Հայաստանն աքեմենյան և հելլենիստական ժամանակաշրջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ք.ծ.ա. VI դարի սկզբներին Մերձավոր Արևելքում կործանվում են նոր Ասորական, Բաբելոնի, Եգիպտոսի, Վանի թագավորության կայսրություններ։ Դարեհ I-ի Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ հիշատակված Ուրարտու կամ Արմինա կոչված ընդարձակ երկիրը, որը ձգվում էր Անտիտավրոսից մինչև Կասպից ծով, Միջագետքից մինչև Կուր գետի ափերը պատկանում էր հայ Երվանդունիներին։ Հայաստանը հիշատակվում է 6-րդ դարի հույն պատմիչ Հեկատե Միլեթացու, Հերոդոտի, Քսենեփոնի, Պոլիբիուսի, Ստրաբոնի և այլոց  երկերում։

Հայաստանը դարձել է Վանի թագավորության քաղաքական և մշակութային լիիրավ ժառանգորդը։ Հայաստանը 5 արյունահեղ ճակատամարտներից հետո ընդգրկվում է աշխարհակալ Աքեմենյան Պարսկաստանի կազմում։ Դարեհ Ա-ն Հայաստանում ձևավորվում է 13-րդ և 18-րդ սատրապությունները։ Հայաստանով էր անցնում Պարսկաստանը Միջերկրական ծովի հետ կապող Դարեհ Ա-ի կառուցած Արքայական ճանապարհը։ Երվանդունի արքաները (Օրոնտիդները) կարևոր դիրք էին գրավում Աքեմենյան Պարսկաստանում և ունեին կիսանկախ կարգավիճակ։ Երվանդյան Հայաստանում մեծ վերելք է ապրում գեղարվեստական մետաղամշակությունը, որի լավագույն օրինակները հայտնաբերվել են Էրեբունի ամրոցի մերձակայքում, Արմավիրում, Վանում, Երզնկայում և այլուր, գլիպտիկան, ապադանա կոչվող կոթաղային ճարտարապետությունը /Էրեբունի/:

Ալեքսանդր Մեծի արևելյան արշավանքի վճռական` Գավգամելայի ճակատամարտում (331 թ.), Դարեհ Գ-ի բանակի աջ թևում մարտնչող հայկական զորամիավորումները խիստ նեղել էին մակեդոնացիներին։ Աքեմենյան կայսրության փլուզումից և Սելևկյան թագավորության հաստատումից հետո Հայաստանն աստիճանաբար ներառվում է հելլենիստական քաղաքակրթության ոլորտում։ Ալեքսանդրի և դիադոխների ժամանակ Հայաստանն անկախ էր[1]։

Արտաշեսյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք.ծ.ա. 189 թ. Արտաշես աշխարհակալը Հայաստանը հռչակում է անկախ երկիր և կրկին վերամիավորում Երվանդունիների Հայաստանի սահմանները, ետ բերելով կորցրած նահանգները։ Ստրաբոնի «Աշխարհագրությունում» վկայված է, որ այդ ժամանակ Հայաստանում բոլորը խոսում էին հայերեն։ Վերնախավի մոտ կիրառվում էր նաև արամեերենը, որով են արձանագրված Արտաշես Ա-ի սահմանաքարերը։ Արտաշիսյանների օրոք Հայաստանում զարգացել է քաղաքաշինությունը։ Հին քաղաքների` Վանի, Արմավիրի, Էրեբունիի կողքին Հայոց արքաները հիմնադրեցին տասնյակ այլ քաղաքներ, որոնք կոչեցին իրենց անուններով` Սամոսատ, Արսամեա, Արշամաշատ, Երվանդաշատ, Տիգրանակերտ և Արտաշատ։ Վերջինս, ըստ Պլուտարքոսի վկայության կառուցվել է կարթագենի զորահրամանատար Հանիբալի խորհրդով։ Սրանք Չինաստանից և Հնդկաստանից դեպի Միջերկրածովի ավազան ձգվող «Մետաքսի Ճանապարհի»՝ միջազգային առևտրական ուղու վրա գտնվող մարդաշատ և բարեկարգ քաղաքներից էին, որոնց մասին վկայում են հունա-հռոմեական մի շարք պատմիչներ։ Դրանցում ըստ պեղումների արդյունքների արտացոլված են տեղական, արևելյան և արևմտյան մշակույթները։ Ծաղկել են զանազան արհեստներ։ Հայաստանը ներմուծում էր ապրանքներ և արտահանում իր գյուղատնտեսական ու արհեստագործական արտադրանք, հանքանյութեր՝ ըստ հռոմեական պատմիչ Պլինիոս Ավագի։ Հայաստանի վարպետները հատկապես հմուտ էին գեղարվեստական մետաղագործության մեջ։ Սրա վկայությունը Վանից, Արմավիրից, Արտաշատից, Լոռի բերդից հայտնաբերված բարձրարվեստ զարդերն են`  կենադանիների գլուխներով ավարտվող ապարանջաններ, կրծքազարդեր, թանկարժեք մետաղյա սպասք։ Աչքի են ընկնում, մասնավորապես, անոթների ձևավոր բռնակները, արծաթե պտյակները։

Հելլենիստական Հայաստանի պետություններից ամենախոշորը Մեծ Հայքն էր, որն իր հզորության գագաթնակետին հասավ Արևելքի տիրակալ, արքայից-արքա Տիգրան Մեծի (Ք. ա. 95-56 թթ.) օրոք։ Նա ծնկի բերեց պարթևներին և Եփրատի ափերից հեռացրեց Հռոմեական կայսրության բանակները, Արևելքի և Արևմուտքի միջև կարգավորեց տարանցիկ առևտուրը։ Նրա մայրաքաղաքներից մեկը` Տիգրանակերտը, կառուցվեց նախապես մշակված նախագծով` Տիգրիսի վերին ավազանում։ Կառուցվում են հզոր ամրոցներ, մասնավորապես Գառնին, որի մասին հիշատակում է հռոմեական պատմիչ Տակիտոսը։ Հելլենիստական Հայաստանն ընդգրկված էր Հին Աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացներում։ Դրամական շրջանառության պահանջները բավարարելու համար Հայաստանում հատել են սեփական դրամներ։ Հայաստանի մշակույթը հելլենիստականի և հինարևելյանի սինթեզ էր, բովանդակությամբ` խիստ ավանդական։ Այն դարձավ քրիստոնյա Արևելքի մշակույթի աղբյուրներից մեկը[2]։

Արշակունիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակաշրջանից նկատվում են զգալի փոփոխություններ մշակութային և քաղաքական կյանքում։ Հայաստանի քաղաքները, մասնավորապես Արտաշատը դառնում են միջազգային առևտրի առանցքային կենտրոններ։ Բարելավվում է քաղաքատիպ բնակավայրերի ջրամատակարարումը։ Հայաստանի առևտրա-տնտեսական կապերը տարածվում են մինչև Արևմտյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Ղրիմի թերակղզի և Եգիպտոս։ Կավագործության ոլորտում ակնառու է դառնում որակական հատկանիշների աճը։ Լայն տարածում է ստանում ապակեգործությունը, թրծակավե արձանիկների արվեստը։ Տաճարների, պալատների և մեծահարուստների տների պատերը զարդարվում են բազմագույն սվաղով, որմնապատկերներով, գիպսե քիվերով, տանիքները ծածկվում են կղմինդրներով։

3-րդ դարի կեսից Հայաստանում նկատելի են դառնում ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ հռոմեական ազդեցությունները / Գառնիի տաճարը, Գառնիի տաճարի խճանակարը/, սակայն գերակայում են հելենիստական ավանդույթները։ Դարնց ազդեցությունն առանձնապես ակնառու է Աղցքի թրծակավե հարթաքանդակների արվեստում, որոնցում արտացոլված են նատուրալիստական ոճով կերտված ազնվացեղ եղջերուներին հետապնդող առյուծների, պարարտ խոյերին հետապնդող վագրերի, տատասկ ուտող ուղտի, սիմուրգ հավքի՝ կենաց ծառի հանդիման կանգնած արծվի ոտքերով և սիրամարգի գլխով ու պոչով հեքիաթային թռչնի քանդակները։ 301 թ. քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո Հայաստանում նոր գաղափարախոսության ազդեցությամբ ձևավորվում է նոր մշակույթ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Simonian, Hakob (2012). New Discoveris at Verin Naver, Armenia. էջեր 110–113.
  2. HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF ARMENIA. Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia; “Scientific Research Center of Historical and Cultural Heritage” SNCO. 2022. ISBN 978-9939-9087-1-7.
  3. Historical and cultural heritage of Armenia. Yerevan: Hushardzan Publishers. 2022. ISBN 978-9939-9087-1-7.