Հայ նոր քանդակագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ նոր քանդակագործությունը երևան է եկել համեմատաբար ուշ։ Հայկական միջնադարյան արվեստում (մինչև 18 դար) ինքնուրույն բոլորաքանդակ գրեթե չի ստեղծվել, իսկ ճարտարապետությանը համադրված բարձրաքանդակը կրել է դեկորատիվ բնույթ։ Նոր ժամանակների առաջին հայ քանդակագործը Կ. Պոլսում ստեղծագործող Երվանդ Ոսկանն է (1855-1914), որն ստեղծել է դիցաբանական և կենցաղային կերպարներ («Դափնե», «Աղախինը» և այլն)։ XX դարի սկզբի հայ հուշարձանային քանդակագործությունն սկզբնավորել է Անդրեաս Տեր-Մարուքյանը (1871-1919), որն ապրել ու ստեղծագործել է Փարիզում։ Հավատարիմ մնալով ռեալիզմի սկզբունքներին՝ կերտել է Ռափայել Պատկանյանի, Միքայել Նալբանդյանի հուշարձանները, Ղևոնդ Ալիշանի, Պետրոս Ադամյանի, Խրիմյան Հայրիկի, երգչուհի Պոլինա Վիարդոյի դիմաքանդակները. գլուխգործոցը Խաչատուր Աբովյանի մոնումենտալ արձանն է (տեղադրված է տուն-թանգարանի բակում)։ Ստեղծել է նաև ազգային-հայրենասիրական թեմայով («1512 հայ տպագրություն -1912», 1912, «Հայաստան», 1914) բարձրաքանդակները և այլ գործեր։ Հիմնականում կենցաղային ժանրի արձանիկներ է ստեղծել Միքայել Միքայելյանը (1879-1943)՝ կերտելով պարզ ու հասարակ մարդկանց կերպարներ («Բեռնակիրը», 1903, «Կուժը կոտրած աղջիկը», «Ասեղ թելող պառավը», երկուսն էլ՝ 1906, և այլն)։ 1910-ական թվականին ձևավորվել է ապագա ականավոր քանդակագործների՝ Մորիս Սարկիսովի (1882-1947, Շվեյցարիա), Հայկ Բադիկյանի (1876-1950), Հակոբ Փափազյանի (1878-1957), Նշան Թուրի (1888-1967, երեքն էլ՝ ԱՄՆ), Սերգեյ Մերկուրովի (1881-1952), Հակոբ Գյուրջյանի (1881-1948), Գրիգոր Քեպինովի (Քեպինյան, 1886-1966, Ռուսաստան) արվեստը։ XIX դարի հայկական գրաֆիկան դրսևորվել է հիմնականում գրքերի ձևավորումներում, տառագրություններում և պատկերազարդումներում։

Հաստոցային գրաֆիկան սկզբնավորվել է XIX դարի առաջին կեսին՝ Աղաթոն Հովնաթանյանի (1816-1893) և Հովհաննես Քաթանյանի (1824-1894) փորագրանկարներով, Հ. Շամշինյանի օֆորտներով, մատիտանկարներով, գրչանկարներով (1904 թվականին ռուս, հրատարակել է գծագրության և հեռանկարի՝ Այսրկովկասում առաջին դասագիրքը)։ Գրաֆիկայի խոշորագույն ներկայացուցիչ Վ. Սուրենյանցը ձևավորել է Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմը, հայկական ժողովրդական հեքիաթները, Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը» հեքիաթը և այլ գրքեր, որտեղ ակնհայտ է գեղարվեստական իրականությունը գրաֆիկ, հնարքներով պատկերելու նրա մեծ վարպետությունը։ Փարիզում ստեղծագործել են XX դարի օֆորտի խոշոր վարպետներ էդգար Շահինը (1874-1947, ստեղծել է դիմանկարներ, փարիզյան բնանկարներ, կենցաղային տեսարաններ և այլն) և Տիգրան Պոլատը (1874-1950, կատարել է գրքի պատկերազարդումներ)։ Ջրաներկի վարպետներից են Տիգրան Եսայանը (1874-1921) և Ա. Ֆեթվաճյանը, գրքի ձևավորող Մելքոն Քեպապճյանը (1880-1949)։ Գրաֆիկայում ուրույն տեղ ունեն նշանավոր ինքնուս նկարիչ Վանո Խոջաբեկյանի (1875-1922) Թիֆլիսի կյանքն ու կենցաղը պատկերող մատիտանկարները, Վրթանես Ախիկյանի (1873-1936), Լևոն Հազարապետյանի (1881-1946), Միքայել Խունունցի (1883-1931), Գ. Շարբաբչյանի (1884-1942) և ուրիշներ գործերը։ Հայաստանում իր նկարազարդումներում ցինկագրության առաջին կիրառողը Ս. Սողոմոնյանն է։

Հայ երգիծանկարչության սկզբնավորումը կապված է Կ. Պոլսի XIX դարի հայկական մամուլի, հատկապես Հարություն Սվաճյանի և Հակոբ Պարոնյանի հրատարակած պարբերականների հետ։ Երգիծանկարչության ժանրն առավել զարգացել է XX դարի սկզբին, չնայած վաղ նմուշներն ստեղծվել են 1880-ական թթթվականին (Վ. Սուրենյանց)։ Առաջին ծաղրանկարիչներից է դար Օքրոյանցը, որը 1906-07 թվականին Ս. Պետերբուրգում նկարազարդել և հրատարակել է «Սափրիչ» երգիծական հանդեսը։ Թիֆլիսում լույս տեսնող «Խաթաբալա» երգիծական հանդեսում երգիծանկարներով աչքի են ընկել Ալեքսանդր Միրզոյանը (1868-1928), Գարեգին Երիցյանը (1879-1966), Գարեգին Լևոնյանը (1907 թվականին Թիֆլիսում ստեղծել է գեղարվեստի ստուդիա, դասավանդել գրաֆիկ. փորագրություն)։ Ծաղրանկարներ են ստեղծել նաև Վ. Ախիկյանը, Վ. Խոջաբեկյանը և ուրիշներ։