Jump to content

Հայերը Կամենեց-Պոդոլսկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)

Հայերը Կամենեց-Պոդոլսկում բնակություն են հաստատել 11-րդ դարից, երբ կործանվել է Բագրատունիների հայկական թագավորությունը[1]՝ ի սկզբանե հանդիսանալով լեհահայ գաղթօջախի, ապա՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արդեն՝ ուկրաինահայ գաղթօջախի մաս։ Հայերը հիմնականում եկել են Ղրիմի (հատկապես Թեոդոսիայի), Մոլդովայի, Փոքր Ասիայի հայաբնակ վայրերից և Հայաստանից: Դեպի ժամանակակից Ուկրաինա և Լեհաստան հայկական նոր խմբեր են հաստատվում Զաքարյան իշխանապետության անկումից հետո՝ 13-րդ դարում[2]։ Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի տիրապետության շրջանից սկսած (1333-1370)՝ լեհ թագավորները և մագնատները հայերին շնորհել են լայն արտոնություններ՝ առևտուր անելու, արհեստներով զբաղվելու, ազգային օրենսդրություն գործածելու իրավունքով՝ դատավարության ինքնավարությամբ: Դատարանը գլխավորել է վոյթը: Գործել են արհեստավորական կազմակերպություններ, հոգևոր և կտրիճվորաց եղբայրություններ: 17-րդ դարում քաղաքում արդեն հաշվվում էր 1200 հայ ընտանիք[1]։

Կամենեց-Պոդոլսկի բնակչության զգալի մասը կազմելով և զբաղեցնելով քաղաքի մեծ մասը[2], հայերը բնակվել են հիմնականում քաղաքի հարավարևելյան մասում, մինչ օրս քաղաքում կա թաղամասերից հայտնի հայկական անունով թաղամաս։ Քաղաքի այդ մասում, բացի հայկական համայնքի վարչական և առևտրային շենքերից, գտնվում էին քաղաքի գլխավոր հայկական եկեղեցիները (սուրբ Աստվածածնի Ավետման, սուրբ Աստվածածնի Վերափոխման, սուրբ Նիկողայոս, սուրբ Ստեփանոս, սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Խաչ և այլն)[3], իսկ 16-րդ դարից սկսած գործել է հայկական դպրոց։

Հայերն զբաղվել են արհեստագործությամբ, առևտրով, եղել են դիվանագետներ, ծառայողներ, զինվորականներ, կարևոր դեր խաղացել Կամենեց-Պողոլսկի տնտեսական, քաղաքական կյանքում, գործուն մասնակցել ռազմավարական նշանակություն ունեցող այդ քաղաքի սահմանների պաշտպանությանը: Կամենեց-Պոդոլսկի առևտուրն Արևելքի հետ հիմնականում գտնվել է քաղաքի հայ առևտրականների ձեռքին, որոնք մասնակցել են նաև Լվով, Լուցկ, Սլուցկ և այլ քաղաքներում կազմակերպված տոնավաճառներին, հիմնել «Առևտրական տուն»: Քաղաքի պաշտպանությունն ամրացնելու նպատակով հայերն իրենց միջոցներով կառուցել են քարե պարիսպ, ամրոց, ձուլել թնդանոթներ, լեհերի և ուկրաինացիների հետ պաշտպանել քաղաքը: Հայկական շուկայից բացի հայ համայնքի հետ քաղաքը կապված է այնպիսի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Հայկական միջնաբերդն ու Հայկական ջրհորը, հայտնի է հայկական հոսպիտալը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 С. Шкурко (1968). «Армянские архитектурные памятники в городе Каменец-Подольске» (PDF). Историко-филологический журнал № 2 . pp. 233-243. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 Григорян В. Р., «История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии), Ер.: Издательство АН Арм. ССР, 1980
  3. Исторические связи и дружба украинского и армянского народов. — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1971. — Т. 3. — С. 292-293.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։