Հայք (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայք (օրաթերթ)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայք (այլ կիրառումներ)
Հայք թերթի շպիգելը
Հայք թերթի շպիգել

«Հայք», հայկական քաղաքական և հասարակական շաբաթաթերթ: Առաջին համարը լույս է տեսել 1989 թ. նոյեմբերի 4-ին՝ ՀՀՇ առաջին համագումարի օրը։ Թերթը հայաստանյան առաջին ոչ կոմունիստական թերթն էր, որը տպագրվեց մեծ տպաքանակով և ոչ ինքնահրատ եղանակով։

Թերթի առաջին գլխավոր խմբագիրը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանն էր։ Թերթը կարճ ժամանակահատվածում խմբագրել են նաև նույն կոմիտեի անդամներ Վանո Սիրադեղյանը և Ալեքսան Հակոբյանը։

1990-ականների սկզբում «Հայքում» տպագրվել են ճանաչված շատ գործիչներ, այդ թվում և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆայել Իշխանյանը, Վազգեն Մանուկյանը և այլք։

«Հայքը» լինելով ՀՀՇ պաշտոնաթերթ, իրականում ազատ էր և այստեղ տեղի էր ունենում մտքերի բախում, կառուցողական քննարկում։ Թերթը տարբեր տարիներին խմբագրել են Վասակ Դարբինյանը, Արծրուն Պեպանյանը, Հասմիկ Պոդոսյանը, Վարդգես Դավթյանը, Տիգրան Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Գեղամ Նազարյանը։

1998 թ. սկզբներին «Հայքը» օրաթերթից վերածվեց շաբաթաթերթի, որի գլխավոր խմբագիր նշանակվեց Տիգրան Հակոբյանը։ Նրա հետ թերթում աշխատում և տպագրվում էին Արմեն Բաղդասարյանը, Արայիկ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, Արտակ Գնունին, Մհեր Արշակյանը, Նաիրա Զոհրաբյանը, Նելլի Գրիգորյանը, Նորայր Պողոսյանը, Անահիտ Ադամյանը։ Մինչև 1999 թ. կեսերը «Հայք» շաբաթաթերթը հայաստանյան ամենամեծ հեղինակություն ունեցող և վաճառվող պարբերականներից էր։

Ֆինանսական խնդիրների պատճառով թերթի տպագրությունը դադարեցվեց 1999 թվականի հունիսին: Տպագրությունը վերսկսվեց 2006 թվականի սեպտեմբերից։ Այս գործում հսկայական ներդրում ունեցավ Արարատ Զուրաբյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնը։ «Հայքը» խմբագրում էր Վասակ Դարբինյանը, իսկ 2008 թ. Գեղամ Նազարյանը։

Կրկին ֆինանսական խնդիրների պատճառով թերթի տպագրությունը դադարեցվեց 2010 թվականի հուլիսից։