ՀՀ քիմիական և քիմիադեղագործական արդյունաբերություն
ՀՀ քիմիական և քիմիադեղագործական արդյունաբերություն
Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը քիմիական արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7%(1990)։ Հայաստանում քիմիական արդյունաբերությունը ձևավորվել է 1920-ական թթ-ից հետո։ 1927 թ.-ին գործարկվել է Երևանի կարբիդի 1-ին գործարանը, 1936-1937 թթ.-ին շահագործման են հանձնվել կարբիդի ավելի մեծ վառարաններ, որոնց թողարկած կարբիդի հիմքի վրա կազմակերպվել է տարատեսակ քիմիական նյութերի արտադրություն։1933 թ.-ին Ալավերդու կարբիդի արտադրությունը տեղափոխվել է Վանաձոր, և դրա հիմքի վրա ստեղծվել է Վանաձորի քիմիական կոմբինատը (արտադրել է կիր, կարբիդ, ամոնիակ, ամոնիակային բորակ, ազոտական թթու, կարբամիդ, ցիանամիդ, սինթետիկ կորունդ, մելամին և այլն)։
1935 թ.-ին շահագործման է հանձնվել Ալավերդու պղնձարջասպի գործարանը, 1942 թ.-ին՝ աշտարակային ծծմբական թթվի, իսկ հետագայում՝ սուպերֆոսֆատի արտադրամասերը, որոնց հիմքի վրա ստեղծվել է Ալավերդու քիմիական կոմբինատը. այն 1957 թ.-ին միավորվել է 1770 թ.-ին հիմնադրված պղնձաձուլական գործարանի հետ և կոչվել Ալավերդու պղնձաքիմիական, 1972 թ.-ից՝ լեռնամետալուրգիայի կոմբինատ, 1999 թ.-ից՝ «Մանես և Վալլեքս» ԲԲԸ-ի պղնձաձուլարան, 2002 թ.-ից՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» կամ «էյՍիՓի» ՓԲԸ։
1943 թ.-ին ԽՍՀՄ եվրոպական մասից տարհանված առանձին սարքավորումների հիման վրա ստեղծվել է Երևանի ավտոդողերի գործարանը, իսկ Երևանի քիմիական կոմբինատի ացետիլենային գազի օգտագործմամբ սկսել է արտադրանք տալ Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանը (1978 թ.-ից՝ ԱՄ, 1995 թ.-ից՝ ԲԲԸ, հետագայում լուծարվել է), որի մամլված իրերի արտադրամասի հիմքի վրա 1956 թ.-ին էջմիածնում (այժմ՝ Վաղարշապատ) ստեղծվել է գործարան։ 1962 թ.-ին ստեղծվել է Վանաձորի արհեստական մանրաթելերի գործարանը, որը 1976 թ.-ից ացետատային մանրաթելերից արտադրել է ծխախոտի զտիչներ։ 1960-1970-ական թթ-ին ստեղծվել են փոքրատոննաժ քիմիայի ձեռնարկություններ՝ Երևանի քիմիական ռեակտիվների, վիտամինների, կենցաղային քիմիայի, ռետինատեխնիկա, Չարենցավանի «Լիզին» գործարանները, Վանաձորի «Պոլիմեր-սոսինձ» ԳԱՄ-ը և այլն։
ՀՀ արդի քիմիական արդյունաբերությունը բազմապրոֆիլ ճյուղ է՝ քիմիական, նավթաքիմիական, դեղագործ, և միկրոկենսաբանական ենթաճյուղերով։ Ներառում է մոտ 2 տասնյակ ձեռնարկություններ, որոնք թողարկում են սինթետիկ կաուչուկ, խեժեր, պարարտանյութեր, ծծմբական թթու, քիմիական մանրաթելեր, արհեստ, ներկեր, լաքեր, փոքրածավալ քիմիական ռեակտիվներ, լվացամիջոցներ, օճառ, կենցաղային իրեր և այլն։
Երևանի քիմիական կոմբինատն ստեղծվել է 1940 թ.-ին՝ Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, և առաջինն աշխարհում արդյունաբերական մասշտաբով թողարկել է քլորոպրենային կաուչուկ, որը փոխարինել է ներմուծվող արհեստ, կաուչուկին և գերազանցել իր հատկություններով։ 1974 թ.-ին կոմբինատին է միացվել 1964 թ.-ին հիմնադրված Պոլիմերների ԳՀ ու նախագծային ինստիտուտը, 1976 թ.-ին ստեղծվել է «Նաիրիտ» ԳԱՄ-ը, որը բազմիցս վերակառուցվել է, փոփոխել արտադրվող կաուչուկների («Սևանի», «Նաիրիտ» և այլն)և լատեքսների տեսականին։ 1990-1991 թթ. -ին ԳԱՄ-ի գործունեությունը դադարեցվել է. ոչ լրիվ կարողությամբ սկսել է գործել 1992 թ.-ից։ 1995 թ.-ին հիմնադրվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ն՝ «Նաիրիտ-1» արտադրական և «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ների միավորմամբ։ 2003 թ.-ին Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով՝ «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ի հիմքի վրա ստեղծվել է քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը, որտեղ հայկական կողմի բաժնեմասը 40 % է։ 2006 թ.-ին «Նաիրիտ գործարան» (նախկին «Նաիրիտ-1») ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90 %-ը վաճառվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ու Հյուսիսային Հոլանդիայի «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը։ «Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում։
2006 թ.-ին ընկերությունը թողարկել է 7,2 միլիարդ դրամի արտադրանք, ունեցել 2151 աշխատող։ Սակայն 2008 թ.-ի դեկտեմբերի 1-ին, ճգնաժամի պատճառով, «Նաիրիտի» աշխատանքը դադարեցվել է։ Գործարանի զարգացման ծրագրի իրականացման նպատակով աշխատանքներ են կատարվում միջազգային օպերատոր գտնելու համար։ «Վանաձորի քիմիական գործարան» և «Վանաձորի քիմմանրաթելերի գործարան» ՓԲԸ-ների հիմքի վրա ստեղծվել է «Պրոմեթեյ-Քիմպրոմ» ընկերությունը, արտադրում է կարբիդ, կորունդ, ամոնիակ, ացետատային ժապավեն, ացետատային թելեր, մելամին և այլն։ Նախատեսվում է արտադրել նաև ազոտական պարարտանյութեր։ Ներկայումս որոշակի ներուժ ունեն քիմիական համալիրի մեջ մտնող մի շարք միջին և փոքր ձեռնարկություններ՝ Երևանի «Վիտամինների գործարան», «Կենցաղքիմ», «Պոլիպլաստ», «Ռետինատեխնիկական իրերի գործարան», «Հայներկ», «Քիմիադեղագործական ֆիրմա», Սևանի «Ապակեմեկուսիչ», Վանաձորի «Պոլիմերսոսիձ» և «Քրաուն Քեմիքալ» ՍՊ (մասնագիտացված է կենցաղային քիմիայի արտադրության մեջ), «Արփիմեդ», «Ֆարմատեք» ՍՊ և «Լիկվոր» ՓԲ (մասնագիտացված են դեղանյութերի արտադրության մեջ) և «Շեն Կոնցեռն» ՍՊ ընկերությունները, որոնք ավելի արագ կարող են արձագանքել շուկայի փոփոխվող պահանջներին ու ոչ մեծ ներդրումներով ընդլայնել արտադրությունները և նպաստել ոլորտի զարգացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |