Հոնկակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոնկակու (ճապ.՝ 本格, honkaku, իսկական, հավաստի, ստույգ, ավանդական), ճապոնական գրականության ժանր, դասական ոճով գրված դետեկտիվ, որը ստեղծվել է Արևմուտքում՝ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին։

Այս տերմինի հեղինակը Սաբուրո Կոգան է, չնայած նա Ճապոնիայում առաջին գրողը չէ, որ սկսել է կիրառել այս ժանրը։ Սաբուրո Կոգան Էդոգավա Ռամպոյի հասակակիցը և գործընկերն է, ով համարվում է ճապոնական դետեկտիվ գրականության նախահայրը։ 1925 թվականին Սաբուրոն առաջարկեց «հոնկակու» անվանել այն դետեկտիվ պատմությունները, որտեղ հեղինակը հիմականում կենտրոնանում է տրամաբանական հանգույցի վրա՝ ներկայացնելով հանցագործությունը և հանցագործության բացահայտումը, իսկ մնացած ամեն ինչին շատ ավելի քիչ ուշադրություն է հատկացնում։

Նմանատիպ պատմությունների օրինակներ են դետեկտիվ ժանրի հիմնադիր Էդգար Ա․ Պոյի, Ա. Կոնան Դոյլի աշխատանքները, ինչպես նաև 1930-ականների՝ «դետեկտիվի ոսկե դարի» հեղինակների՝ Ագաթա Քրիստիի, էլլերի Քուինի ստեղծագործությունները։ Չնայած այս տերմինի լայն տարածմանը՝ քննարկումներ կան այն մասին, թե որքանով է այն ճշգրիտ և արդյոք փոխանցում է անհրաժեշտ բոլոր նրբերանգները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդոգավա Ռամպոն համարվում է ոչ միայն ճապոնական դետեկտիվի հիմնադիրը, այլ նաև հոնկակու ժանրի ստեղծողը։ Էդոգավայից և Սաբուրոյից բացի հոնկակու ժանրի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև Սեյսի Յոկոմիձոն, Ակիմիցու Տակաձին և այլ գրողներ։

Հոնկակու-դետեկտիվ ժանրը, որը մինչև 1950-ական թվականները Ճապոնիայում լայն տարածում ուներ, սկսում է իր տեղը զիջել հասարակական-քաղաքական և սոցիալ-հոգեբանական ուղվածություն ունեցող բելետրիստիկային՝ սյակաի հային (ճապ.՝ 社会派 shakai ha, սոցիալական դպրոց), որի դրոշակակիրը Սեյտյո Մացումոտոն էր։ Հոնկակուի նկատմամբ հետաքրքրությունը վերստին աճում է 1970-ական թվականներին, երբ Սեյսի Յոկոմիձոն (մահացել է 1981 թվականին) դարձյալ ժողովրդականություն է սկսում վայելել։

1981 թվականին մեծ հաջողություն ունեցավ Սոձի Սիմադայի «Զոդիակի սպանությունները Տոկիոյում» վեպը, որը, նորովի ներկայացնելով այս ժանրը, հիմք հանդիսացավ դրա նոր տարբերակի՝ սին հոնկակուի (ճապ.՝ 新 本 格 shin honkaku, նոր հոնկակու) ձևավորման համար։ Սոձի Սիմադան դեմ էր հոգեբանական և հասարակական-քաղաքական թեմաների ծավալմանը, ինչի հետևանքով երկրորդական տեղ էին գրավում դետեկտիվ թեմաները։ «Զոդիակի սպանությունները Տոկիոյում» վեպում ընթերցողը, իմանալով ճիշտ նույնքան, որքան հանցագործություն հետաքննող հերոսը, կարող է ինքնուրույն փորձել բացահայտել հանցագործությունը։

2000 թվականին ստեղծվել է Ճապոնիայի հոնկակուի հեղինակների ակումբը, որի առաջին նախագահը եղել է Արիսու Արիսուգավան (2000-2005 թվականներին)։ Իսկ 2013 թվականից ակումբը գլխավորում է Ռինտարո Նորիձուկին։ Ակումբը ամեն տարի թողարկում է անթոլոգիաներ և հանձնում է ժանրային մրցանակներ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]