Հայերեն արմատական բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերեն արմատական բառարան
ՀեղինակՀրաչյա Աճառյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբառարան
Թեմահայերեն
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր ԽՍՀՄ

«Հայերէն Արմատական Բառարան», Հրաչյա Աճառյանի ամենաարժեքավոր աշխատանքներից։ Բառարանում ստուգաբանուած բառերի քանակն է 5,602։ Հրատարակված ապակետիպ է առաջին անգամ յոթ հատորով 1926-1935։ 1971 թվականին երկրորդ հրատարակությունը եղել է Երևանում։

Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» տիպական բառահոդվածները ներկայանում են հինգ բաժնով՝

  • Բառագիտություն։ Գլխաբառ արմատի դիմաց տրված են քերականական նշումներ, բացատրվում է իմաստը, ուղենշվում նրա պատմական էվոլյուցիան, բերվում են համապատասխան վկայություններ (գրավոր աղբյուրներից), որոնց մեջ երևում է արմատի բառակազմական պլանը, ցուցադրվում են նրանից կազմված բառերը, հնչյունափոխված ձևերը, տարբեր գրչությունները և այլն։
  • Ստուգաբանություն։ Բնիկ հայերեն բառի դիմաց տրվում են հնդեվրոպական նախալեզվի վերականգնված ձևը, ցեղակից լեզուների վկայությունները, իսկ եթե բառը փոխառյալ է, նշվում է աղբյուրը (փոխատու լեզուն)՝ համապատասխան բառի (արմատի) ցուցադրումով։
  • Ստուգաբանությունների պատմություն։ Բերվում են տվյալ արմատի վերաբերյալ անցյալում արված բոլոր ստուգաբանությունները։ Այս բաժինը հիմնականում տեղեկատու նշանակություն ունի։
  • Բարբառագիտություն։ Բերվում են արմատի համապատասխանությունները նոր հայերենի բարբառներում՝ ցուցադրելով դրա հնչյունական, իմաստաբանական, բառակազմական զարգացումները, փոփոխությունները։ Գավառական ձևերը վերցված են հայերենի մի քանի տասնյակ բարբառներից։
  • Փոխառություն հայերենից։ Այստեղ նշվում է, թե տվյալ արմատը՝ իբրև հայերենից կատարված փոխառություն, որ լեզվում է առկա։

Բառարանի առաջաբանում հեղինակը հանգամանորեն պարզաբանում է իր աշխատության կառուցվածքը, մեկնաբանում ստուգաբանական այն սկզբունքները, որոնցով ղեկավարվել է ինքը։ Առաջաբանին կից տրված են համառոտագրական ընդարձակ ցանկեր։ Բառարանի առաջին հրատարակության 7-րդ հատորը հավելվածային է, և երկրորդ հրատարակության ժամանակ այն մուծվել է համապատասխան բաժինների մեջ։ Հ. Աճառյանի այս աշխատությունն անգնահատելի ներդրում է հայերենագիտության մեջ. այն իր նմանը չունի նաև համաշխարհային բառարանագրության մեջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։