Կոհակ (թերթ)
«Կոհակ», գրական, քաղաքական, տնտեսական և հասարակական շաբաթաթերթ, 1913 թվականին՝ եռօրյա։ Լույս է տեսել 1909-1913 թվականներին, Կ.Պոլսում։ Տնօրեն-խմբագիր՝ Հ. Արամյան, խմբագիր՝ Գ. Եղիկյան։ Ունեցել է հնչակյան ուղղություն։
Լուսաբանել է հասարակական կյանքը, հնչակյան կուսակցության գործունեությունը, անդրադարձել ժամանակի մամուլի նյութերին, թղթակցություններ տպագրել Թիֆլիսից, Բաքվից, Սոֆիայից, Բուրգասից, Իրանից և այլ վայրերից։ Պրոպագանդել է ընդհանուր, պարտադիր, աշխարհիկ կրթությունը։ «Կոհակը» ներկայացրել է Ն.Տաղավարյանի Օսմանյան խորհրդարանում արտասանած ճառը երկրագործության և բնական հանածոների օգտագործման ուղիների մասին, վիճակագրական տվյալներ Արևմտյան Հայաստանի վերաբերյալ։ Տպագրել է Հ. Արամյանի «Անմահ Ժիրայր կամ Մեծ հեղափոխականը» վեպը, Մ. Մնակյանի «Դերասանը» հոդվածաշարը, Գ. Օզանյանի «Դրվագներ Փոքր Հայքի հեղափոխական կյանքեն», «Հայ հեղափոխությունը և ազգային մեծ վիպասանը» (Րաֆֆի, Շ. Կուրղինյանի, Հ. Մառքի, Ե. Օտյանի, Ա. Թեոդիկի հոդվածներն ու գեղարվեստական գործերը։ 1913-1914 թվականներին (դեկտեմբեր-հունվար) լույս է տեսել «Դայլայլիկ» անվամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 528)։ |