Jump to content

Հիսուսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիսուսի ամրոց
Նկարագրություն
Տեսակամրոց, ազգային պարկ և historic landmark?
ՏեղագրությունՄոմբասա[1]
ՀասցեNkrumah Rd, Mombasa 80100, Kenya
Վարչական միավորMombasa County?[1] և Մոմբասա
Երկիր Քենիա[1]
Կառուցվածապրիլի 11, 1593
ՃարտարապետGiovanni Battista Cairati?[2]
Ընթացիկ
սեփականատեր
Քենիայի ազգային թանգարաններ[3]
Կայքmuseums.or.ke/siyu-fort/
Քարտեզ
Քարտեզ
 Fort Jesus Վիքիպահեստում

Հիսուսի ամրոց (պորտ.՝ Forte Jesus de Mombaça), պորտուգալական պաշտպանական կառույց Մոմբասայում (Քենիա)։ Կառուցվել է 1593 թվականին ճարտարապետ Ջովաննի-Բատիստա Կաիրատիի կողմից։ Բազմիցս ձեռքից ձեռք է անցել, մինչև 1875 թվականը, երբ գրավվել է անգլիացիների կողմից և ծառայել որպես կալանավայր։ Քենիայի անկախության հռչակումից առաջ ստացել է ազգային հուշարձանի կարգավիճակ, իսկ 2011 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Չնայած պորտուգալացիներն առաջին անգամ Արևելյան Աֆրիկայում հայտնվել են 15-րդ դարի վերջում, նրանց ազդեցությունն այնտեղ աստիճանաբար է հաստատվել։ Պորտուգալական գաղութները պարբերաբար ենթարկվում էին տարածաշրջանում տիրող արաբների հարձակումներին։ Մոմբասայում ամրոցի կառուցման համար շարժառիթ են հանդիսացել արաբների՝ 1585 և 1589 թվականների ասպատակությունները։ Արդյունքում 1593 թվականին հիմնվում է Հիսուսի՝ հինգ աշտարակներով ամրոցը, իսկ 1596 թվականին իտալացի ճարտարապետ Ջովաննի- Բատիստա Կաիրատին ավարտում է կառուցումը[4]։ Ամրոցը կառուցվել է ժայռի վրա նավահանգստի մոտ, որտեղ մտնում էին պորտուգալական առևտրական և ռազմական նավերը։ Մոմբասան, լինելով պորտուգալացիների հենակետը Արևելյան Աֆրիկայում, 17-րդ դարում եղել է ռազմական գործողությունների թատերաբեմ։ Առաջին անգամ այն գրավվել է սուլթան Յուսուֆ բին Հասանի կողմից 1631 թվականին։ Նա հրամայել է սպանել պորտուգալական պարետին և Մոմբասայի պորտուգալացի բնակչությանը, այդ թվում 70 երեխաներ։ Քաղաքը և Հիսուսի ամրոցն ինն անգամ ձեռքից ձեռք են անցել։ Ամրոցը, որի պատերը հաջողությամբ դիմացել էին ժամանակի հրետանային կրակոցներին, դիմակայում է նաև օմանյան զորքերի եռամյա պաշարմանը 1696-1698 թվականներին։ Ամրոցի պաշտպանները մահանում են ոչ միայն թշնամու կրակոցներից, այլ նաև հիվանդությունից, իսկ ողջ մնացած վերջին զինվորը, թշնամական ուժերին ներքաշելով վառոդի նկուղ, նրանց հետ հօդս է ցնդում[5]։

1728 թվականին պորտուգալացիներին հաջողվում է կարճ ժամանակով վերադարձնել Մոմբասան։ Սակայն մեկ տարի անց, չսպասելով մետրոպոլիայից օգնության, Հիսուսի ամրոցն ընկնում է, և իշխանությունն Արևելյան Աֆրիկայում մեկուկես դարով անցնում է օմանցիներին։ 1837 թվականից ամրոցը ծառայել է որպես զորանոց։ 1875 թվականին ենթարկվում է բրիտանական ռազմանավերի հարձակմանը և գրավվում հրետանային մարտից հետո։ Սկսվում է բրիտանացիների տիրապետության շրջանն Արևելյան ԱՖրիկայում։ 1895 թվականին Քենիան հայտարարվում է բրիտանական գաղութ[5]։

Անգլիացիների տիրապետության օրոք Հիսուսի ամրոցը դառնում է կալանավայր վտանգավոր հանցագործների համար, մինչև Քենիայի անկախության հռչակումը[5]։ Միայն 1958 թվականի հոկտեմբերի 24-ին ստանում է ազգային պարկի կարգավիճակ։ Պեղումներից հետո ամրոցում բացվում է թանգարան։ 2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 35-րդ նիստում Հիսուսի ամրոցն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում։

Հիսուսի ամրոցը զբաղեցնում է 2,36 հա տարածք[6][7]։ Ամրոցի նախնական կառուցվածքն արտացոլում էր Վերածննդի շրջանին բնորոշ ճարտարապետական սկզբունքները՝ որպես ներդաշնակության օրինակ ունենալով մարդկային մարմնի համաչափությունները[6]։ Ուղեվար Ֆրոմերն ամրոցն անվանում է Կաիրատիի լավագույն ստեղծագործությունը՝ ժայռի վրա փորված ամրոցը համեմատելով մարդու մարմնի հետ, չորս աշտարակները՝ վերջույթների հետ, իսկ պարսպից դուրս եկած առաջնային ամրությունը՝ գլխի։ Ամրոցն այնպես էր կառուցված, որ առաջինը կարողանային պաշտպանվել փոքրաթիվ ուժերով, իսկ երկրորդը՝ այդ ուժերի փոքրաթիվությունը քողարկեին թշնամուց[8]։

Երբ մուսուլմանները 17-րդ դարի վերջին վերջնականապես տիրացան ամրոցին, սկսեցին վերակառուցել այն։ Քանդվեց եկեղեցին, փորվեց 23 մետր խորության ջրհոր, որտեղ կուտակված ծովային ջուրը կիրառվում էր լվացվելու համար։ Արաբները 15 մետր բարձրություն ունեցող պարիսպները բարձրացնում են ևս երեք մետրով։ Այնուամենայնիվ , սկզբնական կառուցվածքը պահպանվում է, նույնիսկ 1990 թվականին վերանորոգման աշխատանքների ժամանակ պարիսպներից մեկում գտնվում է պորտուգալական զինվորի գերեզման[5]։ Վերանորոգման ժամանակ կիրառվում էր նույն նյութը, ինչ օգտագործել էր Ջովաննի - Բատիստա Կաիրատին՝ քարացած կորալ և կրային լուծույթ[6]։ Ներկայումս ամրոցի պարիսպների երկայնքով ձգվող խրամատը լցված է, բայց պարիսպների և աշտարակների վիճակը լավ է գնահատվում[7]։

Ամրոցի կենտրոնական մասում, ավելի ժամանակակից շենքում, որը նախկինում եղել էր բրիտանական կայազորի զորամաս, գտնվում է թանգարանը, որտեղ ցուցադրվում են ճենապակյա սպասքի բեկորներ, պորտուգալական տիրապետության շրջանում խորտակված նավերից գտածոներ։ Ամրոցի ներսում գտնվող հին կառույցները գրեթե հիմնովին քանդված են։ Առավել լավ պահպանվածներից են պորտուգալական մատուռի ավերակները[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. https://books.google.co.ke/books?id=cIFiNRH3oWsC&pg=PA13&lpg=PA13&dq=Giovanni+Battista+Cairati&source=bl&ots=8Oe8azGJtP&sig=4IpoltdiiTgdCLksWQkFwSME9FY&hl=sv&sa=X&redir_esc=y#v=onepage&q=Giovanni%20Battista%20Cairati&f=false
  3. https://en.wikipedia.org/wiki/National_Museums_of_Kenya
  4. «Brief History of Fort Jesus». Mombasa City. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Кения. Форт-Иисус». Вокруг света. 22 апреля 2000. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Fort Jesus, Mombasa». UNESCO. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Fort Jesus, Mombasa - Kenya». African World Heritage Sites. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  8. «Fort Jesus». Frommers.com. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Форт-Иисус на сайте Управления национальных музеев Кении (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիսուսի ամրոց» հոդվածին։