Հայատառ թուրքերեն գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայատառ թուրքերեն գրականություն, գրականություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նմուշները երևան են եկել 14-րդ դարում։ Հայատառ թուրքերեն գրականությունը եղել է Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում՝ Արևմտյան Հայաստանում, բռնի իսլամացված ավելի քան կես միլիոն թրքախոս և հայերեն չիմացող հայերի հաղորդակցման միջոցը։ Ստեղծվել է հայատառ թուրքերեն գրականությունը՝ բանահյուսական, աշուղական, պատմական, գեղարվեստական, գիտական, ինչպես նաև տեխնիկայի, գյուղատնտեսության, արհեստների ու մշակույթի վերաբերյալ։ Այս լեզվով են թարգմանվել համաշխարհային դասականների ու ժամանակի հայտնի հեղինակների գործեր։ 1850-1870-ական թվականներին և աբդուլհամիդյան բռնապետության դաժան տարիներին Հայատառ թուրքերեն գրականությունը մեծապես նպաստել է հայ ժողովրդի թրքախոս հատվածի հոգևոր վերելքին։

Հայատառ թուրքերեն գրականությունը տպագրվել է աշխարհի շուրջ 50 քաղաքների 200-ից ավելի, իսկ միայն Կ. Պոլսում (1730 թվականից)՝ ավելի քան 85 տպարաններում։ Շուրջ 250 տարվա ընթացքում հրատարակվել են մոտ 2500 անուն հայատառ թուրքերեն գրականության գրքեր՝ երբեմն հայերեն վերնագրերով, իսկ 500-ից ավելի թարգմանություններ և փոխադրություններ կատարվել են թատրոնի համար։ Հայատառ թուրքերեն գրականությամբ գրել ու թարգմանել են նաև թուրք գրողները՝ սզբնավորելով թուրքական դրամատուրգիան, նոր գրականությունն ու գրական թուրքերենը։ Հայատառ թուրքերեն գրականությամբ ստեղծվել են օսմաներենի ուսուցման դասագրքեր, բառարաններ (հայերեն, հայատառ թուրքերեն գրականության՝ օսմանական բացատրական տեքստերով)։ Հայ լեզվաբանների հեղինակած հայատառ թուրքերեն գրականությունը շուրջ 100 դասագրքերով ու բառարաններով թուրքերը տասնամյակներ շարունակ սովորել են սեփական լեզուն։ Հայ հնատիպ գրքի շրջանում հայատառ թուրքերեն գրականությամբ տպագրվել է ավելի քան 50 անուն գիրք։

Հայերեն վերնագրերով հրատարակվել են «Աղօթք հասարակաց քրիսդոնէից...» (1618 թվական, Լվով) աղոթագիրքը, Մխիթար Սեբաստացու «Դուռն քերականութեան աշխարհաբառ լեզուին Հայոց շարադրեցեալ տաճկականաւ լեզուաւ» արևմտահայ աշխարհաբարի առաջին քերականությունը, Գեորգ Մխլայիմ Կոստանդնուպոլսեցու «Ճառ վասն ծննդեան եւ չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», Աթանաս Մերասյանի «Համառօտ քերականութիւն արարեալ իտալական, հայկական եւ տաճկական լեզուաւ» երկերը, Գաբրիել Ավետիքյանի «Իտալերէն-հայերէն հայատառ թուրքերէն թօսքանեան բառարան»-ը, Մանուել Սրմաքեշ Կեսարյանի «Գիրք որ կոչի Ակն Լուսատու» ժողովածուն, ինչպես նաև՝ «Գիրք զոր ասի խրատ հոգեկան» երկը. 1736 թվականին Կ. Պոլսում՝ Բարսեղ և Հակոբ Սեբաստացիների տպարանում (20 էջ, 4օ, 15,1 x 11,2 սմ, թարգմանությունը ֆրանսերենից՝ Հակոբ Դպիր Ճամճու օղլու)։ «Երանելի Սբ Կղէմէս էնկիւրին եպիսկոպոսուն պատմութիւնը» երկը. 1751 թվականին Վենետիկում՝ Անտոնի Բորտոլիի տպարանում (60 էջ, 12օ, 10,6 x 6,2 սմ)։

Հայատառ թուրքերեն գրականությամբ հրատարակված գրքերից ուշագրավ են նաև՝ Պաղտասար Դպիրի «Պու գիրք օլտուրքի քրիստոնէական հաւատքըմըզա...» («Քրիստոնեական հավատքին անհրաժեշտ մի քանի գիտելիքներ...») երկը (1742 թվական

Բելլարմինոս Ռոբերտոսի «Էյի էօլիւմէ հազըր օլմաքլըղըն մէշկուլ օլմասը իչին» («Նախապատրաստություն երանելի մահվան») ժողովածուն. 1783 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում (82 էջ, 12օ, 9,2 x 4,7 սմ)։

Վերահրատարակվել է 1796 թվականին (86 էջ, 8օ, 8,3 x 4,3 սմ) և 1807 թվականին՝ նույն տպարանում, 1825 թվականին (Վենետիկ, Մխիթարյան տպարանում). վերջին երկուսում տպակից է «Սուրբ Խաչ եօլուն զիյարէթի» հայատառ թուրքերեն գրականության գրքին։ «Սուրբ Խաչ եօլուն զիարէթի» («Այցելություն Սուրբ Խաչին») գիրքը. 1783 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում (154 էջ, 9,2 x 4,7 սմ)։

Վերահրատարակվել է 1796 թվականին նույն տպարանում (150 էջ, 8,3 x 4,3 սմ)։

Տպագրվել է նաև 1807 թվականին (2 անգամ, նույն տպարանում), 1825 թվականին (2 անգամ, Վենետիկ, Մխիթարյան տպարանում), 1839 թվականին (Վենետիկ, Սուրբ Ղազարի տպարանում)։

«Ճէհէննէմ իւզէրինէ իւչ քարոզլար» («Երեք քարոզ դժոխքի մասին») գիրքը. 1784 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում (258 էջ, 8օ, 11,3 x 6 սմ)։

Անտոն վարդապետ Մսրօղլու «Էնկիւրլիւ սուրբ Թէոդիտոն նահատակըն վէ եէտի կուսանքլարըն պատմութիւնու» («Անկյուրացի նահատակ սուրբ Թեոդիտոնի և յոթ կույսերի պատմությունը») երկը. 1791 թվականին՝ առանց տպագրության տեղի և տպարանի հիշատակության (159 էջ, 8օ, 10,1 x 5,6 սմ)։

Ստեփաննոս Ավգերյանցի «Տօքուզ կիւն մտածական տուվա երանելի Կղեմէս հայրապետին վարքընըն իւզէրինէ» («Իննօրյա մտածական աղոթքներ երանելի Կղեմես հայրապետի վարքի վերաբերյալ») ժողովածուն. 1796 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում (44 էջ, 8օ, 10,5 x 6 սմ)։

«Մուխթասարիճէ թարիք հէմափաք ռօզարըն» («Համառոտ պատմություն») գիրքը. 1796 թվականին նույն տպարանում (28 էջ, 8օ, 8,3 x 5 սմ)։

Թամպուրի Արութինի (Քյուչուկ Արութին) «Թահմաս Գուլու խանըն թէվարիքի» («Պատմություն Թահմազ Ղուլի խանի») երկը. 1800 թվականին Վենետիկում՝ առանց տպարանի հիշատակության (96 էջ, 12օ, 10,1 x 5,7 սմ)։

«Քրիստոնէական քըլաւուզու...» («Քրիստոնեական վարդապետություն...»), մեկ գրքով տպագրված երկհատոր գիրքը. 1800 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում (517 էջ, 8օ, 11,5 x 6,8 սմ)։

Մինչև 1960-ական թվականների վերջը հայատառ թուրքերեն գրականությամբ հրատարակվել է բազմաբնույթ գրականություն՝ Հայ առաքելական և կաթոլիկական հայրերի աշխատություններ [Թոմա Գեմբացու «Քրիստոսա պէնզէր օլմագ իչին Թովմաս Գեմբացինին նասիհաթլէրի» («Քրիստոսին նմանվելու համար Թոմա Գեմբացու խրատները», թարգմանությունը՝ Պողոս Մարուշյանց Անկյուրացու, 1805 թվական, Տրիեստ, Մխիթարյան տպարան) և այլն], վարքեր [«Սուրբ Օգոստինոս Հիպպոնա եպիսկոպոսուն էօմրիւնիւն րիվայէթի» («Հիպոննայի եպիսկոպոս սուրբ Օգոստինոսի վարքը», 1816 թվական, Վենետիկ, Մխիթարյան տպարան) և այլն], փիլիսոփայական [Էդուարդ Յունգի «Եունկ ֆէյլէսօֆուն փիղանլէրի, եախօտ Եունկուն կէճէլէրի» («Յունգ փիլիսոփայի գիշերները», 1816 թվական, Վենետիկ, Սուրբ Ղազարի տպարան) և այլն], բժշկական [Միքայել Րեստեն Տեր-Պետրոսյանի«Բժշկութիւն. բառարան...», հատոր 1-2, 1882 թվական, Վենետիկ, Սուրբ Ղազարի տպարան], գեղարվեստական [«Եպիկտետոս ֆէյլէսօֆուն էլճիւզիւ» («Առածք Եպիկտետոսի», 1837 թվական, Վենետիկ, Սուրբ Ղազարի տպարան) և այլն]։ Հայատառ թուրքերեն գրականության վերջին գիրքը՝ Տիգրան Քիրեճյանի «Տէսթան գիթապը» («Դեստանների գիրք»), լույս է տեսել 1968 թվականին Բուենոս Այրեսում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանյան Հ., Հայատառ թուրքերեն գրականությունը, Ե., 2001։
  • Նույնի, Հայատառ թուրքերէն գրքերի եւ հայատառ թուրքերէն պարբերական մամուլի մատենագիտութիւն (1727-1968), Ստամբուլ, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։