Հայերը Սան Ֆրանցիսկոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
San Francisco California Montage.jpg

Սան Ֆրանցիսկոյում հայերը բնակություն են հաստատել 19-րդ դարի 80-90-ական թվականներին։ 1912 թվականին նրանց թիվը 150 էր։ Համայնքը սկսել է ստվարանալ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1924 թվականին Սան Ֆրանցիսկոյամ (Օքլենդի և Բերկլիի հետ) բնակվել է 1500 հայ։ Հայերի հոսքը շարունակվել է ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո։ 1962 թվականին Սան Ֆրանցիսկոյամ և նրա արվարձաններում (Սան Մաթեո, Ռեդվուդ Սիթի, Սան Խոսե, Բերկյի, Սանտա Կլարա, Ռիչմոնդ են) բնակվել է 6 հզ. հայ, 1970-ական թվականների սկզբին՝ շուրջ 10 հզ., 1983 թվականին՝ 25 հզ.: 2003 թվականի տվյալներով Սան Ֆրանցիսկոյի և շրջակայքի հայերի թիվը շուրջ 100 հզ. է։

Սկզբնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայ բնակիչների մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բիթլիսցիներ. զբաղվել են դերձակությամբ, խոհարարությամբ, գորգավաճառությամբ, ծաղկավաճառությամբ են։ Հետագա տարիներին հայերն աստիճանաբար ընդգրկվել են քաղաքի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում։

Գործող կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի ազգային հասարակական կյանքը կազմակերպում են հայապահպան գործունեությամբ զբաղվող զանազան միություններ։ 20-րդ դարի սկզբից գործում են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, Ամերիկահայ քաղաքացիների լիգայի, Ամերիկահայ իրավանց խորհրդի, Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության, Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միության, Հայ դատի հանձնախմբի, ինչպես նաև ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, հայրենակցական միությունների, Թեքեյան, Համազգային և այլ մշակութային միությունների մասնաճյուղերը։

Հասարակական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանցիսկոյամ և արվարձաններում գործում են հայ առաքելական Ս. Գրիգոր Լուսավորիչ (1925 թվականից), Ս. Հովհաննես Մկրտիչ (1941 թվականից, ունի տիկնանց օժանդակ մարմին), Ս. Վարդան (1932 թվականից), ավետարանական Գողգոթա (1926 թվականից) և Բեթըլ (1933 թվականից) եկեղեցիները։ Կան սակավաթիվ հայ կաթոլիկներ։ Հայկական Եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա կամ երեկոյան դպրոցներ։ 1980 թվականին բացվել է նորակառույց Հայ կենտրոնը՝ սրահով և Գռուզյան-Զաքարյան Վասպուրական ամենօրյա վարժարանով։ 1994 թվականից Բերկլիի համալսարանում գործում է Վիլյամ Սարոյանի անվան հայագիտական ամբիոնը։ 1924-1995 թվականներին հրատարակվել է «Ծիածան» ամսաթերթը։ 1921 թվականին հիմնվել է «Մասիս» ակումբը, որն ունեցել է թատերախումբ։ 1960-ական թվականների սկզբին ստեղծվել է Հայ դրամատիկ թատերախումբը (գործել է 16 տարի)։ Այժմ գործում են «Կռունկ» պարախումբը, Նիկոլ Աղբալյան գրադարանը, թատերախումբ։ Եթեր է հեռարձակվում հայկական ռադիոժամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png