Հայաստան, Ցեղասպանություն, Տեղահանություն, Աքսոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայաստան, Ցեղասպանություն, Տեղահանություն, Աքսոր» (գերմ.՝ Armenien. Völkermord. Vertreibung. Exil), փաստաթղթերի ժողովածու, հրատարակել է «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ընկերությունը» 1987 թ., Վիեննա-Գյոթինգենում, գերմաներեն։ Խմբագիրներ՝ Թ. Հոֆման, Ժ. Քոչարյան։ Ժողովածուն բովանդակում է ցեղասպանության խնդրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նրանում ընդգրկված են գիտական ու հրապարակախոսական հոդվածներ, հատվածներ հուշագրություններից, փաստաթղթեր, որոնք մերկացնում են ինչպես երիտթուրքական կառավարության հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, այնպես էլ ազգային-մշակութային շարունակվող ցեղասպանությունը հայ մշակութային ժառանգության նկատմամբ ժամանակակից Թուրքիայի տարածքում։

Ժողովածուի կազմողները խստագույնս հանդես են գալիս թուրքական պատմաբանների ու պաշտոնաթերթերի կողմից ցեղասպանության մասին ճշմարտության կեղծարարության դեմ։ Ժողովածուում բերվում են վկայություններ (Ա. Վեգներ, Գ. Պալաքյան), որոնք երիտթուրքական կառավարությանը մեղադրում են մի ամբողջ ժողովրդի բնաջնջման մեջ, գերմանական ս-դներ Կ. Լիբկնեխտի և Ռ. Լյուքսեմբուրգի ելույթներն ի պաշտպանություն հայերի, պաշտոն, փաստաթղթեր։ Հեղինակների առաջ քաշած խնդիրների մեջ առանձնանում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակից կայսերական Գերմանիայի՝ հայերի ցեղասպանությանը մեղսակցության աստիճանի հարցը։ Գրքում լուսաբանվում է հայերի ներկա կացությունը Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում, հատկապես Թուրքիայում, բերվում են ժամանակակից Թուրքիայում հայերի խտրականության, Արևմտյան Հայաստանում ճարտարապետական հուշարձանների ոչնչացման կոնկրետ օրինակներ։ Այստեղ հրապարակված են ցեղասպանության սարսափները պատկերող մեծ քանակությամբ լուսանկարչական վավերագրեր։

Հրատարակված լինելով «... ժողովուրդների պաշտպանության ընկերության» իրավապաշտպան կազմակերպության կողմից՝ ժողովածուն բազմաթիվ փաստագրական նյութեր է պարունակում այդ ընկերության՝ Հայաստանի գծով համաձայնեցնող խմբի գործունեության վերաբերյալ, որը հանդես է գալիս հայերի իրավունքների պաշտպանությամբ ԳՖՀ-ում, Թուրքիայում, պահանջում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչում։

Ժողովածուի հեղինակներ են նաև գրողներ, գիտնականներ, հրապարակախոսներ, այդ թվում՝ Հայաստանից (Ս. Ստեփանյան, Վ. Դավթյան, Ս. Խանզադյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։