Համացանցը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համացանցը Հայաստանում (ինտերնետ) ժամանակակից հաղորդակցության հիմնական միջոցներից է և կարևոր դեր ունի գլոբալ հաղորդակցության, կրթության և միջազգային շուկաներ ելքի հարցում։ Բարձրորակ համացանցը նորագույն ոլորտների (էլեկտրոնային կառավարում, կրթություն, առևտուր, բժշկություն) զարգացման կարևորագույն նախապայման է։

1988 թվականին ԽՍՀՄ կիրառական ավտոմատ համակարգերի ինստիտուտի հայկական մասնաճյուղում սկսել է գործել համաշխարհային համակարգչային ցանցերին միացնող 2400 բիթ/վ թողունակությամբ Հայաստանում առաջին կապուղին, որը եվրոպական համակարգչային ցանցերին է միացել Մոսկվայի կենտրոնական գրասենյակի միջոցով։

1993 թվականին «Արմինկո» ընկերությունն առաջին անգամ համացանցին միացել է TCP/IP փաթեթով, «Սովամ-Տելեպորտ» ռուսական ընկերության հետ, տեղագրել ՀՀ առաջին վեբ սերվերը՝ www.arminco.com։ Նույն թվականին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում տեղադրվել է արբանյակային կապուղի, որով ինստիտուտը TCP/IP արձանագրությամբ Մոսկվայի պետական համալսարանի միջոցով ՀՀ միացել է համացանցին՝ ՀՀ գիտական հիմնարկների համար ապահովելով համացանցային միացում։

1994 թվականին ստեղծվել է ՀՀ «Ինտերնետից օգտվողների միությունը», որն IANA-ից (Internet Assigned Numbers Authority) ստացել է *.am դոմենային տիրույթ վարելու իրավունքը։

1994 թվականին .am դոմենային տիրույթի կենտրոնական սերվերը տեղադրվել է Հայաստանում և ստեղծվել է *.am տիրույթի ցանցային տեղեկատվական կենտրոնը (armnic.net), որը մինչև 2010 թվականը վարել է «Արմինկո» ընկերությունը։

Ստեփանակերտում nk.am համացացային սերվերն սկսել է գործել 1995 թվականին։

2000 թվականին «Ինտերնետից օգտվողների միությունը» (այժմ՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ) դոմենային անունները գրանցելու գործառույթը հանձնել է գրանցող առևտրային կագմակերպություններին։ Ներկայումս գրանցող կազմակերպությունները 12-ն են, գրանցված դոմենային անունները՝ ավելի քան 15 հազար։

Հեռահաղորդակցության միջազգային միության հրապարակած հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ 2007 թվականին համացանցից օգտվել է ՀՀ բնակչության 6 %-ը, 2010 թվականին՝ 36 %-ը։

Beeline-ի տարբերանշանը

ՀՀ-ում գործում են համացանցի 3 մեծածախ մատակարարներ՝ «ԱրմենՏել», «ՋիէնՍի-Ալֆա» («GNC-Alfa») և «Ֆայբեր-Նեթ» («FiberNet») ընկերությունները, որոնք ունեն Վրաստանի և Իրանի տարածքով անցկացված կապի օպտիկաման- րաթելային գծեր։ Համացանցի մանրածախ առաջատար մատակարարներ են «ԱրմենՏել», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Օրանժ Արմենիա», «Յուքոմ» («Ucom»), «ԷյԴիՍի» («ADC»), «Արմինկո» ընկերությունները։

Ներկայումս «Օրանժ Արմենիա» և «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորները ՀՀ տարածքի 95 %-ն ապահովում են 3G ծածկույթով, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի GPRS ծածկույթը 99,8 % է։ «ԱրմենՏել» ընկերության շարժական և սևեռված ցանցից կարող է օգտվել ՀՀ բնակչության 99 %-ը, ընկերության 3G ցանցով ծածկված են ՀՀ-ի 24 քաղաքներ և տասնյակ գյուղական բնակավայրեր։

Համացանցը երկրի բոլոր անկյունները հասցնելու նպատակով ՀՀ Կառավարությունը նախատեսել է 3 տարում ստեղծել 100 Մբիթ/վ թողունակությամբ լայնաշերտ ազգային համացանց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png