Հայաստանի պետական բյուջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանում պետական բյուջեն ընդունում է Ազգային ժողովը՝ Կառավարության ներկայացմամբ։ Պետական բյուջեի նախագիծը կազմում է ֆինանսների նախարարությունը[1]։

Հայաստանում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին։

Հայաստանի պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեն սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը (կենսաթոշակներ, նպաստներ)։ 2016-2020 թվականների տվյալներով սոցիալական պաշտպանությանն է ուղղվում պետական բյուջեի տարեկան ծախսերի միջինում 28%-ը[2]։

Հայաստանի պետական բյուջեի եկամուտների գերակշիռ մասը ձևավորվում է հարկերից և տուրքերից։ 2016-2020 թվականների տվյալներով տարեկան պետական բյուջեի եկամուտների 92.3%-ը կազմում են հարկային եկամուտները և պետական տուրքերը[3]։

2020 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 1.6 տրիլիոն դրամ, ծախսերը կազմել են 1.9 տրիլիոն դրամ իսկ պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 334 մլրդ դրամ[4]։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է, որ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1․9 տրիլիոն դրամ, ծախսերը՝ 2․2 տրիլիոն դրամ, դեֆիցիտն կկազմի 242 մլրդ դրամ, որը հիմնականում կֆինանսավորվի ներքին աղյուրներից՝ պե­­տական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից[5]։

Բյուջետային գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը[1]։

Պետական մարմինները կազմում և Հայաստանի ֆինանսների նախարարություն են ներկայացնում իրենց ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերը։ Ֆինանսների նախարարությունը մշակում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը և ներկայացնում է այն կառավարությանը։ Առաջիկա երեք տարվա՝ Հայաստանի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (այլ կերպ՝ միջնաժամկետ ծախսերի ծրագիր կամ ՄԺԾԾ) ծառայում է հիմք՝ պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար։

Կառավարությունը քննարկում և մինչև ընթացիկ տարվա հուլիսի 10-ը հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Կառավարությունը հրապարակում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացնում՝ ի գիտություն, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 20-ը։

Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման փուլն սկսվում է ոչ ուշ, քան Հայաստանի կառավարության կողմից Հայաստանի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատման օրը։

Պետական մարմիններն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը (որտեղ ցույց է տրվում կապն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ և ընդգծվում են առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նկատմամբ բոլոր զգալի շեղումները), իսկ դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը՝ դոտացիայի գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխումը սահմանված ժամկետում ներկայացնում են Ֆինանսների նախարարություն։

Բյուջետային ֆինանսավորման հայտերի, արտաքին ու ներքին պարտավորությունների և հաջորդ տարում կանխատեսվող մուտքերի հիման վրա Ֆինանսների նախարարությունը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ներկայացնում կառավարություն։ Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը՝ ներառյալ նաև Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ։ Հայաստանում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին։

Հայաստանում պետական բյուջեն ընդունում է Ազգային ժողովը՝ Կառավարության ներկայացմամբ[6]։

Հայաստանում բյուջետային համակարգը հիմնվում է հետևյալ ընդհանուր սկզբունքների վրա[1]`

  • բյուջետային համակարգի միասնականություն.
  • բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատում.
  • բյուջեների ինքնուրույնություն.
  • բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվություն.
  • բյուջեների հաշվեկշռվածություն.
  • բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածություն.
  • բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետություն.
  • բյուջեների հրապարակայնություն.
  • բյուջետային միջոցների հասցեագրվածություն և նպատակայնություն.
  • բյուջեների իրատեսություն։

Հարկաբյուջետային կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային կանոնների ներկա համակարգը գործարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին և Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումն­եր կատարող օրենքների, ինչպես նաև են Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ 2018 թվականի օգոստոսի 23-ի N 942-Ն որոշման ընդունմամբ։ Կանոնների համակարգը ներառում է ծախսային կանոններ, որոնք ուժի մեջ են մտնում պարտքի սահմանված շեմերը գերազանցելիս։ Մասնավորապես․

  • Երբ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 40%-ը, պետական բյուջեի կապիտալ ծախսերը չպետք է փոքր լինեն բյուջեի պակասուրդից։
  • Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության՝ 50-60% միջակայքում գտնվելու դեպքում, ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը սահմանափակվում է նախորդ 7 տարիների ՀՆԱ-ների միջին աճով, ինչպես նաև հաջորդ տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում կառավարությունը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը 5 տարիների ընթացքում 50 տոկոսից նվազեցնելու համար։
  • Երբ Կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 60%-ը, ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը սահմանափակվում է նախորդ 7 տարիների ՀՆԱ-ների միջին աճից 0.5 տոկոսային կետով նվազեցված ցուցանիշով, ընթացիկ ծախսերը սահմանափակվում են հարկերի և տուրքերի մեծությամբ, ինչպես նաև Կառավարությունը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ ՀՆԱ նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը 5 տարիների ընթացքում 60 տոկոսից նվազեցնելու համար։
  • Ներկայացված սահմանափակումները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ ելնելով խոշորածավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների պարագայում։

Բյուջեի եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 1.6 տրիլիոն դրամ:[7]
Հայաստանի պետական բյուջեի եկամուտների գերակշիռ մասը ձևավորվում է հարկերից և տուրքերից։[3]

Հայաստանի պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են՝

  1. հարկային եկամուտները, որոնք ներառում են՝ ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, շահութահարկը, եկամտային հարկը, բնապահպանական հարկը, ճանապարհային հարկը, շրջանառության հարկը, արտոնագրային հարկը, մաքսատուրքերը, բնօգտագործման վճարը, սոցիալական վճարը, կենսաթոշակային վճարը, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, դրոշմանիշային վճարները, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների խախտումների համար գանձվող տուգանքներն ու տույժերը, բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների և տույժերի, օրենքով պետական բյուջեին ամրագրված այլ հարկային եկամուտներ։
  2. պետական տուրքերը.
  3. պաշտոնական դրամաշնորհները.
  4. այլ եկամուտներ։

2020 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 1.6 տրիլիոն դրամ, ինչը շուրջ 34%-ով կամ 393 մլրդ դրամով գերազանցում է 2015թ-ի ցուցանիշը և 3 անգամ կամ 1.2 տրիլիոն դրամով 2005թ-ի ցուցանիշը[4]։

Հայաստանի պետական բյուջեի եկամուտների գերակշիռ մասը ձևավորվում է հարկերից և տուրքերից։ 2016-2020 թվականների տվյալներով պետական բյուջեի եկամուտների 92.3%-ը կազմում են հարկային եկամուտները և պետական տուրքերը[3]։

Հայաստանի խոշոր հարկատուները[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն է Գրանդ Տոբակո ընկերությունը, որը պետական բյուջե է փոխանցել շուրջ 51 մլրդ դրամի հարկեր[8]։

2020թ-ի առաջին 10 խոշոր հարկ վճարողները և նրանց կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի մեծությունները
Հարկատուի անվանումը Գտնվելու վայրը Վճարված հարկերը (մլն դրամ)
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» Երևան                     50,671
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» Երևան                    45,549
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» Քաջարան                     41,689
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» Երևան                    23,020
«ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» Մասիս                     18,794
«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» Երևան                     17,998
«ՖԼԵՇ» Երևան                     16,081
«ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» Երևան                     15,224
«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» Երևան                     14,707
«ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» Երևան                     13,014

Բյուջեի ծախսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարիների ընթացքում՝ 2005-2020 թվականներին, Հայաստանի Հանրապետության պետական ծախսերը միջինում կազմում էին երկրի ՀՆԱ 25%-ը։[2]
Հայաստանի պետական բյուջեի ծախսերի մեջ ամենամեծ կշիռը ունեն սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը, որոնց հետևում են ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների և պաշտպանության ոլորտներին ուղղվող ծախսերը։[2]

15 տարիների ընթացքում՝ 2005-2020 թվականներին, Հայաստանի Հանրապետության պետական ծախսերը միջինում կազմում էին երկրի ՀՆԱ 25%-ը[2]։ 2007 թվականին սկիզբ առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով պետական ծախսերը աճել են՝ 2009 թվականին կազմելով ՀՆԱ 30%-ը (2007 թվականին կազմում էր 20%)։ Պետական ծախսերի ևս մեկ նման կտրուկ աճ գրանցվել է 2020 թվականին COVID-19-ի համավարակի և ռազմական դրության հետևանքով։

2020 թվականին Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմել են 1.9 տրիլիոն դրամ[4]։ Հայաստանի պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեն սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը (կենսաթոշակներ, նպաստներ)։ 2016-2020 թվականների տվյալներով սոցիալական պաշտպանությանն է ուղղել ընդհանուր պետական ծախսերի միջինում 28%-ը[2]։ Վերջին տարիներին կենսաթոշակների գծով ծախսերը շարունակաբար աճում են։ 2020 թվականին պետական բյուջեից կենսաթոշակների վճարմանն է ուղղվել 356.9 մլրդ դրամ՝ 11.8%-ով ավել, քան նախորդ տարի,  ինչը պայմանավորված է կենսաթոշակների միջին ամսական չափի աճով։ 2020թվականին կենսաթոշակի գծով ծախսերի մասնաբաժինը պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կառուցվածքում եղել է 18.8%, այլ կերպ ասած, պետական բյուջեից ծախսված ամեն 1000 դրամից 188 դրամը ուղղվել է կենսաթոշակների վճարմանը[9]։

Կապիտալ ծախսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2020թ-ին ՀՀ կապիտալ ծախսերը (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր) կազմել են 227.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 18%-ով։ Այս աճը հիմնականում պայմանավորված էր 2020թ-ի ռազմական դրության հետ կապված կապիտալ ծախսերի ավելացմամբ։[10]
2020թ-ին կապիտալ ծախսերը ավելացել են ռազմական դրության հետ կապված ծախսերի ավելացման հաշվին։ 2020թ․-ին գրեթե 34%-ով աճել է նաև պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումը։

Կապիտալ ծախսերը (որոնք բյուջետային դասակարգման մեջ անվանվում են նաև «ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր») ներառում են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են հիմնական միջոցների (շենքեր, շինություններ, մեքենաներ ու սարքավորանքներ) ստեղծմանը (ձեռք բերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը։

2020 թվականին ՀՀ կապիտալ ծախսերը կազմել են 227.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 18%-ով[4]։ Այս աճը հիմնականում պայմանավորված էր 2020 թվականի ռազմական դրության հետ կապված կապիտալ ծախսերի ավելացմամբ․ կապիտալ ծախսերն առանց այդ ծախսերի նախորդ տարվա նկատմամբ նվազած կլինեին շուրջ 10%-ով[11]։

Հայաստանում կապիտալ ծախսերը իրականացվում են երկու աղբյուրների հաշվին՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված նպատակային վարկերի և դրամաշնորհների հաշվին ու ՀՀ սեփական միջոցների հաշվին։ 2020 թվականին կապիտալ ծախսերի շուրջ 80%-ը (183 մլրդ դրամ) իրականացվել է ներքին աղբյուրների հաշվին իսկ շուրջ 20%-ը (44 մլրդ դրամ)՝ արտաքին աղբյուրների հաշվին[2]։

Տարիներ շարունակ Հայաստանի կառավարությանը չի հաջողվում արդյունավետորեն իրականացնել արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող կապիտալ ծախսերը։

Արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման համար 90-ականներին Հայաստանում հիմնադրվեցին համապատասխան Ծրագրերի իրականացման գրասենյակներ (ԾԻԳ)։ Այս գրասենյակները այնուամենայնիվ տարիների ընթացքում բազմիցս քննադատությունների են արժանացել անարդյունավետ աշխատանքի և կոռուպցիոն դրսևորումների համար իսկ դրանց օպտիմալացման հարցը տարիների ընթացքում բարձրացվել է  երկրի պետական կառավարման բարձրագույն մարմինների կողմից[12][13]։ Կառավարությունը ծրագրում էր օպտիմալացնել ԾԻԳ-երը՝ դրանք ներառելով պետական գերատեսչությունների կազմում։ 2016 թվականին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ օպտիմալացման արդյունքում տասնյակ ԾԻԳ-երից հանրապետությունում պետք է մնան միայն հինգը։ ԾԻԳ-երի օպտիմալացման հարցը նաև 2018 թվականին իշխանության եկած նոր կառավարության առաջնահերթ նպատակների մեջ էր մտնում։ Ինչպես նշվում էր ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրում[14]

Պետության կողմից նոր ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, Հիմնադրամների, ՓԲԸ-ների և (կամ) այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ, իսկ գործող կառույցների գործունեությունը դադարեցնել (լուծարել, միավորել կամ այլ կերպ դադարեցնել պետության մասնակցությունը), եթե նշված մոտեցումների ներքո չի հիմնավորվում դրանց ստեղծման կամ գոյության անհրաժեշտությունը։

Համաշխարհային բանկը ողջունելով ԾԻԳ-երի օպտիմալացումը՝ որպես աջակցություն պետական կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների և արդյունավետության բարձրացմանը, այնուամենայնիվ գտնում էր, որ դա կարող է անցումային շրջանին բնորոշ ձգձգումներ առաջացնել ծրագրերի իրականացման գործում, օրինակ՝ բիզնես ընթացակարգերի խաթարում, կադրերի հոսունություն և բանկի ընթացակարգերին ու կանոններին վերաբերող գիտելիքների ու հմտությունների կորուստ[15]։

2018-2020 թվականները ցույց տվեցին, որ ԾԻԳ-երի փոխարեն հնարավոր չեղավ ոլորտային նախարարություններում ձևավորել բավարար կարողություններ և այդպիսով ապահովել ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Արդյունքում 2018, 2019, 2020 թվականներին կառավարությունը զգալիորեն թերակատարում էր արտաքին աղբյուրների (օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված նպատակային վարկերի և դրամաշնորհների) հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի ծրագրերը։ Մասնավորապես, եթե 2017 թվականին այսպիսի ծրագրերի գծով կատարողականը եղել է 87.1%, ապա 2019 թվականին այն հասել է ընդհուպ 56.1%-ի իսկ  2020 թվականին եղել է 56.7%-ի[11]։

Ընթացիկ ծախսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի մեջ են մտնում՝

  • աշխատավարձերին ուղղվող ծախսեր,
  • ծառայությունների և ապրանքների  ձեռքբերմանը ուղղվող ծախսեր,
  • տոկոսավճարների գծով ծախսեր,
  • սուբսիդիաների տրամադրում,
  • դրամաշնորհների տրամադրում,
  • սոցիալական  նպաստների և կենսաթոշակների վճարում,
  • այլ  ծախսեր։
ՀՀ պետական բյուջեի 2018-2020թթ ընթացիկ ծախսերի կառուցվածքը ըստ տնտեսագիտական դասակարգման, մլրդ դրամ
Ցուցանիշներ 2018թ 2019թ 2020թ
Ընթացիկ ծախսեր    1,299.0    1,437.1    1,668.5
այդ թվում՝
Աշխատանքի վարձատրություն       152.8       172.6       176.1
Ծառայությունների և ապրանքների  ձեռքբերում       155.6       192.1       179.2
Տոկոսավճարներ       139.0       157.6       164.8
Սուբսիդիաներ       111.2       113.4       119.1
Դրամաշնորհներ       126.3       150.0       186.9
Սոցիալական  նպաստներ և կենսաթոշակներ       425.5       453.2       559.1
Այլ  ծախսեր       188.5       198.3       283.4

ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռը ունեն սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանն ուղղվող ծախսերը։ 2020 թվականին սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը ուղղվել է 559 մլրդ դրամ, որի 64%-ը կամ 357 մլրդ-ն կազմում էր կենսաթոշակների գծով ծախսերը։ 2020 թվականին պետական բյուջեից ամեն ծախսած 1000 դրամից 188 դրամն ուղղվել է կենսաթոշակների վճարմանը[16]։ Ընդ որում, կենսաթոշակների գծով ծախսերը շարունակաբար աճում են։ 2020 թվականին պետական բյուջեից կենսաթոշակների վճարմանն է ուղղվել 11.8%-ով ավել, քան նախորդ տարի,  ինչը պայմանավորված է կենսաթոշակների միջին ամսական չափի աճով։ Մասնավորապես ՀՀ կառավարությունը իր 2019թ-ի ծրագրում նպատակադրել էր պարբերաբար ավելացնել կենսաթոշակների միջին ամսական չափը՝ գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով։ Այսպես, 2020 թվականի հունվարի 1-ից աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը բարձրացվել են 16,000 դրամից 18,000 դրամի, ինչպես նաև աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար բարձրացել է 800 դրամից 950 դրամի, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1,500 դրամից 1,600 դրամի[17]։

COVID-19-ի հետևանքների հակազդմանն ուղղված 2020թ-ի հարկաբյուջետային միջոցառումները[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին COVID-19-ի հետևանքների հակազդման նպատակով Հայաստանում իրականացված հարկաբյուջետային միջոցառումները բաղկացած են եղել համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի փաթեթից, հարկային բարեփոխումներից ու առողջապահական ծախսերից։ Արդյունքում հակաճգնաժամային հարկաբյուջետային միջոցառումների չափը 2020 թվականին կազմել է 164.8 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 2.7%-ը[4]։

Մասնավորապես սոցիալական աջակցության ծրագրերի գծով հատկացվել է 26.0 մլրդ դրամ, իսկ տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով տրամադրվել է 32.4 մլրդ դրամ (որից 13.0 մլրդ դրամը բյուջեի ծախսերի աճի միջոցով, իսկ 19.4 մլրդ դրամը` դեֆիցիտի ֆինանսավորման գործառնությունների (ներքին վարկավորման) միջոցով)։

COVID-19 համավարակի տարածման կանխարգելման առողջապահական ազդեցությունների մեղմման նպատակով կառավարությունն իրականացրել է նաև լրացուցիչ առողջապահական ծախսեր, որոնց ծավալը 2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ 36.4 մլրդ դրամ (ներառյալ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը)։

Բացի վերոնշյալ ծրագրերից, կառավարության հակաճգնաժամային արձագանքը ներառել է նաև շահութահարկի կանխավճարի գծով հիմնարար փոփոխությունները, որոնց միջոցով աջակցություն է ցուցաբերվել շահութահարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին շրջանառու ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների լուծման նպատակով, որի ընդհանուր ծավալը սկզբնական շրջանում գնահատված 65 մլրդ դրամի փոխարեն ներկայումս գնահատվում է շուրջ 70 մլրդ դրամի չափ (որից տնտեսության մեջ թողնված շահութահարկի կանխավճարները 2020 թվականին կազմել են մոտ 52.0 մլրդ դրամ)[4]։

Բյուջեի դեֆիցիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումն է։ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է հիմնականում ներքին և արտաքին աղբյուրներից ստացվող փոխառու միջոցների, ինչպես նաև պետական բյուջեից տրամադրված փոխառու միջոցների վերադարձից ստացվող զուտ միջոցների, այդ բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին։

Պետական բյուջեի դեֆիցիտի (կամ հավելուրդի) չափը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով իսկ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բացատրագրի մեջ, որը բյուջեի մասին օրենքի նախագիծը հիմնավորող փաստաթղթերի ամբողջությունն է, ներառվում է նախատեսված դեֆիցիտի (կամ հավելուրդի) հիմնավորումը, այդ թվում` դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները և հատկացման ժամկետները, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային և սպասվելիք համապատասխան ցուցանիշների նկատմամբ։

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 3.1%-ի չափով և կազմում է 243.0 մլրդ դրամ։ Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների հիմնական մասը 2022 թվականին ձևավորվելու է պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից, կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված բյուջետային վարկերի զուտ մուտքերից (տրամադրվածից հանած մարումները)[18]։

ՀՀ 2018-2022թթ. պետական բյուջեների դեֆիցիտը և դրա ֆինանսավորման աղբյուրները[19]
Ցուցանիշներ 2018թ 2019թ 2020թ 2021թ

բյուջե

2022թ

կանխատեսում

Պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ %-ով 1.8% 1.0% 2.6% 5.3% 3.1%
Պետական  բյուջեի  դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն՝ ընդամենը, մլրդ դրամ 105.4 64 334 341.4 243
ընդ որում՝
Ներքին աղբյուրներ՝ ընդամենը, մլրդ դրամ 69.4 (13.3) 359.4 138.7 285.2
Արտաքին աղբյուրներ՝ ընդամենը, մլրդ դրամ 36 77.3 (25.4) 202.7 (42.2)

Պետական պարտք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից մինչ 2008 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն աստիճանաբար նվազել է՝ 39.8%-ից հասնելով 14.9%-ի, որին Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի դանդաղ աճին զուգահեռ նպաստել է նաև այդ ժամանակահատվածում դրամի արժևորումը և ՀՆԱ-ի երկնիշ աճի տեմպը։

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2009 թվականից կտրուկ աճ արձանագրեց՝ 2008 թվականի 14.9% դիմաց կազմելով 34.6%՝ այդպիսով աճելով 19.7-ը տոկոսային կետով։ Պարտք/ՀՆԱ հարաբերակցության զգալի աճի գործում մեծ էր նաև փոխարժեքի դերը, որը 2009 թվականին արժեզրկվել է մոտ 23.2%-ով։ Եթե չլիներ փոխարժեքի արժեզրկումը, 2009 թվականին կառավարության պարտքի աճը կկազմեր մոտ 11.2 տոկոսային կետ՝ 19.7-ի փոխարեն[20]։

Կառավարության պարտքի մակարդակի աճին զուգահեռ փոխվել է նաև դրա կառուցվածքը։ 2009 թվականին տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ներգրավված պետական պարտքի զգալի մասը արտաքին պարտք էր, ինչի արդյունքում կտրուկ վատթարացել է պարտքի պորտֆելը. 2008- 2009 թվականներին արտաքին պարտքի կշիռը 81.0%-ից դարձել է 85.8%՝ հանգեցնելով փոխարժեքի ռիսկի աճին[20]։

Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի ծավալի աճի տեմպն արագացավ նաև 2014 թվականին տեղի ունեցած արտաքին տնտեսական շոկերի (Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառում) պայմաններում  դրամի արժեզրկման, ինչպես նաև փոխառու միջոցների հաշվին պակասուրդի զուտ ֆինանսավորման ծավալների աճի արդյունքում, և 2017 թվականի տարեվերջին Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմեց 53.7%, ինչը պատմական առավելագույն էր մինչ այդ թվականը ընկած ժամանակահատվածի համար։

2017 թվականին ընդունվել և 2018 թվականից ուժի մեջ են մտել նոր հարկաբյուջետային կաննոներ։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հարկաբյուջետային կանոնների նոր համարգին համահունչ 2018 թվականին Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 2.4 տոկոսային կետով` կազմելով 51.3%[21]:

2020 թվականին COVID-19 hամավարակի և Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական կարիքի բավարարման անհրաժեշտությամբ պայմանավորված տեղի է ունեցել պետական բյուջեի պակասուրդի աճ, որը կազմել է շուրջ 334.0 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 5.4%-ը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4.4 տոկոսային կետով։ ՀՆԱ անկումը, պետական բյուջեի պակասուրդի ավելացումը, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը հանգեցրել են Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի ավելացմանը, որը կազմել է ՀՆԱ-ի 63.5%՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 13.4 տոկոսային կետով և հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% սահմանային շեմը։ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճին ամենաշատը հավասարապես նպաստել են տնտեսական անկումը և փոխարժեքի արժեզրկումը՝ 3.9-ական տոկոսային կետ[22]։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է, որ 2022 թվականի ավարտին կառավարության պարտքի չափը կկազմի 4,740 մլրդ դրամ, ինչը այդ տարվա ՀՆԱ-ի 60.2%-ն է (2020-ին 63.5%, իսկ 2021-ին՝ 60.8%): Ընդ որում, 4,740 մլրդ պարտքի ընդհանուր գումարի 69%-ը կկազմի արտաքին պարտքը, իսկ 31%-ը՝ ներքին պարտքը[19]։

Արտաքին պարտքն աստիճանաբար ներքինով փոխարինելու դեպքում նվազում է պետական պարտքի պորտֆելի ռիսկայնությունը, հատկապես արտարժութային ռիսկերը։ Հաշվի առնելով այն, որ արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների արտոնյալությունը գնալով նվազում է, ինչպես նաև ներքին պարտքի կազմում արդեն իսկ առկա են մինչև 30 տարի մարման ժամկետով պարտատոմսեր, ապա ներքին պարտքի կշռի աստիճանական ավելացումը դրական է անդրադառնում նաև վերաֆինանսավորման ռիսկի ցուցանիշի վրա[21]։

2022 թվականի տարեվերջի դրությամբ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի 37.6%-ը բաժին կընկնի Համաշխարհային Բանկին (Զարգացման Միջազգային Ընկերակցություն ու Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկ), 17.1%-ը՝ Ասիական Զարգացման Բանկին, որին հետևում են Եվրասիական Զարգացման Բանկը (7.6%) և Արժույթի Միջազգային Հիմնադրամը (7.2%) և այլն։ 2022 թվականի տարեվերջի դրությամբ ձևավորվող կառավարության պարտքի մարման ժամանակացույցը սփռված կլինի մինչև 2054 թվականը։ 2022 թվականին կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի –5.0%: Կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարներ) կկազմեն ՀՆԱ-ի 2.7%-ը[18]։

Ամփոփ ցուցանիշներ (2015-2022)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ աղյուսակում ներկայացված են Հայաստանի պետական բյուջեի մի շարք հիմնական ցուցանիշներ 2015-2022 թվականների համար։

2015-2022թթ պետական բյուջեի ամփոփ ցուցանիշները (մլրդ դրամով)[18][22][23][24]
Ցուցանիշներ 2015թ* 2016թ* 2017թ 2018թ 2019թ 2020թ 2021թ բյուջե 2022թ կանխատեսում
1. Ընդամենը եկամուտներ 1,131.3 1,135.9 1,237.8 1,341.7 1,565.5 1,560.7 1,509.5 1,946.4
այդ թվում`
- ներքին եկամուտներ 1,093.6 1,107.6 1,223.1 1,330.5 1,553.1 1,507.5 1,485.2 1,906.1
որից`
- հարկեր և պետական տուրքեր 1,065.3 1,076.9 1,158.0 1,258.1 1,464.3 1,385.2 1,440.1 1,843.8
2. Ընդամենը ծախսեր 1,371.5 1,420.6 1,504.8 1,447.1 1,629.4 1,894.6 1,850.9 2,189.2
այդ թվում`
- ընթացիկ ծախսեր 1,213.2 1,260.6 1,267.4 1,299.0 1,437.1 1,668.5 1,634.6 1,842.7
- ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ   158.3 160.0 237.4 148.1 192.3 226.2 216.3 346.5
3. Դեֆիցիտ (պակասուրդ) 240.2 284.7 267.0 105.4 63.9 160.7 341.4 243.0
Արտահայտված ՀՆԱ-ի նկատմամբ %-ով
1. Ընդամենը եկամուտներ 22.5% 22.4% 22.2% 22.3% 23.8% 25.2% 23.6% 24.7%
որից`
- ներքին եկամուտներ 21.7% 21.8% 22.0% 22.1% 23.6% 24.4% 23.2% 24.2%
որից`
- հարկեր և պետական տուրքեր 21.2% 21.2% 20.8% 20.9% 22.3% 22.4% 22.5% 23.4%
2. Ընդամենը ծախսեր 27.2% 28.0% 27.0% 24.0% 24.8% 30.6% 28.9% 27.8%
այդ թվում`
- ընթացիկ ծախսեր 24.1% 24.8% 22.8% 21.6% 21.9% 27.0% 25.6% 23.4%
- ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ 3.1% 3.1% 4.3% 2.5% 2.9% 3.7% 3.4% 4.4%
3. Դեֆիցիտ (պակասուրդ) 4.8% 5.6% 4.8% 1.8% 1.0% 2.6% 5.3% 3.1%

* 2015, 2016թթ ցուցանիշների համադրելիությունն ապահովելու նպատակով 2015, 2016 թվականի փաստացի ցուցանիշներում ներառված չեն որոշ եկամուտների և ծախսերի գումարներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք». arlis.am. «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ. Վերցված է 05/01/2022-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Պետական բյուջեի տարեկան հաշվետվություններ». minfin.am. ՀՀ Ֆինանսներին նախարարություն. Վերցված է 09/01/2022-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2021». armstat.am. ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 15.03.2022-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Պետական բյուջեի հաշվետվություն (2020 թ. տարեկան)». minfin.am. ՀՀ Ֆինանսների նախարարություն. Վերցված է 20.03.2022-ին.
  5. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ». arlis.am. «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ. Վերցված է 21.03.2022-ին.
  6. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք». arlis.am. Վերցված է 05/01/2022-ին.
  7. «Հայաստանի վիճակագրական տարեգրքեր, 2007-2021». armstat.am. ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 14.03.2022-ին.
  8. «Ցանկ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների (2020թ․ չորրորդ եռամսյակ)». petekamutner.am. ՀՀ Պետական եկամուտների կոմիտե. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 09/01/2022-ին.
  9. «10 փաստ 2020թ․-ի բյուջեի կատարողականի մասին․ ընթացիկ ծախսեր և դեֆիցիտ (մաս 1)». acses.am. ACSES վերլուծական կենտրոն. Վերցված է 07/01.2022-ին.
  10. «Հայաստանի վիճակագրական տարեգրքեր». armstat.am. ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 17/03/2022-ին.
  11. 11,0 11,1 «10 փաստ 2020թ․-ի բյուջեի կատարողականի մասին․ կապիտալ ծախսեր (մաս 2)». acses.am. Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն (ACSES). Վերցված է 17/03/2022-ին.
  12. «Վարչապետը խստագույնս զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից». armenpress.am. 07/05/2015. Վերցված է 17/03/2022-ին.
  13. «11 ԾԻԳ-երից պետք է մնան 5-ը. Կարեն Կարապետյան». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 17/03/2022-ին.
  14. «ՀՀ Կառավարության ծրագիր 2019թ․» (PDF). www.gov.am. ՀՀ Կառավարություն. 08/02/2019. Վերցված է 17/03/2022-ին.
  15. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ 19 ՖՏ - 23 ՖՏ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ» (PDF). worldbank.org. Համաշխարհային Բանկ. 28/02/2019. Վերցված է 17/03/2022-ին.
  16. «10 փաստ 2020թ․-ի բյուջեի կատարողականի մասին․ ընթացիկ ծախսեր և դեֆիցիտ (մաս 1)». acses.am. Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն (ACSES). 25/05/2021. Վերցված է 18/03/2022-ին.
  17. «2020 թ.-ի հունվարի 1-ից կենսաթոշակները կավելանան միջինում 10 տոկոսով». www.mlsa.am. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. 26/12/2019. Վերցված է 18/03/2022-ին.
  18. 18,0 18,1 18,2 «ՀՀ կառավարության 2022 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագիր». minfin.am. ՀՀ Ֆինանսների նախարարություն. Վերցված է 06/01/2022-ին.
  19. 19,0 19,1 «Ֆինանսների նախարարն ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ 2022թ. պետական բյուջեի նախագիծը». minfin.am. ՀՀ ֆինանսների նախարարություն. 17/11/2021. Վերցված է 05/01/2022-ին.
  20. 20,0 20,1 «2020 ԹՎԱԿԱՆԻ ՇՈԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ՎՐԱ» (PDF). luys.am. Լույս հիմնադրամ. Վերցված է 06/01/2022-ին.
  21. 21,0 21,1 «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ». arlis.am. Վերցված է 05/01/2022-ին.
  22. 22,0 22,1 «ՀՀ կառավարության 2021 թվականի բյուջետային ուղերձ- բացատրագիր». minfin.am. ՀՀ ֆինանսների նախարարություն. Վերցված է 05/01/2022-ին.
  23. «ՀՀ կառավարության 2018թ. բյուջետային ուղերձ - բացատրագիր». minfin.am. ՀՀ Ֆինանսների նախարարություն. Վերցված է 20.03.2022-ին.
  24. «ՀՀ կառավարության 2017թ. բյուջետային ուղերձ». minfin.am. ՀՀ Ֆինանսների նախարարություն. Վերցված է 20.03.2022-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]