Հոգեթերապևտիկ ուղղություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգեդինամիկ հոգեթերապիա

Հոգեդինամիկ թերապիայի տեսա-մեթոդաբանական հիմքն են հանդիսանում Զիգմունդ Ֆրոյդի հայացքները և հոգեվերլուծությունն ընդհանրապես։ Հոգեդինամիկ հոգեթերապիայի խնդիրներն են ենթագիտակցության բացահայտումը և ուսումնասիրությունը, սոցիալական և ներքին ուժերի հավասարակշռության պահպանումը; նպատակն է՝ ենթագիտակցական գործընթացների հասկացումն այցելուի կողմից և կարծրացած մտքերի ու վարքի վրա ազդելու հմտության յուրացումը։

Հոգեվերլուծության մեթոդներն են՝ ազատ զուգորդությունները, առօրեական գործողությունների, սխալների, երազների, դիմադրության վերլուծությունը, այցելուի տեղափոխման մեխանիզմի ուսումնասիրությունը։

Վարքաբանական հոգեթերապիա

Հիմնադիրներն են Դ. Ուոթսոնը և Բ. Սկինները։ Ուղղության հիմքում ընկած է այցելույին սեփական վարքը լիարժեք վերահսկելու, ղեկավարելու վարժեցնելը։ Համարվում է, որ շրջակա միջավայրն ազդում է անձի վրա և պայմանավորում նրա վարքը։ Հոգեբանն ու այցելուն փորձում են փոփոխել այցելուի կենսապայմանները։

  • Հոգեբանը խրախուսում է այցելուի ակտիվությունը,
  • Որոշակիացնում է այցելուի խնդիրը,
  • Նպաստում է խնդրի հասկացմանը,
  • Որոշակիացնում է սոցիալական կարևոր նպատակները,
  • Կատարվում է դժվար իրավիճակների կանխատեսում,
  • Վերահսկվում են այցելուի մտքերն ու զգացմունքները,
  • Բացահայտվում են էական հմտությունները։

Շտկում է ոչ ադեկվատ վարքը և ուսուցանում արդյունավետ վարք։ Այս մոտեցման հիմքն է վարքի արդյունավետության բարձրացումը ստույգ գործողությունների միջոցով։ Արդյունավետ է հիմնականում վախերի և ֆոբիաների դեպքում։ Վարքաբանական խորհրդատվության հիմնական մեթոդներն են՝

  1. Դեսենսիբիլիզացիա՝ հոգեբանը ստեղծում է իրավիճակային արհեստական մթնոլորտ, որն առաջացնում է վախ, իսկ հետո մի շարք վարժանքներով անհատին հարմարեցնում իրավիճակին։
  2. Իմպլոզիվ մեթոդ՝ Հոգեբանի օգնությամբ այցելուն պատկերացնում է վախի տևական իրավիճակներ՝ առանց թուլանալու։ Ժամանակի ընթացքում վախը մարում է։
  3. Բացասական ազդակի արագ փոփոխմամբ դրականով (սլայդերի օգտագործմամբ)։
  4. «Ժետոնային» մեթոդ՝ այստեղ հաջողությունները պարգևատրվում են։
  5. Տրավմատիկ իրավիճակի ռեդուկցիայի մեթոդ՝ այս մեթոդի էությունը նրանում է, որ հոգեբանը բազում անգամներ պատմում է տրավմատիկ էպիզոդը։
  6. Վերբալ ամրապնդում՝ Այստեղ մեծ նշանակություն ունեն դրական գնահատականները, որ տրվում են այցելուին հոգեբանի կողմից։
  7. Ավերսիվ վերահսկում՝ պատժի միջոց է, որտեղ անհաջողության դեպքում այցելուն զրկվում է դրական ամրապնդումից։

Մարդը վարքային շաբլոնների համակարգ է։ Անձի ազատությունն ու ինքնաիրականացումը ֆիկցիաներ են, որոնք խոչընդոտում են գիտության զարգացմանը»։ Վարքաբանական հետաքրքրաշարժ միտք կա Ջեյմսի մոտեցման մեջ։ Հոգեֆիզիոլոգիական փորձերը նրան համոզել էին, որ վարժված մարդիկ կենսաբանական հետադարձ կապի ժամանակկարող են ղեկավարել իրենց հոգեֆիզիոլոգիական գործընթացները` զարկերակ, ճնշում, ջերմություն...

Բ. Սկիններ

Հումանիստական հոգեթերապիա

Հիմնադիրներն են Կ. Ռոջերսը, Ֆ. Պերլզը, Վ. Ֆրանկլը, Մորենոն)։ Հիմնական մեթոդաբանական դիրքորոշումներն են․

  • Մարդու առաքելությունը ապրել և գործելն է, ինչը պայմանավորում է նրա ճակատագիրը,
  • Խնդիրների լուծումները գտնվում են անձի ներսում,
  • Մարդն ունի սոցիալապես ինքնաիրականացման և անձնային աճի մեծ ձգտում։

Հոգեբանի և այցելուի խնդիրն է հստակեցնել այցելուի ներքնաշխարհը և համաձայն վերջինիս` օգնել նրան պատասխանատու որոշման ժամանակ` լսելով ստեղծագործական, ակտիվ, զգայական, ստույգ, էմպաթիայով լի, առանց քննադատության։ Կ․ Ռոջերս

Հումանիստական ուղղությամբ աշխատող հոգեթերապևտը պետք է աշխատի իրական և իդեալական «Ես»-երի հակասությունների հետ՝ զերծ մնալով գնահատականներից։

Աբրահամ Մասլոու

Ա․ Մասլոուն նախընտրում է ոչ թե թերապևտ, այլ խորհրդատու տերմինը։ Մասլոուն պնդում է, որ թերապևտը գործում է «Մեծ եղբայր» դերից՝ առանց ներխուժելու այցելուի ընրության մեջ, ուղղորդելով նրա զարգացումը։ Ըստ Մասլոուի հոգեկան խնդիրների մեծ մասը առաջանում է ֆրուստրացիայից, իսկ նևրոտիզմը ինքնաիրականացմանը խոչընդոտող դժվարությունների հետևանք է։

Այցելուակենտրոն հոգեթերապիա

Հումանիստական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ է Կ. Ռոջերսը։ Նրա զարգացրած այցելուակենտրոն հոգեթերապիայի հիմնադրույթներն են՝

  • Ինքնությունը մեր իրականության պատկերն է։
  • Իրական և իդեալական «Ես»-երը չեն համընկնում։
  • Ինքնաիրականացման պահանջմունք ունեն բոլոր մարդիկ, բայց հաճախ սոցիալական պատճառներով ոչ բոլորն են հասնում դրան։

Ռոջերսի խորհրդատվական մեթոդներն են՝ իրավիճակի արտացոլումը, հույզերի ազատ արտահայտումը, պարզաբանում և ընդունումը, բացասականից անցում դրականի, «ինսայթ»։

Ացելուակենտրոն հոգեթերապիայի նպատակներն են՝

  1. Ստեղծել վսբարիհահելի խորհրդատվական մթնոլորտ, որը նպաստում է ինքնաբացահայտմանը,
  2. Մղել այցելուին փորձ ձեռք բերելու,
  3. Ինքնավստահության կերտում, զարգացում,
  4. Սպոնտանության ձևավորում։

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան ընդհանուր, հավաքական եզրույթ է մի շարք հոգեթերապևտիկ ուղղությունների համար (օրինակ՝ Կոգնիտիվ թերապիա, Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա, Դիալեկտիկական թերապիա, Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա), որոնց հիմքում ընկած է այն գաղափարը, որ հոգեբանական խաթարումներն առաջանում են իռացիոնալ պատկերացումների և դիրքորոշումների արդյունքում. սա հակիրճ սահմանումն է, սակայն իրականում կոգնիտիվ և վարքային դասակարգվող թերապևտիկ ուղղությունների միջև կարող են լինել բավականին մեծ տարբերություններ։ Աշխատում է հիմնականում անձի մտքերի հետ։ Այստեղ մեծ ներդրում ունեն Աարոն Բեկն (Կոգնիտիվ թերապիա) ու Ալբերտ Էլլիսը (Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա)։ Նրա կարծիքով մարդիկ գենետիկորեն ծրագրավորված են լինել «վիրավորված» այն պայմաններից, որոնցում հայտնվում են, քանի որ մարդկությունն ունի 3 հիմնական մտածողության սխալ՝

  1. Դրականի անտեսում,
  2. Բացասականի չափազանցում,
  3. Գերընդհանրացում։

Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիայի նպատակն է անհիմն, ոչ ադեկվատ, ագրեսիվ, իռացիոնալ մտքերի վերացումը կամ նվազեցումը։ Ալբերտ Էլլիսն անդադար խոսում է այն մասին, որ մարդն ինքն իրեն պետք է ընդունի այնպիսին, ինչպիսին որ ինքը կա և ոչ թե այնպիսին, ինչպիսին ինքը և շրջապատը ցանկանում են, որ նա լինել։ Մարդու իռացիոնալ դատողություններն ուղղված են ինքն իրեն, այլ մարդկան և աշխարհին՝

  • «Ես պետք է անպայման լինեմ կոմպետենտ, այլապես ես անպետք եմ»։
  • «Մարդիկ պետք է հարգեն ինձ»։
  • «Աշխարհը պետք է երջանկացնի ինձ, այլապես կմեռնեմ»։

Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիայի փուլերն են՝

  • Կենսաբանական տվյալների հավաքում, բողոքների, ախտանիշների ուսումնասիրում,
  • Ներքին երկխոսության գիտակցում՝ ռացիոնալ և իռացիոնալ մտքեր։

Թերապիայի ավարտին․

  • Թերապիայի վերջում այցելուն դառնում է ինքն իր թերապևտը։
  • Այցելուն ձեռք է բերում կյանքի առավել առողջ փիլիսոփայություն։

Անալիտիկ հոգեթերապիա

Հիմնադիրն է Կ․Գ․Յունգը։

Կարևորն այն է, որ այցելուն սովորի փնտրել իր սեփական ուղին։

Կ․Գ․Յունգ

Յունգը չի առաջարկել հոգեթերապիայի ստույգ մեթոդներ՝ բացի ազատ երևակայության մեթոդից։ Անալիտիկ տեսության շրջանակներում կիրառվում են հետևյալ տերմինները՝ արքետիպ, ինքնություն, ստվեր, բարդույթ, պերսոնա, անիմա/անիմուս...։

Կ․ Յունգն առանձնացնում էր թերապիայի հետևյալ փուլերը՝

  • Հասկացում, ընդունում,
  • Բացատրում,
  • Դաստիարակում,
  • Վերակառուցում։

Էկզիստենցիալ հոգեթերապիա

Էկզիստենցիալ փիլիսոփայության մեծ տեղ է զբաղեցնում ազատ ընտրությունը, պատասխանատվությունը։ Ժան Պոլ Սարտրը առանձնարցել է կեցության 3 ձևերը։

  • Գոյություն իր համար,
  • Գոյություն ուրիշի համար,
  • Գոյություն իր մեջ։

Գորդոն Օլպորտ

Էկզիստենցիալիզմի զարգացումը հոգեբանության մեջ սկսվում է Գորդոն Օլպորտից, ով անդրադառնում է գոյության և ինքնաիրականացման խնդիրներին։ Օլպորտը հոգեբանության մեջ համարվում է էկզիստենցիալ հոգեբան, սակայն նա ունի էկլեկտիկ մոտեցում, քանի որ այն ավելի շատ է թույլ տալիս հասկանալ մարդու յուրահատկությունները։

Օլպորտի հիմնական գաղափարներն են՝

  • Մարդիկ ունեն գիտակցված իշխանություն իրենց կյանքի վրա, նրանք իրենց կամքով են ընտրություն կատարում։
  • Անձը աշխարհի հանդեպ բաց զարգացող համակարգ է, որի հիմքը «Ես»-ն է։ Անձի որակներն են աճ, ստեղծագործականություն և դրական լիցքեր։
  • Մարդու դրդապատճառները առանձին են առաջանում։ Անձը ֆունկցիոնալ ինքնավարության մեջ է և գովքի կարիք չունի։
  • Ֆունկցիոնալ ինքնավարությունը հասուն մարդու ցուցանիշ է։
  • Հասունությունը կայացման անընդհատ գործընթաց է։

Հասունության 6 ցուցանիշներն են՝

  1. Ինքն իրեն կողքից նայելու կարողություն,
  2. Կարեկցանք՝ հուզերի հետ համագործակցություն,
  3. Իրական ընկալում,
  4. Ինքնաբացահայտման կարողություն,
  5. Հումոր,
  6. Կյանքի փիլիսոփայության առկայություն։

Ռոլլո Մեյ

Էկզիստենցիալիզմի ներկայացուցիչներից է։ Նրա կարծիքով օտարացման հետևանքն է մեղքի զգացումը, տագնապը։ Անձի ճնշումն անհետ չի կորչում, այլ փոխակերպվում է հիվանդության, հակակառուցողական արարքների։ Ախտաբանական ախտանիշը մեկնաբանվում է որպես՝ փախուստ ազատությունից, իսկ թերապևտի ֆունկցիան այցելուին այդ ազատությունը տալն է։ Ազատությունը գոյության պատասխանատվությունն է իր ընտրության համար։ Վերջիններս պետք է ուղղված դրսևորվեն արտաքին աշխարհին՝ այլ մարդկանց հանդեպ հոգատարության տեսքով։

Անհատական հոգեթերապիա

Ադլերը հոգեդինամիկ դպրոցի հետևորդ է, անհատական հոգեթերապիայի հիմնադիրը։ Յուրաքանչյուր մարդ վաղ մանկությունում ձևավորում է կենսակերպ և ստեղծում իր ճակատագիրը։

Մարդու վարքային դրդապատճառներն են սոցիալական հետաքրքրությունները։ Իսկ կյանքի դժվարությունները ստեղծվում են անբարենպաստ կենսակերպ։

Մարդու նորմալ զարգացումը ենթադրում է կյանքի ադեկվատ նպատկաներ։ Ադլերյան հոգեթերապիայի մեջ մեծ նշանակություն ունի «Մանկության առաջին հիշողություն» տեխնիկան, որով գրեթե անսխալ կարելի է պատկերացնել այցելուի կյանքը։ Այս տեխնիկան իսկապես տեղեկատվական տեսանկյունից նպաստում է աշխատանքին, բայց կոմպետենտությունը պահպանելու դեպքում հարկ է այն կցել այլ մեթոդների հետ։

Անհատական հոգեթերապիայի հիմնախդնիրներն են՝

  • Փոխել անձի կյանքի նպատակները,
  • Սոցիալական Էական նպատակների ձևավորում,
  • Ուղղել սխալ դրդապատճառները։

Գեշտալտ հոգեթերապիա

Հիմնադիրները մի քանի գիտնականներ են՝ Ֆ. Բրենտանո, Ֆ. Պերլզ և այլնոք։

Բրենտանոն ասում էր, որ գույնը հոգեկան ֆենոմեն է։ Այսինքն, հոգեկան է համարվում այստեղ տեսնելու ակտը, բայց այն չունի իմաստ, եթե չի վերաբերում առարկային։ Բրենտանոն առաջարկեց «ֆոն-ֆիգուրա» հասկացությունը օգտագործել հոգեթերապիայի մեջ։

Յուրաքանչյուր անհատ, բույս, կենդանի ունի միայն մեկ բնածին նպատակ` ինքնաիրականանալ այնպիսին, ինչպիսին որ ինքը կա։ Ֆ․Պերլզ

Ֆ․Պերլզը նևրոտիկ էր համարում այն մարդկանց, ովքեր իրենց ուժն օգտագործում են ոչ թե ինքնազարգացման, այլ ուրիշներին ենթարկելու համար։ Ժամանակակից մարդու ոչ ինքնաբուխ լինելու պատճառը օրգանիզմ-միջավայր համակարգի օրգանական կապերի ընդհատումն է։ Գեշտալտ թերապիայի սկզբունքը ոչ թե ինչ-որ բանի մասին խոսելն է, այլ մտքի մեջ մտնելն է՝ դրա գիտակցումը, մանրացումն ու ապրումը։

Գեշտալտ հոգեբթերապիայի գրեթե բոլոր տեխնիկաներն ուղղված են գիտակցման զարգացմանը՝ ընդ որում թերապևտը պետք է վարժ ֆրուստրատոր լինի և չվախենա այցելուին անհարմար վիճակի մեջ գցելուց։

Տես նաև

Աղբյուրներ

  1. Зиглер Д., Хьелл Л., ‘’Теории личности’’, Питер 2003г.
  2. Кочунас Р. ‘’ Психологическое консултирование, групповая психотерапия’’, Москва Гаудемус 2005г.
  3. Шавердян Г. ‘’Основы психотерапии’’, Питер., 2007г.
  4. Шнейдер Л. Б., Вольнова Г. В., Зикова М. Н., ‘’ Психологическое консултирование’’, Москва 2002г.