Հելմինթոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հելմինթոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելմինթոլոգիա, գիտություն մակաբույծ որդերի, մարդու, կենդանիների ու բույսերի օրգանիզմում դրանց առաջացրած ճիճվային հիվանդությունների մասին։ Հելմինթոլոգիան կապված է կենդանաբանության, բժշկագիտության, անասնաբուժության և բույսերի ախտաբանության (ֆիտոպաթոլոգիա) հետ։ Հելմինթոլոգիայի 3 հիմնական բաժիններն են. բժշկական, անասնաբուժական և բուսական։ Հելմինթոլոգիան ուսումնասիրում է մակաբույծ որդերի ձևաբանությունը, կենսաբանությունը, կարգաբանությունը, էկոլոգիան, ինչպես նաև բուժումը, համաճարակը, պայքարն ու կանխարգելումը։

Ըստ կենսաբանական հատկության՝ տարբերում են գեոհելմինթներ և բիոհելմինթներ։

Գեոհելմինթների զարգացման ցիկլը սկսվում է արտաքին միջավայրից և ավարտվում տիրոջ օրգանիզմում։

Բիոհելմինթների զարգացումը տեղի է ունենում միայն կենդանի օրգանիզմներում, և կենսական ցիկլի ավարտման համար սովորաբար անհրաժեշտ է երկու և ավելի տերերի հերթափոխություն[1]։

Հելմինթոլոգիայի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակաբույծ որդերի մասին առաջին տեղեկությունները մեզ հասել են հին ժամանակներից, սակայն որպես գիտություն հելմինթոլոգիան սկսել է ձևավորվել XVIII դ. II կեսերից։ Հելմինթ տերմինը առաջին անգամ օգտագործել է Հիպոկրատը՝ 460-370 թթ։ Հիմնադիրը գերմանական գիտնական Կ. Ռուդոլֆին է։

Հայաստանում հելմինթոլոգիայի հիմնադիրը Ելենա Քալանթարյանն է, որն աշխարհում առաջինն է նկարագրել Trichostrongylus axei (1924), Skrijabini Kalantarian (1932) մակաբույծ որդերի տեսակները։ Նաև 1927 թ.-ին առաջարկել է հելմինթոլոգիական հետազոտության նոր մեթոդ, որը կոչվում է իր անունով։ Ե. Քալանթարյանը, Ա. Բադալյանը, Է. Դավթյանը և ուրիշներ մեծ ավանդ են ներդրել ասկարիդոզի, տրիխոցեֆալոզի, հիմենոլեպիդոզի, էխինոկոկոզի ուսումնասիրման բնագավառում։ ժամանակակից իմունոլոգիան խիստ շաղկապվում է հելմինթոլոգիայի հետ։ Բացի այդ, հեռանկարային և կիրառական նշանակություն են ձեռք բերում իխտիոհելմինթոլոգիան (ձկնա-հելմինթոլոգիա) և էնտոմոհելմինթոլոգիան (միջատա-հելմինթոլոգիան)։ Խորհրդային շրջանում հելմինթոլոգիայի բնագավառում ուսումնասիրություններ են կատարվել Ա. Բ. Ալեքսանյանի անվան աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական պարազիտաբանության և ուրիշ ԳՀԻ-ների պարազիտաբանության լաբորատորիաներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 339 CC-BY-SA-icon-80x15.png
  1. Ս. Հ. Սիսակյան Ընդհանուր և բժշկական կենսաբանություն