Համալսարանական փաղանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգային գվարդիայի և համալսարանական փաղանգի սպաները։ Հեղինակ՝ Պանոսա Արավանտինոս

Համալսարանական փաղանգ (հուն․՝ Πανεπιστημιακή Φάλαγγα) կամ ուսանողական փաղանգ (հուն․՝ Φοιτητική Φάλαγγα), 19-րդ դարի երկրորդ կեսին Հունաստանի համալսարաններում սովորող ուսանողների կազմած ռազմական կորպուսը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանական փաղանգը ստեղծվել է Աթենքի համալսարանի ռեկտորի անմիջական նախաձեռնությամբ՝ գերմանական ծագմամբ Օտտոն I արքայի գահընկեց արվելուց անմիջապես հետո։ Փաղանգի ստեղծումը պաշտոնապես հաստատվել է 1862 թվականի դեկտեմբերի 8-ին՝ կառավարական որոշմամբ։ Ըստ Հունաստանի թագավորության օրենսդիրի որոշման՝ համալսարանական կամ ուսանողական փաղանգն ստեղծվում էր որպես ազգային գվարդիայի մի մաս, որի հրամանատարին ընտրում էին սպաներն ու ուսանողները՝ քվեարկության միջոցով։

Ի սկզբանե փաղանգի կազմում ընդգրկված են եղել Աթենքի համալսարանի բոլոր թվով 612 արական սեռի ուսանողները՝ հետևազորի սպա Իոնաննիս Զումբուլիսի հրամանատարությամբ։ Շուտով նրան փոխարինում է լեյտենանտ Ալեքսանդրոս Պրայդիսը։ Այդ տարում փաղանգի անդամների քանակը հասնում է 840-ի։ Համալսարանական փաղանգը ֆինանսավորվել է ոչ կառավարական մի շարք բարեգործական կազմակերպությունների կողմից։ Մասնավորապես զինամթերքն ապահովել է հույն բարերար Դիմիտրիոս Վերնարդակիսը։ Զորամիավորման գործունեությանը վերաբերվող գրեթե բոլոր մյուս ծախսերը հոգացել է Աթենքի համալսարանի ֆոնդը։ Սկզբնական շրջանում փաղանգի ուսանողները հանդարտեցնում էին գահընկեց եղած արքայի համախոհների բարձրացրած անկարգություններն ու քաղաքացիական անհնազանդությունները, իսկ հետո սկսեցին հսկել մայրաքաղաք Աթենքի պետական շինությունները՝ նախարարությունները, գերատեսչությունները և խորհրդարանը[1]։

Նմանատիպ միավորում 1897 թվականին ստեղծվել է Հունաստանին պատկանող Կրետե կղզում՝ ապստամբության ժամանակ, երբ տեղի ուսանողությունը միախմբվելով փորձել է տապալել «սև գնդապետների» վարչակարգը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Νεώτερον Εγκυκλοπαιδικόν Λεξικόν Ηλίου» τομ.15ος, σελ.402
  2. Λάζος Χρήστος, Ιστορία της Πανεπιστημιακής ή Φοιτητικής Φάλαγγας. Χρυσή Τομή, Αθήνα, 1980, σελ. 246.