմբագիր Ժիրայր Նաիրին, Նյու Ջերսիի հայկական ռադիոկայանի հիմնադիր տնօրեն Վարդան Ապտօն և մի շարք մշակութային կազմակերպություններ։

1985 թվականին Չիլինկիրյանը իր միջոցների հաշվին Նիսում ստեղծել է Ռուբեն Սևակի անվան հիշատակի տուն-թանգարանը, որտեղ ամփոփել է բանաստեղծի ձեռագրերը, նամակները, անձնական իրերը։ Թանգարանն ունեցել է պատկերասրահ, որտեղ հավաքված էր տաղանդավոր հայ նկարիչների շուրջ 200 կտավ։ Չիլինկիրյանը շուրջ 18 տարի հետևողականորեն աշխատանք է տարել, որպեսզի այդ հոգևոր հարստությունը նվիրաբերվի Հայաստանին։ Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր իշխանություններից անհասկանալի բազմաթիվ մերժումներ ստանալուց հետո հարցը միայն լուծում է ստացել 2009 թվականին, երբ Չիլինկիրյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով մայիսի 5-ին մի քանի օրով այցելել է Հայաստան։ Շնորհիվ այդ այցելության 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Էջմիածինում Նորին Սուրբ Օծություն Գարեգին երկրորդ կաթողիկոսի օրհնությամբ բացվել է Ռուբեն Սևակի անվան թանգարան-պատկերասրահը։

Հովհաննես Չիլինկիրյանի ազգային-հասարակական գործունեությունն առնչվում է նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ASALA/ այն մարտիկներին, որոնք մատնության կամ էլ դավաճանության հետևանքով ձերբակալվել ու դատապարտվել էին եվրոպական տարբեր երկրներում։ Հայ բողոքական քահանա Հարություն Հելվեճյանի, Շվեյցարիայի հայկական համայնքի նշանավոր ազգային գործիչ, հայտնի հրապարակախոս Նազարեթ Սրմաքեշյանի հետ միասին, Չիլինկիրյանը դարձել է հայ քաղաքական բանտարկյալների օգնության կենտրոնական հանձնախմբի ստեղծողներից մեկը։

Հովհաննես Չիլինկիրյանի ուշադրության կենտրոնում է եղել Երևան քաղաքի Ռուբեն Սևակի անունը կրող թիվ 151 դպրոցը՝ նյութական ու ֆինանսական աջակցությամբ։ «Ռուբեն Սևակ մշակութային հիմնարկ»-ը դպրոցում ստեղծել է Ռուբեն Սևակ թանգարանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերադարձ Հայաստան։ / Յովհ. Չիլինկիրեան։ Երևան։ Հեղ. հրատ., 2011[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ORER.eu - Ֆրանսիայում վախճանվել է Ռուբեն Սեւակի եղբորորդին՝ հայտնի բարերար Հովհաննես Չիլինկիրյանը». orer.eu. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  2. Չիլինկիրեան Յովհաննէս (2011). Վերադարձ Հայաստան. Երևան: Հեղ. հրատ. ISBN 978-9939-0-0071-8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.