Hallelujah (Լեոնարդ Քոհեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Hallelujah»
«Hallelujah» սինգլի շապիկը (Լեոնարդ Քոհեն, )
Լեոնարդ Քոհենի սինգլը
«Various Positions» ալբոմից
Թողարկված 1984 թվականի դեկտեմբերին
Ձայնագրված 1984 թվականի հունիսին
Ժանր Ֆոլկ ռոք, գոսպել
Երգահան Լեոնարդ Քոհեն
Տևողություն 4:36
Լեյբլ Columbia Records
Պրոդյուսեր Ջոն Լիսսաուեր
Երգի հեղինակներ Լեոնարդ Քոհեն

«Հալելույա», երգ՝ գրված կանադացի երգիչ-երգահան Լեոնարդ Քոհենի կողմից։ Առաջին անգամ թողարկվել է 1984 թ.՝ «Տարբեր դիրքեր» (Various Positions) ալբոմի կազմում։ Երգը սկզբում մեծ հաջողության չի հասել։ Ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել Ջոն Քեյլի վերակատարումը, որի հիման վրա ավելի ուշ Ջեֆ Բաքլին ձայնագրել է իր տարբերակը։ Վերջին տարիներին բազմաթիվ երաժիշտներ կատարել են այն՝ ստուդիայում ձայնագրելով կամ համերգների ժամանակ։ Երգը օգտագործվել է նաև որպես ֆիլմերի և հեռուստահաղորդումների սաունդթրեք:

Օրիգինալ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան «Hallelujah»-ի վերջնական տարբերակը գրելը՝ Քոհենը ստեղծել է տեքստի գրեթե 80 տարբերակ: Դրանց մի մասը հեղինակը գրել է Նյու Յորքի «Ռոյալտոն» հյուրանոցում գտնվելու ժամանակ՝ միայն անդրավարտիքով նստած գետնին և գլխով հարվածելով հատակին[1]: Արդեն պատրաստ տեքստը ընդգրկում էր աստվածաշնչյան որոշ հատվածներ՝ հիմնված Սամսոնի և նրան դավաճանած Դալիլայի պատմության («...և նա կտրեց քո մազերը», անգլ.՝ ...she cut your hair), նաև անհավատարիմ Դավիթ արքայի և նրա կնոջ՝ Վիրսիվայի («Դու տեսել էր՝ ինչպես է նա լողանում տանիքին. նրա գեղեցկությունը և լուսնելույսը տապալեցին քեզ», անգլ.՝ You saw her bathing on the roof, Her beauty in the moonlight overthrew you[2]), պատմությունների հիման վրա:

Երգի թողարկումից հետո 1984 թվականին Քոհենը իր շուրջերկրյա հյուրախաղերի ժամանակ կատարեց երգի օրիգինալ տարբերակը, սակայն 1988 և 1993 թվականների շրջագայությունների ժամանակ համարյա միշտ կատարվում էր երգի փոփոխված տարբերակը, միայն վերջին տունը միշտ անփոփոխ մնաց («Hallelujah»-ը ուրիշ տեքստով կարելի է լսել Cohen Live: Leonard Cohen in Concert համերգային ալբոմում): Այլ երաժիշտներ, որոնք կատարում են երգի քավր-տարբերակները համերգներին կամ ձայնագրում այն, սովորաբար միախառնում են տեքստի մի քանի տարբերակներ, երբեմն էլ փոխարինում այն սեփական տարբերակներով: «Hallelujah»-ի ողջ գոյության ընթացքում ձայնագրվել է նրա ավելի քան 200 քավր-տարբերակ, այդ թվում նաև այլ լեզուներով[3]: Տարբեր կատարումներ ընդգրկւոմ են տեքսի ամենատարբեր տարբերակները՝ վերցված Քոհենի հեղինակած 80-ից[4]: 2012 թվականի սկզբին տրված հարցազրույցում Քոհենը նշել է, որ մինչև այժմ չի հոգնել երգի քավրներից և շատ ուրախ է, որ մարդիկ դեռ երգում են այն[5]:

Քավր-տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիայի ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին քավրը ձայնագրվել է 1991 թվականին վալլայական երաժիշտ Ջոն Քեյլի կողմից՝ Քոհենի հիշատակին թողարկված I'm Your Fan ալբոմի համար, իսկ ավելի ուշ՝ Fragments of a Rainy Season ալբոմի: Երաժիշտը տեսել էր այս երգի համերգային կատարումը և խնդրել Քոհենին ուղարկել տեքստը: Լեոնարդը ուղարկել է 15 թերթ[6]:
  • Ջեֆֆ Բաքլին, ոգևորվելով Ջոն Քեյլի տարբերակից, ձայնագրել է «Hallelujah»-ն իր դեբյուտային ալբոմ Grace -իհամար, 1994 թվականին: 2004 թվականին այս քավրը զբաղեցրել է 259-րդ հորիզոնականը «Ըստ Rolling Stone-ի՝ բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր»-ի ցուցակում: Նույն թվականին Time-ը Ջեֆֆ Բաքլիի տարբերակը համարել է «նրբագեղ կատարում» և նշել, որ «Բաքլին վերստեղծել է երգը...օգտագործելով իր ձայնը իբրև փառքի ու տխրության , ցավի և գեղեցկության միջև գոյացած շրջադարձ[7]»: 2007 թվականի սեպտեմբերին Q-ն հատուկ հարցման արդյունքում երգը ընդրկել է «Տասը լավագույն կոմպոզիցիաների» մեջ, Ջոն Լեջենդը մասնավորապես Բաքլիի տարբերակը համարել է «այնքան գեղեցիկ, որքան կարող եք պատկերացնել: „Hallelujah“-ն հոյակապ տեքստ և երաժշտություն ունի, իսկ Բաքլիի կատարումը՜: Սա երբևէ լսածս լավագույն ձայնագրություններից է[8]» : Չնայած այս ամենին, Բաքլիի տարբերակը անմիջապես հիթ չդարձավ, և երաժիշտը չիմացավ՝ ինչպիսի հաջողություն է սպասվում նրա ձայնագրությանը. նա խեղդվեց 1997 թվականին: Ալբոմը, որտեղ զետեղված էր «Hallelujah»-ը, 2002 թվականին (թողարկումից 9 տարի անց) ստացավ «ոսկե» կարճավիճակ: Ինչպես օրիգինալը, Բաքլիի տարբերակը փաստացի չի թողարկվել որպես առանձին սինգլ. համաշխարհային չարթերում այն հայտնվեց 2006 թվականին՝ հերթականությամբ գլխավորելով Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆրանսիայի Թոփ-10-երը[9]: 2008 թվականին մարտին այն գլխավորեց Hot Digital Songs-ը և ստացավ «պլատինե» կարգավիճակ՝ Ամերկյան ձայնագրական ընկերությունների ասոցացիաների կողմից[10], գրավեց 2-րդ հորիզոնականը UK Singles Chart-ում[11] : 2013 թվականին Ջեֆֆ Բաքլիի կատարմամբ «Hallelujah»-ն հայտնվեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի ձայնագրությունների գրանցամատյանում[12][13]:
  • Ռուֆուս Ուեյնրայթը ձայնագրեց «Hallelujah»-ն Բաքլիի հետ կարճատև հանդիպումից հետո: Ավելի ուշ նա այն կատարեց Ջոան Վասսերի և իր քրոջ՝ Մարտա Ուեյնրայթի հետ՝ Քոհենի մասին պատմող «Leonard Cohen: I'm Your Man» փաստագրական ֆիլմի համար: Ուեյնրայթի տարբերակը հայտնվեց որպես Շրեկ մուլտֆիլմի պաշտոնական սաունդթրեք, սակայն հենց մուլտֆիլմում հնչում է Ջոն Քեյլի տարբերակը:
  • 2004 թվականին իր տարբերակը Hymns of the 49th Parallel ալբոմում ներկայացրեց Քեթրին դոն Լանգը: Վերջինս երգը կատարում է այնպիսի խոշոր միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են կանադական «Ջունո» մրցանակաբաշխությունը (2005), որտեղ երգչուհուն պատվեցին երկու րոպե տևած հոտնկայս ծափահարություններով[14], «Կանադացի երգահանների փառքի սրահում» 2006 թվականին՝ ի նշան Քոհենի ընդգրկման[15], նաև 2010 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Վանքուվերում[16]: Անջանի Թոմասը, որը երկար ժամանակ աշխատել է Քոհենի հետ, Լանգի կատարումը մեկնաբանել է այպես. «Ահա և վերջ, հիմա երգը կարելի է հանգիստ թաղել. սա ճշմարիտ կատարելության երանելի զգացումն էր[17]»:
  • Նորվեգացիներ Էսպիդ Լինդը, Կուրդ Նիլսենը, Ալեխանդրո Ֆուանտեսը և Էսկիլ Հոլմը թողարկեցին երգի մի տարբերակ, որը դարձավ համար մեկ հիթը իրենց հայրենիքում[18]: Ձայնագրությունը դարձավ «պլատինե» երկու շաբաթվա ընթացքում, իսկ ըստ վերջնական արդյունքների վաճառվել է 250 000 տարբերակ: Երգը մնացել է նորվեգիական թոփ-20-ում 37 շաբաթ շարունակ[19]:
  • Ալեքսանդրա Բյորկը հաղթող ճանաչվեց «The X Factor» շոուի հինգերորդ եթերաշրջանում՝ վերջին փուլում կատարելով «Hallelujah»-ն: Այս կոմպոզիցիան ընդգրկող դեբյուտային սինգլը թողարկման օրը վաճառվեց 105 000 օրինակով (սահմանելով եվրոպական ռեկորդ առաջին 24 ժամվա ընթացքում վաճառքով[20]) և 576 000-ով՝ մեկ շաբաթում: Բյորկի քավր-տարբերակը արթնացրեց նախկին տարբերակների նկատմամբ հետաքրքրությունը: Ջեֆֆ Բաքլիի երկրպագույների կողմից սկսվեց շարժումը[21], որի նպատակը վերջինիս քավր-տարբերակի բարձրացումն էր Սուրբծննդյան չարթում և Բյորկի առաջնային դիրքը զբաղեցնելը[22]: Արդյունքում, սակայն, Բյորկը զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ Բաքլին՝ երկրորդ[11]: Երգի օրիգինալ տարբերակը նույնպես տեղ գտավ չարթում[11]: Բյորկի «Hallelujah»-ն 2008 թվականին ճանաչվեց ամենավաճառվածը Մեծ Բրիտանիայում. դեկտեմբերի 28-ին NME ամսագիրը հայտարարեց 1 միլիոն վաճառված օրինակների մասին[23]:

Համերգային կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգը առաջինը կատարողներից մեկը Քոհենի կոլեգա Բոբ Դիլանն էր (1988 թվականի հուլիսի 8, Մոնրեալ)[24]
  • Երգը անդադար կատարվել է իռլանդացի ռոք երաժիշտ Բոնոյի կողմից: Այն հայտնվել է նաև Քոհենին նվիրված Tower of Song տրիբյուտ ալբոմում
  • Bon Jovi խումբը երգը կատարել է իր համերգային շարքերում, նաև Live at Madison Square Garden
  • Նիլ Դայմոնդը այն կատարել է իր համերգներին, իսկ 2010 թվականին զետեղել իր՝ Dreams ալբոմում
  • Իսպաներեն տարբերակը կատարում է Il Divo-ն. երգը ներառված է նաև The Promise ալբոմում
  • Երգի ռուսերեն տարբերակը կատարում է Պավել Ֆախրտդինովը:
  • Իրինա Բոգուշեվսկայան կատարել է երգի սեփական ռուսերեն թարգմանությունը 2015 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]