Կրակոցներ Քենթի համալսարանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակոցներ Քենթի համալսարանում
Տեսակզանգվածային կրակոցներ
Երկիր ԱՄՆ
ՏեղադրանքKent?
Տարեթիվմայիսի 4, 1970-մայիսի 4, 1970 մայիսի 4, 1970
Զոհվածներ4 մարդ
Վիրավորներ9
 Kent State shootings Վիքիպահեստում

Կրակոցներ Քենթի համալսարանում, ողբերգական իրադարձություն, որը տեղի է ունեցել Օհայո նահանգի Քենթ քաղաքում Վիետնամի պատերազմի ժամանակ հակապատերազմական ցույցերի ընթացքում[1] :

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականի մայիսի 4-ին Քենթի համալսարանի ուսանողական կազմակերպությունների ակտիվիստները բողոքի ակցիա կազմակերպեցին մի քանի օր առաջ ամերիկյան և հարավ-վիետնամական զորքերի՝ Կամբոջա մուտք գործելու դեմ։ Բողոքի գործողությունները, շարունակվելով մի քանի օր, իրենց վրա հրավիրեցին ամերիկյան թերթերի ուշադրությունը, որոնք որոշ առումներով համաձայն էին ուսանողների դիրքորոշման հետ։ Իշխանությունները հայտարարեցին ցույցերի չեղարկման մասին։ Համալսարան եկան Օհայոյի Ազգային պահակախմբերը, որոնք հրահանգ ունեին ցրել ցույցերը։ Ստանալով բողոքը ցրելու հրաման՝ զինվորականները չէին պատկերացնում, որ ուսանողները տեղից չեն շարժվի և կփորձեն բանակցություններ սկսել։ Մի քանի ժամ անց ուսանողների թիվը զգալիորեն նվազեց, մնացին միայն ամենավստահ և խիզախ ուսանողները։ Անհայտ պատճառով պահակախմբերը կրակ բացեցին ամբոխի վրա, ինչի արդյունքում մահացավ 4 և վիրավորվեց 9 ուսանող։ Դեպքերից հետո համալսարանը փակ մնաց մոտ վեց շաբաթ։

Սպանվածների թվում էր նաև տասնիննամյա Էլիսոն Քրուզը, ով լավագույն ուսանողներից մեկն Էր և Ջոն Ֆ․ Քենեդիի ավագ դպրոցի շրջանավարտ։ Փամփուշտը, անցնելով աղջկա ձախ թևի մեջով, վնասել էր ներքին օրգանները, ինչի հետևանքով էլ Էլիսոնը մի քանի ժամ անց մահացել էր։

Ողբերգությունը դժգոհությունների ալիք բարձրացրեց ԱՄՆ-ի ամբողջ տարածքում և գրավեց հանրության ուշադրությունը։ Սկսված համազգային ուսանողական հանրահավաքներին մասնակցեց 4 միլիոն ուսանող։ Տեղի ունեցածը քննող հանձնաժողովը եզրակացրեց, որ զինվորականների կողմից զենքի օգտագործումը եղել է անհիմն։ Չնայած դրան՝ այդ գվարդիականներից ոչ ոք պատժի չենթարկվեց, իսկ կրակ բացելու պատճառն այդպես էլ մնաց անհայտ։

Քենթի համալսարանի ողբերգական դեպքերի ֆոնին գրեթե աննկատ մնացին Ջեքսոնի համալսարանի (Միսսիսիպի նահանգ) դեպքերը, որոնց ժամանակ՝ մայիսի 15-ին, նմանատիպ իրադրությունում ոստիկանների կրակոցներից մահացավ 2 հոգի, իսկ 12-ը վիրավորվեցին։

Քենթի և Ջեքսոնի համալսարանների կրակոցներից հետո Ամերիկայում կազմակերպվեցին բողոքի ակցիաներ և քայլերթեր դեպի Սպիտակ տուն։

Համալսարանի ֆոտոլրագրության ֆակուլտետի ուսանող Ջոն Ֆիլոն նկարել է մահացած ուսանող Ջեֆրի Միլլերին և նրա վրա խոնարհված 14-ամյա Մերի Էն Վեկկիոին։ Այդ լուսանկարի համար Ֆիլոն հաջորդ տարի արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

Ուսանողները Ջեֆրի Միլլերի դիակի մոտ

Ջոն Ֆիլոն այդ օրերի իրադարձությունների մասին ասել է[2].

Ես մտածում էի, որ նրանք դատարկ փամփուշտներ են օգտագործում։ Երբ բարձրացրեցի տեսախցիկը, նկատեցի, որ մի զինվոր նշան է բռնել հենց ինձ վրա։ Ես ասացի ինքս ինձ. «Ես նկարելու եմ սա», և ահա լսվեց կրակոցի ձայնը։ Հենց այդ վայրկյանին փոշու ամպ բարձրացավ իմ կողքին գտնվող արձանից, փամփուշտը թռավ և խրվեց ծառի մեջ։ Ես անգամ բաց թողեցի տեսախցիկը, երբ հասկացա, որ փամփուշտներն իսկական են։ Ես չգիտեմ, թե որտեղից իմ մեջ հայտնվեց միամտության և հիմարության այդ խառնուրդը, բայց ես չթաքնվեցի։ Ինձ հետ ոչ ոք չկար։ Ես շոշափեցի ինձ, հետո թեքվեցի ձախ և տեսա Ջեֆրի Միլլերի դին և նրանից հոսող արյան լճակը. կարծես ինչ-որ մեկը մի ամբողջ դույլ արյուն էր թափել։ Ես վախեցա և վազեցի ներքև, բայց կանգ առա. «Ո՞ւր ես վազում», - հարցրի ինքս ինձ, - «Դու պետք է այստեղ լինես»։

Եվ սկսեցի լուսանկարել։ Ես լուսանկարում էի Ջեֆրի Միլլերի դին և մարդկանց, ովքեր դուրս էին գալիս իրենց թաքստոցներից։ Կա նաև Մերի Վեկկիոի լուսանկարը, երբ նա դեռ նոր էր հայտնվել այնտեղ։ Ժապավենն արդեն վերջանում էր։ Ես տեսա, թե ինչպես էր Մերին բառացիորեն լցվում զգացմունքներով։ Նա սկսեց լաց լինել։ Եվ հենց այդ վայրկյանին նա ինչ-որ բան բացականչեց։ Հստակ չեմ հիշում… ինչ-որ նման բան՝ «Տեր աստված»։

Մամուլի անդրադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենթի համալսարանում տեղի ունեցած կրակոցները հենց հաջորդ օրը գրավեցին ամերիկյան թերթերի առաջին էջը։ Էլիսոնի վերջին խոսքերը՝ «Ծաղիկները փամփուշտներից լավն են», հեռարձակվեց բոլոր ԶԼՄ-ների կողմից, իսկ հետագայում դարձավ հակազինվորական շարժումների գլխավոր կարգախոսներից մեկը, խոսքի ազատության խորհրդանիշ ոչ միայն Ամերիկայում, այլև նրա սահմաններից դուրս։

1970 թվականի Քենթի համալսարանի ողբերգությունից հետո տեղական դպրոցի ուսուցչուհիներից մեկը պնդում էր, որ այդ չորս զոհերը արժանի էին մահվան։ Նա պնդում էր այդ կարծիքը՝ լավ իմանալով, որ նրանցից երկուսն ընդհանրապես չեն մասնակցել ցույցերին, այլ պարզապես խաղաղ զբոսնում էին համալսարանական պուրակում, երբ սկսվեցին կրակոցները։ Այնուամենայնիվ, նա համառորեն պնդում էր.

Բոլոր նրանք, ովքեր իրենց թույլ են տալիս երկար մազերով, կեղտոտ հագուստով կամ ոտաբոբիկ հայտնվել այնպիսի քաղաքի փողոցներում, ինչպիսին Քենթն է, արժանի են գնդակի։ Մարդիկ, ովքեր խենթություններ են անում, պարտադիր չէ, որ խենթ լինեն։

Մահացածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեֆրի Գլենն Միլլեր - մահացել է անմիջապես
  • Էլիսոն Քրուզ - ստացել է մահացու վնասվածք
  • Ուիլյամ Նոքս Շրեդեր - ցույցին չի մասնակցել, ստացել է մահացու վնասվածք մոտակայքում քայլելիս
  • Սանդրա Լի Շոյեր - ցույցին չի մասնակցել, ստացել է մահացու վնասվածք մոտակայքում քայլելիս

Էլիսոնի հայրն ավելի քան տասը տարի զբաղվել է դստեր սպանության հետաքննությամբ, սակայն միակ օգնությունը փոխհատուցումն էր 15․000 ԱՄՆ դոլլարի չափով և ցավակցություններով պաշտոնական նամակը։ 2010 թվականին Էլիսոնի քույրը հիմնադրել է «Kent State Thruth Tribunal» տրիբունալը, որի նպատակն էր հետաքննել, ուսումնասիրել և պահպանել 1970 թվականի մայիսյան ողբերգության հիշատակը։

Ազդեցություն մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիլ Յանգ - «Ohio» երգ (1970)
  • Եվգենի Եվտուշենկո - «Ծաղիկները փամփուշտներից լավն են» բանաստեղծություն (1970)
  • Հատված «Հսկիչները» ֆիլմում
  • Կոմիքս «Տրանսմետրոպոլիտեն» № 57, 12 էջ - Ջոն ՖԻլոյի լուսանկարի գրեթե ճշգրիտ պատճեն
  • Հատված «Սիմփսոնները» մուլտֆիլմում՝ «D'oh-in in the Wind»
  • Ներկայացում «Քենթում մայիս է»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About May 4 1970» (անգլերեն). Kent State University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  2. CNN-ին տված հարցազրույցից, 2000 թվական, մայիսի 4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Agte, Barbara Becker, (2012), Kent Letters: Students' Responses to the May 1970 Massacre. Deming, New Mexico: Bluewaters Press ISBN 978-0-9823766-6-9
  • Bills, Scott. (1988). Kent State/May 4: Echoes Through a Decade. Kent, Ohio: Kent State University Press. ISBN 0-87338-278-1.
  • Caputo, Philip. (2005). 13 Seconds: A Look Back at the Kent State Shootings with DVD. New York: Chamberlain Bros. ISBN 1-59609-080-4.
  • Davies, Peter and the Board of Church and Society of the United Methodist Church. (1973). The Truth About Kent State: A Challenge to the American Conscience. New York: Farrar, Straus & Giroux. ISBN 0-374-27938-1.
  • Eszterhas, Joe, and Michael D. Roberts (1970). Thirteen Seconds: Confrontation at Kent State. New York: Dodd, Mead. ISBN 978-1-938441-11-0.
  • Gordon, William A. (1990). The Fourth of May: Killings and Coverups at Kent State. Buffalo, New York: Prometheus Books. ISBN 0-87975-582-2. Updated and reprinted in 1995 as Four Dead in Ohio: Was There a Conspiracy at Kent State? Laguna Hills, California: North Ridge Books. ISBN 0-937813-05-2.
  • Grace, Tom. «The Shooting at Kent State: An Eyewitness Account» (Interview).
  • Lewis, Jerry M.; Hensley, Thomas R. (Summer 1998). «The May 4 Shootings at Kent Stat University: The Search of Historical Accuracy». The Ohio Council for the Social Studies Review. 34 (1): 9–21. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  • Listman, John W. Jr. "Kent's Other Casualties", National Guard magazine, May 2000.
  • Michener, James. (1971). Kent State: What Happened and Why. New York: Random House and Reader's Digest Books. ISBN 0-394-47199-7.
  • Payne, J. Gregory (1981). Mayday: Kent State. Dubuque, Iowa: Kendall/Hunt Pub. Co. ISBN 0-8403-2393-X.
  • Report of the President's Commission on Campus Unrest ("Scranton Commission"). (1970) Washington, D.C.: U.S. Government Printing Office. ISBN 0-405-01712-X.
  • Stone, I. F. (1970). The Killings at Kent State: How Murder Went Unpunished, in series, New York Review Book[s]. New York: distributed by Vintage Books. N.B.: The second printing also includes copyrighted material dated 1971. ISBN 0-394-70953-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]