Հարութ Ֆազլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարութ Ֆազլյան
Ծնվել էհունիսի 29, 1962(1962-06-29) (61 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հարութ Պերճի Ֆազլյան (հունիսի 29, 1962(1962-06-29), Բեյրութ, Լիբանան), հայ դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնրեալ։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական (1978) և Երևանի պետական կոնսերվատորիայի դիրիժորական (1990) բաժինները։ Վերադառնալով Մոնրեալ՝ զբաղվել է համերգային գործունեությամբ։ Մասնակցել է դիրիժորների միջազգային մրցույթին Չեխոսլովակիայում (1-ին մրցանակ, 1992 թվական)։

1997 թվականին վերադարձել է Լիբանան, հիմնադրել առաջին սիմֆոնիկ նվագախումբը։

1999 թվականից՝ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր, ապա՝ գլխավոր դիրիժոր։ Կասլիկի Սուրբ Հոգի և Հայկազյան (երաժշտական բաժնի հիմնադիրը, 2004 թվական) համալսարանների երաժշտության պրոֆեսոր։

2006 թվականին Ֆրանկոֆոն երկրների միջազգային կոմիտեի պատվերով երաժշտություն է գրել Նադիա Թուենիի բանաստեղծությունների հիման վրա։

2007 թվականին (լիբանանցի բանաստեղծ Անրի Զուղեյպի գործակցությամբ) արաբերեն է թարգմանել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Բաստիեն և Բաստիենա» օպերայի լիբրետտոն և ղեկավարել համաշխարհային պրեմիերան՝ Լիբանանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

2010 թվականին Մարոկկոյի «Ասիլլա Արթ» արվեստի փառատոնին ներկայացրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» սիմֆոնիկ սյուիտը՝ իր մեկնաբանությամբ եվրոպական դասական գործիքների հետ նվագախմբում ներառել է նաև մերձավորարևելյան ավանդական գործիքներ՝ ստանալով նոր գույներ ու հնչյուններ։

2011 թվականին Բաալբեկի միջազգային փառատոնին մասնակցել է «Սալահէտտինի օրերը» (առաջին անգամ Լիբանանում երաժշտական պիեսը ներկայացվել է նվագախմբի մասնակցությամբ), 2012 թվականին Beiteddine-ի արվեստի փառատոնին՝ «Քարաքալլա» պարային թատրոնի հետ՝ «Once Upon a Time» պարը, 2015 թվականին՝ «For You Baalbeck» ներկայացումներով։

2014 թվականին Բիբլոսի միջազգային փառատոնին ներկայացրել է Մարսել Խալիֆէի համերգը՝ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Համագործակցում է լիբանանցի նշանավոր երգչուհիներ Ջուլիա Բուտրոսի (2000 թվականից) և Ֆեյրուզի (2010 թվականից) հետ։

Ֆրանսիայի Մշակույթի նախարարության արվեստի և գրականության ասպետի շքանշան (2015)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։