Հին Երևանի ժողովրդական բնակարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

19-րդ դարում Երևանում ի հայտ են եկել նոր տիպի շենքեր՝ վարչական շինություններ, դպրոցներ, բանկեր, ինչպես նաև ժողովրդական բնակարաններ։ Քաղաքային տիպի բնակելի տները պատկանում էին տարբեր զբաղմունք ունեցող մարդկանց (պետական պաշտոնյա, արհեստավոր, առևտրական, հողագործ)։ Դրանք ինքնատիպ էին, ճարտարապետական-գեղարվեստական լուծումներով, հարմարեցված էին Երևանի բնակլիմայական և կենցաղային պայմաններին։ Ժողովրդական բնակարանները կառուցվում էին տեղական շինանյութից, քարե կամ կավե պարսպով շրջափակված տարածքում, ունեին փոքրիկ բակեր, ուր կարելի էր մուտք գործել թաղածածկ միջանցքով՝ դալանով։ Բակը սալարկվում էր տուֆաքարով, իսկ մեծ մասամբ՝ լավ տափանված հողով։ Բակի ծայրամասում կային տնտեսական նշանակության շենքեր՝ թոնրատուն, ցախատուն, չարդախ, երբեմն էլ՝ ախոռ։ Բակի կողմից, տան առջև, սալարկված հարթությանը կից ծաղկանոցն էր՝ դեկորատիվ թփերով, վարդերով և եղրևանիներով[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցելիս կարևոր նշանակություն էր տրվում դրա դիրքին։ Բնակելի սենյակները հիմնականում նայում էին արևելք կամ հարավ-արևելք։ Առաջին կամ կիսանկուղային հարկն օգտագործվում էր որպես մառան։ Այնտեղ պահվում էին գինին, մրգերը, չրերն ու այլ սննդամթերքները։ Առևտրականների ու արհեստավորների տների առաջին հարկում խանութներ էին կամ արհեստանոցներ, որոնք ունեին մուտք փողոցի կողմից։ Երկրորդ հարկի սենյակները բոլորում էին նախասրահը, որից մուտք էր բացվում դեպի դահլիճ։ Վերջինս փողոցի կողմից ունենում էր փայտաշեն պատշգամբ։ Շենքի այդ կողմի սենյակներն ու պատուհանները բացվում էին պատշգամբի վրա։ Դրանք ունեին էական նշանակություն, լրացուցիչ տարածություններ էին, ամռան ամիսներին նիստուկացի նախասիրած վայր։

Ժողովրդական բնակարանների օժանդակ շինությունները կառուցվում էին առանձին, իսկ բնակարանին միանում էին ծածկված անցուղիով։ Շինանյութը քարն էր, կամ թրծած աղյուսը, որոնք շարվում էին կավով։ Պատի շարքի համահարթեցման նպատակով լայնորեն կիրառվում էր քարե և աղյուսե շարվածքի զուգակցումը։ Անկանոն քարերից շինված տան ճակատամասը երեսպատվում էր աղյուսով կամ գաջի ծեփով։ Շինարարության համար գործածվող բազալտն ու տուֆը ձեռք էին բերվում Հրազդանի կիրճից, քաղաքի շրջակայքից, ինչպես նաև Ավանի հյուսիս-արևելյան քարհանքերից։ Տուֆն օգտագործվում էր ծառուղիներում, ներքին փոքր բակերում, պատշգամբներում, այլ հարթություններում։

Բնակելի շենքերի ներքին պատերն ու առաստաղները ծածկվում էին հարդախառն կավածեփով, ապա սվաղում գաջի շաղախով։ Սենյակներում կային որմնախորշեր, երբեմն՝ ճոխ ձևավորմամբ, որտեղ պահվում էին տարբեր իրեր ու անոթներ։

Կառույցների միջհարկային ծածկերը թաղակապ էին կամ հարթ։ Թաղի վրա շարում էին գերաններ, տակի կողային տարածությունները լցնում հողով, ապա գերանների վրա գամում հատակի տախտակամածը։ Հարթ տանիքները ծածկում էին տափանված հողի հաստ շերտով։ Ծածկը պատրասվում էր եղեգնախսիրից կամ բարակ ճյուղերից, որի վրա էլ լցվում էր հողը։ Վերևից սվաղվում էր հարդածառն կավաշերտով։ Այդ ծածկը գարնանը, աշնանն ու ձմռանը խնամք էր պահանջում, շարունակ տոփանում էին քարե հատուկ գլորանով և նորոգում սվաղի շերտը։ Անձրևաջուրը տանիքից հեռացվում էր փայտե կամ քարե ջրհորդաններով։

Երևանի հին տներում մեծ տեղ էին գրավում նաև ճակատային փայտե պատշգամբները, որոնց սյունաշարը ձևավորված էր փայտյա ցանցկեն նախշազարդ կամարներով։

Հին Երևանի ժողովրդական տների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան համար Փողոց Նկարագրություն
№ 63 Ս․ Տեր–Գաբրիելյան փողոց (այժմ՝ Եզնիկ Կողբացի) Կառուցման թվականի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, սակայն ճարտարապետական ձևերը, շինանյութը և ներքին հարդարանքը հիմք են տալիս կառուցման ժամանակը վերագրել 19-րդ դարի առաջին կեսին։ Երկհարկանի շինություն է` կառուցված քարից, ճակատը երեսպատված է թրծած աղյուսով։ Վերջինս նաև գործածվել է դալանի և առաջին` ոչ բնակելի հարկի թաղերի կառուցման համար։ Շենքի մուտքը դալանով էր, որի ձախ անկյունում գտնվող սանդուղքը տանում էր երկրորդ հարկ։

Առաջին հարկը ծառայել է տնտեսական կարիքների, իսկ երկրորդը` բնակության համար։ Շքասենյակը, գլխավորապես առաստաղը, ճոխ հարդարված է եղել։ Բակի կողմից երկրորդ հարկի պատուհանների միջև եղած միջնապատերը զարդանախշված էին։ Իր ճարտարապետությամբ այս տունը Երևանի ժողովրդական բնակարանի լավագույն նմուշներից էր։

№ 2 Ֆրիկի փողոց (Կոնդ) Կառուցվել է 19-րդ դարի սկզբին։ Քարե շինություն է, երեսպատված է եղել աղյուսով։ Հյուսիս-արևմուտքից, գլխավոր ճակատի կողմից առաջին հարկը կիսագետնափոր էր։ Բակի կողմից երկհարկանի ճակատունին երկհարկ պատշգամբով։ Հյուսիս-արևելյան կողմից տանը կից կար տնտեսական նշանակության շինություն։ Ճակատի ձևավորումը համաչափ է։ Տան փոքր-ինչ ծանրանիստ որմնախարիսխն ամուր հիմք է ամբողջ` ճակատի համար։
№ 3 Սպանդարյան փողոց (այժմ` Արամի) Կառուցվել է 19-րդ դարի 60-ական թվականներին, պատկանել է Բակլաչյան ընտանիքին։

Տունը շինված էր անմշակ քարերից և շարքերը հավասարեցնելու նպատակով շարել էին աղյուսե գոտիներ։ Ճակատը գաջված էր։ Առաջին հարկում տեղավորված էր օժանդակ մասը, իսկ երկրորդ հարկում ամբողջովին բնակելի սենյակներին էին։ Հարավ-արևելք նայող մեծ շքասենյակը ելք ուներ դեպի փայտաշեն բարձակավոր պատշգամբը։

№ 21 Ֆրիկի փողոց (Կոնդ) Կառուցվել է 19-րդ դարի կեսերին, քարից կամ հում աղյուսից։ Ճարտարապետը Մեխակ Աթանեսյանն է։ 1917-ին կառուցվել է տնտեսական շինության մասը, վերակառուցվել է դռնակավոր դարպասը։ Բնակելի սենյակները երկրորդ հարկում էին, իսկ քարե թաղակապ նկուղը ծառայում էր տնտեսական նպատակների։ Հարավ-արևմտյան հատվածում գտնվող դալանը տունը կապում էր փողոցի հետ։ Տան ճարտարապետության հիմնական մոտիվը կամարաձև ու ռիթմիկ կրկնվող լուսամուտներ էին։
№ 2 Նախկին Լերմոնտովի փողոց Կառուցվել է 1820-1825 թվականներին։ Հողամասը չորս կողմից շրջապատված էր քարե պարսպով, փողոցի կողմից ուներ դարպաս ու դռնակ։ Տունը պատկանել է Աբգար Գուլամիրյանցին։ Տունը պատրաստված էր քարից և կիրից։ Երկհարկանի շինություն էր, ճակատները սվաղված էին։ Տան ճարտարապետությունը լուծված էր թրծած աղյուսե պարակալներով ձևավորված լուսամուտների բացվածքների համաչափ կրկնությամբ։
Խուդաբաշյանների տուն Ս․ Տեր–Գաբրիելյան փողոց (նախկին Թումանյան N 65, այժմ՝ Եզնիկ Կողբացի) Կառուցված էր 1847-50 թվականներին, քարից ու աղյուսից։ Բակահայաց ճակատի առաջին հարկն ուներ աղյուսաշեն կամարասրահ, իսկ երկրորդը` փայտաշեն պատշգամբ։ Տնտեսական ու բնակելի սենյակներից կազմված առաջին հարկը թաղածածկ էր։ Երկրորդ հարկի բնակելի սենյակներն ունեին հարուստ հարդարանք։ Հատակագծային ու ճարտարապետական լուծմամբ այդ տունը կատարյալ բնակարանի հրաշալի նմուշ էր, որում օրգանապես զուգակցվում էր Հայաստանի ժողովրդական ճարտարապետության լավագույն ավանդույթները։
Կոնդի Ռուսթավելու փողոցի դարպաս Կոնդի Ռուսթավելու փողոց Կառուցելու ճիշտ թվականը հայտնի չէ։ Այն քաղաքի անվանի մեծահարուստ Մելիք-Աղամալյանի տան շքամուտքն է եղել և հավանաբար կառուցվել է տան հետ միաժամանակ 19-րդ դարի առաջին կեսում։ Քարաշեն կառույց է` ճակատից ու կողերից երեսպատված աղյուսներով։ Չնայած ոչ մեծ չափերին` Կոնդի այդ դարպասը, հաջող ընտրված մասշտաբի, համաչափությունների և լավ մշակված մանրամասների շնորհիվ բակի մուտքի լուծման այդ ժամանակաշրջանի լավագույն նմուշներից է։
№ 31 Սպանդարյան փողոց (այժմ՝ Արամի) Երկհարկանի տուն է։ Կառուցվել է 1862 թվականին և պատկանել է Կամսարական ընտանիքին։ Տան հատակագիծը տիպական էր այդ ժամանակաշրջանի վերնախավի բնակարաններին, որոնց սենյակները խմբված էին ոչ մեծ նախասենյակի երկու կողմերում։ Նախասենյակ էին մտնում բակի պատշգամբից։ Ճարտարապետության գերիշխող տարրը ճակատի կենտրոնական մասի բարձակային, լայն պատշգամբն էր, որի սյունամիջյան կամարները և բազրիքները մշակված էին ցանցկեն զարդանախշերով։
№ 65 Սպանդարյան փողոց (այժմ` Արամի) Կառուցել է Բալա Ղազարյանը 1886 թվականին։ Տունը, որի գլխավոր ճակատը նայում էր հյուսիս-արևելք, տեղանքի թեքության պատճառով փողոցի կողմից ուներ մեկուկես, իսկ բակի կողմից երկու հարկի բարձրություն։ Տան պատերը շարված էին ճեղքված քարերից՝ կրակավաշաղախով, իսկ ճակատը երեսպատված էր թրծած աղյուսով։ Տուն կարելի էր մտնել աղյուսաշեն թաղակապ դալանով։ Բակահայաց ճակատի հարավ-արևմտյան և հարավ-արևելյան կողմերը պատված էին երկհարկ պատշգամբով, ուր բարձրանում էին բազալտից շինված աստիճաններով։
№ 53 Սպանդարյան փողոց (այժմ` Արամի) Կառուցվել է 1870 թվականին։ Փողոցի կողմից միահարկ, տուֆակերտ, բարձր գետնախարսխի վրա բարձրացող, աղյուսով երեսպատված շենք էր։ Բակի կողմից տունը երկհարկանի էր։ Առաջին հարկը հատկացված էր տնտեսական նպատակների, երկրորդը՝ ամբողջովին բնակելի էր։ Բակի մուտքը թաղածածկ դալանից էր։ Բակի լայն պատշգամբը միացնում էր երկրորդ հարկի բնակելի սենյակները։
Մ. Տեր-Պողոսյանի քարաշեն տուն Նախկին Սովետների փողոց Միահարկ շինություն էր, ճակատը երեսպատված էր սրբատաշ տուֆով։ Կառուցվել է 19-րդ դարի 80-ական թվականներին։ Բնակելի ու տնտեսական շենքերն միասնական էին։ Ամբողջ տան ներքևը խոր, թաղածածկ նկուղն էր՝ տնտեսական կարիքների համար։ Լայն սյունասրահը բակի կողմից ընդգրկում էր բնակելի սենյակները։
№ 56 Սվերդլովի փողոց (այժմ` Փավստոս Բուզանդի) Կառուցման ճիշտ թվականը հայտնի չէ, սակայն այն կարելի է վերագրել 19-րդ դարի երկրորդ կեսին։ Մուտքը փողոցից էր։ Տան ճակատի միջին մասում գտնվող թաղածածկ դալանը և ապա բազալտե սանդուղքներն առաջնորդում էին դեպի երկրորդ հարկի պատշգամբը։ Մաշտոցի (նախկին՝ Լենինի) պողոտայի վերակառուցման հետևանքով քանդել են տան աջակողմյան կեսը։
№ 68 Նախկին Պարոնյան փողոց Կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսում՝ մինչև Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցի բացվելը։ Շենքը տեղադրված էր հողամասի խորքում, և գլխավոր ճակատը նայում էր հարավ-արևելք։ Ունի նկուղային հարկ։ Կառուցված է քարից ու աղյուսից։ Միահարկ շենք էր, սենյակների միաշարք դասավորությամբ և տնտեսական շինություններով, որոնք կցվում էին հարավ-արևմտյան կողմից։ Բոլորը միացված էին մի ընդհանուր լայն պատճգամբով։ Տան սվաղված ճակատը մասնատվում էր հարթ որմնասյուներով։ Բացվածքները երիզված էին աղյուսե երեսակալներով։
№ 43 Բաբաջանյանների տուն Ստալինի փողոց (այժմ՝ Մաշտոցի պողոտա) Կառուցվել էր 1867 թվականին։ Մեկուկես հարկանի շինություն էր՝ ստորին հարկում տնտեսական նկուղով։ Խոհանոցն ու տնտեսական մյուս սենյակներն անմիջապես կից էին հյուսիս-արևմտյան եզրին, և իրար հետ կապվում էին լայն պատշգամբով։ Որպես շինանյութ ծառայել է սրբատաշ տուֆը և թրծած աղյուսը։ Սենյակների նպատակային հատակագծումը, փայտակերտ հոյակապ ցանցկեն բակային պատշգամբը Բաբաջանյանների տունը դարձնում էին այդ շրջանի լավագույն կառուցվածքներից մեկը։
№ 51 երկհարկանի տուն Տերյան փողոց Կառուցվել էր 19-րդ դարի 70-80-ական թվականներին, քարով և աղյուսով։ Պատկանում էր Մկրտիչ Ջանիբեկյանին։ Տեղադրված էր հողամասի խորքում։ Տան ճակատն ուղղված էր հարավ-արևելք։ Առաջին կամ կիսանկուղային հարկը, որ թաղածածկ էր, ծառայել է որպես մառան՝ գինի ու միրգ պահելու համար։ Երկրորդ հարկն ամբողջովին զբաղեցնում էին բնակելի սենյակները։ Բակահայաց ճակատն ուներ երկհարկանի պատշգամբ, առաջին հարկը քարե, իսկ երկրորդ հարկը՝ փայտե սյուներով։
№ 69 Եսայանների տուն Սպանդարյան փողոց (այժմ՝ Արամի) Կառուցման թվականն անորոշ է։ 1867 թվականին ավելացրել էին երկրորդ, բնակելի հարկը, իսկ հարավ-արևելքից՝ բակի կողմի պատշգամբը և աղյուսով երեսպատել հյուսիս-արևելյան ճակատը։ Տունը շինված էր քարից ու աղյուսից՝ կրաշաղախով։ Առաջին հարկի ծածկը քարաշեն էր ու թաղակապ, երկրորդինը՝ փայտե ու հարթ։ Տան հատակագծում բացակայում էր հստակությունը, որը կարելի է բացատրել առանձին մասերը տարբեր ժամանակներում կառուցելու հանգամանքով։ Ուներ փայտյա պատշգամբներ բակի և փողոցի կողմից։
№ 51 տուն Նորքի Դիլանյանների փողոց Դարպասի փականաքարի փորագիր արձանագրությունը վկայում է, որ շինվել է 1886 թվականին։ Տունն ուներ տնտեսական՝ կիսանկուղային և երկրորդ հարկում բնակելի հարկաբաժիններ։ Կառուցված էր ճեղքված քարով կրաշաղախի օգտագործմամբ։ Տունն ուներ երկշարք, համաչափ դասավորված սենյակներ։ Բնակելի սենյակները գտնվում էին փողոցից և բակից մուտք ունեցող նախասենյակի երկու կողմերում։ Հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից տունը գոտևորված էր կողային պատերով եզերված պատշգամբներով։ Առաջին հարկի միակտոր բազալտե սյուները պատշգամբի փայտյա սյուների համար ծառայում էին որպես հենարաններ։ Բակն ուներ երկու մուտք, որոնցից տուֆակերտ դուռ-դարպասը կառուցված էր մեծ ճաշակով ու վարպետությամբ։
№ 4 Սպանդարյան փողոց (այժմ՝ Արամի) Երկհարկ շինություն է։ Կառուցվել է անցյալ դարի երկրորդ կեսում՝ քարից ու աղյուսից։ Առաջին և երկրորդ հարկերի հատակագծային կառուցվածքը նույնական էր։ Բակակողմյան ճակատի երկայնքով ձգված նախասենյակը միացնում էր նրա երեք կողմերում զետեղված սենյակները։ Դեպի փողոց ուղղված ճակատի հորինվածքային կենտրոնը փայտե բարձակավոր պատշգամբն էր, որի սյուների միջև, վերնամասում կային ողնուցաձև կամարներ։
№ 124 Կոնդում, Ռուսթավելի փողոց Երկհարկանի է. առաջինում՝ տնտեսական, երկրորդում՝ բնակելի սենյակներով։ Տունը կառուցել է Արխենց Խաչատրյանը 1857 թվականին, քարից ու թրծած աղյուսից։ Տան հորինվածքը, որի կենտրոնը փողոցի բարձակավոր պատշգամբն է, խիստ համաչափ է։
№ 140 Նորքի բարձունքի, Պուշկինյան սարալանջի փողոց Երկհարկանի կառույց է։ Սենյակները հատակագծում միաշարք են։ Բնակելի սենյակները ոչ մեծ նախասենյակի երկու կողմում են։ Վերջինիս մուտքը դեպի հարավ ուղղված պատշգամբից է։ Առաջին, կիսանկուղային հարկը հատկացված էր տնտեսական կարիքներին։ Տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին, ճեղքված քարերով՝ կրաշաղախի օգտագործմամբ։ Տան հատակագծային լուծումները և դեկորատիվ հարդարանքը բնորոշ են այդ ժամանակաշրջանի գյուղական բնակարաններին։
№ 171 Նորք Միհարկանի տուն է։ Կառուցել են Մուշեղ և Զաքար Կասպարյան եղբայրները 1870 թվականին՝ ճեղքված քարերից։ Հատակագիծն ունի «Ո» տառի ձև, իսկ գլխավոր ճակատը նայում է հարավ։ Տան ելուստավոր մասերի միջև ծածկված պատշգամբ է (լոջիա), որը սալարկված էր քարով։ Տնտեսական խումբը՝ հնձանը, մառանն ու ախոռը հարավ-արևելյան անկյունից և տնից բաժանված էր նեղ, փողոցից սկսվող անցուղիով։ Բնակելի սենյակները, տեղավորված տան թևերում, միավորում էին մի ընդհանուր շքասենյակով, որը ելք ուներ դեպի ծածկած պատշգամբը։
№ 31 Ալավերդյան փողոց (Թումանյան) Կառուցվել է 19-րդ դարի վերջին։ Քարաշեն էր, ճակատը երերսապատված աղյուսով։ Թաղակապ դալանը ծառայել էր որպես մուտք դեպի բակ, որտեղ քարաշեն սանդուղքը տանում էր երկրորդ հարկ։ Երկրորդ հարկի բնակելի սենյակները պատշգամբով կապված էին տնտեսական կցաշենքի հետ։ Տան հատակագիծը թելադրված էր հողամասի նեղվածությամբ ու դեպի խորքը ձգվածությամբ։ Ճակատը մշակված էր մի քանի հարթ որմնասյուններով, որոնք շենքը բաժանում էին երկու անհավասար մասի։ Կենտրոնում եղել է փոքրիկ բարձակավոր պատշգամբ։
№ 16 Ամիրյան փողոց Երկհարկանի տուն էր։ Պատկանել է Ավետիք Միրզոյանին, կառուցվել է քարից ու աղյուսից, 1867 թվականին։ Երկու կողմից սեղմված լինելով հարևան տների միջև՝ այն ունի նեղ, ուղղանկյուն ձև։ Թաղակապ դալանը գտնվում էր առաջին հարկի աջ մասում։ Երկրորդ հարկի պատշգամբ տանող փայտե սանդուղքը միաժամանակ ծառայել է տնտեսական օժանդակ կցաշենքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուբեն Մելքումյան․ Հին Երևանի ժողովրդական բնակարանների ճարտարապետությունը․ «Հուշարձան» 2007, էջ 11-16 ISBN 978-99930-865-4-3։