Հայկական քաղաքապետության շենք (Դոնի Ռոստով)
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Հայկական քաղաքապետություն (մագիստրատ) (ռուս.՝ Здание армянского магистрата), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Ազատության հրապարակում։ Քաղաքի հնագույն տներից մեկն է։ Որոշ տվյալներով` այն կառուցվել է 1790-ական թվականների սկզբին` Նոր Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության բացահայտված օբյեկտի կարգավիճակ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնի Նախիջևան քաղաքը հիմնադրելու մասին Եկատերինա II-ի հրամանագրում ասվում է. «...Հրամայում ենք հիմնել քաղաքապետություն և այնտեղ անցկացնել դատ և դատաստան ձեր իրավունքների ու սովորությունների համար՝ ձեր միջից ընտրվող պետերի կողմից, որոնք լինելու են Ազովի նահանգի պաշտոնացուցակում և հաստիքացուցակում և լինելու են փոխարքայի կառավարման ներքո...»։
Հայկական քաղաքապետության առաջին շենքը, ըստ երևույթին, եղել է փայտե։ Այնուհետև այն փոխարինվել է քարե շենքով, որը պահպանվել է մինչև մեր օրերը։ Նրա կառուցման ստույգ ամսաթիվն անհայտ է, սակայն ըստ որոշ ենթադրությունների՝ այն կառուցվել է 1790-ական թվականների սկզբին[1]։
Հայկական քաղաքապետությունը կառուցվել է կլասիցիզմի ոճով պետական շենքերի «տիպարային նախագծով»։ Երկհարկանի շենքը եղել է ուղղանկյունաձև։ Դեպի հրապարակ դուրս եկող գլխավոր ճակատի կենտրոնական մասում սկզբնապես կար քառասյուն սյունասրահ՝ պատշգամբով երկրորդ հարկում[1]։
1868 թվականին քաղաքապետությունը լուծարվեց, և նրա փոխարեն ստեղծվեց քաղաքային վարչություն, որի համար ոչ հեռու կառուցվեց նոր շենք[1]։
1872 թվականին Հայկական քաղաքապետության շենքը դարձավ վաճառական Հայրապետովների սեփականությունը։ Շենքը դարձավ կառապանների իջևանատուն։ Տան բակում հայտնվեցին անասնակերի ցախանոցներ։ Առանձնատանը գտնվում էին ճաշասենյակը, խոհանոցը, կառավարչի և հյուրերի սենյակները, առևտրային տարածքներ[1]։
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին շենքում բացվեց Հնությունների և արվեստի երկրամասային հայկական թանգարանը։ Այն գլխավորում էր Նախիջևանի հոգևոր ճեմարանի նախկին ռեկտոր Երվանդ Շահազիզը։ Թանգարանը գոյություն ունեցավ մինչև 1922 թվականը, երբ նրա արխիվը տեղափոխվեց Երևան՝ լրացնելով Պատմամշակութային թանգարանի հավաքածուն[1]։
Թանգարանի փակվելուց հետո շենքը վերակառուցեցին՝ դարձնելով կոմունալ կացարան։ 1930-ական թվականներին խարխլության պատճառով քանդվեց գլխավոր ճակատի սյունասրահը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — С. 33—39. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X
- ↑ «Ростов-на-Дону (выявленные объекты культурного наследия)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Վերցված է 2013-11-28