Բույսի բարձրությունը չի անցնում 30 սմ-ից։ Տերևները մոխրագույն են, փայլուն, մանր։ Ծաղիկները նույնպես մանր են, հավաքված գնդաձև ծաղկաբույլերում և ունեն սպիտակ, դեղին, մանուշակագույն, կարմիր գունավորում։ Լուսասեր է և ջերմասեր։ Բազմանում է սերմերով։ Ցանքը կատարում են մարտին ջերմոցներում։ Սերմերը ծլում են 15 օր հետո։ Գերադասում է թեթև կավավազային, լավ ջրաթափանց, ստրուկտուրային հողերը։ Առաջին տերևները կազմավորվելու փուլում վերատնկում են արկղերի մեջ։ Սածիլները դաշտ են տեղափոխում ուշ գարնանային ցրտահարություններից հետո՝ տնկելով մեկը մյուսից 15-20 սմ հեռավորության վրա։
Օգտագործվում է գորգային ձևավորումներում, ծաղկաթմբերում և ծաղկային այլ ձևավորումներում։ Ճապոնացիները հիմնականում կիրառում են իկեբանայի, մորիբանայի, իկենոբոյի, նագեիերի և այլ ձևավորումներում[1]։
Հնդկական անթառամ գնդաձևի հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է՝ ներառյալ Բրազիլիայի շրջանները, Պանաման և Գվատեմալան, բայց ներկայումս աճում է ողջ աշխարհում[2]։ Որպես արևադարձային միամյա բույս այն ծաղկում է ողջ ամառվա ընթացքում մինչև վաղ աշուն (հուլիսից մինչև սեպտեմբեր)։ Շատ երաշտադիմացկուն է, սակայն լավ է աճում արևոտ եղանակներին և կանոնավոր խոնավության պայմաններում[3]։